ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2020 թվականի N 1319-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,
հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 40593 դեպքերը, որոնցից 33157-ը` առողջացած, 803-ը` մահվան ելքով (2020 թվականի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 40548, 2020 թվականի ապրիլի 13-ից հետո մահվան ելքով դեպքերի թվի աճը կազմել է 789),
ինչպես նաև այն, որ, չնայած, վարակի դեպքերի թվի աճի տեմպերի նվազմանը, դեպքերի թվի էական նվազում չարձանագրվելու պարագայում վարակի տարածումը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը, և արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիրառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա,
հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,
հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը
և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետում «հուլիսի 13-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 11-ը» բառերով:
3. Որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին գլխում՝
ա. 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Ցամաքային սահմանի անցակետով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն, բացառությամբ՝
1) անցակետով մուտք գործող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց.
2) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների.
3) այն առանձնահատուկ դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրվում է անձանց մուտք գործելը:»,
գ. 3-րդ կետի առաջին նախադասությունից հանել «և եթե սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել» բառերը,
դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ ենթակա են կիրառման սույն գլխի 5.1-ին կետով սահմանված միջոցառումները, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ:»,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 5.1-5.2-րդ կետերով.
«5.1. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս անձն ինքնամեկուսանում է 14-օրյա ժամկետով, որի ընթացքում նա կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն): ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
5.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ սույն գլխի 5.1-ին կետով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելը չի թույլատրվում: Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների կողմից սույն գլխի 5.1-ին կետով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո նրանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց մուտք գործելուց հետո սույն գլխի 5-րդ կետին համապատասխան բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից կամ այլ սահմանափակող միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում կիրառվում է հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:»,
զ. 6-րդ կետում «կարող է հրահանգվել» բառերը փոխարինել «հրահանգվում է» բառով.
2) 4-րդ գլխում՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. ՀԱՎԱՔՆԵՐ, ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ»,
բ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների ընթացքում դրանց մասնակիցները պարտավոր են կրել դիմակներ՝ պարետի կողմից սահմանված կանոններով, և պահպանել միմյանց միջև առնվազն 1.5 մետր հեռավորություն:»,
գ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում թույլատրվում է ընտանեկան արարողությունների և ժամանցային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը՝ պարետի կողմից սահմանված կարգով, պայմաններով և կանոնների պահպանմամբ, սակայն ոչ ավելի, քան 40 հոգու մասնակցությամբ: Սույն կետի իմաստով`
1) ժամանցային միջոցառումներ են համարվում համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, սպորտային, մշակութային կամ կրթադաստիարակչական այլ միջոցառումները և ժամանցային բնույթի այլ միջոցառումները, եթե դրանց կազմակերպումը և անցկացումը չի համարվում տնտեսական գործունեություն.
2) ընտանեկան արարողություններ են համարվում տոնական և հիշատակի արարողությունները՝ ներառյալ ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:»,
դ. 17.2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.3-րդ կետով.
«17.3. Հավաքներ և գործադուլներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու համար սահմանված կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, իսկ ընտանեկան արարողություններ և ժամանցային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու համար սահմանված կանոնների պահպանման նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և պարետի որոշմամբ սահմանված տեսչական մարմինները:».
3) 5-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած.
4) 6-րդ գլխի վերնագրում «ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՆԿԱՏՄԱՄԲ» բառով.
5) 8-րդ գլխի 28-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ինքնաշխատ համակարգի միջոցով, ըստ պահանջի, ստուգված (թեսթավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր), ինչպես նաև ինքնամեկուսացված կամ մեկուսացված անձի (հաճախորդի) կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում), այդ թվում` իրական ժամանակի ռեժիմում.
2) ինքնաշխատ համակարգի միջոցով, ըստ պահանջի, սույն մասի 1-ին կետում նշված հաճախորդի հեռախոսահամարի հետ ոչ ավելի, քան տասնչորս օրվա կտրվածքով կապ ունեցած հեռախոսահամարներ և հաճախորդների տվյալներ, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 12 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2020 թվական: