ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի մարտի 24-ին,
քննարկելով ըստ հայցի Դոնարա Գրիգորյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), «Լուսանշան» ՊՈԱԿ-ի՝ համապարտության կարգով 812.000 ՀՀ դրամ պատճառված վնասի գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ծառայության ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Դոնարա Գրիգորյանը պահանջել է Երևանի քաղաքապետարանից, Ծառայությունից և «Լուսանշան» ՊՈԱԿ-ից համապարտության կարգով բռնագանձել 812.000 ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 23.02.2016 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը՝ Երևանի քաղաքապետարանի և «Լուսանշան» ՊՈԱԿ-ի դեմ ներկայացված պահանջի մասով, կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով: Հայցը՝ Ծառայությունից 812.000 ՀՀ դրամ պատճառված վնասի գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2016 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետը և 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկնեով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 29.04.2016 թվականին Դատարանը 23.02.2016 թվականի վճիռն ուղարկել է «ք. Երևան, Թաիրովի 14» հասցեով՝ «Պահպանվող հատուկ տարածք», իսկ Ծառայություն («ք. Երևան, Իսակովի 9») այն մուտքագրվել է 03.05.2016 թվականին: Այսինքն՝ Դատարանը սխալ հասցեով է ուղարկել վճիռը, որի հետևանքով Ծառայությունն այն ուշ է ստացել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.06.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի և 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
1) վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բողոք բերած անձին ուշ հասու լինելու դեպքում բողոք բերելու բաց թողած ժամկետը ենթակա է վերականգնման իրավունքի ուժո՞վ (ex jure), թե՞ վերաքննիչ դատարանի հայեցողությամբ.
2) արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավասու է վերադարձնել վերաքննիչ բողոքն այն պայմաններում, երբ որոշման եզրափակիչ մասում որևէ անդրադարձ չի կատարել վերաքննիչ բողոք բերած անձի` «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու մասին» միջնորդությանը և որևէ եզրահանգում չի արել այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե′ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով:
Ընդ որում, այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:
Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Ծառայության վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի 23.02.2016 թվականի վճռի դեմ բողոք կարող էր ներկայացվել մինչև 24.03.2016 թվականը ներառյալ, մինչդեռ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանը հանձնել է 03.06.2016 թվականին, այսինքն՝ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանի 23.02.2016 թվականի վճիռը Ծառայություն մուտքագրվել է 03.05.2016 թվականին, մինչդեռ գործի նյութերից երևում է, որ Ծառայությունն այն ստացել է 29.04.2016 թվականին, ուստի Ծառայության պատճառաբանությունը՝ Դատարանի 23.02.2016 թվականի վճիռը 03.05.2016 թվականին Ծառայություն մուտքագրվելու հետ կապված, անհիմն է, քանի որ այդ օրը վճիռը մակագրվել է Ծառայության աշխատակցին, իսկ Ծառայությունն այն ստացել է 29.04.2016 թվականին:
Մինչդեռ վերը նշվածը հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարան ներկայացված հայցադիմումում որպես Ծառայության հասցե նշված է «ք. Երևան, Թաիրովի 14» (հատոր 1-ին, գ.թ. 4): Դատարանը 13.03.2014 թվականին, 25.07.2014 թվականին, 16.10.2014 թվականին նշանակված դատական նիստերի ծանուցագրերը Ծառայությանն ուղարկել է «ք. Երևան, Իսակովի 9» հասցեով (հատոր 1-ին, գ.թ. 47, 91, 102): Ծառայությունը 07.02.2014 թվականին ներկայացրել է հայցադիմումի պատասխան, որտեղ որպես իր հասցե՝ նշել է «ք. Երևան Իսակովի 9» (հատոր 1-ին, գ.թ. 58): Դատարանը 23.02.2016 թվականի վճիռը Ծառայությանն ուղարկել է «ք. Երևան, Թաիրովի 14» հասցեով (հատոր 2-րդ, գ.թ. 80):
Դատարանի 23.02.2016 թվականի վճիռը «ք. Երևան, Թաիրովի 14» հասցեում ստացվել է 29.04.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 83): Ծառայությունը վերաքննիչ բողոքը փոստին է հանձնել 06.06.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 99), որին կից ներկայացված փաստաթղթի համաձայն՝ Դատարանի 23.02.2016 թվականի վճիռը Ծառայություն մուտքագրվել է 03.05.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 98):
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված վճիռը Ծառայությանը հանձնված լինելու և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ և´ վճռի հանձնումը, և´ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, և միայն նշված փաստերը պարզելուց հետո Վերաքննիչ դատարանը կարող էր որոշել` հարգելի է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե՝ ոչ:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ ապացույց այն մասին, որ Ծառայությունը գործն ըստ էության լուծող դատական ակտը ստացել է հրապարակման օրը: Ավելին, գործում առկա չէ նաև ապացույց այն մասին, թե Դատարանը վճիռը երբ է ուղարկել Ծառայությանը: Դատարանը դատական նիստերի ծանուցագրերը Ծառայությանն ուղարկել է «ք. Երևան, Իսակովի 9» հասցեով, իսկ 23.02.2016 թվականի վճիռն ուղարկել է «ք. Երևան Թաիրովի 14» հասցեով, որպիսի հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Դատարանի 23.02.2016 թվականի վճիռը Ծառայությունը ստացել է 29.04.2016 թվականին, ապա այն անհիմն է, քանի որ ըստ Ծառայության վերաքննիչ բողոքին կից ներկայացված գրության՝ Դատարանի 23.02.2016 թվականի վճիռը Երևանի Իսակովի թիվ 9 հասցեում ստացվել է 03.05.2016 թվականին, որը նույն օրը մակագրվել է Ծառայության աշխատակցին: Այսինքն՝ 03.05.2016 թվականը ոչ միայն բողոքարկվող վճիռը Ծառայության աշխատակցին մակագրվելու, այլև Ծառայությունում ստացվելու (մուտքագրվելու) օրն է: Ավելին, Վերաքննիչ դատարանը ևս ընդունել է, որ սույն գործով Ծառայության հասցեն Երևանի Իսակովի թիվ 9 հասցեն է, քանի որ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 27.06.2016 թվականի որոշումն ուղարկել է Երևանի Իսակովի թիվ 9 հասցեով (հատոր 2-րդ, գ.թ. 106):
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և պատշաճ ապացույցների առկայության դեպքում ենթակա է վերականգման իրավունքի ուժով (ex jure):
2) Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ բողոք բերողը բաց է թողել բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը և առկա չէ միջնորդություն՝ բաց թողած ժամկետը վերականգնելու մասին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.
2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).
3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.
4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքներ և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) եզրահանգումը քննարկվող հարցով.
6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները:
Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք է նաև վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված լինելը և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացնելը, կամ այդ միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից մերժելը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքին կցված է կամ բողոքում ներառված է վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ապա Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը և դրա քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը:
Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայությունը Դատարանի 23.02.2016 թվականի վճռի դեմ բերելով վերաքննիչ բողոք` միաժամանակ միջնորդել է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի (հատոր 2-րդ, գ.թ. 96):
Վերաքննիչ դատարանը, 27.06.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը և արձանագրելով, որ «բողոք բերողը բողոքին կից ներկայացրել է ժամկետը վերականգնելու միջնորդություն», միաժամանակ նշել է, որ «բողոք բերողը բաց է թողել բողոքը ներկայացնելու ժամկետը և չկա միջնորդություն, հետևաբար վերաքննիչ բողոքն ենթակա է վերադարձման»:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 27.06.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման մեջ բացակայում է որևէ նշում Ծառայության վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ: Այսինքն` Վերաքննիչ դատարանի 27.06.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը չի պարունակում որևէ եզրահանգում վերաքննիչ բողոքում ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը որևէ որոշում չի կայացրել միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ, ինչն անձի դատական պաշտպանության իրավունքի խախտում է: Մասնավորապես` շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, և միջնորդության քննարկումից ու լուծումից հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է որոշի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |