ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
23 ապրիլի 2019 թ. |
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաս-տանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ա. Ավանեսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի փետրվարի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում՝ երկու երկրների ներդրողների համար հավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա բարենպաստ պայմաններ ստեղծելու և գործարար նախաձեռնությունների խթանման նպատակով:
Համաձայնագիրն ունի երկու հավելված, որոնք Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● խրախուսել և բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ տարածքում կորեական կողմի ներդրողների կողմից ներդրումներ կատարելու համար և ընդունել այդ ներդրումները` ՀՀ օրենքներին և կանոնակարգերին համապատասխան (հոդված 2(1)),
● կորեական կողմի ներդրողի ներդրումներին տրամադրել միջազգային սովորութային իրավունքին համապատասխան ռեժիմ, ներառյալ՝ արդարացի ու հավասար ռեժիմ և լիարժեք պաշտպանություն ու անվտանգություն (հոդված 2, (2)),
● չձեռնարկել կորեական կողմի ներդրողների կողմից իրականացվող ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման և տնօրինման դեմ ուղղված որևէ անհիմն կամ խտրական գործողություններ, ինչպես նաև կորեական կողմի ներդրողների կողմից իրականացվող ներդրումների նկատմամբ չսահմանել անհիմն կամ խտրական գործողություններ՝ կապված տեղական բաղադրիչի, տեխնոլոգիայի փոխանցման կամ արտահանում իրականացնելու պահանջների հետ (հոդված 2, (5)),
● ՀՀ տարածքում կորեական կողմի ներդրողների նկատմամբ, իրենց ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման կամ տնօրինման մասով, սահմանել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որը տրամադրվում է ՀՀ սեփական ներդրողներին (այսուհետ՝ ազգային ռեժիմ) կամ ցանկացած երրորդ պետության ներդրողներին (այսուհետ՝ առավել բարենպաստ ռեժիմ) նույնանման պայմաններում՝ կախված այն հանգամանքից, թե դրանցից որն է առավել բարենպաստ (հոդված 3, (1)),
● ՀՀ տարածքում կորեական կողմի ներդրողների կողմից ՀՀ օրենքներին և կանոնակարգերին համապատասխան կատարված ներդրումների նկատմամբ, այդ ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման կամ տնօրինման մասով, սահմանել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որը տրամադրվում է ՀՀ սեփական ներդրողների ներդրումներին (ազգային ռեժիմ) կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումներին (առավել բարենպաստ ռեժիմ) նույնանման պայմաններում՝ կախված այն հանգամանքից, թե դրանցից որն է առավել բարենպաստ (հոդված 3 (2)),
● ապահովել, որ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ազգային ռեժիմը և առավել բարենպաստ ռեժիմը չտարածվեն, նույն հոդվածի 4-րդ կետում շարադրված դեպքերի վրա (հոդված 3(4)),
● առավել հստակության համար ապահովել, որ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված առավել բարենպաստ ռեժիմը չտարածվի Համաձայնագրի 11-րդ հոդվածի վրա (հոդված 3 (6)),
● կորեական կողմի ներդրողներին, ովքեր ներդրում կատարելու արդյունքում կորուստներ են կրել ՀՀ տարածքում պատերազմի կամ այլ զինված ընդհարման, ազգային մակարդակով արտակարգ իրավիճակի, ապստամբության, խռովության, զանգվածային անկարգությունների կամ այլ նմանատիպ իրավիճակների պատճառով, տրամադրել կորուստների վերականգնման, հատուցման, փոխհատուցման կամ որևէ այլ ձևով լուծման կապակցությամբ այնպիսի ռեժիմ, որը ոչ պակաս բարենպաստ է, քան այն ռեժիմն է, որը հայկական կողմը տրամադրում է իր սեփական ներդրողներին կամ որևէ երրորդ պետության ներդրողներին (հոդված 4 (1)),
● չսահմանափակելով Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները` կորեական կողմի ներդրողներին, որոնք այդ կետում նշված որևէ իրավիճակի հետևանքով ՀՀ տարածքում կրում են այնպիսի կորուստներ, որոնք առաջացնում են Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում շարադրված հետևանքներ՝ տրամադրել վերականգնում, փոխհատուցում կամ այդպիսի կորուստների դիմաց համապատասխան դեպքում՝ երկուսը միասին: Ցանկացած փոխհատուցում տրամադրել պատշաճ ժամանակին, համարժեք և արդյունավետ՝ Համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան, mutatis mutandis (հոդված 4 (2)),
● ապահովել, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն չօտարվի կամ չազգայնացվի որևէ ներդրում օտարմանը կամ ազգայնացմանը (այսուհետ՝ «օտարում») համարժեք գործողություններով՝ բացառությամբ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված դեպքերի, ինչպես նաև ապահովել Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի (c) ենթակետով սահմանված փոխհատուցման վճարումը նույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով (հոդված 5 (1, 2)),
● ապահովել, որ օտարումից տուժած կորեական կողմի ներդրողները ունենան ՀՀ դատական կամ այլ անկախ մարմնի կողմից իրենց գործի անհապաղ քննության և Համաձայնագրի 5-րդ հոդվածով սահմանված սկզբունքներին համապատասխան իրենց ներդրումների գնահատման իրավունք (հոդված 5 (5)),
● ապահովել, որ Համաձայնագրի 5-րդ հոդվածը չկիրառվի մտավոր սեփականության իրավունքների առնչությամբ (հոդված 5 (6)),
● կորեական կողմի ներդրողի համար երաշխավորել դեպի ՀՀ տարածք և ՀՀ տարածքից դուրս կատարվող ներդրումների հետ կապված բոլոր վճարումների ազատ փոխանցումը (հոդված 6 (1)),
● օտարերկրացիների մուտքին և կացությանը վերաբերող օրենքներին և կանոնակարգերին համապատասխան՝ թույլատրել կորեական կողմի ներդրող հանդիսացող ֆիզիկական անձանց և կորեական կողմի ներդրողների կողմից աշխատանքի ընդունված անձնակազմին մուտք գործել և մնալ ՀՀ տարածքում՝ ներդրումների հետ կապված գործունեության մեջ ներգրավվելու նպատակով (հոդված 9),
● կորեական կողմի հետ վեճերը լուծել Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված կարգով (հոդված 10),
● հայկական կողմի և կորեական կողմի ներդրողի միջև ներդրումների հետ կապված վեճերը լուծել Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով (հոդված 11):
3. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Համաձայնագրում հղում է կատարվել հետևյալ միջազգային փաստաթղթին. «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագրին («ՄՍԻԱՀ» համաձայնագիր), որը 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովի Ն-322-2 որոշմամբ (16.12.2002 թ. ՍԴՈ-401) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում:
4. Համաձայնագրի վավերացումը բխում է ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածում ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու սկզբունքից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2018 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Հ. Թովմասյան |
23 ապրիլի 2019 թվականի ՍԴՈ-1456 |