ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2019 թվականի N 1169-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-251-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-251-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 10 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-251-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-252-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ:
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունն ընդունելի չէ, քանի որ լուսավորման, մաքրման, նոսրացման և անցումային հատումները խնամքի հատման հիմնական տեսակներ են:
2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը չկա, քանի որ օրենսգրքի 4֊րդ հոդվածը հստակ սահմանում է անտառային հողերի սեփականության ձևերը:
3. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացումն ընդունելի չէ, քանի որ պաշտպանական և հատուկ նշանակության անտառներում անտառվերականգնման հատումների իրականացում չի թույլատրվում:
4. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխություններն ընդունելի չեն, քանի որ համաձայն օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտպանական նշանակության անտառներում արգելվում է անտառվերականգնման հատումների իրականացումը, իսկ համաձայն օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հատուկ նշանակության անտառներում արգելվում են անտառօգտագործման այնպիսի ձևերը, որոնք չեն համապատասխանում այդ տարածքների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին։
5. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունն ընդունելի չէ, քանի որ ըստ էության՝ խնամքի հատումը միևնույն միջանկյալ հատումն է կամ դրա տեսակը:
6. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունն ընդունելի չէ, քանի որ լուսավորության, մաքրման, նոսրացման, անցումային հատումները խնամքի հատման տեսակներ (փուլեր) են:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման 89.1-ին կետի` ներկայումս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից մշակվել և քննարկման փուլում է գտնվում «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի սահմանված ժամկետում՝ 2019 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Նախարարության մշակած նախագծում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի մի շարք հոդվածներ փոփոխվել են, մի մասն էլ ուժը կորցրած է ճանաչվել։
Նախարարության կողմից մշակվող նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:
Ելնելով վերը շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող՝ ՀՀ անտառային օրենսգրքի գործող հոդվածները թողնել անփոփոխ և, ըստ անհրաժեշտության, նախագծի դրույթներին անդրադառնալ առաջիկայում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում: