ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ կողմից
3 մարտի 1998 թ.
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային վճարի հասկացությունը, վճարողների շրջանակը, վճարի տեսակները, դրույքաչափերը, հաշվարկման և գանձման կարգը, կարգավորում է ճանապարհային վճարի հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. | ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
Ճանապարհային վճարը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (այսուհետ` ավտոմոբիլային ճանապարհներ) շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:
Հոդված 3. | ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ |
Ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ սույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
Հոդված 4. | ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ |
Ճանապարհային վճարի տեսակներն են`
ա) այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը.
բ) ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը.
գ) մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը.
դ) ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը:
Գ Լ ՈՒ Խ II
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 5.
ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է հետևյալ ամսական դրույքաչափերով.
1. Թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար` |
10000 դրամ |
2. Ավտոբուսների համար`
ա) մինչև 13 նստատեղով |
20000 դրամ |
բ) 13-ից մինչև 30 նստատեղով |
40000 դրամ |
գ) 30 և ավելի նստատեղով | 60000 դրամ |
3. Բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար` |
|
ա) մինչև 1,5 տոննա բեռնատարողությամբ | 15000 դրամ |
բ) 1,5-ից մինչև 3 տոննա բեռնատարողությամբ | 25000 դրամ |
գ) 3-ից մինչև 5 տոննա բեռնատարողությամբ | 40000 դրամ |
դ) 5-ից մինչև 10 տոննա բեռնատարողությամբ | 65000 դրամ |
ե) 10-ից մինչև 20 տոննա բեռնատարողությամբ | 80000 դրամ |
զ) 20-ից մինչև 36 տոննա բեռնատարողությամբ | 110000 դրամ |
է) 36 և ավելի տոննա բեռնատարողությամբ |
150000 դրամ: |
Հոդված 6. | ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԾԱՆՐԱՔԱՇ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ |
1. Սույն օրենքի իմաստով ծանրաքաշ են համարվում այն տրանսպորտային միջոցները, որոնց հետևյալ ցուցանիշներից առնվազն մեկը գերազանցում է`
ընդհանուր զանգվածը` 36 տոննան.
մեկ սռնիով կամրջակի բեռնվածքը` 10 տոննան.
երկու սռնիով կամրջակի բեռնվածքը` 18 տոննան.
երեք սռնիով կամրջակի բեռնվածքը` 22 տոննան:
Երկու կամ երեք սռնիով կամրջակներ են համարվում այն կամրջակները, որոնց հարևան սռնիների հեռավորությունը միմյանցից չի գերազանցում 2,5 մետրը:
2. Ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը գանձվում է տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածի և սռնիի (կամրջակի) վրա ընկնող բեռնվածքների համար սույն հոդվածում սահմանված դրույքաչափերի գումարի և ավտոմոբիլային ճանապարհներով տեղափոխման հեռավորության արտադրյալի չափով:
3. 36 և ավելի տոննա ընդհանուր զանգվածով (կշռով) տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածը |
դրույքաչափը
|
36-ից մինչև 40 տոննա | 110 դրամ |
40-ից մինչև 45 տոննա | 130 դրամ |
45-ից մինչև 50 տոննա | 155 դրամ |
50-ից մինչև 55 տոննա | 175 դրամ |
55-ից մինչև 60 տոննա | 220 դրամ |
60-ից մինչև 65 տոննա | 265 դրամ |
65-ից մինչև 70 տոննա | 310 դրամ |
70-ից մինչև 75 տոննա | 375 դրամ |
75-ից մինչև 80 տոննա | 440 դրամ |
80-ից մինչև 85 տոննա | 550 դրամ |
85-ից մինչև 90 տոննա | 770 դրամ |
90-ից մինչև 95 տոննա | 1100 դրամ |
95-ից մինչև 100 տոննա | 1540 դրամ |
100 և ավելի տոննա |
1540 դրամին գումարած 100 տոննան գերազանցող յուրաքանչյուր տոննայի |
4. Մեկ սռնիով կամրջակի վրա 10 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
մեկ սռնիով կամրջակի բեռնվածքը |
դրույքաչափը
|
10-ից մինչև 10,5 տոննա | 45 դրամ |
10,5-ից մինչև 11 տոննա | 110 դրամ |
11-ից մինչև 11,5 տոննա | 175 դրամ |
11,5-ից մինչև 12 տոննա | 265 դրամ |
12-ից մինչև 12,5 տոննա | 375 դրամ |
12,5-ից մինչև 13 տոննա | 530 դրամ |
13-ից մինչև 13,5 տոննա | 770 դրամ |
13,5-ից մինչև 14 տոննա | 1100 դրամ |
14-ից մինչև 14,5 տոննա | 1430 դրամ |
14,5-ից մինչև 15 տոննա | 1760 դրամ |
15-ից մինչև 15,5 տոննա | 2100 դրամ |
15,5-ից մինչև 16 տոննա | 2400 դրամ |
16 և ավելի տոննա |
2400 դրամին գումարած 16 տոննան գերազանցող յուրաքանչյուր կես տոննայի |
5. Երկու սռնիով կամրջակի վրա 18 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
երկու սռնիով կամրջակի բեռնվածքը |
դրույքաչափը
|
18-ից մինչև 19 տոննա | 265 դրամ |
19-ից մինչև 20 տոննա | 380 դրամ |
20-ից մինչև 21 տոննա | 430 դրամ |
21-ից մինչև 22 տոննա | 700 դրամ |
22-ից մինչև 23 տոննա | 925 դրամ |
23-ից մինչև 24 տոննա | 1190 դրամ |
24-ից մինչև 25 տոննա | 1540 դրամ |
25-ից մինչև 26 տոննա | 1950 դրամ |
26 և ավելի տոննա |
1950 դրամին գումարած 26 տոննան գերազանցող յուրաքանչյուր տոննայի |
6. Երեք սռնիով կամրջակի վրա 22 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
երեք սռնիով կամրջակի բեռնվածքը |
դրույքաչափը
|
22-ից մինչև 22,5 տոննա | 90 դրամ |
22,5-ից մինչև 23 տոննա | 110 դրամ |
23-ից մինչև 24 տոննա | 175 դրամ |
24-ից մինչև 25 տոննա | 265 դրամ |
25-ից մինչև 26 տոննա | 395 դրամ |
26-ից մինչև 27 տոննա | 550 դրամ |
27-ից մինչև 28 տոննա | 705 դրամ |
28-ից մինչև 29 տոննա | 880 դրամ |
29-ից մինչև 30 տոննա | 1080 դրամ |
30-ից մինչև 31 տոննա | 1300 դրամ |
31-ից մինչև 32 տոննա | 1540 դրամ |
32-ից մինչև 33 տոննա | 1805 դրամ |
33-ից մինչև 34 տոննա | 2135 դրամ |
34-ից մինչև 35 տոննա | 2650 դրամ |
35 և ավելի տոննա | 2650 դրամին գումարած 35 տոննան գերազանցող յուրաքանչյուր տոննայի համար` 55 դրամ: |
Հոդված 7. | ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀներՈՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ |
1. Սույն օրենքի իմաստով մեծ եզրաչափերով են համարվում այն տրանսպորտային միջոցները, որոնց եզրաչափերից առնվազն մեկը (ներառյալ` բեռի չափերը) գերազանցում է`
բարձրությունը ճանապարհի ծածկի մակերեսից` 4 մետրը.
լայնությունը` 2,5 մետրը.
երկարությունը` մեկ կցորդի (կիսակցորդի) դեպքում` 20 մետրը, երկու և ավելի կցորդների դեպքում` 24 մետրը:
Մեծ եզրաչափերով են համարվում այն տրանսպորտային միջոցները, որոնց բեռը դուրս է գալիս տրանսպորտային միջոցի հետին եզրագծից 2,5 մետրից ավելի:
2. Մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության համար ավտոմոբիլային ճանապարհներով յուրաքանչյուր տասը կիլոմետր տեղափոխելու համար վճարը սահմանվում է 110 դրամ:
Հոդված 8. | ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ |
Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը գանձվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`
ա) միջպետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10000 դրամ.
բ) հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 7500 դրամ:
Գ Լ ՈՒ Խ III
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 9.
ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը հաշվարկվում է սույն օրենքին համապատասխան և պետական բյուջե է մուծվում այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս` բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքի:
2. Մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը գանձվում է յուրաքանչյուր մուտքի համար` սույն օրենքի 5 հոդվածով սահմանված դրույքաչափերով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում երեսունից ավելի օր գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ երեսուն օրվա (կամ ավելի պակաս ժամկետի) համար այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը հաշվարկվում և պետական բյուջե է մուծվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամկետը լրանալուց հետո 5 օրվա ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները ստուգում են սույն հոդվածին համապատասխան հաշվարկված` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի մուծված լինելը: Ճանապարհային վճարի պակաս մուծված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները պակաս մուծված ճանապարհային վճարի և դրա վճարումն ուշացնելու համար սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի գումարները գանձում են այդ տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ:
Հոդված 10. | ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԾԱՆՐԱՔԱՇ և ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը գանձվում է յուրաքանչյուր երթի համար:
2. Ներհանրապետական փոխադրումների դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների համար, վճարը գանձվում է մինչև փոխադրումների իրականացումը:
3. Վճար վճարողը վճարի հաշվարկն իրականացնում է` ելնելով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածից, սռնիների վրա ընկնող բեռնվածքից, եզրաչափերից և ճանապարհներով տեղափոխման հեռավորությունից:
4. Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների համար վճարը գանձում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` տալով համապատասխան տեղեկանք:
5. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող տրանսպորտային միջոցների համար կատարված հաշվարկը ստուգում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` մաքսային ձևակերպումների ժամանակ: Հաշվարկների անճշտության դեպքում առաջացած տարբերությունը գանձում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները:
Հոդված 11. | ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը հաշվարկվում է սույն օրենքին համապատասխան և յուրաքանչյուր եռամսյակ պետական բյուջե է մուծվում տարեկան գումարի մեկ քառորդի չափով:
2. Տարվա ընթացքում նոր գովազդ տեղադրելու դեպքում վճարի գումարը նվազեցվում է տարվա անցած օրերին համամասնական գումարի չափով, իսկ վճարման ենթակա գումարը պետական բյուջե է մուծվում տարվա մնացած եռամսյակներում` հավասար չափերով:
Հոդված 12. | ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը վճարվում է դրանցով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս:
Եթե այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունում գտնվում են մեկ ամսից ավելի, ապա դրանցով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու յուրաքանչյուր լրացուցիչ 30 օրվա (կամ ավելի պակաս ժամկետի) համար կատարվում է նոր վճարում` սույն օրենքի 5 հոդվածով սահմանված դրույքաչափերով:
2. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը վճարվում է մինչև երթուղի դուրս գալը:
3. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ` մինչև այդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը:
Հոդված 13. | ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ |
1. Ճանապարհային վճարը վճարվում է հայկական դրամով և (կամ) արտարժույթով:
2. Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից:
Հոդված 14. | ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ |
Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվածից ավել վճարված գումարները հաշվանցվում են վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ վճարողի դիմումի համաձայն վերադարձվում են նրան` դիմումը ստանալու օրվանից երեսնօրյա ժամկետում:
Գ Լ ՈՒ Խ IV
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15. | ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
Ճանապարհային վճար վճարողն իրավունք ունի`
ա) պահանջել ճանապարհային վճարը գանձող մարմնից կատարելու հաշվարկ, ինչպես նաև վերահաշվարկ.
բ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել ճանապարհային վճարը գանձող մարմնի կամ պաշտոնակատար անձանց գործողությունները.
գ) սույն օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա ճանապարհային վճարի գումարները.
դ) ստանալ համապատասխան տեղեկանք ճանապարհային վճարի վճարման մասին.
ե) դիմել պետական մարմիններին` ճանապարհային վճարի արտոնություն ստանալու համար:
Հոդված 16. | ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Ճանապարհային վճար վճարողը պարտավոր է`
ա) սույն օրենքով սահմանված դրույքաչափերից ելնելով` ինքնուրույն հաշվարկել ճանապարհային վճարի գումարը.
բ) ժամանակին վճարել ճանապարհային վճարը.
գ) անհրաժեշտության դեպքում ճանապարհային վճարը գանձող մարմիններ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և տեղեկություններ.
դ) ներկայացնել ճանապարհային վճարի գծով արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.
ե) իրավասու մարմինների անցկացրած ստուգումների հետևանքով բացահայտված` թաքցված կամ պակաս ցույց տրված ճանապարհային վճարի գումարի չափով ուղղումներ կատարել հաշվապահական հաշվառման մեջ:
Գ Լ ՈՒ Խ V
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17. | ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Ճանապարհային վճարից ազատվում են`
ա) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկները.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.
գ) հեծանիվների, մոպեդների, գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների համար վճար վճարողները:
Հոդված 18. | ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարից ազատվում են`
ա) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմերը` իրենց անձնական և պաշտոնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար.
բ) ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնությունների, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող վճար վճարողները` այդ փոխադրումների համար.
գ) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող վճար վճարողները` այդ փոխադրումների համար.
դ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հրավերներով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցների սեփականատերերը.
ե) Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների` Հայաստանի Հանրապետությանը սահմանամերձ շրջաններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող վճար վճարողները` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա:
Հոդված 19. | ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ |
Ճանապարհային վճարից ազատման, ինչպես նաև վճարի գումարի նվազեցման կամ վճարման ժամկետի հետաձգման այլ արտոնությունները սահմանվում են օրենքով:
Գ Լ ՈՒ Խ VI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 20. | ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
2. Վճարի վճարումն ուշացնելու համար վճար վճարողներից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված վճարի գումարի 0,25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան պակաս մուծված վճարի գումարը:
Հոդված 21. | ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
Ճանապարհային վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 22. | ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ:
Հոդված 23. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
|