ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2020 թվականի N 1348-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածի 7-րդ կետը, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշման 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.2. Սույն որոշման 1-ին և 1.2-րդ կետերով սահմանված պետություններից ժամանող ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող հայ անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 14 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2020 թվական: