ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ6/0052/05/15 Դատավորներ՝ Ք. Մկոյան
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ6/0052/05/15
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան
Ա. Աբովյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | |
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2018 թվականի փետրվարի 14-ին
քննարկելով ըստ հայցի «ՋՈՋ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` ստուգման ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.04.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է առ ոչինչ ճանաչել Կոմիտեի Տաշիրի տարածքային հարկային տեսչության 31.03.2011 թվականի թիվ 1012216 ստուգման ակտը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ալավերդյան) (այսուհետ` Դատարան) 09.02.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.04.2017 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու և բողոք բերելու իրավունքը վերականգնելու մասին Ընկերության ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել էհետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակն Ընկերությանն ուղարկելը հավաստող ապացույցը բացակայում է, իսկ վճռի վերջին էջի դարձերեսին Ընկերության ներկայացուցչի կողմից վճիռը ստանալու վերաբերյալ գրառումը, որում բացակայում է այն ստանալու ամսաթվի վերաբերյալ նշումը, չի կարող որևէ կերպ հիմնավորել այն հանգամանքը, որ Ընկերությունն այդ դատական ակտը ստացել է հենց 09.02.2017 թվականին և բողոքարկման մեկամսյա ժամկետի հոսքը սկսվել է հենց այդ պահից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 14.04.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի, դրա արդյունքում նաև՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատականսխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ուպարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն`վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի (...) դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները(...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը (...): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` (...) սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին։ Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև <Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէև կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացիայդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով ՄԻԵԴ-ի 14.12.1999 թվականի վճիռը, 35-36-րդ կետեր, Papon v. France գործով ՄԻԵԴ-ի 25.07.2002 թվականի վճիռը, 90-րդ կետ):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով ՄԻԵԴ-ի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):
Ավելին, ՄԻԵԴ-ն իր նախադեպային իրավունքում արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ եթե ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված է դատական որոշումը ծանուցելու՝ իրավասու մարմինների պարտականությունը, ապա դիմողի գանգատարկման իրավունքը չի կարող մերժվել, եթե ուշացումների պատճառն իշխանությունների պարտականությունների կատարումն է եղել, նույնիսկ եթե տեսականորեն դիմողն ունեցել է դատարանի որոշման մասին այլ աղբյուրներից տեղեկանալու հնարավորություն (տե՛ս, Davran v. Turkey գործով ՄԻԵԴ-ի 03.11.2009 թվականի վճիռը, կետեր 31-47):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հստակ նախատեսել է այն դատավարական ժամկետը, որի ընթացքում գործն ըստ էության լուծող դատական ակտը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով: Ըստ այդմ, գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Մյուս կողմից օրենսդիրը սահմանել է այդ կանոնը չպահպանելու իրավական հետևանքները, որոնք նախատեսված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որի համաձայն՝ վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացվելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները, գտնում է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բացթողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրը դատական ակտը գործին մասնակցող անձի փոխարեն այլ անձի, այդ թվում՝ վերջինիս ներկայացուցչին ուղարկելու հանգամանքը չի նախատեսել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության այլընտրանք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատական ակտը գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելը դատարանի հայեցողությունն է, սակայն այն չի կարող դիտարկվել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության պատշաճ կատարում, եթե գործին մասնակցող անձը նման միջնորդությամբ չի դիմել դատարան (տե՛ս, ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունն ընդդեմ Գայանե Սողոմոնյանի թիվ ՎԴ/8923/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.01.2015 թվականի որոշումը):
Ընդ որում, այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները։
ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տեԲս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 09.02.2017 թվականին: 09.02.2017 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն՝ կողմերը դատական նիստին չեն ներկայացել (հատոր 1-ին, գ.թ. 104): Գործում առկա չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դատավարության մասնակիցներին գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկելու վերաբերյալ ապացույց: Դատարանի վճռի` Ընկերության օրինակն առձեռն ստացել է վերջինիս ներկայացուցիչը, որի վերաբերյալ վճռի վերջին էջի դարձերեսին կատարվել է նշում (հատոր 1-ին, գ.թ. 109): Ընկերության ներկայացուցիչը, 21.03.2017 թվականին բերելով վերաքննիչ բողոք Դատարանի վճռի դեմ, ներկայացրել է նաև միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ վճիռն ստացել է 21.02.2017 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 11): Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության ներկայացուցչի վերոգրյալ միջնորդությունը, նշել է, որ սույն գործի նյութերում առկա չէ բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից 21.02.2017 թվականին ստանալու վերաբերյալ որևէ ապացույց, իսկ վճռի վերջին էջի դարձերեսին թեպետ առկա է վճիռն Ընկերության ներկայացուցչի կողմից ստացած լինելու վերաբերյալ գրառում, սակայն բացակայում է այն ստանալու ամսաթվի վերաբերյալ որևէ նշում:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, անտեսել է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն վարչական գործով կայացված վճիռն Ընկերությանն ուղարկված լինելու և այն նրա կողմից ստացված լինելու հանգամանքները, քանի որ դատարանի կողմից դատավարության մասնակցին վճիռի օրինակն ուղարկելը նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին: Հետևաբար նշված հանգամանքը պարզելուց հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող էր որոշել` հարգելի է արդյոք վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե` ոչ:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի կարգով վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել է Ընկերությանը, ինչպես նաև գործում բացակայում է վերջինս կողմից ներկայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը միայն իր ներկայացուցչին ուղարկելու վերաբերյալ դիմում: Հետևաբար Դատարանի կողմից վճռի օրինակը գործին մասնակցող անձի ներկայացուցչին առձեռն հանձնելը որևէ պարագայում չի կարող համարվել գործին մասնակցող անձին` տվյալ դեպքում Ընկերությանը, օրենքով սահմանված կարգով և ժամկետում վճռի տրամադրում, որպիսի հանգամանքը պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չի արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ Ընկերության ներկայացուցչի կողմից Դատարանի վճռի օրինակը ստանալու ամսաթվի վերաբերյալ որևէ նշում առկա չլինելու պարագայում Վերաքննիչ դատարանը հետևություններ չէր կարող անել այն ստանալու հստակ ամսաթվի վերաբերյալ, և այդ հանգամանքը չէր կարող մեկնաբանվել ի վնաս բողոք բերած անձի:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, սահմանափակել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորվածդատական պաշտպանության իրավունքը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.04.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան |
Վ. Ավանեսյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ռ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |