ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 148-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարելավել բանկերի կողմից ռիսկերի կառավարման և գնահատման ընթացքում սթրես-թեստավորման գործընթացը և հստակեցնել սթրես-թեստերի նկատմամբ պահանջները, բարելավել և համակարգված դարձնել ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում բանկի կողմից իրականացվող միջոցառումները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իբ» ենթակետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 20-րդ հոդվածների դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի ««Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 71-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հuկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 4) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
1) Կանոնակարգ 4-ի 6-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գլուխ 6. Սթրես-թեստավորում
70. Սթրես-թեստավորման համակարգը կազմում է բանկի ռիսկերի կառավարման գործընթացի մի մասը: Բանկն իրականացնում է սթրես-թեստավորում, որպես ռիսկերի գնահատման հիմնական մեթոդ կամ, առնվազն որպես զուգահեռ մեթոդ՝ ի լրումն ռիսկերի գնահատման վիճակագրական, էկոնոմետրիկ և կանխատեսող մոդելների։
71. Սթրես-թեստավորման արդյունքները ունեն կիրառական նշանակություն: Մասնավորապես` սթրես-թեստերն օգտագործվում են բանկի ռիսկի ախորժակը (առանձին ռիսկերի և դրանց բաղադրիչների գծով սահմանաչափերը) սահմանելու համար, իսկ քանակական սահմանաչափեր նախատեսված չլինելու դեպքում սթրես-թեստերի արդյունքներով կայացվում են հստակ որոշումներ կա՛մ ռիսկն ընդունելու, կա՛մ ռիսկը (ազդեցությունը) նվազեցնելու անհրաժեշտության վերաբերյալ: Սթրես-թեստերի արդյունքները կիրառվում են նաև երկարաժամկետ գործարար ծրագրերի կազմման, վերականգնման ծրագրերի մշակման, ինչպես նաև կապիտալի և իրացվելիության պլանավորման ժամանակ:
72. Բանկի խորհուրդը պատասխանատու է սթրես-թեստավորման արդյունավետ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման, իսկ գործադիր մարմինը՝ սթրես-թեստերի հետևողական իրականացման համար, մասնավորապես բանկի խորհուրդը և գործադիր մարմինը համոզվում են, որ սթրես-թեստերը պարբերաբար վերանայվում են, կիրառվող ենթադրություններն ու պայմանները համարժեք են։
73. Բանկն իրականացնում է`
1) միագործոն սթրես-թեստեր՝ զգայունության վերլուծություններ, որոնց նպատակն առանձին կամ սահմանափակ թվով ռիսկի գործոնների փոփոխությունների ազդեցության գնահատումն է բանկի կամ առանձին պորտֆելի վրա` առանց այլ գործոնների ազդեցությունը հաշվի առնելու,
2) սցենարային սթրես-թեստեր, որոնց նպատակը մի շարք ռիսկի գործոնների փոփոխությունների ազդեցության գնահատումն է բանկի կամ առանձին պորտֆելի վրա, որի դեպքում հաշվի են առնվում տարբեր ռիսկային գործոնների, այդ թվում` համակարգային, փոխազդեցության արդյունքները,
3) հակադարձ սթրես-թեստեր, որոնց նպատակն է գնահատել և բացահայտել այն սցենարները կամ ռիսկի գործոնները, որոնց դեպքում առաջանում է որպես մուտքային գործոն կիրառված հավանական կորուստը: Ընդ որում, մուտքային գործոնը որոշվում է բանկի կողմից՝ իր պորտֆելին, գործունեության մասշտաբին, բարդությանը և ռիսկայնությանը համապատասխան։
73.1. Սթրես-թեստերը ներառում են՝
1) բանկին հատուկ սթրես-ցուցանիշներ,
2) ֆինանսական շուկայի սթրես-ցուցանիշներ,
3) համախմբված՝ մակրոտնտեսական սթրես-ցուցանիշներ։
73.2. Բանկն իրականացնում է սթրես-թեստավորում բոլոր էական ռիսկերի գծով, որոնք ներառում են առնվազն հետևյալ ռիսկերը.
1) վարկային ռիսկ,
2) իրացվելիության ռիսկ,
3) գործառնական ռիսկ (ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների ազդեցությամբ պայմանավորված),
4) շուկայական ռիսկ՝ ըստ առանձին բաղադրիչների, մասնավորապես՝
ա. արտարժութային ռիսկ,
բ. բանկային պորտֆելում տոկոսադրույքի ռիսկ,
գ. առևտրային պորտֆելում շուկայական ռիսկ,
դ. գնային ռիսկ, եթե գնային ռիսկ պարունակող ակտիվների հանրագումարը գերազանցում է բանկի ընդհանուր հաշվեկշռային ակտիվների 3 տոկոսը,
5) վարակի ռիսկ (այլ բանկի/ֆինանսական կազմակերպության ֆինանսական խնդիրների հնարավոր բացասական ազդեցությունը տվյալ բանկի կապիտալի և (կամ) շահույթի վրա),
6) երկրի ռիսկ:
74. Դիտարկվող սցենարները ապահովում են ռիսկի համապարփակ գնահատում և համապատասխանում են բանկի բարդությանն ու ռիսկայնությանը, մասնավորապես.
1) սցենարները ապագային միտված են, ծայրահեղ, բայց հավանական,
2) սցենարները կառուցվում են ելնելով թե՛ հիփոթեզային, թե՛ պատմականորեն դիտարկված սթրեսային իրավիճակներից (հաշվի առնելով նաև շուկայում տեղի ունեցած վերջին սթրեսը): Հիփոթեզային սցենարների կիրառությունն անհրաժեշտ է, մասնավորապես, այն դեպքերում, երբ որևէ ռիսկի (պորտֆելի, պրոդուկտի, այդ թվում՝ նոր ներդրվող) գծով չի դիտարկվել սթրեսային իրավիճակ կամ բանկի վրա ազդող ռիսկի գործոնների գծով էական շոկերը փաստացի դիտարկվել են տարբեր ժամանակահատվածներում, սակայն հավանական է նաև դրանց միաժամանակյա տեղի ունենալը,
3) սցենարները մշակվում են բավարար մանրամասնեցված ըստ ռիսկի գործոնների, ինչպես նաև ըստ պորտֆելների, արժույթների, պրոդուկտների՝ համարժեք բանկի բարդությանն ու ռիսկայնությանը:
75. Իրականացվող սթրես-թեստերի ժամանակային հորիզոնը և սցենարը համապատասխանում են ԿՀԳՆԳ-ի ժամանակային հորիզոնին և արդյունքներին: Ընդ որում, սթրես-թեստերն իրականացվում են առնվազն առաջիկա 12-ամսյա ժամանակային հորիզոնով։
76. Սթրես-թեստավորումն իրականացվում է` հիմք ընդունելով բանկի կանխատեսումների վրա հիմնված հիմնական (բազային) սցենարը, որը ենթարկվում է շոկային ցնցումների` արտացոլելով ծայրահեղ, բայց հավանական իրավիճակների առնվազն երկու մակարդակներ (միջին և խիստ):
77. Եթե բանկի կողմից որոշակի ռիսկի գծով սթրես-թեստավորման գործընթացում դիտարկվող իրավիճակը կարող է ազդեցություն ունենալ բանկի գործունեությանն առնչվող այլ ռիսկերի վրա, ապա բանկը գնահատում է ինչպես յուրաքանչյուր ռիսկի գծով ազդեցություններն առանձին-առանձին, այնպես էլ համընդհանուր ազդեցությունը:
78. Վարկային, գործառնական, բանկային պորտֆելում տոկոսադրույքի, գնային, վարակի և երկրի ռիսկերի գծով սթրես-թեստավորումն իրականացվում է առնվազն եռամսյակային կտրվածքով, իսկ իրացվելիության, արտարժութային և առևտրային պորտֆելում շուկայական ռիսկերի գծով սթրես-թեստավորումն իրականացվում է առնվազն ամսական կտրվածքով։ Բանկային պորտֆելում տոկոսադրույքի ռիսկի գծով սթրես-թեստավորումը, այդ թվում՝ վարքագծային գործոնների/պարամետրերի գնահատումը (գնահատման թարմացումը) կարող է իրականացվել տարեկան պարբերականությամբ, եթե հիմնավորվում է, որ ռիսկի գնահատման տեսանկյունից բանկի հաշվեկշռի կառուցվածքում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել:
79. Բանկը պարբերաբար (առնվազն տարեկան մեկ անգամ) վերանայում է սթրես-թեստերը, մասնավորապես իրականացնում է՝
1) սթրես-թեստավորման գործընթացի արդյունավետության և ըստ նպատակի կիրառելիության գնահատում,
2) սթրես-սցենարների, այդ թվում՝ սցենարներում դիտարկված ռիսկի գործոնների ցանկի վերանայում,
3) բանկի ֆինանսական ցուցանիշների վրա սթրեսի ազդեցությունը գնահատող մոդելների, դրանց հիմքում ընկած ենթադրությունների արդիականության, որակական և քանակական հիմնավորումների համապատասխանության գնահատում և անհրաժեշտության դեպքում՝ վերանայում:
80. Բանկերն ապահովում են սթրես-թեստավորման գործընթացի ներքին կանոնակարգում, մասնավորապես.
1) բանկի ներքին իրավական ակտերով առնվազն սահմանվում են՝
ա. իրականացվող սթրես-թեստերի տեսակները (զգայունության, սցենարային կամ հակադարձ) և նպատակը,
բ. սթրես-թեստի սցենարի ընտրության սկզբունքները, ներառյալ նաև հիմնավորում սցենարի ծայրահեղ, բայց հավանական լինելու վերաբերյալ,
գ. ֆինանսական ցուցանիշների վրա ռիսկի գործոնների ազդեցությունը գնահատելու նպատակով կիրառվող մոդելների (ներառյալ ֆինանսական գործիքների գնագոյացման, վարքագծային գործոնների գնահատման) մեթոդաբանությունը,
դ. մոդելի վալիդացիայի գործընթացը և սկզբունքները,
ե. ժամանակային հորիզոնի ընտրության մեթոդաբանությունը,
զ. սթրես-թեստավորման գործընթացի վերանայման ընթացակարգը,
է. գործընթացի հիմնական պատասխանատուները,
ը. սթրես-թեստերի արդյունքների կիրառման եղանակները կառավարչական որոշումների կայացման, ինչպես նաև ռիսկերի կառավարման գործընթացներում,
թ. սթրես-թեստերի արդյունքները որոշում կայացնողներին, շահագրգիռ ստորաբաժանումներին հասանելի դարձնելու և Կենտրոնական բանկին տրամադրելու ընթացակարգերը:
2) սթրես-թեստերի հիմքում ընկած հիմնական ենթադրությունները, հիմնական սցենարները, սթրես-թեստերի ազդեցության գնահատման համար օգտագործվող հիմնական դատողությունները փաստաթղթավորվում են և շրջանառվում գործընթացի համար պատասխանատու անձանց միջև։
81. Բանկն իրականացնում է ներքին միջավայրում հնարավոր սթրեսային իրավիճակների կանխարգելմանը կամ դրանց հետևանքով առաջացող հնարավոր բացասական արդյունքների նվազեցմանն ուղղված միջոցառումներ:»։
2) Կանոնակարգ 4-ը 6-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ գլխով.
«Գլուխ 6.1 Վերականգնման ծրագիր
81.1 Բանկը պետք է ունենա ֆինանսական վիճակի էական վատթարացման դեպքում ֆինանսական վիճակի բարելավմանն ուղղված վերականգնման ծրագիր (այսուհետ՝ վերականգնման ծրագիր): Վերականգնման ծրագիրը պետք է համահունչ լինի բանկի գործունեության առանձնահատկություններին, բնորոշ ռիսկերի բնույթին, չափին և բարդությանը:
81.2 Վերականգնման ծրագիրը առնվազն պետք է ներառի՝
1) հավանական սցենարների նկարագրություն, որոնց տեղի ունենալու դեպքում բանկի ֆինանսական վիճակը էապես կվատթարանա,
2) հավանական սցենարների ազդեցությունը բանկի գործունեության հիմնական ուղղությունների, ոլորտների վրա,
3) նպատակային սահմանաչափեր/ցուցանիշներ, որը (որոնք) խախտելու դեպքում բանկը կկիրառի վերականգնման ծրագրով սահմանված միջոցառումները,
4) հավանական սցենարների տեղի ունենալու դեպքում բանկի կողմից ֆինանսական վիճակի վերականգնմանն ուղղված միջոցառումների նկարագրությունը:
81.3 Վերականգնման ծրագրում նկարագրված սցենարները.
1) վերականգնման ծրագրում ներառվող սցենարները պետք է լինեն ապագային միտված, ծայրահեղ, բայց հավանական և արտացոլեն հավանական սցենարների առնվազն երկու մակարդակ (միջին և խիստ),
2) վերականգնման ծրագրում պետք է ներառվեն առնվազն`
ա. երկու սցենար, որոնք, տեղի ունենալու դեպքում, բացասական ազդեցություն կունենան կոնկրետ տվյալ բանկի վրա,
բ. երկու սցենար, որոնք, տեղի ունենալու դեպքում, բացասական ազդեցություն կունենան ամբողջ ֆինանսական համակարգի և/կամ տնտեսության վրա, որն իր հերթին բացասական ազդեցություն կունենա բանկի վրա,
գ. երկու սցենար, որոնք կհամադրի վերոնշյալ երկու սցենարների տեղի ունենալը,
3) նկարագրված սցենարները պետք է արտացոլեն այն իրադարձությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանկի վրա՝ հաշվի առնելով բանկի ռիսկերի կառուցվածքը, գործունեության բնույթը, չափը, բանկային համակարգի մնացած մասնակիցների հետ փոխկապակցվածության աստիճանը և այլն:
81.4 Վերականգնման ծրագրում ներկայացվում է բանկի գործունեության հիմնական ուղղությունների, ոլորտների նկարագրությունը, ինչպես նաև վերականգնման ծրագրում նկարագրված սցենարների տեղի ունենալու դեպքում վերջիններիս վրա դրանց ազդեցությունը:
81.5 Նպատակային սահմանաչափերի/ցուցանիշների սահմանումը.
1) վերականգնման ծրագրով պետք է հստակ սահմանվեն նպատակային սահմանաչափեր/ցուցանիշներ, որոնք խախտելու դեպքում, բանկը կկիրառի վերականգնման ծրագրով նախատեսված միջոցառումները,
2) նպատակային սահմանաչափերը/ցուցանիշները պետք է լինեն և քանակական, և որակական, որոնք կարտացոլեն բանկի ֆինանսական դրությունը, և հնարավոր կլինի դրանց նկատմամբ մոնիտորինգ իրականացնել,
3) նպատակային սահմանաչափերը/ցուցանիշները պետք է առնվազն վերաբերեն բանկի՝
ա. կապիտալին,
բ. իրացվելիությանը,
գ. եկամտաբերությանը,
դ. ակտիվների որակին,
4) վերականգնման ծրագիրը պետք է ներառի նաև ֆինանսական շուկայի իրավիճակը արտացոլող նպատակային սահմանաչափեր/ցուցանիշներ, և մակրոտնտեսական նպատակային սահմանաչափեր/ցուցանիշներ:
81.6 Ֆինանսական վիճակի վերականգնմանն ուղղված միջոցառումները.
1) վերականգնման ծրագիրը պետք է ներառի վերականգնման ծրագրում նկարագրված սցենարներ տեղի ունենալու և (կամ) նպատակային սահմանաչափերի խախտման դեպքում բանկի կողմից իրականացվող միջոցառումների նկարագրությունը, իրականացման հաջորդականությունն ու իրականացման համար պահանջվող ողջամիտ ժամկետները, վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումների/աշխատակիցների շրջանակը, ինչպես նաև վերջիններիս միջև արդյունավետ հաղորդակցության իրականացման գործընթացների նկարագրությունը,
2) վերականգնման ծրագրում պետք է բացահայտել վերականգնման ծրագրով սահմանված յուրաքանչյուր միջոցառման իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերը,
3) վերականգնման ծրագիրը հաստատվում է Բանկի խորհրդի կողմից,
4) վերականգնման ծրագիրը պետք է վերանայվի առնվազն տարին մեկ անգամ, կամ ավելի հաճախ այն դեպքում, երբ փոխվում են օրինակ բանկի կազմակերպական կառուցվածքը, իրականցվող գործառնությունները, ստանձնված ռիսկերի մակարդակը, ռազմավարությունը, տեղի է ունենում ֆինանսական վիճակի փոփոխություն, եթե վերջիններս կարող են էական ազդեցություն ունենալ վերականգնման ծրագրով սահմանված միջոցառումների վրա,
5) բանկերը պետք է պարբերաբար ուսումնասիրեն արտաքին (էկզոգեն) և ներքին (էնդոգեն) գործոնները, որոնք կարող են ազդել բանկի գործունեության վրա և իրենց վերականգնման ծրագիրը համապատասխանեցնեն տեղի ունեցած փոփոխություններին,
6) բանկը վերականգնման ծրագիրը ներկայացնում է Կենտրոնական բանկ տարեկան պարբերականությամբ՝ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը, ինչպես նաև յուրաքանչյուր փոփոխություն իրականացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում,
7) վերականգնման ծրագրով սահմանված միջոցառումները առնվազն տարեկան կտրվածքով փորձարկվում են` պարզելու համար դրանց արդյունավետությունը, և անհրաժեշտության դեպքում թարմացվում են: Փորձարկման արդյունքները պետք է փաստաթղթավորվեն բանկի կողմից և ներկայացվեն ՀՀ կենտրոնական բանկ մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ը:»:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից, և 1-ին կետի 2-րդ ենթակետը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
|
2019 թ. հոկտեմբերի 16 ք. Երևան |