ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
23 ապրիլի 2019 թ. |
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԱԼՄԱԹԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի սեպտեմբերի 12-ին Ալմաթիում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի փետրվարի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը այսուհետ՝ Համաձայնագիր և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագրի ստորագրման նպատակը` քաղաքացիական պաշտպանության, բնական և տեխնածին ռիսկերի կանխման, արտակարգ իրավիճակների վերացման, արտակարգ իրավիճակների առաջացման հանգեցնող արդյունաբերական վթարների, աղետների և տարերային աղետների դեպքում կամավոր և փոխադարձ օգնության տրամադրման համար քաղաքացիական պաշտպանության մասնագետների ուսուցման բնագավառում Կողմերի միջև փոխգործակցության ապահովումն է:
Համաձայնագրով, ի թիվս այլնի, սահմանվում են օգնության ցուցաբերման ձևերը, կարգը, օգնություն ցուցաբերող անձնակազմի կարգավիճակը, ենթակայությունը, կարգավորվում են օգնության ցուցաբերման հետ կապված գույքային հարցերը, ինչպես նաև սահմանվում են անհրաժեշտության դեպքում թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող անհրաժեշտ քանակությամբ բժշկական դեղամիջոցների՝ ընդունող Կողմի տարածք ներմուծման և օգտագործման կարգը:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- աջակցել քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և հաստատությունների միջև համագործակցությանը (հոդված 5),
- որպես ուղարկող Կողմ հանդես գալու պարագայում՝ Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված գործունեությանը մասնակցելիս, երբ այն անմիջականորեն կապված չէ արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ օգնության ցուցաբերման հետ, հոգալ Կողմերի ներկայացուցիչների` մինչև նշանակման կետը հասնելու ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել (հոդված 6, կետ 1),
- որպես ընդունող Կողմ՝ հոգալ համատեղ գիտաժողովների, սեմինարների, աշխատանքային խորհրդակցությունների, ուսումնական վարժանքների և մարզումների կազմակերպման, ինչպես նաև Կողմերի ներկայացուցիչների տեղաշարժի հետ կապված ծախսերը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել (հոդված 6, կետ 2),
- որպես հարցում ստացած Կողմ, ամենասեղմ ժամկետներում դիտարկել հարցումը և հարցում կատարող մյուս Կողմին տեղեկացնել օգնության ցուցաբերման հնարավորության, ձևի, ծավալի, պայմանների մասին` նշելով օգնության ցուցաբերման խմբերի կազմը, փորձագետների մասնագիտությունները և ներկրվող գույքի ու փրկարարական սարքավորումների կազմը, արտակարգ իրավիճակի գոտի հասնելու համար կիրառվող փոխադրամիջոցի տեսակը և պետական սահմանի հատման նախատեսվող կետը (հոդված 7, կետ 4),
- որպես հարցում կատարող Կողմ՝ հոգալ տրամադրող մյուս Կողմի օգնության ցուցաբերման խմբերի կեցության, ինչպես նաև սննդի ծախսերը` Համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով (հոդված 8, կետ 1),
- որպես հարցում կատարող Կողմ՝ ապահովել տրամադրող մյուս Կողմի օգնության ցուցաբերման խմբերի բժշկական սպասարկումը տվյալ Կողմի տարածքում գտնվելու ընթացքում (հոդված 8, կետ 2),
- որպես հարցում կատարող Կողմ՝ իրեն օգնություն ցուցաբերելու հարցումը չեղարկելու պարագայում, օգնության ցուցաբերման հարցումը չեղարկելու պահից 34 օրացուցային օրվա ընթացքում փոխհատուցել տրամադրող մյուս Կողմի կրած ծախսերը՝ կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ հաշվետվության հիման վրա (հոդված 8, կետ 3),
- որպես տրամադրող Կողմ հանդես գալու պարագայում՝ ապահովել օգնության ցուցաբերման խմբերի անդամների ապահովագրությունը, որի ձևակերպման ծախսերը ներառվում են օգնության ցուցաբերման ընդհանուր ծախսերում (հոդված 8, կետ 4),
- արտակարգ իրավիճակների վերացման ընթացքում օգնությունը ցուցաբերել օգնության ցուցաբերման խմբեր, բժշկական խմբեր, սարքավորումներ և փրկարարական միջոցներ, բժշկական դեղամիջոցներ ուղարկելու միջոցով՝ կախված արտակարգ իրավիճակի բնույթից և ծավալներից (հոդված 9, կետ 1),
- որպես տարանցման պետություն հանդես գալու պարագայում՝ համաձայն Կողմի մաքսային օրենսդրության, նպաստել տվյալ Կողմի տարածքով դեպի երրորդ պետություններ տրամադրող մյուս Կողմի վթարափրկարարական կազմավորումների, գույքի և նյութական ապահովման ապրանքների անարգել փոխադրմանը` այդ պետությունների հետ արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում կնքված համագործակցության մասին համաձայնագրերի հիման վրա (հոդված 10),
- անհրաժեշտության դեպքում, որպես հարցում կատարած Կողմ, տրամադրող մյուս Կողմի օգնության ցուցաբերման խմբերին տրամադրել թարգմանիչներ և կապի միջոցներ, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը (հոդված 11, կետ 6),
- օգնության ցուցաբերման խմբերի հնարավորինս շտապ ժամանման նպատակով պարզեցնել պետական սահմանի հատման պայմանները (հոդված 12, կետ 1),
- ապահովել, որպեսզի արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ գույքն ու փրկարարական սարքավորումները, որոնք ներկրվում են համապատասխան Կողմի տարածք կամ արտահանվում են այդ տարածքից, մաքսային ընթացակարգերն անցնեն առաջնահերթության կարգով՝ տվյալ Կողմի օրենսդրությանը համապատասխան (հոդված 13, կետ 1),
- որպես տրամադրող Կողմ՝ օգնության ցուցաբերման խմբերին արգելել հարցում կատարող մյուս Կողմի տարածք ներկրել կամ այդ տարածքից արտահանել որևէ ապրանք՝ բացի գույքից և փրկարարական սարքավորումներից (հոդված 13, կետ 3),
- որպես տրամադրող Կողմ՝ ապահովել, որպեսզի օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտից հետո ներկրված գույքն արտահանվի հարցում կատարող մյուս Կողմի տարածքից (հոդված 13, կետ 4),
- որպես հարցում կատարող Կողմ՝ ապահովել, որպեսզի բժշկական օգնության ցուցաբերման խմբերն անհրաժեշտության դեպքում մյուս Կողմի տարածք ներկրեն թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող անհրաժեշտ քանակությամբ բժշկական դեղամիջոցներ՝ այդ նյութերի անվանացուցակը, քանակները և օգտագործման վայրը պարտադիր կերպով համաձայնեցնելով մյուս Կողմի՝ թմրանյութերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հետ (հոդված 13, կետ 5),
- որպես տրամադրող Կողմ՝ ապահովել, որպեսզի թմրանյութեր և հոգեմետ նյութեր պարունակող չօգտագործված բժշկական դեղամիջոցներն արտահանվեն հարցում կատարող մյուս Կողմի տարածքից (հոդված 13, կետ 7),
- որպես հարցում կատարող Կողմ՝ թույլատրել օդանավերի թռիչքներ մյուս Կողմի տարածքի որոշակի կետում (հոդված 14, կետ 2),
- որպես հարցում կատարող Կողմ՝ հատուցել տրամադրող մյուս Կողմի՝ օգնության ցուցաբերման հետ կապված ծախսերը, եթե այդ Կողմի հետ այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել (հոդված 16, կետ 1),
- տրամադրող Կողմին ազատել օդանավերի թռիչքի, վայրէջքի, օդանավակայանում կայանման և այնտեղից թռիչքի, ինչպես նաև թռիչքների կառավարման ծառայությունների համար վճարից (հոդված 16, կետ 2),
- որպես հարցում կատարող Կողմ՝ փոխհատուցել օդանավերի վառելիքի ծախսերը, եթե մյուս Կողմի հետ այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել (հոդված 16, կետ 3),
- որպես հարցում կատարող Կողմ՝ տրամադրող մյուս Կողմին վճարել փոխհատուցում մարդկանց զոհվելու կամ հաշմանդամ դառնալու, ինչպես նաև մյուս Կողմի սարքավորումները կամ այլ սեփականությունը վնասելու կամ ոչնչացնելու դեպքերում, եթե այդ վնասը հասցվել է Համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրները լուծելիս: Փոխհատուցման չափերի մասին յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ձեռք բերել առանձին պայմանավորվածություն (հոդված 17, կետ 1),
- որպես հարցում կատարող Կողմ՝ մյուս Կողմի օրենսդրությանը համապատասխան փոխհատուցել տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբի անդամի կողմից հարցում կատարող Կողմի տարածքում Համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրները լուծելիս իրավաբանական կամ ֆիզիկական անձին հասցված վնասը (հոդված 17, կետ 2),
- որպես տրամադրող Կողմ՝ մյուս Կողմի օրենսդրությանը համապատասխան հատուցել օգնության ցուցաբերման խմբի անդամի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ պատճառված վնասը՝ անկախ մեղավորության աստիճանից (հոդված 17, կետ 3),
- Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը և օգնության ցուցաբերումն իրականացնել Կողմերի օրենսդրությամբ նախատեսված բյուջետային միջոցների սահմաններում (հոդված 18):
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին, մասնավորապես՝ նպատակաուղղված են պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2018 թվականի սեպտեմբերի 12-ին Ալմաթիում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Հ. Թովմասյան |
23 ապրիլի 2019 թվականի ՍԴՈ-1457 |