ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
«30» մարտի 1993թ. Հ.Ն-0775-I
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է`
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Օրենքի 2 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 2. |
Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետության գինի-օղու արտադրանք, շոկոլադ, ծխախոտ, մորթի և մորթեղեն, ավտոդողեր, ոսկերչական, բարձրորակ ճենապակյա և բյուրեղապակյա իրեր, գորգեր և գորգագործական արտադրանք, բնական կաշվից հագուստ արտադրող և իրացնող, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններից այդպիսի ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները (այսուհետև` վճարողներ)»:
2. Օրենքի 3 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Հայաստանի Հանրապետությունում արտադրված և ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հարկման օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ավելացված արժեքի հարկի):
3. Օրենքի 4 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 4. |
Ակցիզային հարկով չեն հարկվում`
1) նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող վճարողների կողմից այդպիսի ապրանքներ արտադրող և իրացնող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող վճարողներին արտադրական վերամշակման նպատակով որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացվող ապրանքները»:
4. Օրենքի 6 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 6. |
Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար, ելնելով`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից.
2) ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ներմուծման արժեքից և սահմանված դրույքաչափերից»:
5. Օրենքի 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 7. |
Գինի-օղու արտադրանք արտադրող և իրացնող իրավաբանական անձինք ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացմանը համամասնորեն` իրացմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Սույն օրենքի 2 հոդվածում թվարկված մյուս արտադրատեսակներ արտադրող և իրացնող իրավաբանական անձինք ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացման ընթացիկ ամսվա առաջին և երկրորդ տասնօրյակներում ստացված հասույթից` դրանց հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, և երրորդ տասնօրյակում ստացված հասույթից` հաջորդ ամսվա առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող հիմնարկները, ձեռնարկությունները և կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները` տարվա ընթացքում ակցիզային հարկ վճարում են կանխավճարի ձևով եռամսյակը մեկ անգամ` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15-ը (չորրորդ եռամսյակի համար` մինչև նոյեմբերի 15-ը), տարեկան հարկի գումարի մեկ քառորդի չափով` ելնելով հայտարարագրերում նշված տարվա ենթադրյալ եկամուտների ընդհանուր գումարից, բացառությամբ գինի-օղու արտադրանք արտադրողների և իրացնողների, որոնց համար սահմանվում է ակցիզային հարկի ամսական վճարումների կարգ` տարեկան հարկի գումարի 1.12-րդ մասի չափով, որը վճարվում է մինչև տվյալ ամսվա 25-ը (վերջին մուծումը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար` մինչև նոյեմբերի 15-ը): Վերջնահաշվարկ կատարվում է տարեկան փաստացի եկամուտների հայտարարագրերի ներկայացման ժամանակ` ելնելով փաստացի եկամուտների ընդհանուր գումարից:
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների դիմաց ակցիզային հարկի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմիններում` ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելիս»:
6. Օրենքի 8 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 8. |
Ակցիզային հարկի վճարման ամսական հաշվարկները հարկային պետական տեսչության մարմիններին վճարողների կողմից ներկայացվում են միայն ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ից ոչ ուշ»:
7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլխով.
«ԳԼՈՒԽ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 10. |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել ակցիզային հարկի հաստատագրված վճարումների չափերը, դրանց հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև` արտոնություններ առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար:
ՀՈԴՎԱԾ 11.
Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը (Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար վճարվող ակցիզային հարկի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ), համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունների հետ»:
II. Սույն օրենքը կիրարկել 1993 թվականի հունիսի 1-ից:
|
Լ. Տեր-Պետրոսյան |
|