ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՆԶԻՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Հաստատագրված վճարը
Սույն օրենքը սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման և վճարման կարգը:
Հոդված 2.
Հաստատագրված վճար վճարողները
Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն բենզին ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` վճարողներ):
Հոդված 3.
Հաստատագրված վճարի չափը
Վճարողների տնտեսական գործունեության արդյունքների և ներմուծվող բենզինի մաքսային արժեքից անկախ` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվում է 120 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 43,55 տոկոս:
Հոդված 4.
Հաստատագրված վճարի վճարումը
Հաստատագրված վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` հայկական դրամով և (կամ) արտարժույթով: Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից:
Հոդված 5.
Հաշվառումը
Սույն օրենքին համապատասխան հաստատագրված վճար վճարողները`
ա) բենզինի ներմուծման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.
բ) գործունեության այլ տեսակների համար օրենքով նախատեսված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարները վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինի իրացման գծով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված ավելացված արժեքի հարկից` սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ մասում նշված համամասնությամբ որոշված ավելացված արժեքի հարկի գումարը, ինչպես նաև շրջանառության ծախքերի գծով մատակարարների, հարկային հաշիվներում սահմանված կարգով առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 6.
Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ համապատասխան գերատեսչական-նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
Հոդված 7.
Գանձման նկատմամբ հսկողությունը
Սույն օրենքով սահմանված հաստատագրված վճարների գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մարմինները:
Հոդված 8.
Պատասխանատվությունը օրենքի խախտումների համար
Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 9.
Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.12.2003, ՀՕ-67-Ն | 01.01.2004, ՀՕ-175 | |
14.12.2001, ՀՕ-278 | 01.01.2002, ՀՕ-175 | |
19.04.2000, ՀՕ-51 | 01.05.2000, ՀՕ-175 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|