ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «19» հուլիսի 1993 թ. Հ.Ն-0901-I
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում արժութային գործառնությունների իրականացման ընդհանուր սկզբունքները, արժութային վերահսկողության մարմինների լիազորությունները, արժութային արժեքների տիրապետման, օգտագործման և տնօրինման բնագավառում իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը արժութային օրենսդրությունը խախտելու համար:
ՀՈԴՎԱԾ 1. |
ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն են.
1) «Հայաստանի Հանրապետության արժույթ»`
ա) շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հանված կամ հանվող, բայց փոխանակման ենթակա Հայաստանի Հանրապետության դրամները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային տոմսերի (թղթադրամների) տեսքով, և մետաղադրամները, գանձատման տոմսերը.
բ) Հայաստանի Հանրապետության բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հաշիվներում առկա միջոցները` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով.
գ) Հայաստանի Հանրապետության արժույթն որպես վճարման օրինական միջոց օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բակի կողմից օտարերկրյա պետության համապատասխան մարմինների հետ կնքված համաձայնագրերի հիման վրա տվյալ պետության տարածքում գտնվող բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հաշիվներում առկա միջոցները` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով.
դ) Հայաստանի Հանրապետության դրամով վճարման փաստաթղթերը:
2) «Արժեթղթեր Հայաստանի Հանրապետության արժույթով»` բաժնետոմսերը, պարտատոմսերը, սերտիֆիկատները, մուրհակները և այլ արժեթղթերը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:
3) «Արժութային արժեքներ»`
ա) արտարժույթը.
բ) արժույթով արտահայտված արժեթղթերը` բաժնետոմսերը, պարտատոմսերը, սերտիֆիկատները, մուրհակները և այլ արժեթղթեր.
գ) թանկարժեք մետաղները` ոսկի, արծաթ, պլատին և պլատինի խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռութենիում, օսմիում) ցանկացած տեսքով և վիճակում, բացառությամբ այդ մետաղներից պատրաստված ոսկերչական և կենցաղային այլ իրերի, ինչպես նաև այդպիսի իրերի ջարդոնի.
դ) բնական թանկարժեք քարերը (ալմաստ, ադամանդ, սուտակ, զմրուխտ, շափյուղա և ալեքսանդրիտ, ինչպես նաև մարգարիտ) անմշակ և մշակված տեսքով, բացառությամբ այդ քարերից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի, ինչպես նաև այդպիսի իրերի ջարդոնի.
ե) համաշխարհային շուկայում գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող արվեստի գործերը և իրերը:
4. «Արտարժույթ»`
ա) օտարերկրյա դրամանիշերը` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների և մետաղադրամների ձևով, որոնք համապատասխան օտարերկրյա մեկ կամ մի քանի պետությունների տարածքում գտնվում են շրջանառության մեջ և օրինական վճարման միջոց են, ինչպես նաև հանված են կամ հանվում են շրջանառությունից, բայց ենթակա են փոխանակման շրջանառության մեջ գտնվող դրամանիշերով.
բ) բանկային հաշիվներում և ավանդներում գտնվող օտարերկրյա պետությունների դրամական միավորներով և միջազգային դրամական կամ հաշվարկային միավորներով արտահայտված միջոցները և վճարման փաստաթղթերը:
5) «Ռեզիդենտներ»`
ա) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող, բայց ժամանակավորապես արտասահմանում գտնվող ֆիզիկական անձինք.
բ) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունները և կազմակերպությունները, որոնք ստեղծված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.
գ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և այլ պաշտոնական այն ներկայացուցչությունները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.
դ) սույն կետի «բ» ենթակետում նշված ռեզիդենտների Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերը և ներկայացուցչությունները:
6) «Ոչ ռեզիդենտներ»`
ա) արտասահմանում մշտական բնակության վայր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես գտնվող ֆիզիկական անձինք.
բ) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունները և կազմակերպությունները, որոնք ստեղծված են օտարերկրյա պետությունների օրենսդրությանը համապատասխան և գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա դիվանագիտական և պաշտոնական այլ ներկայացուցչությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ֆիրմաների ներկայացուցչությունները.
դ) սույն կետի «բ» ենթակետում նշված ռեզիդենտների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
7) «Արժութային գործառնությունները»` այն գործառնությունները, որոնք կապված են.
ա) արժութային արժեքների սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների փոխանցման հետ, այդ թվում` այնպիսի գործառնությունների, որոնք կապված են որպես վճարման միջոց արտարժույթով վճարման փաստաթղթերի օգտագործման հետ.
բ) որպես վճարման միջոց արտարժույթի, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության արժույթի օգտագործման հետ.
գ) արժութային արժեքների` արտասահմանից Հայաստանի Հանրապետություն փոխադրման, ներմուծման և առաքման, Հայաստանի Հանրապետությունից դրանց փոխադրման, արտահանման և առաքման, ինչպես նաև միջազգային դրամական փոխանցումների հետ:
Արտարժույթով և դրանով արտահայտված արժեթղթերով կատարվող գործառնություննները ստորաբաժանվում են ընթացիկ արժութային գործառնությունների, կապիտալի ու վարկի շարժման հետ կապված գործառնությունների:
8) «Ընթացիկ արժութային գործառնությունները»`
ա) արտարժույթի փոխանցումները Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից դուրս` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ներմուծման և արտահանման հաշվարկներն առանց վճարման հետաձգման իրականացնելու համար, ինչպես նաև 180 օրվանից ոչ ավելի ժամկետով արտահանման և ներմուծման գործառնությունների վարկավորման հետ կապված հաշվարկներն իրականացնելու համար.
բ) կարճաժամկետ (180 օրվանից ոչ ավելի) ֆինանսական միջոցների ձևով վարկեր ստանալը և տրամադրելը.
գ) տոկոսների, շահութամասերի (դիվիդենտների) և բանկային ավանդներից, ինվեստիցիաներից և ֆինանսական մյուս գործառնություններից ստացվող այլ եկամուտների փոխանցումները Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից դուրս.
դ) ոչ առևտրական բնույթի փոխանցումները Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից դուրս, ներառյալ աշխատավարձի, կենսաթոշակների, ալիմենտի, ժառանգությունների, ֆինանսական մարդասիրական օգնության, նվիրատվությունների և փոստային փոխանցումների ու համանման այլ գործառնություններ:
9. «Կապիտալի և վարկի շարժման հետ կապված արժութային գործառնություններ»` բոլոր այն արժութային գործառնությունները, որոնք չեն հանդիսանում ընթացիկ արժութային գործառնություններ, այդ թվում`
ա) ուղղակի ինվեստիցիաները, այսինքն` ներդրումներ ձեռնարկության կանոնադրական կապիտալում` եկամուտ ստանալու և ձեռնարկության կառավարմանը մասնակցելու իրավունք ձեռք բերելու նպատակով.
բ) պորտֆելային ինվեստիցիաները, մասնավորապես` արժեթղթերի ձեռքբերումը.
գ) շենքերի, կառույցների և այլ գույքի (ներառյալ հողի, ընդերքի), սեփականության իրավունքի, եթե տվյալ պետության օրենսդրությամբ այդ գույքը (հողը, ընդերքը) դասվում է անշարժ գույքի շարքին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ այլ իրավունքների ձեռք բերման համար որպես վճար կատարված փոխանցումները.
դ) երկարաժամկետ (180 օրվանից ավելի) ֆինանսական միջոցների ձևով վարկեր ստանալը և տրամադրելը.
ե) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարման հետաձգում ստանալը և տրամադրելը 180 օրվանից ավելի ժամկետով:
10) «Լիազոր բանկեր»`
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արտարժույթով գործառնությունների իրականացման լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (անկախ սեփականության ձևից), այդ թվում` օտարերկրյա և համատեղ բանկերը:
Թանկարժեք մետաղներից ու բնական թանկարժեք քարերից պատրաստված իրերը ոսկերչական, կենցաղային այլ իրերի և այդպիսի իրերի ջարդոնի շարքը դասելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Համաշխարհային շուկայում գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող արվեստի գործերը և իրերը արժութային արժեքների շարքը դասելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 2. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Ռեզիդենտների միջև հաշվարկները Հայաստանի Հանրապետության արժույթով իրականացվում են առանց սահմանափակումների:
Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության արժույթ ձեռք բերելու և օգտագործելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության արժույթի և դրանով արտահայտված արժեթղթերի փոխադրումը, արտահանումն ու առաքումը Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև դրանց ներմուծումն ու առաքումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
Սույն օրենքի խախտումով կատարված արժութային գործարքները անվավեր են ճանաչվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Այդպիսի գործարքներ կատարած անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 3. |
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
Արժութային արժեքները Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել ինչպես ռեզիդենտների, այնպես էլ ոչ ռեզիդենտների սեփականությունը:
Հայաստանի Հանրապետությունում արժութային արժեքների սեփականության իրավունքը երաշխավորվում և պաշտպանվում է պետության կողմից:
Արտարժույթով պետբյուջե կատարվող պարտադիր վճարումների տեսակները (հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարումներ) որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Թանկարժեք մետաղների, բնական թանկարժեք քարերի, գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող արվեստի գործերի և իրերի ներմուծման, արտահանման հետ կապված գործարքների կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 4. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ |
Արտարժույթի առուծախը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում:
Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում ռեզիդենտները և ոչ ռեզիդենտներն արտարժույթ գնելու և վաճառելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության արտարժույթի առուծախը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
Արտարժույթի առուծախի գործարքները կարող են իրականացվել անմիջականորեն լիազոր բանկերի միջև, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում` այլ ֆինանսավարկային կազմակերպությունների, ֆոնդային բորսաների կամ ապրանքային բորսաների ֆոնդային բաժինների, աճուրդների ու սակարկությունների միջոցով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզիա ունեցող կազմակերպությունների շրջանցումով արտարժույթի առուծախն արգելվում է:
Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթների խախտումով արտարժույթի առուծախի գործարքներն անվավեր են ճանաչվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է սահմանել`
արտարժույթի գնման կուրսից դրա վաճառքի կուրսի շեղման սահմանը,
արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության արժույթի հաստատագրված կուրսը:
Նշված միջոցառումները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև մեկ ամիս ժամկետով: Ժամկետի երկարաձգումը նախապես համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ:
ՀՈԴՎԱԾ 5. |
ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՀԱՇԻՎՆԵՐԸ |
Ռեզիդենտներն իրավունք ունեն արտարժույթով հաշիվներ ունենալ լիազոր բանկերում:
Ռեզիդենտներ հանդիսացող ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից ստացվող օտարերկրյա արժույթը ենթակա է պարտադիր հաշվեգրման Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող լիազոր բանկերում ունեցած նրանց հաշիվներում, եթե այլ կարգ չի սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:
Ռեզիդենտներն օտարերկրյա բանկերում կարող են արտարժույթով հաշիվներ ունենալ այն դեպքերում և պայմաններով, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
Լիազոր բանկերի կողմից արտարժույթով ռեզիդենտների հաշիվներ բացելու և վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
ՀՈԴՎԱԾ 6. |
ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ |
Կապիտալ շարժման հետ կապված արժութային գործառնությունները ռեզիդենտների կողմից իրականացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
Ռեզիդենտներն իրավունք ունեն, պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը, առանց սահմանափակումների արժութային արժեքներ փոխադրել, առաքել և ներմուծել Հայաստանի Հանրապետություն:
Ռեզիդենտներին պատկանող արտարժույթի և դրանով արտահայտված արժեթղթերի` Հայաստանի Հանրապետություն փոխադրելու, առաքելու և ներմուծելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
Ռեզիդենտներին պատկանող թանկարժեք մետաղների, բնական թանկարժեք քարերի, գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող արվեստի գործերի ու իրերի Հայաստանի Հանրապետություն փոխադրելու, առաքելու և ներմուծելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ռեզիդենտներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում արտարժույթ վաճառել Հայաստանի Հանրապետության արժույթի դիմաց` սույն օրենքի 4 հոդվածով նախատեսված կարգով:
Ֆիզիկական անձ հանդիսացող ռեզիդենտներն իրավունք ունեն, պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը, Հայաստանի Հանրապետությունից փոխադրել, առաքել և արտահանել նախկինում Հայաստանի Հանրապետություն ներմուծված, փոխադրված կամ առաքված արժութային արժեքներ` դրանց ներմուծումը, փոխադրումը և առաքումը հաստատող հայտարարագրերում կամ այլ փաստաթղթերում նշված չափերով:
Հայաստանի Հանրապետությունից ռեզիդենտների կողմից սույն օրենքի 1 հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նախատեսված արժութային արժեքների արտահանման ու առաքման կարգը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ:
Հայաստանի Հանրապետությունից ռեզիդենտների կողմից սույն օրենքի 1 հոդվածի 3-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նախատեսված արժութային արժեքների արտահանման և առաքման կարգը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 7. |
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ ՀԱՇԻՎՆԵՐԸ |
Ոչ ռեզիդենտները իրավունք ունեն լիազոր բանկերում արտարժույթով և Հայաստանի Հանրապետության արժույթով հաշիվներ ունենալ:
Լիազոր բանկերի կողմից արտարժույթով և Հայաստանի Հանրապետության արժույթով ոչ ռեզիդենտների հաշիվներ բացելու և վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
ՀՈԴՎԱԾ 8. |
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ |
Ոչ ռեզիդենտներն իրավունք ունեն, պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը, առանց սահմանափակումների Հայաստանի Հանրապետություն փոխադրել, առաքել և ներմուծել արժութային արժեքներ:
Ոչ ռեզիդենտներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արժույթով արտարժույթ գնել կամ վաճառել:
Ոչ ռեզիդենտներն իրավունք ունեն, պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը, Հայաստանի Հանրապետությունից փոխադրել, առաքել և արտահանել արժութային արժեքներ, եթե դրանք ավելի վաղ փոխադրվել, առաքվել և ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունում ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունից սույն օրենքի 1 հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված արժութային արժեքների փոխադրման, առաքման և արտահանման կարգը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ:
Ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունից սույն օրենքի 1 հոդվածի 3-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված արժութային արժեքների փոխադրման, առաքման և արտահանման կարգը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 9. |
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁևԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ և ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ |
Պետական արժութային պահուստների ձևավորման և պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ:
Ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում արտարժութային հասույթների վաճառքի կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ:
Արժութային արժեքների պահուստները նվազելու, դրանով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարումը վտանգվելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտավոր է համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ:
ՀՈԴՎԱԾ 10. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՈՐՊԵՍ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը արժութային կարգավորման հիմնական մարմինն է Հայաստանի Հանրապետությունում:
Սույն օրենքով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը`
սահմանում է արտարժույթի և դրանով արտահայտված արժեթղթերի շրջանառության կարգը Հայաստանի Հանրապետությունում.
հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից կատարման համար պարտադիր նորմատիվ ակտեր.
իրավասու է իրականացնելու արժութային գործառնությունների բոլոր տեսակները.
սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից արտարժույթով և դրանով արտահայտված արժեթղթերով գործառնությունների կատարման կանոնները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության արժույթով և դրանով արտահայտված արժեթղթերով գործառնությունների կատարման կանոնները.
սահմանում է ռեզիդենտներին պատկանող արտարժույթը և դրանով արտահայտված արժեթղթերը Հայաստանի Հանրապետություն փոխադրելու, առաքելու և ներմուծելու կարգը, ինչպես նաև ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող բանկերում արտարժույթով հաշիվներ բացելու կարգը.
սահմանում է բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից արժութային գործառնություններ կատարելու լիցենզավորման կանոնները և տալիս է այդպիսի լիցենզիաներ, ինչպես նաև իրականացնում է դրանց գործունեության վերահսկողությունը.
սահմանում է արժութային գործառնությունների հաշվառման, դրանց վերաբերյալ հաշվետվության, փաստաթղթերի և վիճակագրության միասնական ձևեր (այդ թվում` լիազոր բանկերի կողմից), ինչպես նաև դրանք վարելու և ներկայացնելու կարգն ու ժամկետները.
