ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 702-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 702-Լ որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմին է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանը:
2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Կոմիտեն գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Կոմիտեի անվանումն է՝
1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե.
2) ռուսերեն` Комитет государственных доходов Республики Армения.
3) անգլերեն` State Revenue Committee of the Republic of Armenia.
4) ֆրանսերեն՝ Comite' des recettes de I’E'tat de la Republique d'Armenie:
5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Կոմիտեն կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Կոմիտեի կառուցվածքում ընդգրկվում են կոմիտեի ղեկավարի, կոմիտեի ղեկավարի տեղակալի, կոմիտեի ղեկավարի օգնականի, կոմիտեի ղեկավարի խորհրդականի, կոմիտեի ղեկավարի տեղակալի օգնականի, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները և կառուցվածքային ստորաբաժանումները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
7. Կոմիտեի աշխատողներն իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխան կարող են լինել վարչական, հայեցողական, հարկային, մաքսային, քաղաքացիական ծառայությունների պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք:
8. Կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
Կոմիտեն իրավապահ մարմին է:
9. Կոմիտեի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մովսես Խորենացու 3, 7:
II. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10. Կոմիտեի նպատակներն են`
1) «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խնդիրների լուծումը, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման նպաստումը.
2) «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությանը համապատասխան` մաքսային գործի բնագավառում պետական քաղաքականության և վարչարարության իրագործումն ապահովող գործառույթների իրականացումը.
3) Կոմիտեին օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը:
11. Կոմիտեի խնդիրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման ու կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.
2) պետական հարկերի և վճարների վճարման նկատմամբ հսկողության իրականացումը.
3) մաքսային վճարների և մաքսային մարմնին վճարման ենթակա հարկերի գանձման և դրանք ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման ապահովումը.
4) Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումների կանխումը, խափանումը, այդ խախտումների բացահայտումը.
5) Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտավորությունների մարման գծով աշխատանքների իրականացումը.
6) Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված չկատարված պարտավորությունների ապահովումը և գանձումը.
7) հարկային և մաքսային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային, մաքսային ու այլ իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.
8) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված արգելքների և սահմանափակումների պահպանման և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման ապահովումը.
9) մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացման ապահովումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.
10) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների դեմ պայքարը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական ու հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների ու բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելը.
11) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցելը.
12) սպառողների շահերի պաշտպանության նպատակով ներմուծվող ապրանքների որակի ապահովման միջոցառումներին աջակցելը.
13) Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային եկամուտների հաշվառումը, վիճակագրության վարումը.
14) մաքսային գործի վերլուծումը, հետազոտումը և մաքսային գործի բնագավառում խորհրդատվական աշխատանքների կատարումը.
15) օրենքով նախատեսված ոչ առևտրային կազմակերպությունների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպման ոլորտներում վերահսկողության իրականացումը.
16) իր իրավասության սահմաններում աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանը.
17) կոմիտեին օրենքով վերապահված այլ խնդիրների իրականացումը:
III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
12. Կոմիտեի գործառույթներն են`
1) հարկ վճարողների կամ հարկային գործակալների՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պարտականությունների ընկալմանը և կամավոր կատարման ապահովմանն ուղղված հարկ վճարողների սպասարկումը և իրազեկումը.
2) հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումը.
3) հարկային հաշվարկների և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված այլ փաստաթղթերի ընդունման և (կամ) տրամադրման, ինչպես նաև հարկ վճարողների համար գրանցումների, հաշվառումների, հաստատումների, վավերացումների և այլ գործընթացների իրականացումը.
4) հարկ վճարողների հաշվառումը.
5) պետական հարկերի և վճարների հավաքագրման կազմակերպումը.
6) հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.
7) Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված չկատարված պարտավորությունների գանձման, ինչպես նաև պարտավորությունների ապահովման նպատակով արգելադրման աշխատանքների իրականացումը.
8) Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը.
9) կոմիտեի ընդունած անհատական իրավական ակտերի, հարկային և մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով ներկայացված բողոքների քննարկումը և որոշումների ընդունումը.
10) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը.
11) հարկային և մաքսային քաղաքականության մշակմանը մասնակցությունը.
12) հարկ վճարողի գործարքների մոնիթորինգի, գործունեության այլ ոլորտային վերլուծությունների և դրանց արդյունքներով գնահատված ռիսկերի նվազեցման վերաբերյալ ծանուցագրերի միջոցով հարկ վճարողներին իրազեկման իրականացումը.
13) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրեն վերապահված գործերով հետաքննության ու նախաքննության իրականացումը.
14) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացումը.
15) հարկային և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը՝ օրենքով սահմանված կարգով.
16) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների, ուսումնասիրությունների և օրենքով նախատեսված այլ հսկողական գործողությունների իրականացումը.
17) հարկային և մաքսային վարչարարության և ընթացակարգերի մեթոդական ապահովումը.
18) հարկային և մաքսային բնագավառներում տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարումը՝ մշակումը, ներդնումը և սպասարկումը.
19) կոմիտեի աշխատողների ուսուցման և վերապատրաստման կազմակերպումը, ատեստավորումը.
20) հարկային և մաքսային վարչարարության իրականացման բնագավառում միջազգային համագործակցության ապահովումը.
21) հարկային և մաքսային ոլորտներում միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա իրավասու մարմինների հետ տեղեկատվության փոխանակումը (ըստ դիմում-պահանջի, ինքնաբերական և ավտոմատ եղանակով).
22) կոմիտեի իրավասության սահմաններում՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, վճարների, մաքսային վճարների հաշվարկման, գանձման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման նկատմամբ հսկողության իրականացումը.
23) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխելիս մաքսասակագնային մեխանիզմների կիրառման, ներմուծման ու արտահանման սահմանված կարգի կիրառման, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի նկատմամբ հսկողության ապահովումը.
24) մաքսային ձևակերպումների կազմակերպում և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացումը.
25) մաքսային հսկողության իրականացումը.
26) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսային մեխանիզմների կատարելագործումը.
27) հարկային և մաքսային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների ու քննարկումների կազմակերպումը, համատեղ համաձայնագրերի, պայմանագրերի, հուշագրերի և այլ նախագծերի պատրաստումը.
28) մաքսային վիճակագրության վարման նպատակով տեղեկությունների հավաքագրումը.
29) մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթների իրականացումը.
30) Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման նպատակով, օրենքով սահմանված իրավասության սահմաններում, համապատասխան միջոցառումների իրականացումը.
31) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում իրավաբանական անձանց հաշվառումԴ վկայականների տրամադրումԴ ռեեստրի վարումԴ մաքսային գործի բնագավառում գործունեության իրականացման պարտադիր պահանջների կամ պայմանների ու դրանց պահպանման նկատմամբ հսկողություն.
32) հետբացթողումային հսկողության իրականացում.
33) վիճակախաղերի, շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում.
34) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության նկատմամբ հսկողության իրականացում.
35) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:
IV. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
13. Կոմիտեի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
14. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝
1) հաստատում է կոմիտեի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
2) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները.
3) իրականացնում է կոմիտեի գործունեության վերահսկողությունը.
4) լսում է կոմիտեի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.
5) վերահսկողություն է իրականացնում կոմիտեին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
15. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի ղեկավարը:
16. Կոմիտեի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
17. Կոմիտեի ղեկավարը՝
1) պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
3) իրականացնում է կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.
4) նշանակում և ազատում է իր խորհրդականին, օգնականին և իր տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
5) օրենքով կամ կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է կոմիտեի՝ օրենքով նախատեսված համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
6) հաստատում է հաստիքացուցակը.
7) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.
11) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.
12) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
13) սահմանում է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները և ներքին կառուցվածքը.
14) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և ընդունում որոշումներ, տալիս է հանձնարարականներ, ցուցումներ:
18. Կոմիտեի ղեկավարի բացակայության դեպքում կոմիտեի ղեկավարի հրամանով նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի բացակայության դեպքում՝ կոմիտեում կոմիտեի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
19. Կոմիտեի ղեկավարի տեղակալը՝
1) գործում է կոմիտեի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակայությանը հանձնված կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է կոմիտեի ղեկավարի հանձնարարականները, ապահովում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կողմից կոմիտեի ղեկավարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի ղեկավարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է կոմիտեի ղեկավարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
20. Կոմիտեի ղեկավարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Կոմիտեի ղեկավարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Կոմիտեի ղեկավարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է կոմիտեի ղեկավարի տեղակալին:
21. Գլխավոր քարտուղարը՝
1) առանց լիազորագրի, օրենքով նախատեսված սահմաններում, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կոմիտեին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է կոմիտեի՝ օրենքով նախատեսված համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
4) կոմիտեի ղեկավարին է ներկայացնում կոմիտեի տարեկան հաշվեկշիռը.
5) կոմիտեի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
6) կոմիտեի ղեկավարին է ներկայացնում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.
7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է կոմիտեի ղեկավարի տեղակալի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.
8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է կոմիտեի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի ղեկավարին.
9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր և (կամ) կոմիտեի ղեկավարի և (կամ) կոմիտեի ղեկավարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
10) համակարգում և ապահովում է հաշվապահական հաշվառման վարումը և հաշվետվությունները ներկայացնելը:
22. Կոմիտեի ղեկավարի խորհրդականը՝
1) առանձին դեպքերում կատարում է կոմիտեի ղեկավարի հրամանով վերապահված կոմիտեի ղեկավարի լիազորությունների իրականացմանն աջակցման որոշակի աշխատանքների, ծրագրերի համակարգում.
2) իր կողմից համապատասխան աշխատանքների իրականացման շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից, ենթակայությանը հանձնված կազմակերպություններից և հիմնարկներից ստանում է տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
23. Կոմիտեի ղեկավարի օգնականը՝
1) առանձին դեպքերում կատարում է կոմիտեի ղեկավարի հրամանով վերապահված կոմիտեի ղեկավարի լիազորությունների իրականացմանն աջակցման որոշակի աշխատանքներ.
2) իր կողմից համապատասխան աշխատանքների իրականացման շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից, ենթակայությանը հանձնված կազմակերպություններից և հիմնարկներից ստանում է տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
24. Կոմիտեի ղեկավարի տեղակալի օգնականը՝
1) առանձին դեպքերում կոմիտեի ղեկավարի հրամանով կատարում է կոմիտեի ղեկավարի տեղակալի լիազորությունների իրականացման աջակցման աշխատանքներ.
2) իր կողմից համապատասխան աշխատանքների իրականացման շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից, ենթակայությանը հանձնված կազմակերպություններից և հիմնարկներից ստանում է տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
V. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
25. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչություն.
2) վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչություն.
3) կազմակերպման և հսկողության վարչություն.
4) հարկ վճարողների սպասարկման վարչություն.
5) ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչություն.
6) ներքին աուդիտի վարչություն.
7) տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն.
8) մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչություն.
9) մաքսային հսկողության վարչություն.
10) հետբացթողումային հսկողության վարչություն.
11) մաքսանենգության դեմ պայքարի վարչություն.
12) իրավաբանական վարչություն.
13) քննչական վարչություն.
13.1) հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն.
14) (ենթակետն ուժը կորցրել է 06.02.19 N 99-Լ)
15) (ենթակետն ուժը կորցրել է 06.02.19 N 99-Լ)
16) ներքին անվտանգության վարչություն.
17) միջազգային համագործակցության վարչություն.
18) փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն.
19) խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն.
20) հյուսիսային մաքսատուն-վարչություն.
21) հարավային մաքսատուն-վարչություն.
22) արևելյան մաքսատուն-վարչություն.
23) արևմտյան մաքսատուն-վարչություն.
24) արարատյան մաքսատուն-վարչություն.
25) ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին:
(25-րդ կետը փոփ., լրաց. 06.02.19 N 99-Լ)
26. Կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) քարտուղարություն.
2) գործերի կառավարման վարչություն.
3) ֆինանսահաշվային վարչություն.
4) անձնակազմի կառավարման վարչություն.
5) գնումների համակարգման բաժին.
6) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին.
7) առաջին բաժին:
VI. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒՅՔԸ
27. Կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
28. Կոմիտեի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կոմիտեի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
29. Կոմիտեին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
30. Կոմիտեն տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
32. Կոմիտեի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(հավելվածը փոփ., լրաց. 06.02.19 N 99-Լ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |