ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ՏԴ1/0017/01/17 |
ՏԴ1/0017/01/17 |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովակիմյան |
Դատավորներ՝ |
Ա. Մնացականյան |
Կ. Մարդանյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դանիելյանի ա. պողոսՅԱՆԻ
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ`
Մ. Ավագյանի
2019 թվականի փետրվարի 7-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վրեժ Ռուդիկի Հախվերդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում 2009 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 36103309 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2009 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ Վրեժ Հախվերդյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ Վ.Հախվերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննության մարմնի` 2009 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է` մինչև մեղադրյալ Վ.Հախվերդյանի հայտնաբերումը:
1.1 Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքի Կենտրոնականի շրջանային դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 31-ի դատավճռով Վ.Հախվերդյանը ՌԴ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 5-րդ մաս-228-րդ հոդվածի 1-ին մասով և ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մաս-228.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հանցագործությունների կատարման համար դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) տարի 8 (ութ) ամիս ժամկետով։
1.2 2017 թվականի հունվարի 12-ին Վ.Հախվերդյանը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը և նախաքննության մարմնի` նույն օրվա որոշմամբ կասեցված գործի վարույթը վերսկսվել է:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 13-ի որոշմամբ Վ.Հախվերդյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` նույն օրվա որոշմամբ մեղադրյալ Վ.Հախվերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատվել է:
2017 թվականի մարտի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով Վրեժ Հախվերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքի Կենտրոնականի շրջանային դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 31-ի դատավճռով նշանակված պատժից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 9 (ինը) տարի ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցվել է Ռուսաստանի Դաշնությունում կրած պատժի ժամկետը` 3 (երեք) տարի 8 (ութ) ամիսը և թողնվել է կրելու ազատազրկում` 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով 2016 թվականի հունվարի 15-ից: Նույն դատավճռով Վ.Հախվերդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
3. Տավուշի մարզի դատախազ Վ.Գրիգորյանի և ամբաստանյալ Վ.Հախվերդյանի պաշտպան Վ.Ներկարարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժել է, պաշտպանի բողոքը բավարարել մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել է` Վ.Հախվերդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքի Կենտրոնականի շրջանային դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 31-ի դատավճռով նշանակված պատժից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցվել է Ռուսաստանի Դաշնությունում կրած պատժի ժամկետը` 3 (երեք) տարի 8 (ութ) ամիսը և թողնվել է կրելու ազատազրկում` 4 (չորս) տարի 10 (տաս) ամիս ժամկետով: Մնացած մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ։
4. Վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից Վ.Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[նա] 2009 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 21-ի սահմաններում, (…) վիճաբանել է (…) Գուրգեն Համլետի Մելքումյանի հետ, որի ընթացքում վերցնելով սեղանին դրված խոհանոցային դանակը սպանելու դիտավորությամբ հարվածել և սպանել է վերջինիս (…)»1:
5.1 Տուժողի իրավահաջորդ Ն.Ասատրյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը, երբ ամուսինը՝ Գուրգեն Մելքումյանը վերադարձել է տուն, եղել է ամբողջովին արյունլվա, կրծքից բռնած: Ամուսնու կրծքավանդակի ձախ մասում վնասվածք է եղել, որն ուժեղ արնահոսել է: Ինքը փորձել է սավանի օգնությամբ դադարեցնել կամ թուլացնել արյունահոսությունը, միաժամանակ զանգահարել է շտապօգնություն: Այդ ընթացքում ամուսինը հասցրել է իրեն պատմել, որ Վալերենց տանը, դեռ սուրճը չխմած, այնտեղ է եկել Վրեժը և նրանց հրավիրել մասնակցելու իր ծննդյան օրվա առիթով Դիլիջանի հուշարձանի մոտ գտնվող տաղավարում կազմակերպած խնջույքին: Գուրգենի կողմից մերժում ստանալով Վրեժը հայհոյել է նրան: Ի պատասխան` Գուրգենն ասել է, թե ինչու է ուրիշի օջախում հայհոյանք տալիս և հարվածել է նրա քթին: Առաջարկել է դուրս գալ, դրսում հարցերը պարզաբանել: Դուրս գալիս մի պահ հետ է շրջվել և հենց այդ պահին էլ Վրեժը նրա կրծքավանդակին հարվածել է, նույնիսկ չի հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվել: Վրեժն անմիջապես թողել-հեռացել է: Գուրգենն էլ վերքն արնահոսելով մի կերպ հասել է տուն: Դեպքից հետո երբևէ չի հանդիպել Վալերի Անթանեսյանին, քանի որ պարզելու ոչինչ չի ունեցել, ինքը չի կասկածել ամուսնու խոսքերին2։
5.2 Վկա Վ.Անթանեսյանը նախաքննության ընթացքում ըստ էության ցուցմունքներ է տվել այն մասին, որ իր տնից բացակայում է խոհանոցային դանակը, որը դրված է եղել խոհանոցի սեղանին: Իր կարծիքով Վրեժն այդ դանակով Գուրգենին հարվածել է իր տան մուտքի դռան մոտ: Նշված դանակը դրված է եղել խոհանոցի սեղանին` գդալների հետ: Այն եղել է պետական արտադրության, 10-20-25 սմ չափերի3:
5.3 Դիակի արտաքին զննության` 2009 թվականի հոկտեմբերի 25-ի արձանագրության, կից լուսանկարչական հավելվածի համաձայն` Գ.Մելքումյանի դիակի կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսային ներբանից 132-134սմ վերև, աջ հարկրծոսկրային գծով 4-5-րդ միջկողային տարածությամբ առկա է 3.3+1.0սմ չափերի, հարթ եզրերով, սուր անկյուններով, կրծքավանդակի խոռոչը թափանցող, քիչ վերից վար, ձախից աջ թեքությամբ վերք: Ձախ սրունքի 2/3-ի առաջաներսային մակերեսին` ներբանից 34-38 սմ վերև, առկա են 4.0+05սմ չափերի աղեղնաձև քերծվածքներ4:
5.4 Դիակի դատաբժշկական փորձաքննության` 2009 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 35-Դ եզրակացության նկարագրական-պատճառաբանական մասի համաձայն՝ դիակի արտաքին ուսումնասիրությամբ պարզվել է, որ կրծքավանդակի աջ կեսի առաջնային մակերեսին՝ ներբանից 132-134սմ վեր, աջ հարկրծոսկրային գծով, 4-5-րդ միջկողային տարածությամբ, առկա է 3.3+1.0սմ չափերի, հարթ եզրերով, սուր անկյուններով, կրծքավանդակի խոռոչը թափանցող, քիչ վերից վար, ձախից-աջ թեքության վերք: Աջ ծնկահոդի առաջային մակերեսին՝ ներբանից 50սմ վեր, առկա է 1.5+0.5սմ չափերի, օվալաձև քերծվածք: Ձախ սրունքի մ/3-ի առաջաներսային մակերեսին՝ ներբանից 34-38սմ վեր, առկա է 4.0+0.5սմ չափերի, աղեղնաձև վերք:
Նույն եզրակացության համաձայն՝ դիակի ներքին ուսումնասիրությամբ պարզվել է, որ աջից 4-5-րդ միջկողային տարածության փափուկ հյուսվածքները, անոթները և առպատային պլևրան 3.3+0.5սմ չափերի վնասված է: Սրտապարկը աջից 1.5+0.5սմ չափերի (հարթ եզրերով, սուր անկյուններով) վնասված է: Աջ նախասրտի շրջանում կա 1.5+0.5սմ չափերի, խոռոչը թափանցող վնասվածք: Աջ թոքի վերին բլթի 3-րդ՝ առաջնային սեգմենտի ստորին փեշին կա 1.5+0.5 չափերի, միջանցիկ վնասվածք:
Նույն եզրակացության հետևությունների համաձայն` հանգուցյալ Գ.Մելքումյանի մահը վրա է հասել տրավմատիկ և հեմոռագիկ շոկից, որն էլ պայմանավորված է կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքի, աջ 4-5-րդ միջկողային տարածության մկանների, անոթների, առպատային պլևրայի, աջ թոքի վերին բլթի 3-րդ` առաջային սեգմենտի ստորին փեշի միջանցիկ, սրտապարկի և աջ նախասրտի խոռոչները թափանցող վիրավորումներով, արտաքին և ներքին արյունահոսությամբ, ներքին օրգանների սակավարյունությամբ, ծնկահոդի և սրունքի քերծվածքներով:
Ելնելով վաղ դիակային երևույթների զարգացվածության աստիճանից կարելի է ասել, որ հանգուցյալ Գ.Հ.Մելքումյանի մահը վրա է հասել դիակի դատաբժշկական փորձաքննությունից մոտ 12-16 ժամ առաջ (փորձաքննությունը սկսվել է 2009 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 12:00-13:30):
Գ.Հ. Մելքումյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերք (վերքային խողովակի ընթացքով), մաշկի և ենթամաշկի, 4-5-րդ միջկողային տարածության մկանների, անոթների, առպատային պլևրայի, աջ թոքի վերին բլթի 3-րդ` առաջային սեգմենտի ստորին փեշի միջանցիկ, սրտապարկի և աջ նախասրտի խոռոչները թափանցող վիրավորումներ, արտաքին և ներքին արյունահոսություն, որոնք հասցվել են կենդանության օրոք, ծակող-կտրող գործիքի (հնարավոր է` դանակի) ներգործության հետևանքով, հնարավոր է` որոշմամբ նշված ժամանակահատվածում, սովորաբար կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի պատճառման հատկանիշներ, մահվան պատճառի հետ գտնվում են անմիջական պատճառական կապի մեջ և որոնք էլ բերել են մահվան: Կրծքավանդակի շրջանի վերքային խողովակն ունի աջից ձախ, դրսից ներս ուղղություն5:
6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, կարող է կատարվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ, ընդ որում` տվյալ դեպքում Վրեժ Ռուդիկի Հախվերդյանի մեղքը դրսևորվել է անուղղակի դիտավորության ձևով, այն է` նա գիտակցել է իր արարքի` տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է այդպիսի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել այդ հետևանքների վրա հասնելը, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք:
Վերոգրյալ փաստերի հիման վրա դատարանը գալիս է այն եզրահանգման, որ ամբաստանյալ ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 25.10.1981թ. ծնված Վրեժ Ռուդիկի Հախվերդյանը 2009թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 21։00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 181-րդ շենքի 5-րդ բնակարանում վիճաբանել է Դիլիջան քաղաքի բնակիչ Գուրգեն Համլետի Մելքումյանի հետ, որի ընթացքում վերցնելով սեղանին դրված խոհանոցային դանակը, սպանելու դիտավորությամբ հարվածել և սպանել է վերջինիս: (…)»6։
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ միայն մարմնական վնասվածքի տեղակայումը` տվյալ դեպքում կրծքավանդակի շրջանում և օգտագործված գործիքը` դանակը, դեռևս բավարար չէ հիմնավոր եզրահանգում կատարելու այն մասին, որ դանակով հարվածելու պահին Վ.Հախվերդյանի դիտավորությունն ուղղված է եղել Գ.Մելքումյանին կյանքից զրկելուն: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, Վ.Հախվերդյանը առաջնային հետևանքի` Գ.Մելքումյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու նկատմամբ դրսևորել է դիտավորություն, իսկ երկրորդական և առավել ծանր հետևանքի` նրա մահվան նկատմամբ` անզգուշություն: Դրա մասին են վկայում հանցավորի և տուժողի փոխհարաբերությունները դեպքին նախորդող ժամանակահատվածում` եղել են հարևաններ, որևէ լարվածություն, որևէ թշնամանք նախկինում չեն ունեցել, հարվածի քանակը` մեկ հարված, և այն, որ հանցավորն իր գործողությունները դադարեցրել է կամովին, մեկ անգամ հարվածելուց հետո, ունենալով ռեալ հնարավորություն, այլևս չի փորձել տուժողին հարվածել, թողել, հեռացել է, ամբաստանյալի հանցավոր գործողությունների դադարեցմանը որևէ մեկը որևէ ձևով չի նպաստել: Այսինքն` ամբաստանյալի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հանցակազմի պարտադիր հատկանիշը` սուբյեկտիվ կողմը, այն է` տուժողին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությունը:
Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները հնարավորություն են տալիս հաստատված համարելու վերը նշված փաստական հանգամանքները և ամբաստանյալ Վրեժ Հախվերդյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելու ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում, որ 2009թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 181 շենքի 5-րդ բնակարանում Վ.Հախվերդյանը կենցաղային հողի վրա վիճաբանել է Դիլիջան քաղաքի բնակիչ Գ.Մելքումյանի հետ, որի ընթացքում վերցնելով սեղանին դրված խոհանոցային դանակը, հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսին, նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի` Գ.Մելքումյանի մահը: Այսինքն` Վրեժ Հախվերդյանը կատարել է հանցավոր արարք, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի: Նման դատական ակտի կայացումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից և ամբաստանյալի պաշտպանության իրավունքի խախտում չի առաջացնում»7:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.
8. Բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը օրինական և հիմնավորված չէ, ենթակա է բեկանման հետևյալ պատճառաբանություններով.
9. Մասնավորապես բողոքաբերը նշել է, որ Վ.Հախվերդյանին մեղսագրված և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որակված արարքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, ստորադաս դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել այնպիսի փաստական հանգամանքներ, ինչպիսիք են, հանցագործության կատարման եղանակը, այն կատարելու համար օգտագործված գործիքը, տուժողի վնասվածքի բնույթն ու տեղակայումը, ամբաստանյալի դրսևորած վարքագիծը և դեպքին նախորդող պահին նրանց միջև եղած լարվածությունը: Արդյունքում, ըստ բողոքաբերի, ստորադաս դատարանը եկել է սխալ եզրահանգման Վ.Հախվերդյանի կողմից կատարված արարքի քրեաիրավական որակման վերաբերյալ:
10. Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժին` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել նյութական օրենքի էական խախտում, ինչն ազդել է գործի ելքի վրա: Ըստ բողոքաբերի` ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս ստորադաս դատարանները հաշվի չեն առել նրա կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, վերջինիս նկատմամբ նշանակել են ակնհայտ մեղմ պատիժ` չհետևելով պատիժ նշանակելու սկզբունքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին:
11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 9-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Վ.Հախվերդյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
13. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկել[ն է] (…)»։
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` «1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում`
(…)
2. Նույն արարքը, որը կատարվել է`
(…)
14) անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ`
(…)»:
14. Նախորդ կետում մեջբերված հանցակազմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը Գևորգ Թոսունյանի և այլոց գործով անդրադարձել է հանցավոր ինքնավստահությամբ տուժողի մահն առաջացրած ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցակազմն անուղղակի դիտավորությամբ սպանությունից տարանջատելուն, քանի որ երկու դեպքում էլ անձը թեև նախատեսում է վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն չի ցանկանում դրանք։
Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անուղղակի դիտավորությունը հանցավոր ինքնավստահությունից տարբերվում է վտանգավոր հետևանքները նախատեսելու աստիճանով և այդ հետևանքները «չցանկանալու» նկատմամբ դրսևորվող հոգեբանական վերաբերմունքով։ Մասնավորապես՝ անուղղակի դիտավորության դեպքում հանցավորը`
- նախատեսում է հետևանքների առաջացման իրական հնարավորությունը կոնկրետ իրադրության մեջ, գիտակցում է, որ եթե դրանք առաջանան, ապա միանշանակորեն բխելու են իր արարքից (գիտակցական չափանիշ),
- թեպետ չի ցանկանում հետևանքների առաջացումը, սակայն միևնույն ժամանակ դա թույլ չտալու համար չի դիմում ակտիվ գործողությունների։ Այլ կերպ՝ հետևանքների առաջացման նկատմամբ դրսևորում է պասիվ հոգեբանական վերաբերմունք (կամային չափանիշ)։
Հանցավոր ինքնավստահության դեպքում անձը`
- նախատեսում է հետևանքների առաջացման ոչ թե իրական, այլ վերացական հնարավորությունը, ընդհանուր գծերով պատկերացնում է, որ այդպիսի արարքներն ընդհանրապես կարող են նման հետևանքներ առաջացնել, սակայն համոզված է, որ ոչ տվյալ դեպքում և տվյալ իրադրության մեջ (գիտակցական չափանիշ),
- ոչ միայն չի ցանկանում վտանգավոր հետևանքների առաջացումը, այլ նաև ակտիվ վարքագիծ է դրսևորում դրանց կանխարգելման ուղղությամբ։ Այսպես` հանցավոր ինքնավստահության դեպքում անձը չի բավարարվում պարզապես չցանկանալով, հույսը չի դնում պատահականության վրա, այլ փորձում է իրական (ռեալ) գործողություններ կատարել հանրորեն վտանգավոր հետևանքները կանխելու համար (կամային չափանիշ)8։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հանցավորի դիտավորության ուղղվածության հարցը և ըստ այդմ` արարքի ճիշտ քրեաիրավական որակման հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործության բոլոր հանգամանքների համակցությունից և հաշվի առնել, մասնավորապես, հանցավոր արարքի կատարման եղանակը, վնասվածքներ հասցնելիս օգտագործվող գործիքները, մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), շարժառիթն ու նպատակը, ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբերությունները, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառները և այլն9։
Այսպես` կոնկրետ իրադրությունում հասցված մարմնական վնասվածքների քանակը, բնույթն ու տեղակայումը, օրինակ, կենսական կարևոր օրգանների շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքների առկայությունը, հարվածների ուժգնությունը և ինտենսիվությունը, համակատարողների առկայությունն ու քանակը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունների բնույթը, ինչպես նաև տուժողի մահը կանխելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելը, նման հետևանքի առաջացման նկատմամբ անտարբերություն դրսևորելը կարող են վկայել այն մասին, որ հանցավորը տուժողին մահ պատճառելու իրական հնարավորությունն առնվազն նախատեսում է, գիտակցում է, որ եթե մահն առաջանա, ապա բխելու է իր արարքներից, միևնույն ժամանակ անտարբերություն է դրսևորում դրա առաջացման նկատմամբ կամ հույսը դնում է գոյություն չունեցող, վերացական հանգամանքների վրա, այսինքն` գործում է անուղղակի դիտավորությամբ։ Հետևաբար, նման դեպքերում անձի արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի համապատասխան մասով` որպես սպանություն։
Մինչդեռ այն դեպքերում, երբ մահը վրա է հասնում կենսական ոչ կարևոր կամ թեկուզ կենսականորեն կարևոր օրգաններին, բայց այնպիսի գործիքով կամ եղանակով վնաս հասցնելու արդյունքում, որոնք չեն վկայում մահ պատճառելու իրական հնարավորությունը նախատեսելու մասին, ինչպես նաև եթե համապատասխան արարքը կատարելուց հետո հնարավոր մահը կանխելու նպատակով հանցավորի կողմից ակտիվ գործողություններ են ձեռնարկվում, վկայում են հանցավորի մոտ տուժողին սպանելու դիտավորության բացակայության մասին, հետևաբար արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով` որպես առողջությանը դիտավորությամբ ծանր վնասի պատճառում, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ10։
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- ամբաստանյալ Վ.Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2009 թվականի հոկտեմբերի 25-ին` ժամը 21-ի սահմաններում, վիճաբանել է Գուրգեն Համլետի Մելքումյանի հետ, որի ընթացքում վերցնելով սեղանին դրված խոհանոցային դանակը սպանելու դիտավորությամբ հարվածել և սպանել է վերջինիս11,
- ըստ դիակի արտաքին զննության` տուժողի կրծքավանդակին առկա է 3.3+1.0սմ չափերի հարթ եզրերով, սուր անկյուններով վերք12,
- Գուրգեն Մելքումյանի դիակի ներքին ուսումնասիրությամբ պարզվել է, որ աջից 4-5-րդ միջկողային տարածության փափուկ հյուսվածքները, անոթները և առպատային պլևրան վնասված է 3.3+0.5սմ չափերի, սրտապարկը՝ աջից 1.5+0.5սմ չափերի (հարթ եզրերով, սուր անկյուններով): Աջ նախասրտի շրջանում առկա է 1.5+0.5սմ չափերի, խոռոչը թափանցող վնասվածք, իսկ աջ թոքի վերին բլթի 3-րդ՝ առաջնային սեգմենտի ստորին փեշին առկա է 1.5+0.5 չափերի, միջանցիք վնասվածք13,
- Գուրգեն Մելքումյանի մահը վրա է հասել տրավմատիկ և հեմոռագիկ շոկից, որն էլ պայմանավորված է կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքի, աջ 4-5-րդ միջկողային տարածության մկանների, անոթների, առպատային պլևրայի, աջ թոքի վերին բլթի 3-րդ` առաջային սեգմենտի ստորին փեշի միջանցիկ, սրտապարկի և աջ նախասրտի խոռոչները թափանցող վիրավորումներով, արտաքին և ներքին արյունահոսությամբ, ներքին օրգանների սակավարյունությամբ: Դրանք կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի պատճառման հատկանիշներ, մահվան պատճառի հետ գտնվում են անմիջական պատճառական կապի մեջ և որոնք էլ բերել են մահվան: Կրծքավանդակի շրջանի վերքային խողովակն ունի աջից ձախ, դրսից ներս ուղղություն14,
- Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Վ.Հախվերդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` հաստատված համարելով ամբաստանյալի կողմից խոհանոցային դանակով տուժողին սպանելու դիտավորությամբ հարվածելու և սպանելու փաստը: Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ Վրեժ Հախվերդյանի մեղքը դրսևորվել է անուղղակի դիտավորության ձևով` նա գիտակցել է իր արարքի` տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է այդպիսի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել այդ հետևանքների վրա հասնելը, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք15,
- Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Վ.Հախվերդյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով` որպես առողջությանը դիտավորությամբ ծանր վնասի պատճառում, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, նշել է, որ միայն մարմնական վնասվածքի տեղակայումը` տվյալ դեպքում կրծքավանդակի շրջանում և օգտագործված գործիքը` դանակը, դեռևս բավարար չեն հիմնավոր եզրահանգում կատարելու այն մասին, որ դանակով հարվածելու պահին Վ.Հախվերդյանի դիտավորությունն ուղղված է եղել Գ.Մելքումյանին կյանքից զրկելուն: Ըստ Վերաքննիչ դատարանի` Վ.Հախվերդյանն առաջնային հետևանքի` Գ.Մելքումյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու նկատմամբ դրսևորել է դիտավորություն, իսկ երկրորդական և առավել ծանր հետևանքի` նրա մահվան նկատմամբ` անզգուշություն: Դրա մասին են վկայում հանցավորի և տուժողի փոխհարաբերությունները դեպքին նախորդող ժամանակահատվածում՝ եղել են հարևաններ, որևէ լարվածություն, որևէ թշնամանք նախկինում չեն ունեցել, հարվածի քանակը` մեկ հարված, և այն, որ հանցավորն իր գործողությունները դադարեցրել է կամովին, մեկ անգամ հարվածելուց հետո, ունենալով ռեալ հնարավորություն, այլևս չի փորձել տուժողին հարվածել, թողել, հեռացել է, ամբաստանյալի հանցավոր գործողությունների դադարեցմանը որևէ մեկը որևէ ձևով չի նպաստել: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի համոզմամբ ամբաստանյալի գործողություններում բացակայում է տուժողին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությունը16:
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Վ.Հախվերդյանի կատարած արարքի քրեաիրավական որակումը որոշելիս պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա փաստական տվյալների համակցությունը:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ամբաստանյալ Վ.Հախվերդյանին մեղսագրված արարքի իրավական որակումը որոշելիս անհրաժեշտ էր բացահայտել հանցավորի դիտավորության ուղղվածությունը` մանրամասն վերլուծության ենթարկելով գործի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են հանցագործության գործիքը, մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը, հարվածի ուժգնությունը, հանցավորի դրսևորած վարքագիծը, շարժառիթը։
Այսպես, ամբաստանյալ Վ.Հախվերդյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով որակելիս` Վերաքննիչ դատարանը չի գնահատել, թե ամբաստանյալ Վ.Հախվերդյանը տուժողին վնաս պատճառելիս կարո՞ղ էր նախատեսել վտանգավոր հետևանքների առաջացման վերացական հնարավորությունն այն դեպքում, երբ խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածել է տուժողի կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսին` կենսական կարևոր օրգանի` սրտի շրջանում, պատճառելով, ի թիվս այլոց, սրտապարկի և աջ նախասրտի խոռոչները թափանցող վիրավորումներ, որոնք անմիջական պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում տուժողի մահվան հետ։ Այսինքն` նկարագրված գործիքով, ի թիվս այլոց, սրտապարկի և աջ նախասրտի խոռոչները թափանցող վիրավորումներ պատճառելիս արդյո՞ք ամբաստանյալը կարող էր լինել համոզված, որ տվյալ դեպքում և տվյալ իրադրության մեջ տուժողի մահվան ձևով հետևանքներ առաջանալ չեն կարող (գիտակցական չափանիշ)։ Այդ համատեքստում թեև Վերաքննիչ դատարանը նշել է, որ միայն մարմնական վնասվածքի տեղակայումը և օգտագործված գործիքը բավարար չէ հիմնավոր եզրահանգում կատարելու համար Վ.Հախվերդյանի դիտավորության ուղղվածության մասին, սակայն հաշվի չի առել, որ նշված հանգամանքները պետք է համակողմանի գնահատման ենթարկվեին ներկայացված չափանիշների լույսի ներքո։
Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առնվազն համոզիչ չէ Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ Վ.Հախվերդյանը դանակով դիտավորությամբ տուժողին սրտի շրջանում հարվածելով և սիրտը վնասելով, վրա հասած հետևանքի` մահվան նկատմամբ դրսևորել է անզգուշություն:
Բացի այդ, ամբաստանյալ Վ.Հախվերդյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով որակելիս` Վերաքննիչ դատարանը չի գնահատել, թե ամբաստանյալ Վ.Հախվերդյանը չցանկանալով տուժողի մահվան ձևով հետևանքի առաջացումը` արդյո՞ք դրսևորել է ակտիվ վարքագիծ` դրա կանխարգելման ուղղությամբ, այն է` հույսը չդնելով պատահականության վրա` փորձել է իրական (ռեալ) գործողություններ կատարել հանրորեն վտանգավոր հետևանքները կանխելու համար (կամային չափանիշ)։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից նշված այն հանգամանքներին, որ հանցավորը և տուժողը դեպքին նախորդող ժամանակահատվածում` եղել են հարևաններ, որևէ լարվածություն, որևէ թշնամանք նախկինում չեն ունեցել, ապա պետք է փաստել, որ միայն դրանք, ինքնին, վերը նշված հանգամանքներից կտրված, չեն կարող էական նշանակություն ունենալ հանցավորի դիտավորության ուղղվածությունը և արարքի քրեաիրավական որակումը որոշելիս։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է գնահատման ենթարկեր հանցավորի և տուժողի վարքագիծը, նրանց փոխհարաբերությունը նաև դեպքին անմիջապես նախորդող և հաջորդող պահերին։ Մասնավորապես, տվյալ պարագայում պետք է հաշվի առնվեր, որ դեպքի պահին հանցավորի և տուժողի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, քաշքշուկ, կողմերը միմյանց հարվածել են, որի ընթացքում հանցավորը խոհանոցային դանակով հարվածել է տուժողին, ապա թողել հեռացել։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից նշված այն հանգամանքին, որ հանցավորը մեկ անգամ է հարվածել տուժողին, ապա հարկ է նշել, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդ հարվածը հասցվել է տուժողի կենսական կարևոր օրգանին՝ սրտին, ինչն էլ դեպքից կարճ ժամանակ անց հանգեցրել է տուժողի մահվան:
Վերոնշյալի պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում՝ ամբաստանյալի կողմից հանցանքը կատարելուց հետո իր գործողությունները կամովին, առանց որևէ միջամտության դադարեցնելու, մեկ անգամից ավել տուժողին չհարվածելու հանգամանքներին Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալի արարքի քրեաիրավական որակման հարցում էական նշանակություն տալը։
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Վ.Հախվերդյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելն, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով և Վ.Հախվերդյանին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով վերաորակելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է և հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար։
18. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշելով, որ ամբաստանյալը տուժողին կյանքից զրկելիս գործել է անուղղակի դիտավորությամբ, հաստատված է համարել ամբաստանյալի կողմից խոհանոցային դանակով տուժողին սպանելու դիտավորությամբ հարվածելու և սպանելու փաստը, ինչը վկայում է հանցավորի կողմից ուղղակի դիտավորությամբ գործելու մասին: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը, հստակ իրավական գնահատականի չի արժանացրել Վ.Հախվերդյանի դիտավորության ուղղվածությունը:
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը սույն որոշմամբ արձանագրված չափանիշների լույսի ներքո պետք է վերացնի թույլ տրված խախտումները, հստակ որոշի ամբաստանյալի դիտավորության ուղղվածությունը և նրան մեղսագրված արարքի քրեաիրավական որակումը` անդրադառնալով նաև բողոքաբերի կողմից բարձրացված` ամբաստանյալի նկատմամբ պատժի նշանակման վերաբերյալ սույն որոշման 10-րդ կետում նշված փաստարկներին։
18. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել Վրեժ Ռուդիկի Հախվերդյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վրեժ Ռուդիկի Հախվերդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
Ամբաստանյալ Վրեժ Ռուդիկի Հախվերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:
(1-ին կետը լրաց. 07.02.19 ՏԴ1/0017/01/17)
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 253:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 28-30:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 13-14, 39-40:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 25:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 69-72:
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 1-7:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 77-97:
8 Տե՛ս Գևորգ Թոսունյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ՍԴ/0319/01/10 որոշումը, 18-րդ կետ:
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ս.Հունիկյանի գործով 2008 թվականի փետրվարի 29-ին կայացված թիվ ՎԲ-11/08, Ա.Բաղդասարյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ին կայացված թիվ ԵԷԴ/0168/01/10, Գ.Մանուկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ին կայացված թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշումները։
10 Տե՛ս Գևորգ Թոսունյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ՍԴ/0319/01/10 որոշումը, 19-րդ կետ:
11 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 5.3-րդ, 5.4-րդ կետերը։
13 Տե՛ս սույն որոշման 5.4-րդ կետը։
14 Տե՛ս նույն տեղում։
15 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
16 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան