ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2020 թվականի N 341-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները հանձնաժողովում քննարկվում են դրանք ստանալուց հետո առավելագույնը երկամսյա ժամկետում:».
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հանձնաժողովի գործառույթների իրականացումն ապահովվում է էլեկտրոնային ընթացակարգերի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի ղեկավարն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամներից մեկի միջնորդությամբ հրավիրում է հանձնաժողովի նիստ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին և 7.2-րդ կետերով.
«7.1 Հանձնաժողովի քարտուղարը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված բոլոր եզրակացությունների ուսումնասիրության արդյունքում կազմում է ամփոփ հաշվետվություն և, խորհրդակցելով հանձնաժողովի ղեկավարի հետ, հաշվետվությունը և քվեարկության դրվող հարցերն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին: Հաշվետվության մեջ ներառվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ներկայացված քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ դրական և բացասական եզրակացությունների ընդհանուր թիվը, բացասական եզրակացությունների դեպքում` համապատասխան դիմումը չբավարարելու իրավական հիմքը և հնարավոր վիճահարույց գործերի վերաբերյալ տեղեկատվություն:
7.2. Հանձնաժողովի անդամները սույն կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով ամփոփ հաշվետվությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնում են քվեաթերթիկը (Ձև N 1)՝ էլեկտրոնային եղանակով ուղարկելով հանձնաժողովի մյուս անդամներին և քարտուղարին:».
4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հանձնաժողովի նիստ հրավիրվելու դեպքում նիստի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 3 օր առաջ:».
5) ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը.
6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել, եթե քվեարկությանը մասնակցել են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է հանձնաժողովի ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:».
7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն և եզրակացություն, որն ստորագրվում է քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների և ղեկավարի կողմից և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված եզրակացությունների հետ մեկամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։».
8) ուժը կորցրած ճանաչել 13-րդ և 14-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 24 Երևան |
Ձև N 1
Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ
20__թ. _____ __
Հանձնաժողովի անդամ ________
Քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումներ | |||
Դրական՝ |
Կողմ |
Բացասական՝ |
Կողմ |
Դեմ |
Դեմ |
Քաղաքացիության դադարեցման համար ներկայացված դիմումներ | |||
Դրական՝ |
Կողմ |
Բացասական՝ |
Կողմ |
Դեմ |
Դեմ |
Հանձնաժողովի անդամ
________________