ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2573/02/11 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2573/02/11 |
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան |
Դատավորներ՝ |
Ա. Խառատյան |
Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի դեկտեմբերի 27-ին,
քննարկելով գործին մասնակից չդարձված անձ Մարինե Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Գառնիկ Կուրղինյանի, Մանյա Ալոյանի ընդդեմ Անահիտ և Միքայել Կուրղինյանների` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գառնիկ Կուրղինյանը և Մանյա Ալոյանը պահանջել են իրենց ճանաչել Հարություն Կուրղինյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Կոմիտասի 34-րդ շենքի թիվ 53 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/5 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ, ինչպես նաև այդ բաժնեմասի նկատմամբ ճանաչել իրենց սեփականության իրավունքը:Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 17.07.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.09.2013 թվականի որոշմամբ վերադարձվել է գործին մասնակից չդարձված անձ Մարինե Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Մարինե Բաղդասարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ, 1216-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ նշված գործը Մարինե Բաղդասարյանի իրավունքներին և պարտականություններին չի վերաբերել, և տվյալ դատական ակտով չեն խախտվել վերջինիս իրավունքները` անտեսելով վերաքննիչ բողոքում Մարինե Բաղդասարյանի կողմից վկայակոչված փաստարկները` Հարություն Կուրղինյանի՝ առաջին հերթի ժառանգ հանդիսանալու և նրա ժառանգությունը փաստացի տիրապետման եղանակով ընդունելու վերաբերյալ։ Արդյունքում` Վերաքննիչ դատարանը խախտել է Մարինե Բաղդասարյանի` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2013 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ»։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանն այն գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի` արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցին, ապա այն պետք է գնահատման առարկա դարձվի և պարզվի ՀՀ վերաքննիչ դատարանում՝ գործի քննության փուլում:
Վերաքննիչ դատարանը Մարինե Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վերջինս չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ սույն քաղաքացիական գործը վերաբերել է իր իրավունքներին և պարտականություններին: «Մասնավորապես, բողոք բերողը նշել է, որ դատարանն իրեն գործին մասնակից չի դարձրել այն պայմաններում, երբ ինքը հանդիսանում է վիճելի բնակարանի համասեփականատերերից Հարություն Կուրղինյանի իրավահաջորդը, մինչդեռ չի ներկայացրել Հարություն Կուրղինյանի ժառանգությունն ընդունած ժառանգ հանդիսանալու վերաբերյալ որևէ ապացույց»: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ հնարավոր չէ որոշել, թե որքանով է կայացված դատական ակտն առնչվում բողոք բերողի իրավունքներին և պարտականություններին, և արդյոք նրան գործի քննությանը մասնակից չդարձնելն ազդել է գործի ելքի վրա:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված հետևությունն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Երևանի Կոմիտասի 34-րդ շենքի թիվ 53 բնակարանի սեփականատերերն են Հարություն Կուրղինյանը (մահացել է 14.11.2007 թվականին), Գառնիկ Կուրղինյանը, Մանյա Ալոյանը, Անահիտ և Միքայել Հարությունի Կուրղինյանները։
Վերաքննիչ բողոքին կից ներկայացված թիվ 360639 ամուսնության վկայականի համաձայն` Մարինե Բաղդասարյանը և Հարություն Կուրղինյանն ամուսնացել են 1976 թվականին։
Սույն գործով հայցվորներ Գառնիկ Կուրղինյանը և Մանյա Ալոյանը ներկայացրել են Հարություն Կուրղինյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Կոմիտասի 34-րդ շենքի թիվ 53 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/5 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջ և որպես պատասխանողներ ներգրավել են միայն Հարություն Կուրղինյանի զավակներին` Անահիտ և Միքայել Կուրղինյաններին: Գործը քննվել և այն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է գործին մասնակցող անձանց վերը նշված կազմով: Մարինե Բաղդասարյանը, ով հանդիսանում է ժառանգատու Հարություն Կուրղինյանի կինը, հետևաբար և վերջինիս առաջին հերթի ժառանգը, գործին մասնակից չի դարձվել։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բողոքին կից ներկայացված ապացույցները, մասնավորապես` Մարինե Բաղդասարյանի` Հարություն Կուրղինյանի առաջին հերթի ժառանգ հանդիսանալու փաստն առերևույթ վկայում են, որ Դատարանի 17.07.2012 թվականի վճիռը կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին: Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Մարինե Բաղդասարյանը չի ներկայացրել Հարություն Կուրղինյանի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ որևէ ապացույց, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված փաստը ենթակա է պարզման ոչ թե բողոքը վարույթ ընդունելու, այլ ՀՀ վերաքննիչ դատարանում գործի քննության փուլում:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարինե Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը պետք է վարույթ ընդունվեր և պարզվեր, թե արդյոք բողոքարկվող դատական ակտը վերաբերում է նրա իրավունքներին կամ պարտականություններին:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Գ. Հակոբյան Ե. Սողոմոնյան
Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան