ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի N 870-Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 4-Ի ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգի 24-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման մանրամասն նախագծի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 870-Ա որոշման |
ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 4-Ի ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման մանրամասն նախագծի (այսուհետ՝ նախագիծ) հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի, 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծերի, ինչպես նաև ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերի փոփոխված նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու, ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 508-Ա որոշմամբ ստեղծվել է ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)։
Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել հանձնաժողովի երկու նիստ՝ 14.12.2018 թ.-ին և 07.03.2019 թ.-ին։
Հանձնաժողովի եզրակացությունը կազմվել է նախագծի առանձին բաժինների վերաբերյալ՝ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի եզրակացության, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության, ինչպես նաև հանձնաժողովի կողմից կազմակերպված քննարկումների արդյունքների հիման վրա։
Նախագծի իրականացման համար հիմք են ընդունվել հետևյալ շինարարական նորմերն ու ստանդարտները՝
● ՀՀՇՆ IV–11.05.02-99 Ավտոմոբիլային ճանապարհներ
● EUROCODE եվրոպական ստանդարտներ
● ՀՀՇՆ II—6.02-2006 Սեյսմակայուն շինարարություն, նախագծման նորմեր
● AASHTO, Պետական մայրուղիների և տրանսպորտային պաշտոնյաների ամերիկյան ասոցիացիա։
II. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել`
1. «Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր)», կնքված Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին,
2. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3» վարկային համաձայնագիր (Վարկ թիվ 2993–ARM), կնքված Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին,
3. «Ժամանակի վրա հիմնված, միանվագ վճարման բաղադրիչով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Տրանշ 3» խորհրդատվական ծառայությունների մատուցման թիվ ՕՅ-ՇՏ-001 պայմանագիրը՝ կնքված 2015 թվականի մարտի 30-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և «Սպեա Ինջինիրինգ Ս.Պ.Ա. և Այ-Ար-Դի Ինջինիրինգ Ս.ր.Լ.» կազմակերպության միջև։
Նախագծի վերաբերյալ տրվել են հետևյալ փորձաքննությունների եզրակացությունները՝
1. Նախագծի, թունելների և նախահաշվի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի դրական եզրակացությունները (27.07.2018 թ.-ի N 17/ՓՊ-225Փ, 30.07.2018 թ.-ի N 17/ՓՊ–227Փ և 03.08.2018 թ.-ի N 17/ՓՊ-236Փ),
2. ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացություն (16.03.2018 թ.-ի N ԲՓ 18)։
III. ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
Փորձաքննվող աշխատանքային նախագծի մշակմանը նախորդել են մանրամասն տեխնիկա-տնտեսական հետազոտություններ և հիմնավորումներ, որոնց ժամանակ նախանշվել են երեք հիմնական ուղղություններ, և կատարվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ նախնական արժեքային համեմատություններ, ինչի արդյունքում ընտրվեց առավել արդյունավետ տարբերակը՝ նոր ճանապարհահատված շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ։
Աշխատանքային նախագծում ներառված են ճանապարհի հատակագծի, երկայնական և լայնական պրոֆիլների, ճանապարհային հանգույցների, ջրթող խողովակների, հենապատերի, հողային պաստառի, ճանապարհային պատվածքների, արհեստական կառուցվածքների (կամուրջներ, ուղեանցներ, թունելներ, ջրթող խողովակներ, հենապատեր, անասնանցումներ), ճանապարհային լուսավորության և կահավորման նախագծային լուծումները։
Ինժեներա-երկրաբանական հետազոտությունները կատարվել են ակնադիտարկման և հորատանցքերի հորատման եղանակով։ Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են ճանապարհի հատվածի գոտու գրունտային շերտավորումները, հիդրոերկրաբանական պայմանները և լաբորատոր փորձարկումներով՝ գրունտների ֆիզիկամեխանիկական ցուցանիշները։
Ճանապարհահատվածի նախագծման համար ընդունվել է II տեխնիկական կարգը, հաշվարկային արագությունը 100կմ/ժ։
Երկայնական կտրվածքը նախագծված է ՀՀՇՆ IV–11.05.02-99 նորմատիվի պահանջների համապատասխան։ Երկայնական կտրվածքի նիշերը կապված են պետական միկրոեռանկյունավորման կետերի հետ։
Ճանապարհահատվածի հիմնական պարամետրերն են՝
● Ընդհանուր երկարությունը՝ 60 կմ
● Թունելների քանակը և ընդհանուր երկարությունը՝ 9 հատ, 12.94 կմ
● Կամուրջների քանակը և ընդհանուր երկարությունը՝ 27 հատ, 5.1 կմ
● Փոխհատումների քանակը՝ 3 հատ
● Երթևեկելի գոտիների քանակը և լայնությունը՝ 3x3,30 մ
● Հողային պաստառի լայնությունը, ներառյալ ճամփեզրերը՝ 15.6 մ
● Հորիզոնական կորերի նվազագույն շառավիղը՝ 425 մ
● Առավելագույն լայնական թեքությունը 6%
● Առավելագույն երկայնական թեքությունը 5%
● Ուղղաձիգ ուռուցիկ կորերի նվազագույն շառավիղը 8000 մ
● Ուղղահայաց գոգավոր նվազագույն շառավիղը 4500 մ։
Կառուցվող ճանապարհի պատվածքը ասֆալտաբետոնից է։
Ճանապարհի պատվածքի կառուցվածքն է՝
● Ա/բ-ի վերին շերտի հաստությունը ՝ 50 մմ
● Ա/բ-ի ներքին շերտի հաստությունը ՝ 70 մմ
● Կապակցող շերտի հաստությունը ՝ 80 մմ
● Խճաքարային հիմքի հաստությունը՝ 300 մմ
● Ավազակոպճային ենթահիմքի հաստությունը՝ 100 մմ։
Կամուրջների կառուցման համար նախագծով նախատեսված է կիրառել երկու տիպի թռիչքային կառուցվածք՝ պողպատերկաթբետոնյա և նախալարված երկաթբետոնյա։ Կառուցվող կամուրջները դասակարգված են հետևյալ կերպ՝
● Երկաթբետոնե կամուրջներ՝ թռիչքի 72 մ առավելագույն երկարությամբ
● Հավաքովի բետոնե կամուրջներ՝ թռիչքի 28 մ առավելագույն երկարությամբ։
Ճանապարհի երկայնքով նախատեսվում է կառուցել 104 բետոնե հենապատ՝ ընդհանուր 5000 մ երկարությամբ (բարձրությունը տատանվում է 1-ից մինչև 11 մ)։
Նախագծով նախատեսված է կառուցել թվով 9 թունելներ՝
● Թունել 1՝ երկարությունը 515.5 մ
● Թունել 2՝ երկարությունը 717.5 մ
● Թունել 3՝ երկարությունը 532.0 մ
● Թունել 4՝ երկարությունը 8643.0 մ
● Թունել 5՝ երկարությունը 526.0 մ
● Թունել 6՝ երկարությունը 375.0 մ
● Թունել 7՝ երկարությունը 480.0 մ
● Թունել 8՝ երկարությունը 542.5 մ
● Թունել 9՝ երկարությունը 566.5 մ:
Նախագծով նախատեսված է շինարարությանը խոչընդոտ հանդիսացող հաղորդակցուղիների (ոռոգման և ջրամատակարարման համակարգեր, գազատարներ, էլեկտրամատակարարման համակարգեր) տեղափոխում և նորերի կառուցում։ Բոլոր հաղորդակցուղիների նախագծերը համաձայնեցված են հաղորդակցուղիների սեփականատերերի և շահագործող կազմակերպությունների հետ։
IV. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հանձնաժողովը, քննության առնելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման մանրամասն նախագիծը, կազմակերպել է աշխատանքային քննարկումներ, ինչպես նաև հանձնաժողովի երկու նիստ, որոնց արդյունքում փաստվեց, որ՝
● ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչի կողմից ներկայացվել են որոշ հարցադրումներ։ Հարցադրումներն ուղղվել են նախագծող կազմակերպությանը, որը տրամադրել է սպառիչ պարզաբանումներ։
● ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ներկայացուցչի կողմից ներկայացվել են որոշ հարցադրումներ։ Հարցադրումներն ուղղվել են նախագծող կազմակերպությանը, որը տրամադրել է սպառիչ պարզաբանումներ։
● «Veolia Ջուր»–ի ներկայացուցչի կողմից ներկայացվել են որոշ հարցադրումներ։ Հարցադրումներն ուղղվել են նախագծող կազմակերպությանը, որը տրամադրել է սպառիչ պարզաբանումներ։
● Նշված ճանապարհահատվածի ուղեգծին հարող տարածքներում հաղորդակցուղիների (ոռոգման և ջրամատակարարման համակարգեր, գազատարներ, էլեկտրամատակարարման համակարգեր) տեղափոխման աշխատանքները ներառված են նախագծային փաստաթղթերում։
● Իրականացվել է աշխատանքային հանդիպում ՀՀ Սյունիքի մարզպետարանում՝ ազդակիր մարզպետարանի ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Նախագծման փուլում նախագծային լուծումները, ճանապարհային ենթակառուցվածքները և ճանապարհի ծրագիծը համաձայնեցված է ազդակիր համայնքների հետ։
Հիմք ընդունելով՝
ա) Նախագծի, թունելների և նախահաշվի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի դրական եզրակացությունները (27.07.2018 թ.-ի N 17/ՓՊ-225Փ, 30.07.2018 թ.-ի N 17/ՓՊ-227Փ և 03.08.2018 թ.-ի N 17/ՓՊ-236Փ),
բ) ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը (16.03.2018 թ.-ի N ԲՓ 18),
գ) ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ 2017 թվականի մայիսի 19-ին ժամը 18:00-ին կայացած՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի արձանագրություն N 23.1/[407568]-17 Սիսիան-Քաջարան (60 կմ) ճանապարհահատվածի մանրամասն նախագծին հավանություն տալու մասին.
հանձնաժողովը երաշխավորում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման մանրամասն նախագծային փաստաթղթերը նախագծողի տեխնիկական առաջադրանքի շրջանակներում համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին պահանջներին։
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |