«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2006 թվականի N 1708-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի իրականացման ընթացքի և մշտադիտարկման տեղեկանքի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի։
(1-ին կետը խմբ. 31.01.19 N 62-Ն)
2. Պետական այլ ֆինանսական միջոցների հաշվին սուբվենցիաների տրամադրումն իրականացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ` բյուջե) հաշվին Հայաստանի Հանրապետության համայնքներին (այսուհետ` համայնք) սուբվենցիաների տրամադրման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:
2. Համայնքին սուբվենցիաներ տրամադրվում են օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում` սույն կարգի համաձայն կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա:
3. Սուբվենցիաները համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներն են:
4. Համայնքին տրամադրված սուբվենցիաները նպատակային օգտագործելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող համապատասխան մարմինը:
I.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Համայնքի ղեկավարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու նպատակով տվյալ տարվա բյուջետային գործընթացն սկսելու ժամանակ սուբվենցիայի ստացման ծրագրային հայտերը ներկայացնում են համապատասխան մարզպետին, իսկ Երևանի քաղաքապետը` համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
4.2. Սուբվենցիայի ծրագրային հայտերը մարզպետարանում քննարկվելուց և ամփոփվելուց հետո ներկայացվում են համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն` քննարկման:
4.3. Պետական կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքների հիման վրա սուբվենցիայի ծրագրային հայտի վերաբերյալ`
ա. դրական եզրակացություն տալու դեպքում` ոլորտի գծով տվյալ տարվա համար նախատեսված բյուջետային հատկացումների ընդհանուր չափաքանակների սահմաններում դրանք ներառում են առաջիկա տարվա իրենց բյուջետային ֆինանսավորման հայտերում և համապատասխան եզրակացության հետ միասին ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն (Երևան քաղաքի գծով` Երևանի քաղաքապետարան),
բ. բացասական եզրակացություն տալու դեպքում` դրանք` համապատասխան եզրակացության հետ միասին ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն և համապատասխան մարզպետարան (Երևան քաղաքի գծով` նաև Երևանի քաղաքապետարան):
4.4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ֆինանսավորվող բնապահպանական ծրագրերի վրա:
4.5. (կետն ուժը կորցրել է 31.01.19 N 62-Ն)
(բաժինը լրաց. 20.05.10 N 662-Ն)
II. ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Համայնքին սուբվենցիա տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող համապատասխան պետական մարմնի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:
6. Սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրում նշվում են`
ա) սուբվենցիայի տրամադրման նպատակը, նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման ժամանակահատվածը (տևողությունը), այդ ընթացքում պետության կողմից վերահսկվող չափանիշները և ակնկալվող արդյունքները.
բ) տրամադրվող սուբվենցիայի գումարի չափը, սուբվենցիայի հերթական մասնաբաժնի ստացման համար համայնքից պահանջվող փաստաթղթերը (սուբվենցիան առանձին մասնաբաժիններով համայնքին տրամադրելու նպատակահարմարության դեպքում).
գ) ստացված սուբվենցիայի հաշվին ֆինանսավորվող նպատակային ծախսատեսակի կատարումից (ծրագրի ավարտից) հետո եռօրյա ժամկետում սուբվենցիայի չօգտագործված գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման պահանջը.
դ) համայնքի կողմից սուբվենցիայի գումարի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման դեպքում այդ համայնքի նկատմամբ պետության կողմից կիրառվող պատժամիջոցները, այն է` ոչ նպատակային օգտագործված գումարի հետգանձում համայնքի միջոցներից և սուբվենցիայի միջոցների հետագա հատկացման հնարավոր դադարեցում.
ե) այլ դրույթներ, որոնք կնպաստեն սուբվենցիայի տրամադրման նպատակի իրականացմանը և այդ ուղղությամբ սուբվենցիայի գումարների արդյունավետ օգտագործմանը:
7. Սուբվենցիաների հաշվին միջոցների մուտքագրման, ծախսերի կատարման, ինչպես նաև դրանց մասին հաշվետվությունների կազմման և համապատասխան մարմիններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը լրաց. 20.05.10 N 662-Ն, 28.12.17 N 1726-Ն, փոփ. 29.03.18 N 372-Ն, 21.06.18 N 696-Ն, 23.08.18 N 932-Ն, 31.01.19 N 62-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման ու հաստատման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման նպատակով դիտարկվում են այն հայտերը, որոնց իրականացումը կնպաստի համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) ստեղծմանը (ձեռքբերմանը) կամ դրանց արժեքի ավելացմանը, ինչպես նաև որպես բացառություն՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման հայտերը:
3. Սուբվենցիայի հայտերը պետք է բխեն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված համայնքի պարտադիր խնդիրներից, ինչպես նաև համապատասխանեն համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերին և նպաստեն դրանց իրագործմանը (միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով): Ընդ որում, դիտարկվում են՝
1) մինչև 50,0 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 3,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը.
2) 50,0-ից մինչև 500,0 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 5,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը.
3) 500,0-ից մինչև 1,0 մլրդ դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 25,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը, մեքենասարքավորումների ձեռքբերման դեպքում համայնքային բյուջեների ֆոնդային մասից 10,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը.
4) 1,0 մլրդ և ավելի դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 50,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը, մեքենասարքավորումների ձեռքբերման դեպքում համայնքային բյուջեների ֆոնդային մասից 20,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը։
4. Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու նպատակով համայնքների ղեկավարները (բացառությամբ Երևանի քաղաքապետի) սուբվենցիայի հայտը նախատեսվող օբյեկտի և շինարարական աշխատանքների կատարման կամ ձեռքբերվող մեքենասարքավորումների տեխնիկական բնութագրերի (այսուհետ՝ բնութագիր) հետ միասին ներկայացնում են համապատասխան մարզպետարան՝ մինչև ընթացիկ տարվա փետրվարի 10-ը:
(4-րդ կետը փոփ. 20.06.19 N 759-Ն)
5. Մարզպետարանը, ստանալով սուբվենցիայի հայտը և բնութագիրը, ուսումնասիրում է այն և մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մասով հայտի վերաբերյալ առարկություններ չունենալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)։ Առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է հայտը և բնութագիրը համապատասխան համայնքի ղեկավարին՝ լրամշակման։ Համայնքի ղեկավարի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում լրամշակված հայտն ու բնութագիրը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է վերադարձված։
6. Նախարարությունը, ստանալով սուբվենցիայի հայտը և բնութագիրը, երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է դրանք ոլորտային պետական կառավարման մարմինների քննարկմանը։
7. Ոլորտային պետական կառավարման մարմինները, ստանալով ծրագրային հայտը և բնութագիրը, երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն են ներկայացնում դրանց վերաբերյալ դիրքորոշումը և դիտողությունները։
8. Նախարարությունը հայտերի և բնութագրերի վերաբերյալ կարծիքներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է համապատասխան մարզպետարաններ։
9. Մարզպետարանները մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում են համապատասխան համայնքներին։
10. Համայնքներն ստացված դիրքորոշումների և դիտողությունների հիման վրա առավելագույնը 30 աշխատանքային օրվա ընթացքում կազմում են սույն կարգի 12-րդ կետի դրույթների համաձայն սուբվենցիայի ամբողջական փաթեթները և ներկայացնում են համապատասխան մարզպետարաններ։
11. Մարզպետարանները սուբվենցիայի փաթեթն ստանալուց հետո, ստուգելով դրանց համապատասխանությունը սույն կարգի դրույթներին և հայտերով ներկայացվող ծրագրերի իրականացման իրագործելիության և ֆինանսական ցուցանիշների համապատասխանության մասով առարկություններ չունենալու դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում կից գրությամբ փաթեթը ներկայացնում են նախարարություն՝ մինչև ընթացիկ տարվա հունիսի 5-ը։
(11-րդ կետը փոփ. 20.06.19 N 759-Ն)
12. Սուբվենցիայի ամբողջական փաթեթը ներառում է՝
1) սուբվենցիայի հայտը.
2) ծրագրի իրականացման նպատակահարմարության վերաբերյալ՝
ա. Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքի ավագանու որոշումը,
բ. Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքի ղեկավարի գրությունը,
գ. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի ուղեկցող գրությունը.
3) ծրագիրն իրականացնելու նպատակով կազմակերպված հանրային լսումների արձանագրությունը.
4) շինարարական ծրագրերի դեպքում նախագծանախահաշվային փաստաթղթերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված դրանց վերաբերյալ փորձաքննական դրական եզրակացությունները և (կամ) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան կազմակերպված մրցակցային ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրերը.
5) սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման դեպքում՝
ա. դրանց տեխնիկական բնութագրերը, ֆինանսական գնահատականները և առնվազն երեք կազմակերպությունների կողմից տրված գնահարցումները և (կամ) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն կազմակերպված մրցույթի արդյունքում կնքված պայմանագիրը,
բ. համայնքի ղեկավարի երաշխավորագիրը`
- դրանց առնվազն 10 տարի ժամկետով շահագործման, սպասարկման ու պահպանման ծախսերը հոգալու և այդ ծախսերը համայնքային բյուջեներում նախատեսելու,
- մատուցված ծառայությունները համայնքի բնակչությանը հասանելի լինելու,
- մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտը համայնքային բյուջե մուտքագրելու և այն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղելու վերաբերյալ.
6) մասնավոր հատվածի (կազմակերպություններ, բնակչություն) կողմից համաֆինանսավորման դեպքում տվյալ ծրագրի համաֆինանսավորման հստակ չափի վերաբերյալ տեղեկանքը և (կամ) պայմանագիրը, ինչպես նաև նպատակային ծախսի վերաբերյալ համայնքի ղեկավարի երաշխավորագիրը.
7) տեղեկանք՝ սուբվենցիայի ծրագրի իրականացման համար ֆոնդային բյուջեում նախատեսված գումարի մասին.
8) այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության։
13. Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նախնական քննարկվում են նախարարությունում՝ հայտերի՝ սույն կարգի դրույթներին համապատասխանության մասով։
14. Սույն կարգի դրույթներին չհամապատասխանող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված ծրագրային հայտի ձևաչափին անհամապատասխան և պահանջվող թերի փաստաթղթերով սուբվենցիայի հայտերը վերադարձվում են համայնքների ղեկավարներին՝ լրամշակման՝ ժամկետ սահմանելով 10 աշխատանքային օր, բայց ոչ ուշ, քան սույն կարգով սահմանված սուբվենցիայի հայտերի փաթեթների ընդունման վերջնաժամկետը։
15. Նախարարությունը, ամփոփելով ծրագրային հայտերը և կից փաստաթղթերը, երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված սուբվենցիայի ծրագրերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) անդամներին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ շահագրգիռ մարմինների քննարկմանը։
16. Հանձնաժողովի անդամները, հայտերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ելնելով համայնքի զարգացման և (կամ) հրատապ հարցերի հիմնալուծման վրա ազդեցությունից` տալիս են ծրագրային հայտերի վերաբերյալ եզրակացությունները, այդ թվում՝ դրական կամ բացասական դիրքորոշումները և ներկայացնում նախարարություն։
17. Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ամփոփելով հանձնաժողովի անդամների, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների կողմից հայտերի վերաբերյալ ներկայացված կարծիքները և արդյունքները, ներկայացնում է հանձնաժողովի նիստի քննարկմանը:
18. Հանձնաժողովը նիստի ընթացքում տալիս է հայտի վերաբերյալ դրական, բացասական կամ լրամշակման վերադարձնելու մասին եզրակացություն՝ ելնելով՝
1) տարածքների համաչափ զարգացման միտումներից.
2) համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա էական ազդեցությունից.
3) համայնք-մասնավոր համագործակցության առկայությունից։
19. Հանձնաժողովի նիստի ընթացքում յուրաքանչյուր սուբվենցիայի հայտի վերաբերյալ դրական, բացասական կամ լրամշակման վերադարձնելու մասին եզրակացությունը տրվում է հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։
20. Լրամշակման վերադարձվող յուրաքանչյուր հայտի լրամշակման ժամկետը սահմանում է հանձնաժողովը, բայց ոչ ավելի, քան 20 աշխատանքային օրը։
21. Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում լրամշակված սուբվենցիայի հայտերը քննարկվում են հանձնաժողովի նիստում՝ հայտերում կատարված փոփոխությունների ներկայացմամբ՝ հանձնաժողովի քարտուղարի կողմից։
22. Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում նախարարությունը դրա մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է համապատասխան հայտ ներկայացնող համայնքի ղեկավարին` նշելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին սուբվենցիայի տրամադրման տոկոսը և վերջինիս առաջարկում է կազմակերպել գնման մրցակցային գործընթաց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և մրցույթի արդյունքներով հաստատված հայտի բյուջեն ներկայացնել նախարարություն:
23. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն` ծրագիրը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան համայնքին սուբվենցիայի տեսքով միջոցներ հատկացնելու վերաբերյալ։
24. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա տրամադրվում է սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքի հետևյալ չափաբաժնով՝ ըստ ծրագրի հետևյալ ոլորտների՝
Ծրագրի ոլորտը |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը, տոկոս | |||
Մայրաքաղաքից մինչև 60 կմ հեռավորություն ունեցող բնակավայր |
Մայրաքաղաքից 60 կմ-ից ավելի և մարզկենտրոնից մինչև 30 կմ հեռավորություն ունեցող բնակավայր |
Մայրաքա-ղաքից 100 կմ-ից ավելի հեռավո-րություն ունեցող բնակավայր |
Սահմա-նամերձ և (կամ) բարձր լեռնային բնակա-վայր | |
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում |
45 |
50 |
55 |
60 |
Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում |
55 |
60 |
65 |
70 |
Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում |
55 |
60 |
65 |
70 |
Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում |
50 |
55 |
60 |
65 |
Վերականգնվող էներգետիկա, այդ թվում` արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում |
45 |
50 |
55 |
60 |
Բնակավայրերի գազաֆիկացում |
50 |
55 |
60 |
65 |
Մանկապարտեզների կառուցում, վերակառուցում/նորոգում |
50 |
55 |
60 |
65 |
Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում |
30 |
35 |
40 |
45 |
Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում |
45 |
50 |
55 |
60 |
Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում |
30 |
35 |
40 |
45 |
Մեքենասարքավորումների ձեռքբերում |
40 |
45 |
50 |
55 |
Աղբավայրերի բարեկարգում կամ փակում |
35 |
40 |
45 |
50 |
25. Սուբվենցիան համայնքին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2–րդ բաժնով սահմանված ընթացակարգին համապատասխան:
26. Հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հայտերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորվում են մրցութային փուլի արդյունքներով հաստատված հայտի ընդհանուր գումարի համապատասխան տոկոսի չափով։
(հավելվածը լրաց. 31.01.19 N 62-Ն, փոփ. 20.06.19 N 759-Ն)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման |
Ձև
Հ Ա Յ Տ
Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների
Ծրագրի անվանումը |
Ծրագրի անվանումը պետք է հնարավորինս հստակ արտացոլի ծրագրի էությունը: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզ |
Մարզի անվանումը: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքը /համայնքները |
Համայնքի անվանումը: Խոշորացված համայնքների դեպքում մասնակից բնակավայրերի անվանումները: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի /բնակավայրի հեռավորությունը մայրաքաղաք Երևանից, ինչպես նաև մարզկենտրոնից |
....կմ, ,,,, կմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի /բնակավայրի բնակչությունը |
…. մարդ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սահմանամերձ, բարձր լեռնային համայնք /բնակավայրի |
Նշել, եթե համայնքը հանդիսանում է սահմանամերձ և (կամ) բարձր լեռնային համայնք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի բնակավայրի ենթակառուցվածքների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն |
Ներկայացնել համայնքի (բնակավայրի) ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրագազամատակարարման, ոռոգման, փողոցային լուսավորության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ընդհանուր նկարագրությունը և դրա իրականացման անհրաժեշտությունը |
Մանրամասն նկարագրել, թե որոնք են այն առկա կոնկրետ խնդիրները, որոնք պետք է լուծել ծրագրի ընդհանուր նպատակին և ակնկալվող արդյունքներին հասնելու համար: Խնդիրները պետք է լինեն հնարավորինս կոնկրետ, չափելի և իրատեսական: Ներկայացնել ծրագրի իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող բացատրագիր: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ակնկալվող արդյունքները, որոնց միջոցով պետք է հասնել ծրագրի իրականացման նպատակին |
Նշել այն արդյունքները, որոնց պետք է հասնել ծրագրի շրջանակներում վերջինիս իրականացման նպատակին հասնելու համար: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի արդյունքներին հասնելու գործողությունները և միջոցառումները |
Մանրամասն նկարագրել ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողություններն ու միջոցառումները, դրանց ժամկետները և ծախսերը, որոնք պետք է լինեն հստակ և չափելի: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի իրականացման արդյունքում համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների արժեքի ավելացում |
Ներկայացնել, թե ծրագրի իրականացումն ինչ ազդեցություն կունենա համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների արժեքի վրա, մասնավորապես, նշելով, որ գույքը, որի վրա պլանավորվում է ազդեցությունը, սեփականության իրավունքով պատկանում է համայնքին: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ազդեցությունը համայնքի և շահառուների վրա |
-Նշել ուղղակի շահառուների քանակը: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի իրականացման ընթացքում և արդյունքում ստեղծվող աշխատատեղեր |
Նշել ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվող ժամանակավոր/հիմնական աշխատատեղերը: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի նախորդ տարվա բյուջեն և բյուջեի կատարողականը |
Նախորդ տարվա բյուջեն` … դրամ.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի ընթացիկ տարվա բյուջեն |
...... դրամ.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի ընթացիկ տարվա բյուջեի նախագծով կանխատեսվող բյուջետային մուտքերի (ներառյալ ֆինանսական համահարթեցման դոտացիայի գծով կանխատեսվող մուտքերը) հաշվին նշված ծրագրի իրականացման անհնարինության հիմնավորումը (համապատասխան հաշվարկներով |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ընդհանուր բյուջեն |
.................... դրամ (100%) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը |
............... դրամ (....․%) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Այլ ներդրողներ |
.......... դրամ ( .... %), նշել ներդրողի անունը: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սկիզբը________________20...թ. Տևողությունը __________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ծախսերը |
Մանրամասն ներկայացնել ծախսերը` կցելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախագծանախահաշվային փաստաթղթերը: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամսաթիվ |
____ ___________20…թ. |
Այլ տեղեկություններ ծրագրի մասին (նշել այն լրացուցիչ հանգամանքները, որոնք կարող են ցույց տալ ծրագրի կարևորությունը, ակնկալվող արդյունքների ազդեցությունը համայնքի և տարածաշրջանի զարգացման վրա, այլ հանգամանքներ, որոնք կարող են հաշվի առնվել ծրագիրը գնահատելու ընթացքում):
Համայնքի տնտեսական պատասխանատու
Հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը
_____________________________________________________________________________
Համայնքի ղեկավար |
______________________ (անունը, ազգանունը) |
Կ. Տ
(հավելվածը լրաց. 31.01.19 N 62-Ն)
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի իրականացման ընթացքի և մշտադիտարկման
NN |
Գործողությունը |
Փաստաթուղթը |
Մշտադիտարկման գործընթացը |
1. |
Հայտարարություն և հրավեր գնումների մասին (սուբվենցիայի տրամադրման պաշտոնական հայտարարությունից հետո) |
տպագրված հայտարարության և հրավերի տեքստը |
Համապատասխան համայնքի կողմից ներկայացվում է համապատասխան մարզպետարան: |
2. |
Գնումների արդյունքներն ամփոփող նիստերի արձանագրությունը |
արձանագրությունների պատճենները |
Համապատասխան համայնքի կողմից ներկայացվում է համապատասխան մարզպետարան։ |
3. |
Կապալառու կազմակերպության հետ պայմանագրի կնքում |
պայմանագրի պատճենը |
Համապատասխան համայնքի կողմից ներկայացվում է համապատասխան մարզպետարան։ Մարզպետարանը ներկայացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: |
4. |
Սկզբնական գումարի փոխանցում |
փոխանցման փաստաթղթերի փաթեթի պատճենը |
Համապատասխան համայնքի կողմից ներկայացվում է համապատասխան մարզպետարան: |
5. |
Իրականացված աշխատանքների կատարողական ակտերի կազմում և համապատասխան վճարումների կատարում |
հանձնման-ընդունման ակտերի և վճարման անդորրագրի պատճենը |
Համապատասխան համայնքի կողմից ներկայացվում է համապատասխան մարզպետարան։ |
6. |
Կատարված աշխատանքների քանակի և որակի ճշտման այցելություններ |
հաշվետվություններ, լուսանկարներ, հոդվածներ և այլն |
Իրականացվում է համապատասխան մարզպետարանի, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ոլորտային գերատեսչությունների մասնագետների կողմից: |
7. |
Անհրաժեշտ գումարի հայցման գրություն (համայնքային գումարների իրացումից հետո) |
գրության պատճենը |
Համապատասխան համայնքի կողմից ներկայացվում է համապատասխան մարզպետարան։ Մարզպետարանը ներկայացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: |
8. |
Ավարտական ակտի և վերջնական վճարման կատարում |
ավարտական ակտ և վճարման անդորրագիր |
Համապատասխան համայնքի կողմից ներկայացվում է համապատասխան մարզպետարան։ Մարզպետարանը ներկայացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: |
9. |
Ծրագրի փակում |
ծրագրի փակման վերաբերյալ (լուսանկարներով, հոդվածներով և այլն) |
Համապատասխան համայնքի կողմից ներկայացվում է համապատասխան մարզպետարան։ Մարզպետարանը ներկայացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: |
(հավելվածը լրաց. 31.01.19 N 62-Ն)