ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԳԴ5/0098/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ5/0098/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան |
Դատավորներ՝ |
Տ. Սահակյան |
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի մայիսի 19-ին,
քննարկելով «Գլուր» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ դիմումի Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի՝ դատական ակտի կատարման շրջադարձի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը
Դիմելով դատարան՝ Ֆիրդուս Զաքարյանը և Ժիրայր Գալստյանը պահանջել են կատարել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 10.10.2008 թվականի որոշման շրջադարձ՝ վերականգնելով 29.12.2006 թվականի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ինքնակարգավորվող կազմակերպությունում «Մարտունու Սիգմա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի գրանցումն իրենց անվամբ։
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 25.01.2010 թվականի որոշմամբ Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի դիմումը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.03.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ խախտումները վերացնելու համար սահմանելով երկշաբաթյա ժամկետ:
Սույն գործով Վերաքննիչ դատարանի 12.03.2010 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 19-րդ հոդվածները և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ընկերության դատական պաշտպանության իրավունքը, պատճառաբանելով, որ վերջինս չի վճարել վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքը և չի միջնորդել իր նկատմամբ պետական տուրքի գծով որևէ արտոնություն կիրառելու մասին։ Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից բողոք բերած անձի վրա միջանկյալ դատական ակտի բողոքարկման համար պետական տուրք վճարելու պարտականություն դնելն իրավաչափ չէ և չի բխում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի պահանջներից։
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները:
Տվյալ դեպքում Դատարանի 25.01.2010 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 12.03.2010 թվականի որոշմամբ վերադարձվել է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված չափով պետական տուրքը վճարված չլինելու և դրա վճարումը նվազեցնելու, հետաձգելու, տարաժամկետելու, կամ այլ արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու պատճառաբանությամբ և սահմանվել է երկշաբաթյա ժամկետ՝ նշված խախտումները վերացնելու համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի համաձայն՝ դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:
Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նույն դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերը նշված դրույթների պահանջները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի պահանջները, այսինքն՝ անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ վերաքննիչ բողոք բերած անձը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատարանի դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննարկման դեպքում, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Ընկերության վերաքննիչ բողոքը, խախտել է Ընկերության՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության, արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքները, այսինքն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելով, չի ապահովել Դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|