ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
5 մայիսի 1998 թ.
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության խնդիրները |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) կոչված է ապահովելու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը:
Հոդված 2. |
Հարկադիր կատարման ծառայության կազմավորումը |
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ստեղծվում է հարկադիր կատարման ծառայություն, որը գլխավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը` Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը (այսուհետ` գլխավոր հարկադիր կատարող):
2. Հարկադիր կատարման ծառայությունը կազմված է դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչությունից և հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումներից:
Հոդված 3. |
Դատական ակտերի հարկադիր կատարման համար լիազորված անձանց պաշտոնում նշանակելը և ազատելը |
1. Գլխավոր հարկադիր կատարողին պաշտոնում նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:
2. Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետին, հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների պետերին, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց (այսուհետ` հարկադիր կատարողներ) պաշտոններում նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` գլխավոր հարկադիր կատարողի ներկայացմամբ:
Հոդված 4. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գլխավոր հարկադիր կատարողի միջոցով կազմակերպական և մեթոդական ղեկավարություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության նկատմամբ:
Հոդված 5. |
Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները |
Գլխավոր հարկադիր կատարողը`
1) ղեկավարում է հարկադիր կատարման ծառայության գործունեությունը.
2) կազմավորում է հարկադիր կատարողների մարզային ստորաբաժանումները, համակարգում և վերահսկում է դրանց գործունեությունը.
3) անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողներին մեկ մարզային ստորաբաժանումից տեղափոխում է մյուսը.
4) իրեն տրամադրված հաստիքների և աշխատավարձի ֆոնդի շրջանակներում սահմանում է հարկադիր կատարման ծառայության հաստիքները և կառուցվածքը.
5) հրապարակում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանը և հարկադիր կատարողների նյութական ու սոցիալական ապահովման միջոցառումների իրականացմանն ուղղված հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ.
6) իրականացնում է հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.
7) ենթակայության կարգով քննում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների պետերի գործողությունների նկատմամբ բերված բողոքները.
8) կազմակերպում է հարկադիր կատարողների մասնագիտական և հատուկ ուսուցումը.
9) պատասխանատվություն է կրում հարկադիր կատարման ծառայության խնդիրների իրականացման համար:
Հոդված 6. |
Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետի լիազորությունները |
Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետը`
1) կազմակերպում և վերահսկում է վարչության աշխատանքները.
2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, հրահանգների և կարգադրությունների կատարումը.
3) պատասխանատվություն է կրում վարչության խնդիրների իրականացման համար:
Հոդված 7. |
Հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետի լիազորությունները |
Հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը`
1) կազմակերպում և վերահսկում է ստորաբաժանման աշխատանքները.
2) իրեն տրամադրված հաստիքների և աշխատավարձի ֆոնդի շրջանակներում սահմանում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման հաստիքները և կառուցվածքը.
3) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, հրահանգների և կարգադրությունների կատարումը.
4) համակարգում է հարկադիր կատարողների գործունեությունները.
5) խրախուսում է հարկադիր կատարողներին` աշխատանքային հաջողությունների համար.
6) տույժի է ենթարկում հարկադիր կատարողներին` աշխատանքային կարգապահության խախտումների համար.
7) լուծում է հարկադիր կատարողի ինքնաբացարկի և նրան հայտնված բացարկի հարցը.
8) ենթակայության կարգով քննում է հարկադիր կատարողների գործողությունների դեմ բերված բողոքները.
9) տնօրինում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշիվը.
10) պատասխանատվություն է կրում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման խնդիրների իրականացման համար:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 8. |
Հարկադիր կատարողի կարգավիճակը |
1. Հարկադիր կատարողը պետական ծառայության մեջ գտնվող պաշտոնատար անձ է:
2. Հարկադիր կատարողը ծառայողական պարտականություններ կատարելիս կրում է համազգեստ, ունի տարբերանշաններ և խորհրդանշան, որոնց նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
3. Հարկադիր կատարողներին շնորհվում են արդարադատության մարմինների աշխատողների դասային աստիճաններ:
4. Հարկադիր կատարողներին տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված միասնական նմուշի վկայականներ:
Հոդված 9. |
Հարկադիր կատարողի պաշտոնում նշանակվող անձին առաջադրվող պահանջները |
Հարկադիր կատարող կարող է նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող` Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել հարկադիր կատարողի պարտականությունները:
Հոդված 10. |
Հարկադիր կատարողների մասնագիտական և հատուկ ուսուցումը |
Հարկադիր կատարողներն անցնում են մասնագիտական և հատուկ ուսուցում:
Հատուկ ուսուցում անցնելուց հետո հարկադիր կատարողներն իրավունք ունեն կրել հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ (այսուհետ` հատուկ միջոցներ):
Հոդված 11. |
Հարկադիր կատարողի իրավունքները և պարտականությունները |
1. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը`
1) միջոցներ է ձեռնարկում կատարողական թերթի ժամանակին, լրիվ և ճիշտ կատարման համար.
2) կատարողական վարույթի կողմերին (այսուհետ` կողմեր) և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, դրանցից անել քաղվածքներ ու ստանալ պատճեններ.
3) քննում է կատարողական վարույթի կապակցությամբ կողմերի դիմումները և միջնորդությունները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը.
4) տուգանում է իր որոշումները չկատարած քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.
5) իր անաչառությանը կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում հայտնում է ինքնաբացարկ:
2. Հարկադիր կատարողն իրավունքն ունի`
1) կատարողական գործողություններ իրականացնելիս ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, բացատրություններ և այլ նյութեր.
2) գործատուների մոտ ստուգել նրանց մոտ աշխատող պարտապանների կողմից կատարողական թերթի կատարումը.
3) իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ) և քաղաքացիներին հանձնարարություններ տալ կոնկրետ կատարողական գործողություններ իրականացնելու նպատակով.
4) մուտք գործել պարտապանի շենքը (բնակարանը), պահեստը և այլ շինություններ, այնտեղ կատարել զննումներ.
5) արգելանք դնել գույքի վրա, առգրավել այն, հանձնել պահատվության և իրացնել օրենքով սահմանված կարգով.
6) կատարողական թերթում նշված չափով արգելանք դնել պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների և այլ արժեքների վրա.
7) գույքի փոխադրման համար օգտագործել պահանջատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը` ծախսերը դասելով պարտապանի հաշվին.
8) կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում խնդրել այն տված դատարանին պարզաբանել դրա կատարման կարգը.
9) հայտարարել պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում.
10) կատարողական վարույթում գտնվող կատարողական թերթերով հրավիրել քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.
11) կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ:
Հոդված 12. |
Քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պահպանումը |
Հարկադիր կատարողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքները օգտագործել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի որևէ խախտում:
Հոդված 13. |
Հարկադիր կատարողի պահանջների պարտադիր լինելը |
1. Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար:
2. Հարկադիր կատարողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը և դրանց պատճենները նրա պահանջով տրամադրվում են անվճար:
3. Հարկադիր կատարողի պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելը առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 14. |
Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրումը |
1. Հարկադիր կատարողներն իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ իրենց ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրենց վրա կատարված հարձակումը կանխելու դեպքերում:
2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկադիր կատարողի կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:
Հոդված 15. |
Հրազենի գործադրումը |
1. Հարկադիր կատարողներն իրավունք ունեն հրազեն գործադրել`
1) իրենց վրա կատարված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգը.
2) հրազենի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձերը կանխելու համար:
2. Մինչև հրազենի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:
3. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկադիր կատարողի կյանքին ու առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:
4. Հարկադիր կատարողներին հրազենով ապահովելու կարգը, հրազենի տեսակների և հատուկ միջոցների ցանկը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 16. |
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման պայմանները և սահմանները |
1. Հարկադիր կատարողը, սույն օրենքի 14 և 15 հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով, իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:
2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելիս հարկադիր կատարողը պարտավոր է`
1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում հարկադիր կատարողի կյանքի կամ առողջության համար կամ, երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնարին է.
2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթի և աստիճանին համաչափ.
3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:
3. Հարկադիր կատարողը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման բոլոր դեպքերի մասին, դրանց գործադրման պահից քսանչորս ժամվա ընթացքում, գրավոր հաղորդում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետին, իսկ մարմնական վնասվածք պատճառելու կամ մահվան դեպքում` նաև դատախազին:
4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 17. |
Հարկադիր կատարողների պատասխանատվությունը, հսկողությունը նրանց գործունեության նկատմամբ |
1. Հարկադիր կատարողի գործողությունները կարող են բողոքարկվել ենթակայության կարգով և (կամ) դատարան:
2. Հարկադիր կատարողն օրենքին համապատասխան պատասխանատվություն է կրում իր զանցանքների և այլ իրավախախտումների համար:
3. Հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով:
4. Հարկադիր կատարողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է դատախազությունը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 18. |
Հարկադիր կատարողների ապահովագրական երաշխիքները և նրանց պատճառված վնասի հատուցման իրավունքը |
1. Հարկադիր կատարողի կյանքը և առողջությունը ենթակա են պարտադիր ապահովագրության պետական բյուջեի միջոցների հաշվին` հարկադիր կատարողի ամսական միջին աշխատավարձի 100-ապատիկի չափով:
2. Ապահովագրական գումարները վճարվում են`
1) ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկադիր կատարողի մահվան դեպքում, եթե այն առաջացել է հարկադիր կատարողին ծառայողական գործունեության կապակցությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու հետևանքով: Այս դեպքում մահացած հարկադիր կատարողի ընտանիքին և նրա խնամքին գտնվող անձանց վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 100-ապատիկ չափով ապահովագրական գումար.
2) ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք բացառում են նրա հետագա զբաղվելը մասնագիտական գործունեությամբ: Այս դեպքում հարկադիր կատարողին վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 50-ապատիկի չափով ապահովագրական գումար.
3) ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք չեն հանգեցրել նրա աշխատունակության կայուն կորստի և (կամ) մասնագիտական գործունեությամբ զբաղվելու անհնարինությանը: Այս դեպքում հարկադիր կատարողին վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 20-ապատիկի չափով ապահովագրական գումար:
3. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք բացառում են հետագայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, նրան ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` նրա ամսական միջին աշխատավարձի և այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով` առանց հաշվի առնելու ապահովագրությունից ստացած գումարները:
4. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկադիր կատարողի մահվան դեպքում, եթե այն առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրան մարմնական վնասվածքներ պատճառելու հետևանքով, հարկադիր կատարողի խնամքին գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` մահացածի աշխատավարձից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով` առանց հաշվի առնելու ապահովագրությունից ստացած գումարները: Աշխատավարձի նշված մասը որոշելու համար մահացածի ամսական միջին աշխատավարձը բաժանվում է նրա խնամքին գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:
5. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին լրիվ ծավալով` ներառյալ բաց թողնված օգուտը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
6. Սույն հոդվածի 3-5-րդ կետերում նախատեսված վնասները հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 19. |
Հարկադիր կատարողների նյութական ապահովությունը |
1. Հարկադիր կատարողի աշխատավարձը կազմված է պաշտոնեական դրույքաչափից, դասային աստիճանի և երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հավելավճարներից:
2. Անձնական տրանսպորտը ծառայողական նպատակով օգտագործող հարկադիր կատարողը դրամական փոխհատուցում է ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 20. |
Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովումը |
Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 21. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի երկրորդ մասը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|