ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գործ թիվ ՍԴ3/0226/01/14 |
ՍԴ3/0226/01/14 |
Նախագահող դատավոր՝ Կ.Ղազարյան |
Դատավորներ՝ |
Վ. Ռշտունի |
Մ. Պապոյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
ա. պողոսՅԱՆԻ | |
Հ. Ասատրյանի | ||
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | |
մասնակցությամբ պաշտպան |
Ա. ԱՊՐԵՍՅԱՆԻ | |
ամբաստանյալ |
Ա. ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻ |
2016 թվականի նոյեմբերի 1-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արտեմ Արմենի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հունվարի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի և ամբաստանյալի պաշտպան Ա.Ապրեսյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
1. 2014 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարության առաջին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Ս.Բաղդասարյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 90967314 քրեական գործը:
2014 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ Արտեմ Հարությունյանը ներգրավել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
2014 թվականի նոյեմբերի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 21-ի դատավճռով Ա.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով վերջինիս նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Հարությունյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել պաշտպան Ա.Ապրեսյանը, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու և Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 21-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու մասին:
Ամբաստանյալ Ա.Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով արդարացվել է` ապացույցների անբավարարության հիմքով, իսկ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը` 4 տարի ժամկետով ազատազրկումը, թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի հունվարի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը (այսուհետ` նաև Առաջին բողոքաբեր) և ամբաստանյալի պաշտպան Ա.Ապրեսյանը (այսուհետ` նաև Երկրորդ բողոքաբեր):
Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Առաջին և Երկրորդ բողոքաբերների վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ա.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա, հանդիսանալով ՊԲ թիվ 35383 զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 3-րդ մարտկոցի 1-ին հաշվարկի համար, ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2014 թվականի սեպտեմբերի 10-ին` ժամը 09:00-ի սահմաններում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու, այն է` նույն հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ստեփան Գեղամի Վասիլյանի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, «Տիգրանակերտ» ուսումնական կենտրոնի հավաքակայանում հրանոթը ոչ ճիշտ եղանակով մաքրելու, ինչպես նաև աշխատանքը ընդհատելու համար իրեն դիտողություն անելու կապակցությամբ առաջացած զրույցի ընթացքում «քյալ» անվանելու համար, Ստեփան Վասիլյանի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դիտավորությամբ, մարտկոցի վրանում որպես զենք օգտագործվող սաղավարտի գործադրմամբ, բռնություն է գործադրել իր նկատմամբ անմիջական պետ հանդիսացող, կրտսեր սերժանտ Ստեփան Վասիլյանի նկատմամբ՝ սաղավարտով հարվածել նրա գլխին` Ստեփան Վասիլյանի առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 71):
6. Փորձագետի՝ 2014 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 1635/հ եզրակացության համաձայն` «(…) Ստեփան Վասիլյանի մարմնական վնասվածքներն ըստ բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների` գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդի, էպիդուրալ արյունազեղման, ճակատոսկրի, հիմոսկրի կոտրվածքների ձևով, հասցվել են բութ, կոշտ առարկայով, հնարավոր է որոշմամբ նշված ժամկետում և հանգամանքում, որն առաջացրել է առողջության ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 59-60):
Առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում փորձագետ Իշխան Մելքոնյանը նշված եզրակացության կապակցությամբ պարզաբանում է տվել այն մասին, որ «(…) [Ն]շված եզրակացությունն ինքը տվել է բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների հիման վրա: Մասնավորապես՝ նշված եզրակացության հիմքում ընկած է եղել 2014 թվականի սեպտեմբերի 15-ին կատարված համակարգչային շերտազատման տվյալները: Համակարգչային շերտազատման արդյունքների սկավառակը իր կողմից որևէ մասնագետի ուսումնասիրության չի ուղարկվել, քանի որ տվյալ դեպքում արդեն իսկ առկա է եղել նեղ մասնագետի` ռադիոլոգի տված եզրակացությունը՝ հայտնաբերված վնասվածքների վերաբերյալ, ինչն իր համար բավարար է եղել փորձաքննություն կատարելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 7):
7. «Էրեբունի» ԲԿ ռադիոլոգիայի բաժանմունքի` 2015 թվականի փետրվարի 16-ի գրության համաձայն` «Ներկայացված 11.09.2014թ. [ԼՂՀ ԱՆ համապատասխան ԲԿ ՓԲԸ-ում] Ստեփան Վասիլյանի գլխուղեղի ԿՏ հետազոտությունը SD-ով առանց վերակառուցման: 4.8մմ շերտի կտրվածքի հաստությամբ և վերակառուցման բացակայությունը հնարավորություն չի տալիս տվյալ հետազոտության մեջ հատուկ դատել կոտրվածքների և արյունազեղման առկայությանը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 33, 35):
«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի գլխավոր ռադիոլոգ Ա.Քոչարյանի` 2015 թվականի փետրվարի 13-ի գրության համաձայն՝ «Նկարագրված 11.09.2014թ. [ԼՂՀ ԱՆ համապատասխան ԲԿ ՓԲԸ-ում կատարված Ստեփան Վասիլյանի] գլխուղեղի ԿՏ հետազոտության մեջ տեսանելի ծավալային գոյացություններ և օջախային ախտահարումներ չեն հայտնաբերվել: (…) ԿՏ բնութագիրը առանց տեսանելի էական փոփոխությունների է: Հաստատման համար խորհուրդ է տրվում կրկնակի հետազոտություն (...)», իսկ 2015 թվականի հուլիսի 15-ի գրության համաձայն՝ «(...) Ստեփան Վասիլյանի մոտ մարմնական վնասվածքի առկայության կամ բացակայության մասին (...) 11.09.14թ. ԿՏ տվյալների հիման վրա [տեղեկատվություն տալը] հնարավոր չէ միանշանակ բավարարել: Պատճառը ինչպես մեթոդի սահմանափակ լինելն է, այնպես էլ կիրառված տեխնոլոգիայի ոչ լիարժեք համապատասխանությունը բարձրացված խնդիրների լուծման տեսանկյունից: Այդ իսկ պատճառով, վերոհիշյալ վերապահումներով կարելի է եզրակացնել, որ ԿՏ հետազոտության արդյունքում մարմնական վնասվածքի տեսանելի հավաստի նշանները բացակայում են» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 30, 32, 94):
«Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոն Երևան» ՍՊ ընկերության` 2015 թվականի հուլիսի 6-ի թիվ 34 գրության համաձայն` «(...) [Ստեփան Վասիլյանի գլխուղեղի` 2014 թվականի սեպտեմբերի 10-ին և 11-ին ԼՂՀ ԱՆ ԲԿ ՓԲԸ-ում կատարված ԿՏ հետազոտության պատկերները] կատարված են 4.88մմ քայլով: Պատկերները վերծանելու և ախտաբանական փոփոխությունների, այդ թվում վնասվածքների առկայության կամ բացակայության մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է ստացված պատկերների 0.75մմ քայլով ռեկոնստրուկցիա: Հետևաբար, պատասխանել վնասվածքների առկայության կամ բացակայության մասին (...) հնարավոր չէ, քանի որ ներկայացված կրիչները ԿՏ պատկերների 0.75մմ քայլով ռեկոնստրուկցիա չեն պարունակում, մինչդեռ բժշկական ճշգրիտ ախտորոշման համար դրանք պարտադիր են» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 90):
«Նաիրի» ԲԿ-ի՝ 2015 թվականի հուլիսի 7-ի թիվ 101 գրության համաձայն` «(...) Գլխուղեղի ԿՏ հետազություն աքսիալ պատկերներով, որոնք իրականացվել են 4.8մմ հաստության շերտերով առանց լրացուցիչ ուղեկցող ռեկոնստրուկցիաների, գանգոսկրի կոտրվածքների մասին միանշանակ դատել հնարավոր չէ: Նշված հարցին առավել հստակ պատասխանելու նպատակով ցանկալի է պատկերներ առավել բարակ շերտերով, առնվազն 1.0մմ-1.5մմ և լրացուցիչ հետազոտություն: Ուղեղահյուսվածքում ԿՏ տեսանելի օջախային փոփոխություններ հետազոտման պատկերներում չի հայտնաբերվել: Գլխուղեղի միջային բաղկացուցիչ մասերի տեղաշարժ չի հայտնաբերվել: Լիկվորոդինամիկան խախտված չէ:» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 91):
8. Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով փորձագետի` 2014 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 1635/հ եզրակացությանը, գտել է, որ «(…) [Ա]յն հիմնավորված է, կասկած չի հարուցում, դրա հիմքում դրված ապացույցները չեն ճանաչվել ոչ հավաստի և չեն խախտվել այդ փորձաքննության կատարման դատավարական կանոնները: Ինչ վերաբերում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում իրականացված` Ստեփան Վասիլյանի գլխուղեղի համակարգչային շերտավորման արդյունքները պահպանված չլինելուն, ապա Դատարանը գտնում է, որ այն ինքնին չի կարող կասկածի տակ դնել կատարված հետազոտության արդյունքները:
Անդրադառնալով դատական քննության ընթացքում ամբաստանյալ Արտեմ Հարությունյանի տված այն ցուցմունքին, որ իր հարվածի արդյունքում Ստեփան Վասիլյանի առողջությանը չէր կարող պատճառվել ծանր վնաս, քանի որ հարվածը եղել է թույլ՝ Դատարանը հարկ է համարում նշել, որ այն չի կարող Ստեփան Վասիլյանի առողջությանը ծանր վնաս պատճառվելու հանգամանքը հերքող տվյալ համարվել, քանի որ դա ընդամենը ամբաստանյալ Արտեմ Հարությունյանի սուբյեկտիվ ենթադրությունն է: Ավելին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քրեական գործով վարույթում առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը կարող են հաստատվել միայն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը նախապես ստանալով և հետազոտելով, որպիսին տվյալ դեպքում հանդիսանում է փորձագետի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 1635/հ եզրակացությունը, համաձայն որի՝ Ստեփան Վասիլյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 114-115):
9. Վերաքննիչ դատարանի կողմից հրավիրված ՀՀ առողջապահության նախարարության ախտորոշիչ ճառագայթաբանության գլխավոր մասնագետ Արամ Քոչարյանը հայտնել է, որ «(…) [Ն]երկայացված երկու ԿՏ հետազոտություններում բացակայում են հավաստի տվյալներ այն մասին, որ անձի մոտ առկա է կոտրվածք: Որպեսզի պարզվի կոտրվածքի առկայությունն անհրաժեշտ է կրկին կատարել հետազոտություն: Սակայն նոր հետազոտություն կատարել չի թույլատրվում, քանի որ ճառագայթային հետազոտության անհրաժեշտությունը բխում է միայն բժշկական ցուցումներից: Եթե բժշկական ցուցումից բացի կատարվում է ճառագայթային մեթոդով որևէ հետազոտություն, ապա պետք է առկա լինեն որոշ հանգամանքներ, առաջինը դա էթիկայի հանձնաժողովի թույլտվությունն է, իսկ երկրորդը` անձի համաձայնությունը, որպեսզի կատարվի այդ հետազոտությունը: Ըստ ՄԱԳԱՏԵ-ի ցուցումների միայն բժշկի ցուցումի հիման վրա կարող է կատարվել ճառագայթային հետազոտություն: Ոչ բժշկական անձնակազմը, ոչ հիվանդները, ոչ էլ կամավորները իրավասու չեն կատարել որևէ ճառագայթային հետազոտություն, քանի դեռ չկա բժշկական ցուցում: Այն դեպքում, երբ անձը կամավոր ցանկանում է կատարել ճառագայթային հետազոտություն, էթիկայի հանձնաժողովը կարող է թույլ չտալ կատարել հետազոտություն:
Ճառագայթային հետազոտությունն իրենից ներկայացնում է որոշակի վտանգ` հետագայում զարգացող բարդությունների հետ կապված, մասնավորապես ուռուցքի առաջացում: (...) [Տ]ուժողի ԿՏ հետազոտության սկավառակի պարամետրերը թույլ չեն տալիս, որ միանշանակ պնդել կա կոտրվածք, թե ոչ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 58-59):
10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է` «(…) [Ք]րեական գործով ձեռք բերված և դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները բավարար չեն ամբաստանյալ Արտեմ Հարությունյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք, այն է` Ա.Հարությունյանի հարվածի արդյունքում Ստեփան Վասիլյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
(…)
Համաձայն փորձագետի 2014թ. հոկտեմբերի 6-ի թիվ 1635/հ եզրակացության, Ստեփան Վասիլյանին պատճառվել է առողջության ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Համաձայն «Էրեբունի» ԲԿ ռադիոլոգիայի բաժանմունքի, «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի գլխավոր ռադիոլոգ Արամ Քոչարյանի, «Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոն Երևան» ՍՊ ընկերության և «Նաիրի» ԲԿ-ի գրությունների կատարված հետազոտության արդյունքերով վնասվածքների առկայության կամ բացակայության մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է ստացված պատկերների 0.75 քայլով ռեկոնստրուկցիան, հետևաբար պատասխանել վնասվածքի առկայության կամ բացակայության մասին հնարավոր չէ:
Համաձայն` մասնագետ Արամ Քոչարյանի արտահայտած դիրքորոշման` ԿՏ հետազոտության սկավառակի հետազոտությամբ հնարավոր չէ միանշանակ պնդել արդյոք կա կոտրվածք, թե ոչ:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ վերը նշված հակասական հանգամանքներն ինքնին բավարար են ապացույցների անբավարարության հիմքով Արտեմ Հարությունյանին անմեղ ճանաչելու և արդարացնելու համար: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 61):
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Առաջին բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը 2016 թվականի հունվարի 25-ի որոշմամբ թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ, 107-րդ, 108-րդ, 114-րդ և 127-րդ հոդվածների պահանջները:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 84-րդ և 85-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումները` բողոք բերած անձը նշել է, որ մասնագետի կարծիքն ինքնին ապացույց չէ և չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը: Բացի այդ, մասնագետի կարծիքը կարող է տրվել առանց որևէ հետազոտություն կատարելու, մինչդեռ փորձագետի եզրակացությունը տրվում է համապատասխան հետազոտության հիման վրա, փորձագետն իրավունք ունի վարույթն իրականացնող մարմնից պահանջելու անհրաժեշտ օբյեկտներ, նմուշներ, ծանոթանալու վարույթի վերաբերելի նյութերին, հարցեր տալու մեղադրյալին, տուժողին, վկային և այլն: Փորձագետի և մասնագետի տարբերությունը կայանում է նաև նրանում, որ մասնագետը նշանակվում է ոչ թե եզրակացություն տալու, այլ քննչական կամ այլ դատավարական գործողություններին աջակցելու նպատակով:
11.1 Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածը (առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը կարող են հաստատվել միայն դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ)` բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործով դատաբժշկական փորձագետի եզրակացության համաձայն՝ ամբաստանյալ Ա.Հարությունյանի գործողությունների հետևանքով տուժող Ս.Վասիլյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով «Էրեբունի» ԲԿ ռադիոլոգիայի բաժանմունքի, «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի գլխավոր ռադիոլոգ Ա.Քոչարյանի, «Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոն Երևան» ՍՊԸ-ի և «Նաիրի» ԲԿ-ի գրությունները, ինչպես նաև Վերաքննիչ դատարանում որպես մասնագետ ներգրավված՝ ՀՀ առողջապահության նախարարության ախտորոշիչ ճառագայթաբանության գլխավոր մասնագետ Արամ Քոչարյանի դիրքորոշումը, այն է` առանց ռենտգեն հետազոտության և համապատասխան ռեկոնստրուկցիայի հնարավոր չէ հետևության հանգել վնասվածքի առկայության կամ բացակայության մասին, ոչ իրավաչափորեն արձանագրել է, որ նշված հակասական հանգամանքները հիմք են ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ Ա.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու համար:
11.2. Հաշվի առնելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի հունվարի 25-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:
12. Երկրորդ բողոքաբերի կարծիքով՝ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ և 70-րդ հոդվածների պահաջների խախտումներ:
Մասնավորապես, բողոքի հեղինակն ընդգծել է, որ դատարանները Ա.Հարությունյանի նկատմամբ պատիժ նշանակելիս պատշաճ գնահատականի չեն արժանացրել ամբաստանյալի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքներ: Այսպես` ամբաստանյալն օժանդակել է գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն, տվել է ճիշտ ցուցմունքներ, զղջացել է կատարած արարքի համար, երիտասարդ է, դատվածություն չունի, ունի առողջական (լսողական) խնդիր, զինծառայությանը պիտանի է ճանաչվել սահմանափակումներով, բնութագրվում է դրական, դեպքից հետո բարեխղճորեն շարունակել է զինվորական ծառայությունը, վերջինիս արարքը պայմանավորված է եղել տուժողի հակաօրինական վարքագծով:
Բողոքաբերը նշել է նաև, որ ամբաստանյալը Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի երկրորդ կուրսի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի 1-ին կուրսի ուսանող է, ըստ ՀՀ ՊՆ 88863 զորամասից տրված բնութագրի` ծառայության ընթացքում իրեն դրսևորել է դրական, իսկ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն: Բացի այդ, Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում տուժողը հայտնել է, որ Ա.Հարությունյանից որևէ պահանջ չունի և չի ցանկանում, որ նա ենթարկվի պատասխանատվության:
Բողոքաբերի պնդմամբ՝ նշված հանգամանքներն իրենց համակցությամբ նվազեցնում են հանցանքի և հանցավորի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և վկայում ամբաստանյալի ուղղված լինելու մասին:
12.1. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժի մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել ու փոփոխել, Ա.Հարությունյանի նկատմամբ 4 տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան կամ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փորձագետի և մասնագետի՝ որպես քրեական դատավարությանը մասնակցող անձանց կարգավիճակի և նրանց լիազորությունների առանձնահատկությունների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Ա.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով արդարացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն`
«1. Մասնագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմինը նշանակում է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ՝ գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում իր մասնագիտական հմտությունները և գիտելիքներն օգտագործելով աջակցելու քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելիս:
(...)
4. Մասնագետը պարտավոր է`
(...)
5) օգտագործել իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքներն առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու գործում քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձին օգնություն ցույց տալու, ինչպես նաև նշված անձին, քրեական վարույթն իրականացնող մարմնին և դատարանի նիստին ներկա գտնվող կողմերին իր մասնագիտական իրավասության մեջ մտնող հարցեր պարզաբանելու համար, բացատրել իր գործողությունները.
(...)
6. Մասնագետն իրավունք ունի`
1) քրեական վարույթն իրականացնող մարմնի կամ քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձի թույլտվությամբ ծանոթանալ գործի նյութերին և հարցեր տալ ներկաներին.
2) ներկաների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքների վրա, որոնք կապված են առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու, ինչպես նաև իր մասնագիտական իրավասության մեջ մտնող հարցերի բովանդակության հետ (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն`
«1. Փորձագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կամ փորձաքննություն նշանակելու մասին որոշման համապատասխան` նշանակում է փորձագիտական հաստատության ղեկավարը` գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով գործի նյութերը հետազոտելու և դրա հիման վրա եզրակացություն տալու համար:
(...)
6. Փորձագետն իրավունք ունի`
1) քրեական վարույթն իրականացնող մարմնից եզրակացություն տալու համար պահանջել անհրաժեշտ օբյեկտներ, նմուշներ և այլ նյութեր` համեմատական հետազոտման համար.
2) քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ ծանոթանալ եզրակացություն տալու համար անհրաժեշտ նյութերին և գործի նյութերից դուրս գրել անհրաժեշտ տեղեկություններ, իր պարտականությունները պատշաճ կատարելու համար հարցեր տալ կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկաներին, ծանոթանալ փորձաքննության առարկային վերաբերող նյութերին, դրանցից դուրս գրել անհրաժեշտ տեղեկություններ. (…)»:
⚖Մեջբերված նորմերի վերլուծությունից երևում է, որ մասնագետը և փորձագետը դասվում են քրեադատավարական այն սուբյեկտների շարքին, ովքեր գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի որևէ բնագավառում իրենց ունեցած հատուկ գիտելիքներով և հմտություններով օժանդակում են գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքների բացահայտմանը, որոնք չեն կարող պարզվել առանց համապատասխան մասնագիտություն, որակավորում կամ փորձ ունեցող անձանց ներգրավվածության և համապատասխան գիտելիքների կիրառման:
Միևնույն ժամանակ մասնագետը և փորձագետը քրեադատավարական օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս օժտված են տարբեր իրավունքներով ու պարտականություններով, և վերջիններիս գործունեությունը տարբեր նպատակներ է հետապնդում: Մասնավորապես, փորձագետը համապատասխան հետազոտություն իրականացնելու և եզրակացություն տալու համար իրավունք ունի քրեական վարույթն իրականացնող մարմնից պահանջել անհրաժեշտ օբյեկտներ, նմուշներ և այլ նյութեր, ինչպես նաև վերջինիս թույլտվությամբ ծանոթանալու եզրակացություն տալու համար անհրաժեշտ նյութերին և գործի նյութերից դուրս գրելու անհրաժեշտ տեղեկություններ, ծանոթանալու փորձաքննության առարկային վերաբերող նյութերին և դրանցից դուրս գրելու տեղեկություններ:
Մինչդեռ մասնագետի հիմնական պարտականությունը իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքներն օգտագործելով առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու գործում քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձին օգնություն ցույց տալն է: Վերոնշյալով պայմանավորված` մասնագետի իրավունքների շրջանակը սահմանափակվում է վարույթն իրականացնող մարմնի կամ քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձի թույլտվությամբ գործի նյութերին ծանոթանալով և ներկաներին հարցեր տալով, ինչպես նաև առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու հետ կապված հանգամանքներին ներկաների ուշադրությունը հրավիրելով:
15.1. Անդրադառնալով մասնագետի և փորձագետի կողմից իրականացվող գործունեության հիմնական նպատակներին` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 84-րդ և 85-րդ հոդվածների վերլուծությունը ցույց է տալիս, որ փորձագետը հատուկ գիտելիքներն օգտագործում է հետազոտություն կատարելու և դրա արդյունքում եզրակացություն տալու համար, իսկ մասնագետն իր մասնագիտական հմտություններով ու գիտելիքներով աջակցում է վարույթն իրականացնող մարմնին քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելիս: Հետևաբար փորձաքննության արդյունքում փորձագետի կողմից կազմվող եզրակացությունը և մասնագետի կողմից տրվող կարծիքը նույնպես ունեն տարբեր իրավական բնույթ և նշանակություն:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարությունում որպես ապացույցներ թույլատրվում են`
(…)
6) փորձագետի եզրակացությունը.
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հադվածի համաձայն`«1. Փորձագետի եզրակացությունը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի որևէ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործմամբ գրավոր հիմնավորված հետևություններն են իրեն առաջադրած հարցերի, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այն հանգամանքների վերաբերյալ, որոնց նա հանգել է` գործի համապատասխան նյութերը հետազոտելով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243-րդ հոդվածի համաձայն`«(...) [Մ]ասնագետների (...) հատուկ գիտելիքների առկայությունը չի ազատում համապատասխան դեպքերում փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունից»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 250-րդ հոդվածի համաձայն` «1. Անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո փորձագետը կազմում է գրավոր եզրակացություն (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «(...) Մասնագետի հայտնած կարծիքը չի փոխարինում փորձագետի եզրակացությանը»:
Մեջբերված նորմերի համակարգված վերլուծությունը ցույց է տալիս, որ փորձագետի եզրակացությունը քրեական դատավարության օրենսդրությամբ հստակ կանոնակարգված գործողության արդյունք է: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ գլուխը մանրամասն կարգավորում է փորձաքննության նշանակման և կատարման հետ կապված հարցերը: Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի համաձայն` փորձաքննությունը կատարվում է վարույթն իրականացվող մարմնի որոշման հիման վրա, որտեղ, ի թիվս այլ հանգամանքների, պետք է շարադրվեն նաև փորձաքննության ուղարկվող իրեղեն ապացույցները, այլ օբյեկտները, փորձագետին առաջադրված հարցերը և անհրաժեշտ այլ տեղեկությունները: Համապատասխան նյութերի հետազոտության արդյունքում փորձագետը կազմում է գրավոր եզրակացություն, որը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն, ապացույցի ինքնուրույն տեսակ է:
Այսպիսով, փորձագետի եզրակացությունն իրենից ներկայացնում է գրավոր շարադրված հետևություններ, որտեղ փորձագետը հատուկ գիտելիքների կիրառմամբ կատարված հետազոտությունների հիման վրա պատասխանում է վարույթն իրականացնող մարմնի առաջադրած հարցերին:
16.1. Ինչ վերաբերում է մասնագետին, ապա վերջինս հետազոտություններ չի իրականացնում և եզրակացություն չի տալիս, այլ որևէ բնագավառում իր ունեցած հմտություններով և գիտելիքներով աջակցում է վարույթն իրականացնող մարմնին այս կամ այն քննչական կամ այլ դատավարական գործողությունը կատարելիս: Այլ խոսքով՝ վերջինիս կողմից տրվող կարծիքը ոչ թե հետազոտության արդյունք է, այլ կոնկրետ հարցի վերաբերյալ մասնագիտական գիտելիքների կամ փորձի վրա հիմնված դիրքորոշում: Ուստի պատահական չէ, որ օրենքով մասնագետի կարծիքը չի դիտվում որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, և այն չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը: Այն վարույթն իրականացնող մարմնի համար կարող է ունենալ ուղղորդող, խորհրդատվական նշանակություն:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործով վարույթում ստորև նշված հանգամանքները կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով`
1) մահվան պատճառը և առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը` դատաբժշկական փորձագետի եզրակացությունը.(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը համաձայն չեն փորձագետի եզրակացության հետ` վերջինիս ոչ բավարար չափով պարզ կամ լրիվ լինելու պատճառաբանությամբ, կարող են նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով նույն կամ մեկ ուրիշ փորձագետի:
2. Կրկնակի փորձաքննությունը կատարվում է, երբ փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ կամ կասկած է հարուցում, կամ ապացույցները, որոնց վրա հիմնված է եզրակացությունը, ճանաչվել է ոչ հավաստի կամ խախտվել են փորձաքննության կատարման դատավարական կանոնները: (…) Կրկնակի փորձաքննություն նշանակելիս փորձագետի առջև կարող է դրվել նախկին հետազոտությունների ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության հարցը: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` «Փորձագետի եզրակացությունը բավականաչափ պարզ կամ լրիվ չհամարվելու, ինչպես նաև փորձագետների միջև տարաձայնություններ լինելու դեպքում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն (…)»:
Միայն որոշակի ապացույցների առկայությամբ հաստատվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածում թվարկված հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը կարող է հաստատվել ոչ այլ կերպ, քան դատաբժշկական փորձագետի եզրակացությունը նախապես ստանալով և հետազոտելով: Այլ խոսքով՝ նշված դեպքում փորձաքննության նշանակումն ու կատարումը պարտադիր է, իսկ առողջությանը հասցված վնասի վերաբերյալ փորձագետի կողմից տրված եզրակացությանը որևէ փաստաթուղթ կամ ապացույցի այլ տեսակ չի կարող փոխարինել:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքում արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ եթե փորձագետի եզրակացությունը հիմնավորված, բավարար չափով հստակ կամ լրիվ չէ, ապա օրենսդիրը, հիմք ընդունելով փորձագետի եզրակացության՝ որպես որոշակի հանգամանքներ հաստատելու համար թույլատրելի ապացույցի անփոխարինելիությունը, վարույթն իրականացնող մարմնին օժտել է այդ պահանջների պահպանումն ապահովելու այնպիսի լծակներով, ինչպիսիք են, օրինակ, լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելը (տե՛ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի` Արայիկ Օնիկի Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԿԴ1/0006/01/14 որոշման 17-րդ կետը):
17.1. Վերահաստատելով Ա.Խաչատրյանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը և հաշվի առնելով համապատասխան օրենսդրական կարգավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն առաջանում է այն դեպքում, երբ փորձագետի եզրակացությունը հիմնավորված է, կասկած չի հարուցում, սակայն պարզ կամ լրիվ չէ: Իսկ կրկնակի փորձաքննություն նշանակվում է, երբ փորձագետի եզրակացությունն ինքնին կամ իր հիմքում դրված հանգամանքների ուժով կասկածելի է կամ հստակ չէ: Այլ կերպ ասած՝ կրկնակի փորձաքննություն նշանակվում է, երբ փորձագետի եզրակացության հիմնավորվածությունը և արժանահավատությունը կասկածի տակ է դրվում:
18. Անդրադառնալով սույն գործի փաստական հանագամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստայալ Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել որպես զենք օգտագործվող սաղավարտով կրտսեր սերժանտ Ս.Վասիլյանի գլխին հարվածելու և վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը, գնահատելով փորձագետի՝ 2014 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 1635/հ եզրակացությունը, գտել է, որ այն հիմնավորված է, կասկած չի հարուցում, դրա հիմքում դրված ապացույցները չեն ճանաչվել ոչ հավաստի, և չեն խախտվել այդ փորձաքննության կատարման դատավարական կանոնները: Ինչ վերաբերում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում իրականացված` Ս.Վասիլյանի գլխուղեղի համակարգչային շերտավորման արդյունքները պահպանված չլինելուն, ապա Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ այն ինքնին չի կարող կասկածի տակ դնել կատարված հետազոտության արդյունքները (տե՛ս սույն որոշման 6-րդ և 8-րդ կետերը):
Վերաքննիչ դատարանը, հիմնվելով «Էրեբունի» ԲԿ ռադիոլոգիայի բաժանմունքի, «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի, «Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոն Երևան» ՍՊ ընկերության, «Նաիրի» ԲԿ-ի գրությունների և ՀՀ ԱՆ ախտորոշիչ ճառագայթաբանության գլխավոր մասնագետ Արամ Քոչարյանի կարծիքի վրա, եզրահանգել է, որ փորձագետի եզրակացության և նշված գրություններում առկա հակասական հանգամանքները (մասնավորապես այն, որ կատարված հետազոտության արդյունքներով վնասվածքների առկայության կամ բացակայության մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է ստացված պատկերների 0.75 քայլով ռեկոնստրուկցիա, ուստի վնասվածքի առկայության կամ բացակայության հարցին հնարավոր չէ պատասխանել) ինքնին բավարար են Ա.Հարությունյանին ապացույցների անբավարարության հիմքով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով անմեղ ճանաչելու և արդարացնելու համար (տե՛ս սույն որոշման 7-րդ, 9-10-րդ կետերը):
19. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-17.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը տուժողի առողջությանը պատճառված վնասի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրահանգման է եկել հիմնվելով ոչ թե փորձագետի եզրակացության, այլ համապատասխան բժշկական կենտրոններից ստացված գրությունների և մասնագետի՝ դատարանում հայտնած կարծիքի վրա:
Մասնավորապես, հիմնվելով մասնագետների հայտնած կարծիքների վրա` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ փորձագետի կատարած հետազոտությամբ հնարավոր չէ հաստատված համարել տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառված լինելու հանգամանքը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը, փորձագետի՝ 2014 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 1635/հ եզրակացությունը քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով արժանահավատության և հիմնավորվածության տեսանկյունից գնահատելու փոխարեն, այն փոխարինել է մասնագետի կարծիքով, ինչն անթույլատրելի է: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանով Վերաքննիչ դատարանն անտեսել է քրեադատավարական օրենսդրությամբ առկա պահանջն առ այն, որ տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը կարող են հաստատվել միայն դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ, իսկ մասնագետի հայտնած կարծիքը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը: Ավելին՝ արդյունքում անպատասխան է մնացել, թե Ստեփան Վասիլյանի առողջությանն ինչ բնույթի և ծանրության աստիճանի վնաս է պատճառվել այն պայմաններում, երբ Վերաքննիչ դատարանի կողմից չի հերքվել ամբաստանյալի կողմից տուժողին սաղավարտով հարվածելու փաստը:
20. Ինչ վերաբերում է «Էրեբունի» ԲԿ ռադիոլոգիայի բաժանմունքի, «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի, «Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոն Երևան» ՍՊ ընկերության, «Նաիրի» ԲԿ-ի գրություններին և ՀՀ ԱՆ ախտորշիչ ճառագայթաբանության գլխավոր մասնագետ Արամ Քոչարյանի հայտնած կարծիքին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանցում պարունակվող տեղեկությունները կարող էին ուղղորդող նշանակություն ունենալ դատարանի համար փորձագետի՝ 2014 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 1635/հ եզրակացությունը ստուգելու նպատակով կատարելու համապատասխան դատավարական գործողություններ:
21. Սույն որոշման 14-20-րդ կետերում կատարված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով արդարացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Ա.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ապացույցների անբավարարության հիմքով արդարացնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 84-րդ, 108-րդ և 243-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է:
22. Ինչ վերաբերում է Ա.Հարությունյանի պաշտպանի այն փաստարկներին, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչի արդյունքում սխալ եզրահանգման են եկել ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում (տե՛ս սույն որոշման 12-12.1-րդ կետերը), Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի չկիրառման վերաբերյալ բողոքաբերի նշված փաստարկներին հնարավոր է անդրադառնալ սույն որոշման մեջ արձանագրված խախտումները վերացնելուց հետո։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արտեմ Արմենի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 21-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հունվարի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
2. Ամբաստանյալ Արտեմ Արմենի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված հրամանատարության հսկողության հանձնելը փոխել և որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ե. Դանիելյան | ||
Լ. Թադևոսյան | ||
Ս. Օհանյան |