ընդունված միջազգային ստանդարտներին համապատասխան նախապատրաստում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության արժութային վիճակագրությունը.
կատարում է սույն օրենքով նախատեսված այլ ֆունկցիաներ:
ՀՈԴՎԱԾ 11. |
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ և ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Արժութային վերահսկողության նպատակն է ապահովել արժութային օրենսդրության պահպանումը` արժութային արժեքներով գործառնություններ իրականացնելիս:
Արժութային վերահսկողության հիմնական ուղղություններն են`
գործող օրենսդրությանը արժութային գործառնությունների համապատասխանության և դրանց համար անհրաժեշտ լիցենզիաների առկայության ստուգումը.
պետության հանդեպ ռեզիդենտների կողմից արտարժույթով պարտավորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում արտարժույթի, թանկարժեք մետաղների, բնական թանկարժեք քարերի, գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող արվեստի գործերի և իրերի վաճառքի գծով պարտավորությունների կատարման ստուգումը.
արտարժույթով վճարումների օրինականության ստուգումը.
արժութային գործառնությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արժույթով, դրանով արտահայտված արժեթղթերով ոչ ռեզիդենտների գործառնությունների հաշվառման և հաշվետվության լրիվության և ճշտության ստուգումը:
ՀՈԴՎԱԾ 12. |
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ և ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում արժութային վերահսկողությունն իրականացվում է արժութային վերահսկողության մարմինների և գործակալների կողմից:
Հայաստանի Հանրապետությունում արժութային վերահսկողության մարմիններ են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Արժութային վերահսկողության գործակալներ են այն կազմակերպությունները, որոնք վերահսկողության մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լիազորված են իրականացնելու արժութային վերահսկողությունը: Արժութային վերահսկողության գործակալները հաշվետու են արժութային վերահսկողության համապատասխան մարմիններին:
Լիազոր բանկերը հանդիսանում են արժութային վերահսկողության գործակալներ և հաշվետու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
ՀՈԴՎԱԾ 13. |
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Արժութային վերահսկողության մարմիններն իրենց իրավասության սահմաններում հրապարակում են նորմատիվ ակտեր, որոնց կատարումը պարտադիր է ռեզիդենտների և Հայաստանի Հանրապետության տարածքում` ոչ ռեզիդենտների համար:
Արժութային վերահսկողության մարմինները և գործակալները իրենց իրավասության սահմաններում`
վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից կատարվող արժութային գործառնությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը այդ գործառնությունների համապատասխանության, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ.
ստուգում են Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների արժութային գործառնությունների օրինականությունը:
Արժութային վերահսկողության մարմինները որոշում են ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործառնությունների հաշվառման, հաշվետվության և փաստաթղթերի լրացման (ձևակերպման) կարգն ու ձևերը:
ՀՈԴՎԱԾ 14. |
ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ և ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում արժութային գործառնություններ իրականացնող ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արժույթով և դրանով արտահայտված արժեթղթերով գործառնություններ իրականացնող ոչ ռեզիդենտներն իրավունք ունեն`
վարել իրենց կողմից կատարվող արժութային գործառնությունների հաշվառում և կազմել հաշվետվություն` ապահովելով դրանց պահպանությունը հինգ տարուց ոչ պակաս ժամանակով.
ծանոթանալ արժութային վերահսկողության մարմինների և գործակալների կազմած ստուգման ակտերին.
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան գանգատարկել արժութային վերահսկողության մարմինների և գործակալների գործողությունները.
օգտվել սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական մյուս ակտերով սահմանված այլ իրավունքներից:
Հայաստանի Հանրապետությունում արժութային գործառնություններ իրականացնող ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արժույթով և դրանով արտահայտված արժեթղթերով գործառնություններ իրականացնող ոչ ռեզիդենտները պարտավոր են`
արժութային վերահսկողության մարմիններին և գործակալներին ներկայացնել արժութային գործառնությունների իրականացման մասին պահանջվող բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները.
արժութային վերահսկողության մարմիններին և գործակալներին ներկայացնել բացատրություններ վերջիններիս կողմից կատարվող ստուգումների կապակցությամբ.
արժութային վերահսկողության մարմինների և գործակալների կողմից կատարված ստուգումների ակտերում շարադրված փաստերին չհամաձայնվելու կամ ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պարզաբանումներ.
կատարել օրենսդրության խախտումների վերացման մասին արժութային վերահսկողության մարմինների պահանջները (ցուցումները).
կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտավորություններ:
ՀՈԴՎԱԾ 15. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ |
Սույն օրենքի 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հոդվածների պահանջները խախտած ռեզիդենտների, ներառյալ լիազոր բանկերի, և ոչ ռեզիդենտների նկատմամբ կիրառվում են հետևյալ պատժամիջոցները.
սույն օրենքով անվավեր ճանաչված գործարքներից ստացվածը ամբողջությամբ բռնագանձվում է պետական բյուջե,
առանց գործարք կնքելու, այլ անօրինական գործողությունների հետևանքով ձեռք բերվածը բռնագանձվում է պետական բյուջե:
Արժութային գործառնությունների հաշվառման բացակայության, արժութային գործառնությունների հաշվառումը սահմանված կարգի խախտումով վարելու, արժութային վերահսկողության մարմիններին և գործակալներին փաստաթղթեր և տեղեկություններ չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու համար ռեզիդենտները, ներառյալ լիազոր բանկերը, և ոչ ռեզիդենտները պատասխանատվություն են կրում տուգանքների ձևով այն գումարների սահմաններում, որոնք հաշվառված չեն, հաշվառված են ոչ պատշաճ ձևով կամ որոնց վերաբերյալ փաստաթղթերը և տեղեկանքները սահմանված կարգով չեն ներկայացվել:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում պատասխանատվության ենթարկելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Արժութային օրենսդրությունը կրկնակի խախտելու դեպքում, ինչպես նաև արժութային վերահսկողության մարմինների պահանջները (ցուցումները) չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու դեպքերում ռեզիդենտների, ներառյալ լիազոր բանկերի, և ոչ ռեզիդենտների նկատմամբ կիրառվում են հետևյալ պատժամիջոցները.
սույն հոդվածի 1-ին մասում նշված գումարներից բացի պետական բյուջե է գանձվում նաև տուգանք այդ գումարների մինչև հնգապատիկ չափով, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,
արժութային վերահսկողության մարմինների կողմից ռեզիդենտների, ներառյալ լիազոր բանկերի, և ոչ ռեզիդենտների լիցենզավորվող գործունեության կասեցում կամ լիցենզիայից զրկում,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պատասխանատվություն:
Սույն հոդվածում սահմանված տուգանքի և որպես պատժամիջոց նախատեսված գումարների բռնագանձումը ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից կատարվում է արժութային վերահսկողության մարմինների հայցով արբիտրաժային կամ դատական կարգով:
Արժութային օրենսդրությունը խախտող ռեզիդենտների (այդ թվում լիազոր բանկերի) և ոչ ռեզիդենտների մեղավոր պաշտոնատար անձինք, ինչպես նաև ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 16. |
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՈՒ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ |
Արժութային վերահսկողության մարմինների պաշտոնատար անձինք և գործակալներն իրենց իրավասության սահմաններում իրավունք ունեն`
ստուգել իրենց կողմից արժութային վերահսկողության իրականացման հետ կապված բոլոր փաստաթղթերը, ստանալ անհրաժեշտ բացատրություններ, տեղեկանքներ և տեղեկություններ այն հարցերի վերաբերյալ, որոնք առաջանում են ստուգումների ընթացքում.
կասեցնել լիազոր բանկերում ըստ հաշիվների գործառնությունների իրականացումը սույն հոդվածում հիշատակված փաստաթղթեր և տեղեկություններ չներկայացնելու դեպքում.
կասեցնել արժութային գործառնություններ իրականացնելու լիցենզավորվող գործունեությունը կամ զրկել լիցենզիայից.
ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներ:
Արժութային վերահսկողության մարմիններն ու գործակալները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են պահպանել արժութային վերահսկողություն իրականացնելիս իրենց հայտնի դարձած ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները:
Արժութային վերահսկողության մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները պատշաճ ձևով չկատարելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|