ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2019 թվականի N 802-Լ
«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
1. Հավանություն տալ «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-150-22.05.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հուլիսի 2 Երևան |
«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-150-22.05.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ
ՀՀ կառավարությունը օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները.
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ, սակայն ըստ էության 1-ին պարբերությամբ կրկնվում է օրենքի նախաբանի բովանդակությունը, իսկ 2-րդ պարբերությամբ ներկայացված բովանդակությունն արդեն իսկ կարգավորված է «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով, որով սահմանված են ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայություններն ըստ հերթականության, միևնույն ժամանակ սահմանված է, որ ջրերի բաշխում չի կարող տեղի ունենալ, եթե այն վնաս է հասցնում ազգային ջրային պաշարին, իսկ ազգային ջրային պաշարը` բնակչության հիմնական կարիքները բավարարելու, ջրի անբավարարության հետևանքով հիվանդությունները նվազեցնելու ու կանխարգելելու և ջրային էկոհամակարգերը պահպանելու համար անհրաժեշտ քանակի և որակի վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանումը և օգտագործումն է։
Բացի այդ, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված են արտակարգ իրավիճակների հետ կապված առանձնահատկությունները, որում նշված է, որ ջրային ռեսուրսների մատչելիության հետ կապված արտակարգ իրավիճակներում ջրային ռեսուրսների օգտագործման սահմանափակումն իրականացվում է նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-9-րդ կետերով սահմանված` ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայությունների փոփոխությամբ՝ հակառակ հերթականությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծի 1-ին հոդվածի անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ դրանով առաջարկվող փոփոխությունն արդեն իսկ կարգավորված է ՀՀ գործող օրենսդրությամբ։
2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը նպատակահարմար ենք գտնում դիտարկել ՀՀ Ազգային ժողով երկրորդ ընթերցման ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, որով ամրագրվում են նոր փհէկերի կառուցման համար արգելված գոտիներ և կառուցվող փհէկերին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքեր։ Վերջինիս ընդունումից հետո կսահմանվի փհէկերի կառուցման և շահագործման համար արգելված գետերի ցանկը։
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, կարևորելով Սևանա լճի ավազանի պահպանության խնդիրները, իր առաջարկությամբ փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի նիստի N 3 արձանագրային որոշման մեջ (քաղվածք ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 30 նիստի արձանագրությունից)՝ հանելով փհէկերի զարգացման սխեմայից «Սևանա լճի ավազան» բաժինը:
3. Նախագծի 3-րդ հոդվածի հետ կապված առաջարկում ենք փոփոխվող հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ առաջարկվող կարգավորումը կարող է հանգեցնել այն վիճակին, որ եթե տվյալ տարի գրանցվի Սևանա լճի բացասական հաշվեկշիռ, ինչը կարող է առաջանալ նաև բնակլիմայական պայմանների փոփոխման արդյունքում, ապա կսահմանափակվի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6.1-ին կետով սահմանված՝ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակի՝ 170 մլն մ/խ չափաքանակի օգտագործման հնարավորությունը։
Միևնույն ժամանակ հարցի կարգավորման նպատակով, բացասական հաշվեկշռի բացառման սկզբունքից ելնելով, առաջարկվում է լրացում նախատեսել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6.1-ին կետի 2-րդ պարբերությունում՝ սահմանափակելով օրենքով նախատեսված չափաքանակից ավել ջրառի իրականացումը Սևանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում։