ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0810/02/10
Քաղաքացիական գործ
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան
Դատավորներ՝ |
Տ. Նազարյան |
Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Տ. Պետրոսյան |
|
|
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
|
|
Մ. Դրմեյան |
|
|
Ե. Խունդկարյան |
Գ. Հակոբյան | ||
|
|
Է. Սեդրակյան |
2019 թվականի մարտի 29-ին
գրավոր ընթացակարգով, քննելով Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.02.2017 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Նվարդ Ապերյանի, ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Սերգեյ Մանուկյանի ընդդեմ Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների՝ սեփականատիրոջ իրավունքների խախտումը վերացնելու, ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և վտարելու պահանջի մասին, և ըստ Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների հայցի ընդդեմ Նվարդ Ապերյանի` սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու, տների մուտքն ապահովող սպասարկման տարածք հանդիսացող՝ 39,2քմ մակերեսով հողամասը` որպես մուտք, ընդհանուր օգտագործման իրավունքով Նվարդ Ապերյանի, Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների համատեղ օգտագործմանը թողնելու պահանջների մասին, ըստ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Սերգեյ Մանուկյանի հայցի ընդդեմ Նվարդ Ապերյանի, Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Նվարդ Ապերյանը պահանջել է վերացնել սեփականատիրոջ իրավունքների խախտումը և Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյաններին իրենց գույքով հանդերձ վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևանի Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցքի թիվ 6 տան ապօրինի զբաղեցրած բնակելի տարածքից (քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0810/02/10):
Դիմելով դատարան՝ Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյանները պահանջել են մասնակի անվավեր ճանաչել Նվարդ Ապերյանի սեփականության իրավունքի գրանցումը և փաստացի տիրապետմամբ զբաղեցրած Երևանի Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցքի թիվ 6 տան 31,9քմ մակերեսով բնակելի և 16,5քմ մակերեսով օժանդակ շինությունների տակ գտնվող 49,8քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը (քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0850/02/10):
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.09.2010 թվականի որոշմամբ թիվ ԵԷԴ/0810/02/10 և ԵԷԴ/0850/02/10 քաղաքացիական գործերը միացվել են և գործի քննությունը շարունակվել է թիվ ԵԷԴ/0810/02/10 համարի ներքո:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մերանգուլյան) 25.11.2010 թվականի վճռով Նվարդ Ապերյանի հայցն ընդդեմ Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների` սեփականատիրոջ իրավունքների խախտումը վերացնելու, ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և վտարելու պահանջների մասին, մերժվել է, իսկ Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների հայցն ընդդեմ Նվարդ Ապերյանի` սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, բավարարվել է: Վճռվել է՝ «մասնակիորեն անվավեր ճանաչել Նվարդ Ապերյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեի տան գրանցումը` 31,9քմ մակերեսով բնակելի և 16,5քմ մակերեսով օժանդակ մասերի շինությունների տակ գտնվող 49,8քմ արտաքին մակերեսով հողամասի մասով, և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյանների փաստացի տիրապետմամբ զբաղեցրած Վ. Աճեմյան 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեի տան 31,9քմ մակերեսով բնակելի և 16,5քմ մակերեսով օժանդակ մասերի շինությունների տակ գտնվող 49,8քմ արտաքին մակերեսով հողամասի նկատմամբ վերջիններիս սեփականության իրավունքը»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Թումանյան, Լ. Գրիգորյան, Գ. Մատինյան) 26.01.2011 թվականի որոշմամբ Նվարդ Ապերյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.03.2011 թվականի և 25.05.2011 թվականի որոշումներով Նվարդ Ապերյանի՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2011 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքները վերադարձվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ս. Միքայելյան, Ն. Տավարացյան, Դ. Խաչատրյան) 08.12.2011 թվականի որոշմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2010 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձ Սերգեյ Մանուկյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է`Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2010 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.02.2012 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2011 թվականի որոշման դեմ Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Գործի նոր քննության ընթացքում գործին մասնակից չդարձված անձ, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Սերգեյ Մանուկյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նվարդ Ապերյանի, Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին:
Գործի նոր քննության ընթացքում Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների ներկայացուցիչը դիմում է ներկայացրել դատարան հայցապահանջը հստակեցնելու և այն ավելացնելու մասին: Մասնավորապես` խնդրել է մասնակի անվավեր ճանաչել Նվարդ Ապերյանի սեփականության իրավունքի գրանցումը՝ ք. Երևան, Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցք, թիվ 6 տուն հասցեի տան օրինական հողամասից շինությամբ ծանրաբեռնված 49,0քմ հողամասի և մուտքի վրա շվաքարանի հատվածում 3,2քմ հողամասի մասով, ինչպես նաև ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել հայցվորներ Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների փաստացի տիրապետմամբ զբաղեցրած Երևանի Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցք թիվ 6/1 բնակելի տան օրինական հողամասից շինությամբ ծանրաբեռնված 49,0քմ հողամասի և մուտքի վրա շվաքարանի հատվածում 3,2քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը: Տների մուտքը ապահովող՝ սպասարկման տարածք հանդիսացող՝ 39,2քմ հողամասը, որպես մուտք, ընդհանուր օգտագործման իրավունքով թողնել Նվարդ Ապերյանի և Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների համատեղ օգտագործմանը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 28.09.2016 թվականի վճռով Նվարդ Ապերյանի և Սերգեյ Մանուկյանի հայցերը մերժվել են, իսկ Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների հայցը բավարարվել է: Վճռվել է՝ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների սեփականության իրավունքը Երևանի Վ. Աճեմյան (նախկին՝ Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցքի թիվ 6/1 տան փաստացի զբաղեցրած 49,0քմ մակերեսով շինությամբ ծանրաբեռնված հողամասի և մուտքի վրա՝ շվաքարանի հատվածում 3,2քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Մասնակիորեն՝ նույն հասցեի նույն մակերեսով հողամասերի մասով անվավեր է ճանաչվել Նվարդ Ապերյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների և Նվարդ Ապերյանի տների մուտքն ապահովող, սպասարկման տարածք հանդիսացող 39,2քմ մակերեսով հողամասը՝ որպես մուտք, ընդհանուր օգտագործման իրավունքով թողնվել է Նվարդ Ապերյանի և Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների համատեղ օգտագործմանը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.02.2017 թվականի որոշմամբ Նվարդ Ապերյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 28.09.2016 թվականի վճիռը մասնակիորեն՝ Նվարդ Ապերյանի և Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյանների հայցերի մասով բեկանվել և փոփոխվել է: Որոշվել է՝ Նվարդ Ապերյանի հայցն ամբողջությամբ բավարարել՝ վերացնել սեփականատիրոջ իրավունքների խախտումը և Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյաններին վտարել Նվարդ Ապերյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքներից, իսկ
Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների հայցը՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով իրենց սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանները։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ հոդվածները, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի հետևանքով հանգել է սխալ եզրակացության: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքները, որ 1983 թվականին Ավդալյանները գնել են Երևանի Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեի շինությունը, որը ձեռք բերելու ժամանակ հողամասը հանդիսացել է պետական սեփականություն և միայն 1991 թվականի ՀՀ hողային օրենսգրքի 9-րդ հոդվածի հիմքով կարող էր դառնալ Նվարդ Ապերյանի սեփականությունը: Ավդալյանների և Գյուլմամադ Ամարյանի, Չիչակ Հոզոյանի միջև կնքված ներքին առուծախի պայմանագրով հողամասը և դրա վրա գտնվող շինությունները հանձնվել են Ավդալյաններին և այդ տարածքից վտարելու պահանջ չի ներկայացվել ոչ նախկին սեփականատիրոջ, և ոչ էլ Նվարդ Ապերյանի կողմից մինչև 2010 թվականը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ 1983 թվականից Ավդալյանները, գնելով տունը և մինչ օրս այնտեղ մշտապես բնակվելով, կատարել են բոլոր պարտադիր և կոմունալ վճարումները, կնքել են պայմանագրեր՝ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի մատակարարման համար, այսինքն` դրանցով ապացուցվում է, որ նրանք բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ 1983 թվականից տիրապետել են նշված գույքը և մասնակցել են դրա կառավարմանը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն փաստը, որ գործում առկա՝ Էրեբունի համայնքի ղեկավարի կողմից 14.10.2008 թվականին տրված տեղեկանքի մեջ նշվում է, որ Ավդալյանները շինարարական աշխատանքները կատարել են մինչև 1985 թվականը, այսինքն՝ գույքը որպես սեփականը տիրապետելու արդյունքում կատարել են բարելավման աշխատանքներ, որոնք չեն կատարվել գաղտնի եղանակով: Գործում առկա ապացույցներով հիմնավորվում է նաև մեկ այլ կարևոր փաստ, որ Նվարդ Ապերյանը 1985 թվականին տունը գնելուց հետո մինչև 1991 թվականը, ինչպես նաև դրանից հետո չի առարկել, որ Ավդալյանները տիրապետեն վերոնշյալ հասցեի իրենց մասը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 16.02.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.09.2016 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 12.10.1983 թվականի պայմանագրի համաձայն՝ Երևանի Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցքի թիվ 6 տան բնակիչ Գուլե (Գյուլմամադ) Նիշոյի Ամարյանը, իր կնոջ՝ Չիչակ Աշոտի Հոզոյանի համաձայնությամբ, իրենց պատկանող մեկ սենյակից և մեկ պատշգամբից բաղկացած տունը 7.500 ռուբլով վաճառել է Մահմադ Մաջիդի Ավդալյանին և նրա կնոջը՝ Զադինա Մրազի Ավդալյանին, իսկ ըստ 06.10.1983 թվականին տրված ստացականի՝ «(…) Գյուլմամադ Նիշոյի Ամարյանը վաճառեց Սպանդարյանի (Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցք տուն 6) իր բնակարանն Ավդալյան Մահմադին, որի արժեքը՝ 7.500 ռուբլի գումարը, ստացավ, որի համար ստորագրում է» (հատոր 1-ին, գ.թ. 90-92):
2) Երևանի էրեբունի համայնքի ղեկավարի 14.10.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցքի թիվ 6/1 հասցեում (բնակիչ՝ Մահմադ Ավդալյան) շինարարական աշխատանքները կատարվել են մինչև 1985 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 84):
3) Երևանի քաղաքապետարանի կողմից Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյաններին հասցեագրված 05.08.2009 թվականի գրությամբ հայտնվել է, որ իրենց դիմումին, կապված բնակելի տունը և հողամասն օրինականացնելու վերաբերյալ, ընթացք չի տրվում, քանի որ Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցք թիվ 6/1 հասցեն նույն Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցք թիվ 6 հասցեն է, որը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր) Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից սեփականության իրավունքով գրանցված է Նվարդ Ապերյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 77):
4) Թիվ 4 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 12.05.2010 թվականին հաստատված հարևան Ալվինա Իսպիրյանի և մյուս հարևաններ՝ Գուլինար Ջամոյանի, Գրիշա Հունանյանի, Վելիխան Գաբրիելյանի կողմից տրված հայտարարության համաձայն` Մահմադ Ավդալյանն իր ընտանիքով 1983 թվականից բնակվում է Երևանի Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցք թիվ 6/1 տանը (հատոր 1-ին, գ.թ. 75):
5) Գործում առկա վճարման անդորրագրերի համաձայն՝ Մահմադ Ավդալյանի կողմից կատարվել է 1996 թվականի դեկտեմբեր ամսին՝ էլեկտրաէներգիայի վարձի վճարում, 20.10.1993 թվականին, 25.08.2005 թվականին, 16.10.2008 թվականին՝ ջրամատակարման վարձի վճարում, 16.10.2008 թվականին՝ գազամատակարարման վարձի վճարում և հեռախոսավարձի վճարում (հատոր 1-ին, գ.թ. 65-66, 86-87):
6) Կադաստրի 03.03.2016 թվականի տեղեկանքում նշվել է, որ կադաստրային գործում առկա տվյալների համաձայն՝ 14.07.1940 թվականից Երևանի Էրեբունի Աճեմյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեի անշարժ գույքի սեփականատերն էր Արամ Մուխաելյանը, 27.12.1984 թվականից սեփականատերն էր՝ Ցոլակ Կարապետյանը, իսկ 28.03.1985 թվականից սեփականատեր է դարձել Նվարդ Ապերյանը (հատոր 5-րդ, գ.թ. 162):
7) Կադաստրի Մարաշ տարածքային ստորաբաժանման 19.09.2008 թվականի թիվ 7279ա գրության համաձայն` կադաստրային գործի տվյալներով Երևանի Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր է Նվարդ Ապերյանը: Վերոհիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքը բաղկացած է 75,1քմ ընդհանուր մակերեսից և գտնվում է 192,0քմ մակերեսով հողամասի վրա (հատոր 1-ին, գ.թ. 6, 120):
8) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 26.12.2014 թվականին տրված եզրակացության «հետևություններ» բաժնի «է» կետի համաձայն՝ «Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցք թիվ 6 հասցեի ընդհանուր օրինական 192,0քմ հողամասից Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյաններին պատկանող բնակելի տան շինությամբ ծանրաբեռնված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 49,0քմ, իսկ շվաքարանի հատվածում հողամասի մակերեսը կազմում է 3,2քմ: Բնակելի տան մոտեցման համար ընդհանուր օգտագործվում է Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցքի հասցեի հողամասից, տան երկայնքով, շինություններից ազատ՝ 39,2քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև ընդհանուր փողոցի կողմից, մուտքի դռնով սահմանազատված շինություններից ազատ ինքնակամ զբաղեցրած 1,2քմ հողամասը»: Միաժամանակ նշվել է, որ 39,2քմ հողամասը հանդիսանում է բնակելի տների մուտքերն ապահովող տարածք (հատոր 5-րդ, գ.թ. 16-27):
9) 21.04.2016 թվականի դատական նիստի քննության ընթացքում որպես վկա հարցաքննված Չիչակ Հոզոյանը հայտնել է, որ 1973 թվականին վիճելի հասցեի տան մի հատվածը գնել է Սարգիս Կարապետյանից, իսկ հետո իր հատվածը 1983 թվականին ներքին առուվաճառքի պայմանագրով վաճառել է Մահմադ Ավդալյանին: Հայտնել է, որ իր բնակվելու ժամանակ Նվարդ Ապերյանը չի բնակվել վիճելի հասցեում, այնուհետև իմացել է, որ 1985 թվականին Ռոբերտ Կարապետյանը (Սարգիս Կարապետյանի թոռը) իր մասը վաճառել է Նվարդ Ապերյանին, այն ժամանակ դեռևս Ռոբերտ Կարապետյանը Նվարդ Ապերյանին ասել է, որ նա Մահմադ Ավդալյանի հատվածի հետ գործ չունի: Նույն նիստի ընթացքում որպես վկա հարցաքննված Գուլմամադ Ամարյանը նույնպես հայտնել է, որ վիճելի հասցեի տան մի հատվածը գնել է Սարգիս Կարապետյանից, իսկ հետո՝ 1983 թվականին, ներքին առուվաճառքի պայմանագրով այն վաճառել է Մահմադ Ավդալյանին: Տեղյակ է նաև, որ Ռոբերտ Կարապետյանը տան իր հատվածը 1985 թվականին վաճառել է Նվարդ Ապերյանին: Նշել է նաև, որ Ռոբերտ Կարապետյանը (Սարգիս Կարապետյանի թոռը) Նվարդ Ապերյանին ասել է, որ ինքը գործ չունի Մահմադ Ավդալյանի հատվածի հետ (հատոր 5-րդ, գ.թ. 140-141):
10) 21.04.2016 թվականի դատական նիստի քննության ընթացքում որպես վկա հարցաքննված Ալվինա Իսպիրյանը հաստատել է իր կողմից ստորագրված և լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված հայտարարությունն այն մասին, որ Մահմադ Ավդալյանն իր ընտանիքի հետ միասին 1983 թվականից բնակվում է վեճի առարկա տանը (հատոր 5-րդ, գ.թ. 141):
11) Քրիստինե Մահմադի Ավդալյանը՝ ծնված 25.08.1985 թվականին, Մահմադ Ավդալյանի և Զադինա Ավդալյանի դուստրն է (հատոր 1-ին, գ.թ. 63):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի և 187-րդ հոդվածների, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք պետության ու համայնքների հողերի այն հողամասերի նկատմամբ, որոնց տիրապետում են առանց իրավաբանական ձևակերպման և որոնցից օգտվում են անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի, ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք, եթե հողամասերը համապատասխանում են նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին: Նույն հոդված 3-րդ կետի համաձայն` այլ սեփականատիրոջը պատկանող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագումը կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մաuին գրավոր հայտարարելով կամ այնպիuի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուuացման մաuին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության (...)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետին, 187-րդ հոդվածի 1-ին կետին և 280-րդ հոդվածին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին՝ արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:
Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը, և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, Գայանե Խաչատրյանը և Նորայր Սարգսյանն ընդդեմ Բուրաստան Դավթյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, Նվարդ Ապերյանի հայցը մերժելով և Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյանների կողմից 10 տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետվել է վեճի առարկա հողամասը, իսկ Նվարդ Ապերյանի անգործությունն ակնհայտ վկայում է վերջինիս՝ այդ գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Նվարդ Ապերյանի վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել է՝ Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյանների հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ սույն գործով ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման մասին խոսք լինել չի կարող, քանի որ տվյալ դեպքում հայցվորների մոտ չէր կարող լինել այն համոզմունքը, որ վիճելի տարածքները տիրապետում են որպես սեփականություն: Հետևաբար տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի վավերապայմաններից տիրապետման բարեխղճությունը բացակայում է, քանի որ նրանք ի սկզբանե իմացել են, որ այդ կառույցներն անօրինական են և չէին կարող առուվաճառքի առարկա հանդիսանալ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյանների ընտանիքն ապօրինի է զբաղեցնում վեճի առարկա գույքը, որպիսի պայմաններում Նվարդ Ապերյանի վտարման պահանջը ենթակա է բավարարման:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է հետևյալը.
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Մահմադ Ավդալյանը և նրա կինը՝ Զադինա Ավդալյանը, 12.10.1983 թվականին Երևանի Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցքի թիվ 6 տան բնակիչ Գյուլե (Գյուլամամադ) Ամարյանից և վերջինիս կնոջից` Չիչակ Հոզոյանից, 7.500 ռուբլով գնել են նրանց պատկանող՝ մեկ սենյակից և մեկ պատշգամբից բաղկացած տունը, և մինչ օրս բնակվում են վիճելի հասցեում՝ բացահայտ տիրապետելով նաև նշված գույքով ծանրաբեռնված հողամասը: Նշված փաստը հիմնավորվում է նաև գործում առկա փորձագիտական եզրակացությամբ, ըստ որի՝ Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցք, թիվ 6 հասցեի ընդհանուր օրինական հողամասը 192,0քմ է, որից Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյաններին պատկանող՝ բնակելի տան շինությամբ ծանրաբեռնված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 49,0քմ: Շվաքարանի հատվածում հողամասի մակերեսը կազմում է 3,2քմ: Բնակելի տան մոտեցման համար կողմերի կողմից ընդհանուր օգտագործվում է Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցքի հասցեի հողամասից շինություններից ազատ՝ 39,2քմ մակերեսով հողամասը: Միաժամանակ նշվել է, որ 39,2քմ հողամասը հանդիսանում է բնակելի տների մուտքերն ապահովող տարածք:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ գույքի սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը կարող է որոշվել նաև տիրապետողի և գույքի նախկին սեփականատիրոջ հետագա գործողությունների (անգործության) հիման վրա: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որ սկսած 1985 թվականից մինչև սույն գործով հայցի հարուցումը, այն է՝ 17.07.2010 թվականը, Նվարդ Ապերյանը ձեռնարկել է որևէ գործողություն՝ վեճի առարկա գույքը Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյաններից պահանջելու վերաբերյալ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերից հետևում է, որ Նվարդ Ապերյանը հրաժարվել է իրեն պատկանող գույքից, այսինքն` վիճելի իրավահարաբերությունում առկա է սեփականատիրոջ կողմից այնպիսի վարքագծի դրսևորում, որն ակնհայտ վկայում է վերջինիս՝ գույքի տիրապետումից, տնօրինումից և օգտագործումից մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մի կողմից վիճելի գույքի գրանցված սեփականատիրոջ անգործությունը, մյուս կողմից 12.10.1983 թվականի ներքին առուծախի պայմանագիրը հիմք են հանդիսացել Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյանների մոտ համոզմունք ձևավորելու առ այն, որ վիճելի գույքը ձեռք են բերել և տիրապետում են որպես սեփականություն: Վիճելի գույքը որպես սեփական գույք բացահայտ, անընդմեջ 10 տարի տիրապետելու փաստը հիմնավորվում է նաև գործում առկա՝ հեռախոսակապի ծառայությունների մատուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համապատասխան վճարումների անդորրագրերով, հարևանների հայտարարություններով, վկաների ցուցմունքներով, Երևանի էրեբունի համայնքի ղեկավարի 14.10.2008 թվականի տեղեկանքով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով միաժամանակ առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված բոլոր վավերապայմանները, ուստի վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ վիճելի իրավահարաբերության նկատմամբ տվյալ պարագայում կիրառելի են հիշատակված իրավական նորմի դրույթները:
Հետևաբար վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությանն այն մասին, որ Մահմադ Ավդալյանը և նրա ընտանիքի անդամները չէին կարող ունենալ համոզմունք, որ գույքը տիրապետում են որպես սեփականություն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ, քանի որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է վերջիններիս` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ, 10 տարուց ավելի և անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը։
Ինչ վերաբերում է սույն գործով Նվարդ Ապերյանի կողմից Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և վերջիններիս Երևանի Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեից վտարելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուն, ապա այդ գործողությունները Նվարդ Ապերյանի կողմից կատարվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ձեռքբերման վաղեմության 10-ամյա ժամկետն անցնելուց հետո, այսինքն` այն ժամանակ, երբ Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների մոտ ձեռքբերման վաղեմության հիմքով ծագել են վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ բոլոր հիմքերը և վավերապայմանները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների սեփականության իրավունքը վիճելի գույքի նկատմամբ ճանաչման ենթակա լինելու պայմաններում Նվարդ Ապերյանի ներկայացրած հայցը ենթակա էր մերժման՝ նկատի ունենալով, որ դադարում է վերջինիս սեփականության իրավունքը և ծագում է Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների սեփականության իրավունքը վեճի առարկա գույքի նկատմամբ:
Ինչ վերաբերում է Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների՝ Նվարդ Ապերյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման՝ նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները և պարտականությունները դադարելու համար, մինչև այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պայմաններում նախորդ սեփականատիրոջ իրավունքները դադարում են, այլ ոչ թե անվավեր է ճանաչվում տվյալ իրավունքի պետական գրանցումը: Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հենց տվյալ իրավունքի պետական գրանցման առկայությունն այն հավաստող ապացույցն է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը քննելիս վկայում է այլ անձի՝ պատասխանողի սեփականության իրավունքի առկայության մասին: Հետևաբար քանի դեռ ապացույց առկա չէ, որ պետական գրանցումն իրականացվել է օրենքի խախտմամբ, միայն ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելը չի ենթադրում պետական գրանցման անվերապահ անվավեր ճանաչում (տե՛ս, նաև Ֆրունզիկ Թովմասյանն ընդդեմ Աննա Թովմասյանի թիվ ԵԿԴ/0714/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Սույն գործում առկա՝ Կադաստրի 03.03.2016 թվականի տեղեկանքի համաձայն` 28.03.1985 թվականից Երևանի Վ. Աճեմյան (նախկին Անդրֆեդերացիայի) փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեի անշարժ գույքի սեփականատեր է Նվարդ Ապերյանը: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Նվարդ Ապերյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է օրենքի պահանջների խախտմամբ:
Նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նվարդ Ապերյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն, որպիսի պայմաններում հայցն այդ պահանջի մասով ենթակա էր մերժման, որպիսի իրավաչափ եզրահանգման է եկել Վերաքննիչ դատարանը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը, վերոնշյալ պահանջը մերժելով, իր որոշումն այդ մասով թերի է պատճառաբանել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն այդ մասով պետք է թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին մասնակիորեն օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի] կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է մասնակի բեկանման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նվարդ Ապերյանից հօգուտ Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյանների ենթակա է բռնագանձման 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նվարդ Ապերյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով նաև, որ Նվարդ Ապերյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով Վերաքննիչ դատարանի որոշումը թողնվում է օրինական ուժի մեջ, գտնում է, որ Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյաններից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես Նվարդ Ապերյանի վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.02.2017 թվականի որոշման` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.09.2016 թվականի վճիռը՝ Նվարդ Ապերյանի հայցը մերժելու, և Մահմադ, Զադինա, Քրիստինե Ավդալյանների հայցը՝ ձեռքբերման վաղեմության պահանջի մասով, բավարարելու մասով բեկանելու և փոփոխելու մասերը և այդ մասերով օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.09.2016 թվականի վճռին:
Որոշումը՝ մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Նվարդ Ապերյանից հօգուտ Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյանների բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Նվարդ Ապերյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Մահմադ, Զադինա և Քրիստինե Ավդալյաններից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Տ. Պետրոսյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Է. Սեդրակյան