ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3578/02/15 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3578/02/15 |
Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան |
Դատավորներ՝ |
Ա. Սմբատյան |
Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2018 թվականի հունվարի 15-ին
քննարկելով ըստ հայցի Խաչատուր Շահինյանի ընդդեմ Հայկ Մելքոնյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Խաչատուր Շահինյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 15.12.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2017 թվականի որոշմամբ Խաչատուր Շահինյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ տրամադրելով ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.03.2017 թվականի որոշմամբ Խաչատուր Շահինյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Խաչատուր Շահինյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Խաչատուր Շահինյանի վճարունակ չլինելու փաստը հաստատվում է ոչ միայն ներկայացված գործազրկության տեղեկանքով, այլև՝ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նրան անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հանգամանքով:
Բացի այդ, բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասը չի պարունակում եզրահանգում ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն իր որոշման եզրափակիչ մասում պետք է նշեր պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ Խաչատուր Շահինյանի միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին իր եզրահանգումը, որից հետո միայն որոշում կայացներ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հարցի վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.03.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում, (...) դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում (...):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման խնդրին, փաստել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, «Կոնվերս Բանկ›» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Ի հավելումն վերոգրյալի՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ այն դեպքում երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Խաչատուր Շահինյանը, 18.01.2017 թվականին ներկայացնելով վերաքննիչ բողոք, միջնորդել է ազատել պետական տուրքի վճարումից` պատճառաբանելով, որ մասնակցել է ՀՀ սահմանամերձ գոտիների և Արցախի պաշտպանական մարտերին, առողջական վիճակի պատճառով չի աշխատում, գտնվում է նյութական ծանր դրության մեջ, որպիսի պայմաններում ստիպված է եղել իր իրավունքների պաշտպանության համար դիմել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ, միաժամանակ վերաքննիչ բողոքին կցել է համապատասխան տեղեկանքները (հատոր 2-րդ, գ.թ. 92-101)։
Վերաքննիչ դատարանը 07.02.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ մերժել է պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ Խաչատուր Շահինյանի կողմից ներկայացված միջնորդությունը` պատճառաբանելով, որ Խաչատուր Շահինյանի կողմից չի ներկայացվել իր գույքային դրությունը հիմնավորող կամ այդպիսիք ներկայացնելու անհնարինության վերաբերյալ ապացույցներ, իսկ ՀՀ սահմանամերձ գոտիների և Արցախի պաշտպանական մարտերին մասնակցելը և հանրային պաշտպանի գրասենյակ դիմելը չեն կարող գույքային դրությունը հիմնավորող ապացույցներ հանդիսանալ (հատոր 2-րդ, գ.թ. 111-112)։
Խաչատուր Շահինյանը, 27.02.2017 թվականին կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, միջնորդել է ազատել պետական տուրքի վճարումից՝ պատճառաբանելով, որ պատերազմի մասնակից է, մասնակցել է ՀՀ սահմանամերձ գոտիների և Արցախի պաշտպանական մարտերին և կորցրել է առողջությունը, ներկայումս չի աշխատում, գործազուրկ է, հետևաբար ի վիճակի չէ վճարելու պետական տուրքը: Միաժամանակ միջնորդությանը կից ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 17.06.2013 թվականին տրված տեղեկանքը, ըստ որի` Խաչատուր Շահինյանը 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը և Երևանի Մալաթիա-Սեբաստիա ԶՏԿ-ի կողմից 24.02.2017 թվականին տրված տեղեկանքը, համաձայն որի` Խաչատուր Շահինյանը 11.10.2010 թվականից ունի գործազուրկի կարգավիճակ (հատոր 2-րդ, գ.թ. 121-130, 145-148)։
Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 03.03.2017 թվականի որոշման պատճառաբանական մասում անդրադարձ կատարելով Խաչատուր Շահինյանի միջնորդությանը, նշել է, որ պետական տուրքի վճարումից ազատելու տեսքով արտոնությունը դատարանների կողմից կարող է կիրառվել այն դեպքերում, երբ անձի գույքային դրությունն այնպիսին է, որ վերջինիս համար անհնար է դարձնում նաև հետագայում պետական տուրքի վճարումը, իսկ տվյալ պարագայում գործազուրկ հանդիսանալը չի կարող համարվել բավարար հիմք արտոնության տվյալ տեսակը կիրառելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 153)։
Վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերը շարադրված եզրահանգման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Խաչատուր Շահինյանը վերաքննիչ բողոքում միջնորդել է ազատել պետական տուրքի վճարումից և որպես իր միջնորդության հիմնավորում՝ նշել է գործազուրկ լինելու հանգամանքը՝ ի հաստատումն այդ փաստի ներկայացնելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա ԶՏԿ-ի կողմից 24.02.2017 թվականին տրված տեղեկանքը, ըստ որի՝ վերջինս 11.10.2010 թվականից ունի գործազուրկի կարգավիճակ:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված ապացույցը վկայում է անձի՝ որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտության մասին: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում տրված «գործազուրկ» հասկացության բնորոշումը, այն է՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած անձ, ով աշխատանք է փնտրում և զբաղվածություն համարվող գործունեության որևէ տեսակով չի զբաղվում, գտնում է, որ նման կարգավիճակի ձեռքբերումը վկայում է անձի մոտ աշխատանքի և ձեռնարկատիրական որևէ գործունեությամբ զբաղվելու փաստի բացակայության մասին, համապատասխանաբար հավաստելով աշխատավարձի կամ այլ եկամուտի բացակայությունը, որպիսիք անմիջականորեն ազդում են անձի գույքային դրության վրա:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործազուրկի կարգավիճակ ձեռք բերելու հանգամանքը վկայում է անձի՝ որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտության մասին, որպիսի փաստական հանգամանքի առկայությունը, գործում հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում, ևս կարող է վկայել պետական տուրքի գծով արտոնություն հայցող անձի՝ գույքային ծանր դրության վերաբերյալ:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելիս դատարանների կողմից գնահատման է ենթակա տվյալ պահի (վերաքննիչ բողոքի ներկայացման պահին) դրությամբ անձի գույքային դրությունը, որը չի կարող պայմանավորված լինել ապագայում անձի գույքային դրության բարելավման պայմանի հետ: Այսինքն՝ պետական տուրքի գծով արտոնության կիրառումը չի կարող կախվածության մեջ գտնվել ապագայում այնպիսի իրավիճակային փոփոխություններից, որոնք հայտնի չեն կիրականան, թե՝ ոչ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «պետական տուրքի վճարումից ազատելու տեսքով արտոնությունը դատարանների կողմից կարող է կիրառվել այն դեպքերում, երբ անձի գույքային դրությունն այնպիսին է, որ վերջինիս համար անհնար է դարձնում նաև հետագայում պետական տուրքի վճարումը...»:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.
2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).
3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.
4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքներ և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) եզրահանգումը քննարկվող հարցով.
6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվի եզրահանգումը քննարկվող հարցով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող և առանձին դատական ակտի ձևով կայացվող դատական ակտի եզրափակիչ մասում ձևակերպվում է դատարանի վերջնական եզրահանգումն այն հարցի շուրջ, որի քննարկման արդյունքում կայացվում է այդ որոշումը: Ընդ որում, միջանկյալ դատական ակտի եզրափակիչ մասում դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է ունենա հստակ, միանշանակ, անպայմանական, հրամայական, կատեգորիկ բնույթ և բացառի որոշումը մեկնաբանելու անհրաժեշտությունը: Այսինքն՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտի եզրափակիչ մասը պետք է լրիվ և սպառիչ կերպով պատասխանի դատարանի առջև բարձրացած այն բոլոր հարցերին, որոնց լուծման նպատակով կայացվում է այդ դատական ակտը:
Դատավարության մասնակիցների կողմից ներկայացված այս կամ այն միջնորդության քննարկման արդյունքում կայացվող որոշման եզրափակիչ մասում, մասնավորապես՝ դատարանը պարտավոր է նախևառաջ անդրադառնալ այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հարցին, այնուհետև՝ այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու դատավարական հետևանքներին: Այլ կերպ ասած՝ դատարանը պարտավոր է խնդրո առարկա միջանկյալ դատական ակտերի եզրափակիչ մասում արտացոլել դատավարության մասնակիցների կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին իր եզրահանգումը, որը պետք է ունենա հստակ, միանշանակ և հրամայական բնույթ: Համապատասխան միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին դատարանի եզրահանգումը որոշման եզրափակիչ մասում հստակ, միանշանակ և հրամայական կերպով ձևակերպելուց հետո միայն դատարանը կարող է անցնել իր որոշման եզրափակիչ մասում այդ եզրահանգման դատավարական հետևանքի ամրագրմանը, որը ևս պետք է համապատասխանի վերոգրյալ չափանիշներին(տե՛ս, նաև ըստ Մարուսյա Խոջումյանի դիմումի թիվ ԵԿԴ/1324/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.01.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարված չլինելու հանգամանքը և պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդության բացակայությունը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից պետական տուրքը վճարված չլինելու դեպքում պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդության մերժումը հանդիսանում են վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք: Հետևաբար այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքին կցված է կամ բողոքում ներառված է պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն, վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը և դրա քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը (տե´ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանի 03.03.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման եզրափակիչ մասում բացակայում է պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ Խաչատուր Շահինյանի միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին որևէ նշում: Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանի նշված որոշման եզրափակիչ մասը չի պարունակում որևէ հստակ եզրահանգում քննարկվող միջնորդությունը մերժելու կամ բավարարելու (վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարումից ազատելու կամ չազատելու) մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 03.03.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման պատճառաբանական մասում անդրադարձել է վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ Խաչատուր Շահինյանի միջնորդությանը, իսկ որոշման եզրափակիչ մասում Խաչատուր Շահինյանի միջնորդությունը մերժելու կամ բավարարելու և դրա արդյունքում պետական տուրքի վճարումից ազատելու կամ չազատելու վերաբերյալ որևէ եզրահանգում չի կատարել՝ խախտելով անձի դատական պաշտպանության իրավունքը: Մասնավորապես` շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում սահմանափակվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խաչատուր Շահինյանի` վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, և միջնորդության քննարկումից ու լուծումից հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է որոշի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանի դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Գ. Հակոբյան Ռ. Հակոբյան Տ. Պետրոսյան
Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան