ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ՍԴ3/0299/01/15 |
ՍԴ3/0299/01/15 |
Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան |
Դատավորներ՝ Կ. Ղազարյան |
|
Մ. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
|
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի |
|
|
Ս. Ավետիսյանի |
|
|
Ե. Դանիելյանի |
|
|
ա. պողոսՅԱՆԻ |
|
|
Ս. Օհանյանի |
|
|
|
|
քարտուղարությամբ` |
Մ. Ավագյանի |
|
մասնակցությամբ` դատախազ |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆԻ |
|
պաշտպան |
Ա. ԱՊՐԵՍՅԱՆԻ |
|
տուժողի իրավահաջորդ |
Է. ՍԱՖԱՐՅԱՆԻ |
|
տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ |
Կ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ |
2018 թվականի դեկտեմբերի 24-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արայիկ Արամի Սուքիասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Է.Սաֆարյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի փետրվարի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 90854415 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի մարտի 4-ի որոշմամբ Արայիկ Սուքիասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով` երկու դրվագով:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ Ա.Սուքիասյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով` երկու դրվագով:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ Ա.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2015 թվականի դեկտեմբերի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մայիսի 19-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Սուքիասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով` երկու դրվագով և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով` յուրաքանչյուր դրվագով, պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Սուքիասյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվելով փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:
Նույն դատավճռով դատապարտվել են նաև Միհրան Կարոյի Հովակիմյանը և Գևորգ Սմբատի Ղազարյանը:
3. Տուժողի իրավահաջորդ Է.Սաֆարյանի և վերջինիս ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի, ամբաստանյալներ Գ.Ղազարյանի, Մ.Հովակիմյանի և վերջիններիս պաշտպանների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ ամբաստանյալների և նրանց պաշտպանների վերաքննիչ բողոքները մերժել է, իսկ տուժողի իրավահաջորդ Է.Սաֆարյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մայիսի 19-ի դատավճիռը` ամբաստանյալներ Մ.Հովակիմյանի և Գ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխել է: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել տուժողի իրավահաջորդ Է.Սաֆարյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Ա.Սուքիասյանի պաշտպան Ա.Ապրեսյանը` նշելով, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վճռաբեկ բողոքն անհիմն է, և բացակայում են բողոքը վարույթ ընդունելու դատավարական հիմքերը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ա.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (1-ին դրվագ) մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(…) [Ն]ա, հանդիսանալով ՊԲ 49971 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 2-րդ վաշտի ավագ, կոչումով ենթասպա, ՊԲ 49971 զորամասի հրամանատարի հրամանով նշանակված լինելով մարտական հերթապահության, նույն զորամասի պահպանության տակ գտնվող թիվ 135 մարտական դիրքում որպես դիրքի ավագ, հանդիսանալով պաշտոնատար անձ, պետ, 2015 թվականի փետրվարի 24-ին ժամը 11:30-ի սահմաններում, դիրքի գետնատնակի մոտ ստուգատես անցկացնելու նպատակով շարել է դիրքի անձնակազմը և տեսնելով, որ իր նկատմամբ ստորադաս, նույն մարտական դիրքում որպես դիտորդ նշանակված ժամկետային զինծառայող շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանի ենթաօձիքը կեղտոտ է, ԶՈՒ Կարգապահական կանոնագրքի 5-րդ և 29-րդ հոդվածներով իրեն վերապահած կարգապահական իրավունք կիրառելու փոխարեն, իր գերակայությունը հաստատելու և ենթակաների շրջանում խստապահանջ պետի տպավորություն թողնելու շարժառիթներով, խախտելով ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 76-րդ, 77-րդ և ԶՈՒ Կարգապահական կանոնագրքի 4-րդ հոդվածների պահանջները կապված զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ հայհոյանքներ է տվել և ծեծի ենթարկել վերջինիս` բազմաթիվ ապտակներ հասցնելով նրան (…)»:
Բացի այդ, Ա.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (2-րդ դրվագ) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Նա,] հանդիսանալով ՊԲ 49971 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 2-րդ վաշտի ավագ, կոչումով ենթասպա, ՊԲ 49971 զորամասի հրամանատարի հրամանով նշանակված լինելով մարտական հերթապահության, նույն զորամասի պահպանության տակ գտնվող թիվ 136 մարտական դիրքում որպես դիրքի ավագ, հանդիսանալով պաշտոնատար անձ, պետ, իր նկատմամբ ստորադաս, նույն մարտական դիրքում որպես դիտորդ հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Խանամիր Գառնիկի Ավդալյանի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` 2015 թվականի փետրվարի 27-ին ժամը 08:30-ի սահմաններում, թիվ 135 մարտական դիրքի առաջնագծում դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ, նույն վաշտի հրամանատարի պաշտոնի ժամանակավոր կատարող, կապիտան Հայկ Սարգսյանի ներկայանալը չնկատելու պատճառով, ԶՈՒ Կարգապահական կանոնագրքի 5-րդ և 29-րդ հոդվածներով իրեն վերապահված կարգապահական իրավունք կիրառելու փոխարեն, իր գերակայությունը հաստատելու և ենթակաների շրջանում խստապահանջ պետի տպավորություն թողնելու շարժառիթներով, խախտելով ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 76-րդ, 77-րդ և ԶՈՒ Կարգապահական կանոնագրքի 4-րդ հոդվածների պահանջները կապված զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ, 2015 թվականի փետրվարի 27-ին` ժամը 11:30-ի սահմաններում, թիվ 136 մարտական դիրքի գետնատնակի մոտ հայհոյանքներ է տվել և ապտակներ հասցրել` ծեծել Խանամիր Գառնիկի Ավդալյանին (…)»1:
6. Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով` երկու դրվագով առաջադրված մեղադրանքում Ա.Սուքիասյանին մեղավոր ճանաչելով, իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ (…) թույլատրելի և վերաբերելի ապացույցների բավարար համակցությամբ, մասնավորապես՝ Արայիկ Սուքիասյանի ինքնախոստովանական ցուցմունքներով, ամբաստանյալներ Գևորգ Ղազարյանի և Միհրան Հովակիմյանի ցուցմունքներով, տուժող Խանամիր Ավդալյանի ցուցմունքներով, վկաներ Արսեն Սարգսյանի, Միքայել Մարքարյանի, Կարեն Ազարյանի, Արթուր Խաչատրյանի ցուցմունքներով, ապացուցված է, որ 2015 թվականի փետրվարի 24-ին` ժամը 11:30-ի սահմաններում, դիրքի գետնատնակի մոտ ստուգատես անցկացնելու ժամանակ դիրքի ավագ, ենթասպա Արայիկ Արամի Սուքիասյանը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ հայհոյանքներ է տվել և ծեծի ենթարկել իր նկատմամբ ստորադաս, նույն մարտական դիրքում որպես դիտորդ նշանակված ժամկետային զինծառայող շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանին` բազմաթիվ ապտակներ հասցնելով նրան:
(...) [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ (…) թույլատրելի և վերաբերելի ապացույցների բավարար համակցությամբ, մասնավորապես՝ Արայիկ Սուքիասյանի ինքնախոստովանական ցուցմունքներով, ամբաստանյալներ Գևորգ Ղազարյանի և Միհրան Հովակիմյանի ցուցմունքներով, տուժող Խանամիր Ավդալյանի ցուցմունքներով, վկաներ Արսեն Սարգսյանի, Միքայել Մարքարյանի, Կարեն Ազարյանի, Արթուր Խաչատրյանի ցուցմունքներով, ապացուցված է, որ 2015 թվականի փետրվարի 27-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ենթասպա Արայիկ Արամի Սուքիասյանը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ հայհոյանքներ է տվել և ծեծի ենթարկել իր նկատմամբ ստորադաս, նույն մարտական դիրքում որպես դիտորդ նշանակված ժամկետային զինծառայող շարքային Խանամիր Գառնիկի Ավդալյանին` բազմաթիվ ապտակներ հասցնելով նրան:
(…) Ամբաստանյալ Արայիկ Սուքիասյանի անձը բնութագրող տվյալներ են զորամասի հրամանատարության և բնակության վայրի կողմից միայն դրական կողմերով բնութագրվելը, ամուսնացած լինելը, թվով 1 պատվոգրով և 1 մեդալով պարգևատրվելը, նախկինում արատավորված` դատապարտված չլինելը: Ամբաստանյալ Արայիկ Սուքիասյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ պետք է դիտել խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխաների առկայությունը, ինքնախոստովանական ցուցմունքներ տալը և կատարածի համար զղջալը:
Ամբաստանյալ Արայիկ Սուքիասյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:
(…) [Առաջին ատյանի] դատարանը, հաշվի առնելով Արայիկ Սուքիասյանի կատարած արարքների` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը, նրան բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված է պատիժ նաև ազատազրկման ձևով, գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներն ապահովելու համար նրա նկատմամբ կատարած արարքներից յուրաքանչյուրի համար պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով (…):
(...) [Առաջին ատյանի] դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Արայիկ Սուքիասյանի կատարած արարքների` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` հանցագործության կատարման հանգամանքներն ու նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող վերը նշված հանգամանքները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Արայիկ Սուքիասյանի ուղղվելը հնարավոր է առանց նրա կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, այսինքն` կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը (...)»2:
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության թիվ 79/15 եզրակացության համաձայն` «Ալբերտ Էմիլի Սաֆարյանը կենդանության օրոք չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ: Ալբերտ Էմիլի Սաֆարյանի մոտ կենդանության օրոք առկա չեն եղել անձի այնպիսի փոփոխություններ, որոնք կարող էին նրան հակելու ինքնասպանության, ստեղծված իրավիճակը չի զրկել նրան իր գործողությունների բնույթը գիտակցելու և ղեկավարելու հնարավորությունից, սակայն միևնույն ժամանակ սուիցիդենտի անձի անհատական հոգեբանական ուսումնասիրման վերլուծությունը, ինչպես նաև նրա շուրջ ծավալված իրավիճակի ուսումնասիրությունը, հնարավորություն է տալիս ենթադրել, որ Ալբերտ Էմիլի Սաֆարյանի մոտ դելիկտի կատարման կամ դրան նախորդող պահին զարգացել է նևրոտիկ դեպրեսիվ վիճակ առկա հոգետրավմատիկ ֆոնի վրա, որը նրա մոտ կարող էր որոշում առաջացնել ինքնասպանություն կատարել:
(…) Քրեական գործի ուսումնասիրությունից պարզվում է նաև, որ մեղադրյալ Արայիկ Արամի Սուքիասյանի արարքի և Ալբերտ Էմիլի Սաֆարյանի կողմից ինքնասպանություն կատարելուն նախորդող հոգեվիճակի մեջ առկա չէ ուղղակի պատճառահետևանքային կապ»:
(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Արայիկ Սուքիասյանի արարքի և Ալբերտ Սաֆարյանի կողմից ինքնասպանություն կատարելուն նախորդող հոգեվիճակի մեջ ուղղակի պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքը առկա լինելու կամ չլինելու մասին դատարանի հետևությունները, ի թիվս այլոց, պետք է հիմնված լինեն դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության թիվ 79/15 եզրակացության հիման վրա, որը համարվում է ապացույցի ինքնուրույն տեսակ:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ [Ա]ռաջին ատյանի դատարանը վերը նշված փորձաքննության եզրակացությունը քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատել է արժանահավատության և հիմնավորվածության տեսանկյունից և ամբաստանյալ Արայիկ Սուքիասյանի արարքներին տվել է ճիշտ քրեաիրավական գնահատական:
Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի վերաքննիչ բողոքի փաստարկին այն մասին, որ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության թիվ 79/15 եզրակացությունը թերի է, քանի որ նշված փորձաքննության կատարման ժամանակ տուժող Ա.Սաֆարյանի ծնոտի հատվածում ստացած մարմնական վնասվածքի ծանրության վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ներկայացված չի եղել, մինչդեռ ամբաստանյալ Ա.Սուքիասյանը փորձաքննության նշանակումից հետո ցուցմունք է տվել, որ կեղտոտ ենթաօձիք կրելու պատճառով 23.02.2015 թվականին ծեծի է ենթարկել Ա.Սաֆարյանին և բռնություն գործադրել վերջինի նկատմամբ, ինչի հետևանքով կոտրվել է տուժողի ծնոտը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
Թեև հոգեբան-հոգեբույժ փորձագետները հետմահու դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության կատարման ժամանակ տեղեկություններ չեն ունեցել տուժող Ա.Սաֆարյանի մարմնական վնասվածքի (ծնոտի կոտրվածքի) ծանրության աստիճանի մասին, սակայն մատնանշված հանգամանքը չի կարող կասկածի տակ դնել դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության թիվ 79/15 եզրակացությունը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված փորձաքննության եզրակացության վերաբերյալ փորձագիտական հանձնաժողովի նախագահ Հ.Հակոբյանն [Ա]ռաջին ատյանի դատարանում տվել է պարզաբանումներ այն մասին, որ տուժող Ա.Սաֆարյանի մարմնական վնասվածքի ծանրությունը, ըստ էության, էական նշանակություն չի ունեցել Ալբերտ Սաֆարյանի ինքնասպանություն կատարելու դիտավորության ձևավորման գործում, այլ` պայմանավորված է եղել վերջինիս հոգեբանական ճնշվածությամբ:
Անդրադառնալով տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի վերաքննիչ բողոքի փաստարկին այն մասին, որ տուժող Ալբերտ Սաֆարյանի ենթաօձիքը կեղտոտ լինելու պատճառով Ա.Սուքիասյանը տագնապ է հայտարարել վաշտին, ինչի հետևանքով տուժողը ենթարկվել է ծեծի` վաշտին իր մեղքով տագնապի մեջ պահելու համար, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մատնանշված հանգամանքը պատճառահետևանքային կապի մեջ չի կարող գտնվել տուժող Ա.Սաֆարյանի ինքնասպանություն գործելու հետ, չի կարող դիտարկվել որպես հակաիրավական կամ հակաօրինական արարք:
(…)
Ամփոփելով վերոշարադրյալ բոլոր հանգամանքներն իրենց համակցությամբ` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ [Ա]ռաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Սուքիասյանին վերագրվող արարքների որակման առումով հիմնավոր հետևության հանգելու համար, անհրաժեշտ և բավարար վերլուծության ու գնահատության է ենթարկել գործի լուծման համար անհրաժեշտ բացահայտման ենթակա հանգամանքները, որի արդյունքում ամբաստանյալի հանցավոր արարքին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական և կիրառվել է քրեական իրավունքի այն նորմը, որը ենթակա է եղել կիրառման, ուստի տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի վերաքննիչ բողոքի փաստարկները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալ Ա.Սուքիասյանի մասով գործը ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության ուղարկելու համար:
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արայիկ Սուքիասյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս և նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցերը քննելիս, [Առաջին ատյանի] դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բավարար չափով ստուգման և բազմակողմանի քննության է ենթարկել ամբաստանյալին մեղսագրված հանցանքների բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ ամբաստանյալ Ա.Սուքիասյանը հրամանատարության և բնակության վայրի կողմից բնութագրվում է դրական, ամուսնացած է, պարգևատրվել է մեկ պատվոգրով և մեկ մեդալով, նախկինում արատավորված` դատապարտված չի եղել, խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան երկու երեխաները, դեպքի կապակցությամբ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարած հանցանքների համար, և չարձանագրելով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող որևէ հանգամանք, վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված երկու դրվագներով հանցանքներ կատարելու համար, նույն օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նշանակել է արդարացի և համաչափ պատիժ:
(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Արայիկ Արամի Սուքիասյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագներով) [Ա]ռաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական է ու հիմնավորված, նշանակված պատիժը` համաչափ, հետևաբար վերջինիս մասով դատավճիռը պետք է թողնել օրինական ուժի մեջ (...)3»:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք հանգեցրել են ամբաստանյալ Ա.Սուքիասյանի նկատմամբ ակնհայտ անհիմն դատական ակտ կայացնելուն:
Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքի հեղինակն ընդգծել է, որ քրեական գործում առկա են բավարար ապացույցներ Ա.Սուքիասյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքներից զատ այլ հանցանքներ կատարելու վերաբերյալ: Այս կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի կողմից չի կատարվել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ավելին` դա տեսանելի է եղել նաև քրեական գործի նախապատրաստական փուլում, և այն պետք է վերադարձվեր մեղադրողին՝ մեղադրանքը Ա.Սուքիասյանի մասով վերաձևակերպելու համար, որը չի արվել, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ստուգման ժամանակ անտեսվել է:
Բողոքաբերի կարծիքով թույլ է տրվել նաև Ա.Սաֆարյանի կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պարտականություն սահմանող «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:
8.1. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ստորադաս դատարանները պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնեին հանցագործության վտանգավորությունն ու բնույթը: Բացի այդ, ամբաստանյալ Ա.Սուքիասյանի անձը բնութագրող հանգամանքները գնահատվել են ընդհանրական, մինչդեռ հանգամանքներից յուրաքանչյուրը պատիժը խստացնելու հարցում պետք է ազդող լիներ պատժաչափն առավել խիստ ընտրելու առումով:
Անդրադառնալով ամբաստանյալ Ա.Սուքիասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն` բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը չի կարող ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրացումը:
9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը Ա.Սուքիասյանի մասով բեկանել և ուղարկել նոր քննության, կամ Ա.Սուքիասյանի նկատմամբ նշանակել խիստ պատիժ՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Ա.Սուքիասյանի նկատմամբ նշանակված պատժի արդարացիության և պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմնավորվածության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
11. Մինչ սույն որոշման նախորդ կետում բարձրացված իրավական հարցին անդրադառնալը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ամբաստանյալ Ա.Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ երկու դրվագով: Հաշվի առնելով այն, որ վճռաբեկ բողոք է ներկայացվել տուժող Ա.Սաֆարյանի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման շրջանակներում քննարկման առարկա է դարձվելու միայն առաջին դրվագով ամբաստանյալ Ա.Սուքիասյանի նկատմամբ նշանակված պատժի արդարացիության հարցը:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: (...)»:
Մեջբերված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ։ Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են։ Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա` ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից4։
13. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:
Սույն քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել և մշտապես վերահաստատել է դիրքորոշումն առ այն, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն անհրաժեշտ է դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու. նման հետևությունները պետք է հիմնված լինեն հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի5 ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, հանցավոր վարքագծի դրսևորմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, հանցագործության եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները և այլն6:
14. Անդրադառնալով զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պատիժ նշանակելու առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ զինվորական ծառայության կարգի պահպանումը, որի միջոցով ապահովվում է ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստականությունը, բոլոր զինծառայողների, հատկապես պետերի (հրամանատարների) պարտականությունն է: Զինծառայողները, զինվորական պետերը (հրամանատարները) պարտավոր են միմյանց և ենթակաների նկատմամբ հարգանք դրսևորել, պահպանել նրանց անձնական արժանապատվությունը և զինվորական քաղաքավարության կանոնները: Վճռաբեկ դատարանը փաստել է, որ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պատիժ նշանակելիս և դրա կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանն արարքի բնույթի հանրային վտանգավորության և աստիճանի համատեքստում այլ տվյալների հետ մեկտեղ պետք է պատշաճ գնահատման ենթարկի նաև հանցանքի կատարմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, հանցավոր վարքագծի դրսևորման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, տուժողի վարքագիծը և այլն7:
Ս.Խաչատրյանի վերաբերյալ գործով որոշման շրջանակներում քննարկման ենթարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքում պատիժ նշանակելու առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այն ոտնձգում է ոչ միայն անձի կյանքի և առողջության դեմ, այլև խախտում զինվորական կանոնագրքերով սահմանված ենթակայության կարգը` վկայելով հանցանք կատարած անձի կողմից զինվորական ծառայության նկատմամբ ունեցած անբարեխիղճ վերաբերմունքի մասին, որն էլ վերջին հաշվով բացասական ազդեցություն է գործում զինվորական կարգապահության, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստվածության վրա8:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ա.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (1-ին դրվագ) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՊԲ 49971 զորամասի հրամանատարի հրամանով նշանակված լինելով մարտական հերթապահության, 2015 թվականի փետրվարի 24-ին` ժամը 11:30-ի սահմաններում, դիրքի գետնատնակի մոտ ստուգատես անցկացնելու նպատակով շարել է դիրքի անձնակազմը և տեսնելով, որ որպես դիտորդ նշանակված ժամկետային զինծառայող շարքային Ա.Սաֆարյանի ենթաօձիքը կեղտոտ է, իր գերակայությունը հաստատելու և ենթակաների շրջանում խստապահանջ պետի տպավորություն թողնելու շարժառիթով, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ հայհոյանքներ է տվել և ծեծի ենթարկել վերջինիս` բազմաթիվ ապտակներ հասցնելով նրան9:
Առաջին ատյանի դատարանն Ա.Սուքիասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և առաջին դրվագով պատիժ է նշանակել ազատազրկում` մեկ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Սուքիասյանի նկատմամբ վերջնական նշանակված պատիժը` 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, պայմանականորեն չի կիրառվել: Պատիժ նշանակելիս և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև Ա.Սուքիասյանի կատարած արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը10:
Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Սուքիասյանի մասով անփոփոխ թողնելով ստորադաս դատարանի դատական ակտը, արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության, և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացմանը11:
16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով` առաջին դրվագով Ա.Սուքիասյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ գնահատականի չեն արժանացրել վերջինիս կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, մասնավորապես`
ա) հանցագործության եղանակը և իրադրությունը, այն է` այլ զինծառայողների ներկայությամբ տուժող Ա.Սաֆարյանին բազմաթիվ ապտակներ հասցնելը, որոնք զուգորդվել են հայհոյանքներ տալով,
բ) հանցագործության վայրը՝ հանցանքը կատարվել է մարտական դիրքում,
գ) անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի նկատմամբ` հանցանքը կատարվել է ուղղակի դիտավորությամբ,
դ) հանցագործության շարժառիթը, այն է` իր գերակայությունը հաստատելու և ենթակաների շրջանում խստապահանջ պետի տպավորություն թողնելու շարժառիթով,
ե) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը, ՊԲ 49971 զորամասի հրամանատարի հրամանով նշանակված լինելով մարտական հերթապահության, հանդիսանալով պետ, բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող անձի նկատմամբ, ինչը վկայում է հանցանք կատարած անձի կողմից զինվորական ծառայության նկատմամբ ունեցած անբարեխիղճ վերաբերմունքի մասին:
17. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեջբերված փաստական տվյալները վկայում են Ա.Սուքիասյանի կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին, որպիսի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով` առաջին դրվագով նշանակված մեկ տարի ժամկետով ազատազրկումն ու այն պայմանականորեն չկիրառելը համաչափ չի կարող լինել կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանին ու բնույթին և ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրացումը:
Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Սուքիասյանի նկատմամբ նշանակված պատժի արդարացիության և պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմնավորվածության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:
18. Անդրադառնալով բողոքաբերի կողմից սույն որոշման 8-րդ կետում բարձրացված այն փաստարկին, որ քրեական գործում առկա են բավարար ապացույցներ Ա.Սուքիասյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքներից զատ այլ հանցանքներ կատարելու վերաբերյալ, ապա Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածը, արձանագրում է, որ գործի քննությունը դատարանում կատարվում է անձին առաջադրված մեղադրանքի սահմաններում, և թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ վերաքննիչ դատարանը և թե՛ վճռաբեկ դատարանը գործը քննելիս և լուծելիս չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից12:
Ինչ վերաբերում է բողոքաբերի պնդմանն այն մասին, որ քրեական գործը դատական քննության նախապատրաստության փուլում պետք է վերադարձվեր մեղադրողին՝ մեղադրանքը Ա.Սուքիասյանի մասով վերաձևակերպելու համար, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ դատարանն ընդհանրապես, այդ թվում` դատական քննության նախապատրաստության փուլում, իրավասու չէ հանդես գալու առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու նախաձեռնությամբ: Նման նախաձեռնությունը կհանգեցնի մրցակցության և անմեղության կանխավարկածի սկզբունքների խախտման, ինչն էլ իր հերթին կբերի արդար դատական քննության հիմնարար արժեքի առարկայազրկմանը13:
19. Ամփոփելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, Ա.Սուքիասյանի մասով օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը։ Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-399-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք Վերաքննիչ դատարանի դատական ակտը Ա.Սուքիասյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանելու և բեկանված մասով գործը նոր քննության ուղարկելու հիմք են։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և ամբաստանյալի նկատմամբ համաչափ պատիժ նշանակելու հարցը քննարկելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` հանգի համապատասխան հետևության:
20. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Արայիկ Սուքիասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, պետք է թողնել անփոփոխ` հաշվի առնելով, որ այդ խափանման միջոցի կիրառման հիմքերն ու պայմանները չեն վերացել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արայիկ Արամի Սուքիասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը` պատժի մասով բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:
2. Ամբաստանյալ Արայիկ Արամի Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Տե'ս քրեական գործ, հատոր 4-ին, թերթեր 244-245:
2 Տե'ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 36-37:
3 Տե'ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 60, 62-63, 66:
4 Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության սահմանների վերաբերյալ mutatis mutandis տե'ս Նարեկ Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գառնիկ Գալստյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14 որոշումները:
5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տեԲս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի վերաբերյալ գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի վերաբերյալ գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի վերաբերյալ գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
6 Տե'ս, ի թիվս այլնի, թիվ ԵԿԴ/0039/01/15, թիվ ԱՐԴ/0031/01/15, թիվ ԵԱԴԴ/0038/01/15, թիվ ԵԿԴ/0130/01/15, թիվ ՍԴ/0094/01/15, թիվ ՍԴ3/0201/01/15, թիվ ԵԱՔԴ/0078/01/09, թիվ ԵԿԴ/0115/01/16, թիվ ԵՄԴ/0027/01/14, թիվ ԳԴ/0014/01/14, թիվ ՇԴ/0097/01/13 գործերով որոշումները:
7 Տե'ս Հրանտ Պարանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԷԴ/0132/01/13 որոշման 15-րդ կետը, Նիկոլայ Չաքմազյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՆԴ/0060/01/13 որոշման 17-րդ կետը:
8 Տե'ս Սարգիս Խաչատրյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշման 13-15-րդ կետերը:
9 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:
10 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
11 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
12 Դատական քննության սահմանների վերաբերյալ mutatis mutandis տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Սերոբյանի վերաբերյալ գործով 2007 մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07, Արկադի Պապյանի վերաբերյալ գործով 2010 նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշումները:
13 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի վերաբերյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 10-17-րդ կետերը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |