ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0255/11/15 ԵԿԴ/0255/11/15
Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. ԱՎԵՏԻՍյանի մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի ե. դԱՆԻԵԼյանի Լ. Թադևոսյանի ա. պողոսՅԱՆԻ Ս. Օհանյանի Մ. Պետրոսյանի մասնակցությամբ` Լ. Զաքոյանի
քարտուղարությամբ`
2018 թվականի մարտի 20-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի և դիմող Ն.Համբարձումյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015
թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 12148415 քրեական գործը:Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ Արմեն Արարատի Սարգսյանը և Վազգեն Սուրենի Գաբրիելյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի որոշմամբ դիմող Լևոն Զաքոյանը ճանաչվել է տուժող:
2. Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լ.Գրիգորյանի (այսուհետ նաև՝ Քննիչ)՝ 2015 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 44-րդ տարածքը, Երևանի Հին Երևանցու փողոցի 2-րդ շենքի 82-րդ և Երևանի Հյուսիսային պողոտայի 11-րդ շենքի 18-րդ բնակարանները ճանաչվել են իրեղեն ապացույցներ:
2015 թվականի հոկտեմբերի 24-ին Քննիչի կողմից իրականացվել է զննություն` քննչական գործողություն, որից հետո իրեղեն ապացույց ճանաչված` Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 44-րդ հասցեում գտնվող տարածքի պահպանությունն ապահովելու նպատակով այն կապարակնքվել է:
Լ.Զաքոյանը Քննիչի գործողությունների դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազին, որն ըստ ենթակայության ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն, որտեղից այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Հարությունյանը 2015 թվականի նոյեմբերի 30-ին կայացրել է որոշում դատավարության մասնակցի միջնորդությունը հետաձգելու մասին:
3. 2015 թվականի դեկտեմբերի 17-ին դիմող Լ.Զաքոյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել քննիչ Լ.Գրիգորյանի` Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 44-րդ հասցեում գտնվող տարածքի կապարակնքումը և հնարավորություն տալ մինչև քրեական գործի ավարտը տիրապետելու իր սեփականությունը հանդիսացող գույքը:
Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունվարի 22-ի որոշմամբ դիմող Լ.Զաքոյանի բողոքը մերժվել է:
4. Դիմող Լ.Զաքոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2016 թվականի մարտի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունվարի 22-ի որոշումը:
5. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մարտի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Լ.Զաքոյանի ներկայացուցիչ Թ.Ալեքսանյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Վճռաբեկ բողոքը բավարարվել է: Դիմող Լ.Զաքոյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունվարի 22-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 1-ի որոշումները բեկանվել են, և գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
6. Նոր քննության արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հունիսի 22-ի որոշմամբ Լևոն Զաքոյանի բողոքը, կապված Քննիչի՝ 2015 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Երևանի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքի կապարակնքման արդյունքում առաջացած իր իրավունքների խախտումները վերացնելու վարույթ իրականացնող մարմնին պարտավորեցնելու հետ, մերժել է այն պատճառաբանությամբ, որ գործով նախաքննությունն ավարտվել է, և տվյալ իրեղեն ապացույցի տնօրինման հարցն իրավասու է լուծելու միայն քրեական գործով վարույթ իրականացնող մարմինը:
7. Դիմող Լ.Զաքոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի որոշումը, Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը չթողնելը ճանաչել է ոչ իրավաչափ՝ վճռելով հիշյալ գույքը մինչև վարույթ իրականացնող մարմնի կողմից տվյալ իրեղեն ապացույցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը հանձնել Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանությանը:
8. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը և դիմող Նշան Համբարձումյանը:
Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ներկայացված բողոքներն ընդունվել են վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
9. Քննիչի` իրեղեն ապացույց ճանաչելու մասին 2015 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքը, ի թիվս այլոց, ճանաչվել է իրեղեն ապացույց հետևյալ հիմնավորմամբ. «(…) նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Արմեն Արարատի Սարգսյանը, ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքին տիրանալու վերաբերյալ հանցավոր համաձայնության գալով Վազգեն Սուրենի Գաբրիելյանի հետ, վերջինիս օժանդակությամբ` Արա Սմբատի Թադևոսյան անձի տվյալներով պատրաստված կեղծված անձնագիրն օգտագործելով, 2015 թվականի օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Կենտրոն նոտարական գրասենյակում Նշան Հակոբի Համբարձումյանի հետ կնքելով վերջինիս` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքն ամսական 717.000 ՀՀ դրամ գումարով վարձակալելու վերաբերյալ պայմանագիր և ձեռք բերելով օգտագործման իրավունք, վարձակալության պայմանագիրը փոխանցելով Վազգեն Գաբրիելյանին, կրկին ստացել է նրա օժանդակությամբ պատրաստված կեղծ նվիրատվության պայմանագիր, որից հետո 2015 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Կենտրոն» սպասարկման գրասենյակում նշված կեղծ փաստաթղթերն օգտագործելու եղանակով հիշյալ տարածքն առքուվաճառքի պայմանագրով ձևակերպել է Լևոն Արժանիկի Զաքոյանի անվամբ և դրա դիմաց վերջինից Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 21/1 հասցեում խաբեությամբ ստացել 97.110.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլար գումար և հանցակիցների հետ հափշտակել այն:
(…) Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքը (…) հանդիսանում [է] հանցավոր ոտնձգության առարկա և սույն գործով ուն[ի] կարևոր ապացուցողական նշանակություն» (տե΄ս նյութեր, հատոր 1-ի, թերթ 21-22):
10. Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունվարի 22-ի որոշման համաձայն` «(...) վարույթն իրականացնող մարմինն օրենքով սահմանված կարգով առարկան` գույքը, ճանաչելով իրեղեն ապացույց, դատավարական կարգի պահպանմամբ կապարակնքել է այն` ելնելով նախաքննության իրականացման լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից:
Սույն գործով դատարանը հաստատված է համարում նաև այն հանգամանքը, որ քրեական գործը գտնվում է մինչդատական փուլում, կատարվում է նախաքննություն:
Բացի այդ, դատարանը փաստում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի քննչական գործողությունների կատարման արդյունքում հայտնի է դարձել, որ Երևան քաղաքի Թումանյանի փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքը (…) հանդիսացել [է] հանցավոր ոտնձգության [օբյեկտ]:
Դատարանն արձանագրում է, որ գործով մինչդատական վարույթը դեռևս ավարտված չէ, կատարվում են քննչական և դատավարական գործողություններ, որոնք ուղղված են ենթադրյալ հանցագործության բացահայտմանը: Այլ կերպ քրեական գործով ներկա պահին բացահայտված չեն մի շարք հանգամանքներ, որոնք կարող են ունենալ ապացուցողական նշանակություն գործի արդարացի ելքի համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հանգամանքները` դատարանը փաստարկված չի գտնում բողոքաբերի դիրքորոշումը` դատավարության տվյալ փուլում (մինչդատական վարույթ) լուծել իրեղեն ապացույցների տնօրինման հարցը և դրանք ի պահ հանձնել վերջինիս:
[Դ]ատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքը, ի պահ հանձնելով Լևոն Զաքոյանին, այդ կերպ խախտվում են նրա առաջնային սեփականատիրոջ` Նշան Հակոբի Համբարձումյանի իրավունքները, քանի որ գույքը նախապես պատկանել է նրան, և ենթադրաբար կատարված հանրորեն վտանգավոր արարքի հետևանքով է, որ այն դուրս է եկել վերջինիս իրավազորությունից և Կադաստրում գրանցվել Լևոն Զաքոյանի անվամբ: Այլ խոսքով վիճարկվող գործողություններն ուղղված են մինչև հանցագործությունը դրա սեփականատիրոջ իրավունքների խախտում թույլ չտալուն:
Դատարանը փաստում է նաև, որ թեև տարածքը ներկա պահին կապարակնքված է, և փաստացի Լևոն Զաքոյանը չի կարողանում մուտք գործել այնտեղ, այնուամենայնիվ, վարույթն իրականացնող մարմինը կատարել է օրենքի պահանջից բխող գործողությունները` ձեռնարկել միջոցներ` տարածքը վնասվելուց, փչանալուց, այլ առարկաների հետ շփվելուց կամ խառնվելուց զերծ պահելու ուղղությումբ: Բացի այդ, վերջինս իրացրել է նաև գույքի` մինչ հանցանքը կատարվելը սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը, ինչը կարող է վիճարկվել միայն քննվող քրեական գործից զատ` քաղաքացիադատավարական կարգով» (տե΄ս նյութեր, հատոր 1-ի, թերթ 53-54):
11. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մարտի 1-ի որոշման համաձայն` «Քրեական հետապնդման մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջների պահպանմամբ ձեռնարկված քննչական գործողություններն ուղղված են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, որոնց շրջանակում իրեղեն ապացույց ճանաչված Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքի պահպանությունն ապահովելու նպատակով այն կապարակնքելով` թեև տուժող Լևոն Զաքոյանի իրավունքները որոշակիորեն սահմանափակվում են, սակայն դա բխում է գործի օբյեկտիվ քննության պահանջից, և դրանով նրա իրավունքները և ազատությունները չեն խախտվում:
(…)
[Ք]ննիչ Լ.Գրիգորյանի կողմից 24.10.2015թ.-ին կայացված որոշումը հիմնավոր է, քրեական հետապնդման մարմնի կողմից Լևոն Զաքոյանի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվել, և այդ առթիվ [Առաջին ատյանի] դատարանը կայացրել է ճիշտ որոշում» (տե΄ս նյութեր, հատոր 1-ի, թերթ 105-106):
12. Վճռաբեկ դատարանը, բավարարելով դիմող Լ.Զաքոյանի ներկայացուցչի բողոքը, 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Որ վարույթն իրականացնող մարմինը, իրեղեն ապացույց ճանաչված Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը չթողնելով, չի ներկայացրել պատշաճ հիմնավորում այն մասին, որ առկա է նշված անշարժ գույքը, դրա առանձնահատկությունները, հատկանիշները փոփոխելու ողջամիտ հավանականություն:
(…)
Քննիչն իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս, ինչպես նաև ստորադաս դատարանները դրա օրինականությունը ստուգելիս, պատշաճ չեն հիմնավորել ապացուցման ընդհանուր շահի և Լ.Զաքոյանի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռության առկայությունը:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը [գտել] է, որ իրեղեն ապացույց ճանաչված Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը չթողնելու հետևանքով վերջինիս սեփականության իրավունքի սահմանափակումն իրավաչափ չէ (…)» (տե΄ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 65-66):
13. Նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հունիսի 22-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը չթողնելու հետևանքով առաջացած` վերջինիս սեփականության իրավունքի սահմանափակումն իրավաչափ չէ, այսինքն բողոքը հիմնավոր է։
Միաժամանակ հաշվի առնելով, որ թիվ 12148415 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը` հաստատված մեղադրական եզրակացությամբ, ըստ էության քննելու համար ուղարկվել է դատարան և 2016թ. սեպտեմբերի 24-ին ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթ, նկատի ունենալով, որ այդ գործով վարույթն իրականացնող մարմինը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն է՝ դատավոր Գ.Պողոսյանի նախագահությամբ, Դատարանը գտնում է, որ այդ քրեական գործով իրեղեն ապացույցի տնօրինման հարցը իրավասու է լուծել միայն ԵԿԴ/0238/01/16 քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը՝ տվյալ դեպքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը։
Այսպիսով, թեև իրեղեն ապացույց ճանաչված` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը չթողնելու հետևանքով վերջինիս սեփականության իրավունքի սահմանափակումն իրավաչափ չէ և այն հանգեցրել է Լ. Զաքոյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի խախտմանը, միևնույն ժամանակ (…) Դատարանը գտնում է, որ իրավասու չէ պարտավորեցնել ԵԿԴ/0238/01/16 (12148415/1) քրեական գործով այժմ վարույթն իրականացնող մարմնին` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին, որևէ գործառույթ իրականացնել։
Այսպիսով, Դատարանը գտնում է, որ թեև բողոքը հիմնավոր է, սակայն ենթակա չէ բավարարման՝ վերոհիշյալ իրավական դիրքորոշումների հիմնավորմամբ (…)» (տե΄ս նյութեր, հատոր 3-րդ, թերթ 38):
14. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի որոշումը, իր 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ փաստել է, որ. «(…) դիմող Լ.Զաքոյանի բողոքը հիմնավորված համարելու և նրա սեփականության իրավունքի խախտման փաստը ճանաչելու պարագայում, քրեական գործով մինչդատական վարույթն ավարատված լինելու (քրեական գործով վարույթն իրականացնող մարմինն այլևս դատարանն հանդիսանալու) հիմքով դիմող Լ.Զաքոյանի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը իրավաչափ չէ. հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին ու ՀՀ սահմանադրական դատարանի մեկնաբանություններին, և արժեզրկում է անձի՝ արդյունավետ դատական պատպանության հիմնարար իրավունքը (տե΄ս նյութեր, հատոր 3-րդ, թերթ 135):
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
15. Բողոքաբերը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Լևոն Զաքոյանի բողոքը, թույլ է տվել դատական սխալ, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջները, որն ազդել է գործի ելքի վրա: Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել Ներսես Միսակյանի և «Նարեկ» ՍՊԸ-ի վերաբերյալ գործերով որոշումներում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:
Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկների` բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը որոշման եզրափակիչ մասում ընդամենը վերացական կերպով նշել է, որ խախտումը ենթակա է վերացման, իրեղեն ապացույցը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանությանը հանձնելով, կայացրել է անորոշ դատական ակտ, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է, որ նման դեպքերում դատարանը պարտավոր է վարույթ իրականացնող մարմնի համար սահմանել խախտումները վերացնելու պարտականություն:
Ըստ բողոքի հեղինակի՝ այս դեպքում նախաքննության մարմինը որևէ իրավասություն և հնարավորություն չունի վերացնելու արձանագրված խախտումը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին իրավասություն չունի սահմանելու նման պարտականություններ, քանի որ վեճի առարկան դատարանի վարույթում գտնվող քրեական գործով իրեղեն ապացույց է (թիվ ԵԿԴ/0238/01/16), որը գտնվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:
15.1. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտով խախտվել է նաև Նշան Համաբարձումյանի սեփականության իրավունքը, քանի որ վերջինս վեճի առարկա գույքի առաջնային և օրինական սեփականատերն է եղել, և այն Ն.Համբարձումյանի տիրապետությունից դուրս է եկել ապօրինի ճանապարհով:
15.2. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի որոշմանը:
16. Բողոքաբեր Նշան Համբարձումյանը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ խախտել է իր իրավունքները` թույլ տալով նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը չի պարզել և պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել այն հանգամանքը, որ վեճի առակա գույքը պատկանում է իրեն և վերջինիս կամքից անկախ հանգամանքներում՝ հանցագործություն կատարելու հետևանքով է այդ տարածքը դուրս եկել իր տիրապետությունից:
Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանն առանց պարզելու և համապատասխան գնահատական տալու գույքի պատկանելիության փաստի վերաբերյալ իր և Լևոն Զաքոյանի միջև առկա խնդրին` առանց սպասելու վարչական դատավարության կարգով Երևանի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքի պետական գրանցման ակտի վիճարկման գործով վեճի դատական լուծման արդյունքին, փաստացի միջամտել է այլ դատարանին ընդդատյա վեճի լուծմանը՝ կայացնելով անօրինական և անհիմն դատական ակտ: Արդյունքում գույքը հանձնվել է ոչ իրավաչափ եղանակով սեփականատեր դարձած անձին:
16.1. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր լուծելու մեկ այլ քրեական գործով դատաքննության փուլում գտնվող իրեղեն ապացույց ճանաչված գույքի տնօրինման հարցը, քանի որ իրեղեն ապացույցի տնօրինման հարցի լուծումն արդարադատության իրականացման բաղադրիչ մասերից է և կարող է լուծվել բացառապես իրավասու դատարանի կողմից:
17. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է իրեղեն ապացույցը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը հանձնելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշումը և մերժել Լևոն Զաքոյանի բողոքը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործով նախաքննությունն ավարտված լինելու պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված բողոքի քննության արդյունքում դատարանի լիազորությունների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
19. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով բողոքի արդյունքում իրեղեն ապացույց ճանաչված գույքը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը հանձնելու վերաբերյալ որոշում կայացնելն այն պայմաններում, երբ այդ գույքը դատական քննության փուլում գտնվող քրեական գործով իրեղեն ապացույց է:
20. ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
(…)
3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումներն առ այն, որ գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման` սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ (տե'ս Արթուր Արարատի Հայրապետյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշման 19-րդ կետը): Սեփականության իրավունքը ենթադրում է ոչ միայն յուրաքանչյուր անձի իրավունքը պահանջելու, որ այլոք չխախտեն իր սեփականության իրավունքը, այլ նաև պետության պարտականությունը` սեփականության իրավունքը պաշտպանելու ցանկացած անօրինական ոտնձգություններից (տե'ս Արամ Ատեփանի Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0326/01/09 որոշման 20-րդ կետը):
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
Եվրոպական դատարանը կայուն նախադեպային պրակտիկա է ձևավորել առ այն, որ Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված անձի իրավունքին միջամտությունը պետք է լինի օրինական, բխի ընդհանուր շահից և լինի համաչափ (տե'ս, ի թիվս այլոց, Beyeler v. Italy գործով Մեծ պալատի 2000 թվականի հունվարի 5-ի վճիռ, գանգատ թիվ 33202/96, կետ 107, J.A. Pye (Oxford) Ltd and J.A. Pye (Oxford) Land Ltd v. the United Kingdom գործով Մեծ պալատի 2007 թվականի օգոստոսի 30-ի վճիռ, գանգատ 44302/02, կետ 75): Եվրոպական դատարանը Բորժոնովն ընդդեմ Ռուսաստանի գործով կայացված վճռում մասնավորապես նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև։ Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև (տե՛ս Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետ 59)։
21. Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը պարունակում է անձանց գույքային իրավունքների հնարավոր սահմանափակումներին վերաբերող նորմեր: Դրանց շարքին են դասվում իրեղեն ապացույց ճանաչված առարկաների վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորող նորմերը:
Մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն`
«1. Իրեղեն ապացույցներ են այն առարկաները, որոնք հանցագործության գործիք են ծառայել կամ իրենց վրա հանցագործության հետքեր են պահպանել, կամ հանցավոր գործողությունների օբյեկտներ են եղել, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները և մյուս բոլոր առարկաները, որոնք կարող են հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու, մեղադրանքը հերքելու կամ պատասխանատվությունը մեղմացնելու միջոցներ ծառայել (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն`
«1. Իրեղեն ապացույցները պահվում են քրեական գործի հետ, իսկ մեծածավալության դեպքում` կարող են հանձնվել հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և առանձին անձանց պատասխանատու պահպանմանը:
(…)
3. Իրեղեն ապացույցները և առգրավված այլ առարկաները, բացառությամբ շուտ փչացող առարկաների, քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից պահվում են այնքան, քանի դեռ նրանց տնօրինման հարցը չի լուծվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իրեղեն ապացույցների տնօրինման մասին որոշումը կարող է ընդունվել նախքան քրեական գործով վարույթի ավարտը (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն`
«1. Նախքան քրեական գործով վարույթի ավարտը քրեական վարույթն իրականացնող մարմինը սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին հետ է վերադարձնում`
1) շուտ փչացող առարկաները.
2) առօրյա կենցաղում օգտագործելու համար անհրաժեշտ այն առարկաները, որոնց վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել.
3) թռչունները և տնային կենդանիները, ավտոմեքենան կամ տրանսպորտային այլ միջոցը, եթե դրանց վրա քաղաքացիական հայցը, դատական ծախսերը կամ հնարավոր գույքային բռնագանձումն ապահովելու համար կալանք դրված չէ:
1.1. Գրավի առարկա իրեղեն ապացույցները և գրավի առարկա առգրավված այլ առարկաները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հետ են վերադարձվում դրա օրինական տիրապետողին բոլոր քննչական գործողությունները կատարելուց հետո, եթե դա չի վնասում պատշաճ ապացուցմանը (…)»:
21.1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրեղեն ապացույց ճանաչված գույքը պատասխանատու պահպանության հանձնելու խնդրին, Լ.Զաքոյանի վերաբերյալ գործով որոշմամբ իրավական դիրքորոշում է ձևավորել, համաձայն որի՝
«[Օ]րենսդիրը նախատեսել է առարկան իրեղեն ապացույց ճանաչելու միջոցով անձի սեփականության իրավունքի սահմանափակման օրինական հիմք, որը բխում է հասարակության ընդհանուր շահից, այն է` հանցագործությունների բացահայտումը: Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է սեփականության իրավունքի մի շարք երաշխիքներ, որոնցից են այն առարկաների բնութագիրը, որոնք կարող են ճանաչվել իրեղեն ապացույցներ, առարկան իրեղեն ապացույց ճանաչելու դատավարական կարգի մանրամասն կարգավորումը, իրեղեն ապացույցների պահպանման կարգի սահմանումը:
(…)
[Ի]րեղեն ապացույց ճանաչված առարկայի մեծածավալության դեպքում այն համապատասխան անձանց պատասխանատու պահպանմանը հանձնելու հայեցողական լիազորությունն իրականացնելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է ելնի պատշաճ ապացուցման ընդհանուր շահի և անհատի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունից: Յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը և, հետևաբար, պետք է ապահովվեն համապատասխան դատավարական երաշխիքներ՝ համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ ոչ կանխատեսելի չէ (տե՛ս Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետեր 59-60)։ Համաչափության սկզբունքը պետք է ապահովվի ոչ միայն անձի իրավունքի նկատմամբ սահմանափակում կիրառելիս, այլ նաև դրա աստիճանը որոշելիս: Վերջինս արտահայտվում է իր գույքն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավազորություններից որևէ մեկը կամ բոլորը սահմանափակելու հարցի որոշմամբ (…)»: (տե'ս Լևոն Զաքոյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0255/11/15 որոշման 18-րդ կետը)
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Լ.Զաքոյանի վերաբերյալ իր նախկին որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ իրեղեն ապացույց ճանաչված մեծածավալ գույքի դեպքում, եթե ողջամտորեն բացառվում է դրա առանձնահատկությունները, հատկանիշները, պարունակող հետքերն էապես փոփոխելու հնարավորությունը, վարույթն իրականացնող մարմինը պետք է քննարկման առարկա դարձնի այդ գույքը սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի պահպանմանը թողնելու հարցը: Վերջին պահանջից բխում է նաև սեփականատիրոջ պատասխանատու պահպանմանը վերոհիշյալ գույքը չթողնելու պարագայում պատշաճ հիմնավորում ներկայացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը, որպիսի դեպքում միայն կապահովվի սեփականության իրավունքի սահմանափակման համաչափությունն անձի կողմից վիճարկելու, ինչպես նաև իրավասու մարմնի կողմից այն գնահատելու հնարավորությունը:
22. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ներպետական և միջազգային նորմերով երաշխավորված անձի սեփականության իրավունքի պաշտպանության բովանդակային մաս է կազմում նաև իր այդ իրավունքի լիարժեք իրացման համար ենթադրյալ միջամտություն թույլ տված պետական մարմինների և պաշտոնատար անձանց որոշումներն ու գործողությունները բողոքարկելու հնարավորությունը: Այս առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս վարույթի շահագրգիռ մասնակիցներին բողոքարկել որոշակի գույքն իրեղեն ապացույց ճանաչելու առնչությամբ՝ քրեական հետապնդման մարմինների որոշումներն ու գործողությունները (անգործությունը), այդ թվում նաև՝ իրեղեն ապացույց ճանաչված գույքը սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի պահպանմանը թողնելու հարցը պատշաճ քննարկման առարկա չդարձնելը: Մասնավորապես՝ դրանք պետք է բողոքարկվեն նախնական քննության նկատմամբ հետագա դատական վերահսկողության կառուցակարգի սահմաններում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի oպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` uույն oրենuգրքով նախատեuված որոշումների և գործողությունների oրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կաuկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մաuնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և oրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
(…)
5. Բողոքը ճանաչելով հիմնավորված՝ դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ պարտականությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (…)»:
Վերլուծելով մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կառուցակարգը նախատեսող այս նորմերը՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալու անձի իրավունքների և ազատությունների անօրեն ու չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնելու խախտված իրավունքներն ու ազատությունները։ Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին (Տե՛ս Ն.Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը, Վ.Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11 որոշման 22-րդ կետը)։ Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կառուցակարգի առնչությամբ Վճռաբեկ դատարանը նաև բազմիցս ընդգծել է, որ. «(...) դատական կարգով բողոքարկման ենթակա են մինչդատական վարույթն իրականացնող մարմինների գործողությունները և որոշումները, որոնք կայացվել են մինչև գործն ըստ էության լուծելու համար դատարան ուղարկելը։ Սահմանելով հետագա դատական վերահսկողություն մինչդատական վարույթի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը հետաքննության և նախաքննության մարմինների որոշումների և գործողությունների դատական կարգով բողոքարկման որևէ սահմանափակում չի նախատեսում` կապված գործի քննության դատավարական փուլի հետ։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, նախաքննության ավարտված լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի oպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` ՀՀ քրեադատավարական oրենuգրքով նախատեuված որոշումների և գործողությունների դատական բողոքարկման համար (...)» (Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ «Նարեկ» ՍՊԸ-ի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0050/11/08 գործով որոշումը, կետ 22, Ն.Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 գործով որոշումը, կետ 12)։Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով դատարանը պարտավոր է բողոքի քննության արդյունքներով կայացնել կամ ներկայացված բողոքը մերժելու որոշում, եթե գտնի, որ անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, կամ կայացնի որոշում` անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին, եթե հիմնավորված կհամարի, որ տեղի է ունեցել անձի իրավունքների կամ ազատությունների խախտում (Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ «Նարեկ» ՍՊԸ-ի գործով վերը հիաշատակված որոշումը, կետ 24, Ն.Միսակյանի գործով վերը հիշատակված որոշումը, կետ 12)
23. Հիմք ընդունելով նախորդ կետերում մեջբերված իրավական նորմերը, ինչպես նաև նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ նախաքննության մարմինների որոշումների և գործողությունների՝ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կառուցակարգով բողոքարկման հնարավորությունը սահմանափակված չէ նախաքննությունն ավարտված լինելու հանգամանքով, և ինքնին նախաքննության ավարտված լինելը խոչընդոտ չէ անձի իրավունքները դատական կարգով պաշտպանելու համար: Դեռ ավելին՝ հետագա դատական վերահսկողության անմիջական խնդիրներից մեկը հենց մինչդատական վարույթում նախաքննության մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) հետևանքով անձի իրավունքների խախտման կամ ոչ իրավաչափ սահմանափակման փաստի արձանագրումն է, ինչն էլ իր հերթին կարող է իրավական հնարավորություն տալ անձին իրավունքի պաշտպանության այլ եղանակներով վերականգնելու իր խախտված իրավունքներն ու օրինական շահերը։
Վերոշարադրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը հիշատակված՝ «Նարեկ» ՍՊԸ-ի և Ն.Միսակյանի գործերով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականություն սահմանելու դատարանի իրավազորության մասով գույքի վրա կալանք դնելու մասին որոշումների բողոքարկման դեպքերում, պետք է մեկնաբանվեն այնպես, որ, երբ քրեական գործը նախնական քննության փուլից դատական քննության փուլ անցնելու հետևանքով վեճի առարկա իրավահարաբերությունների առնչությամբ որոշում կայացնելու իրավասությունը նախաքննական մարմնից փոխանցվել է դատարանին՝ անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականություն սահմանելու դատարանի լիազորությունը դառնում է անիրագործելի և կարող է առաջացնել դատարանի համապատասխան որոշման կատարման անհնարինություն: Նշված դատողութունը պայմանավորված է այն իրողությամբ, որ մի կողմից, քրեական գործը դատարանին փոխանցված լինելու պատճառով նախաքննական մարմինը վեճի առարկա իրավահարաբերությունների առնչությամբ որոշումներ կայացնելու կամ գործողություններ կատարելու իրավասություն չունի, ուստի վերջինիս համար post factum պարտականություն չի կարող սահմանվել, մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ այդ պահին վարույթն իրականացնող մարմինը գործն ըստ էության քննող դատարանն է, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատարանն իրավասություն չունի որոշակի պարտականություններ սահմանելու նույն ատյանի մեկ այլ դատարանի համար:
23.1. Բացի այդ, այս դեպքում դատարանի կողմից անձի իրավունքի խախտումը վերացնելու պարտականություն սահմանելը կարող է հանգեցնել մինչև քրեական գործով վերջնական որոշում կայացնելն իրեղեն ապացույց ճանաչված գույքի պատասխանատու պահպանության հանձնելու հարցի հետ կապված վեճերի քննությանը։ Իսկ ավարտված նախաքննության պայմաններում, երբ քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում, այդ վեճերի լուծման և իրեղեն ապացույցների վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունը պատկանում է քրեական գործն ըստ էության քննող դատարանին: Դեռ ավելին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավճիռ կայացնելիս դատարանն անդրադառնում է իրեղեն ապացույցների հետ կապված հարցերին, այսինքն՝ իրեղեն ապացույց ճանաչված գույքի տնօրինման հարցը մտնում է դատարանի արդարադատության իրականացման բացառիկ իրավազորության մեջ և կազմում է գործով եզրափակիչ դատական ակտի բովանդակային և բաղկացուցիչ մասերից մեկը: Նման պայմաններում դատական վերահսկողություն իրականացնող դատարանը չի կարող միջամտել արդարադատության իրականացմանը և մինչ գործի ավարտը որոշում կայացնել այնպիսի հարցի վերաբերյալ, որը ենթակա է լուծման միայն գործը քննող դատարանի եզրափակիչ ակտով:
Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավարտված նախաքննության պայմաններում, երբ քրեական գործն արդեն իսկ գտնվում է դատարանի վարույթում, մինչ այդ իրեղեն ապացույց ճանաչված գույքի վերաբերյալ նախաքննության մարմնի որոշման դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված բողոքի քննության շրջանակում դատարանը, ելնելով մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության խնդիրներից, կարող է քննարկման առարկա դարձնել և արձանագրել բացառապես մինչ գործը դատարան ուղարկելը նախաքննության մարմնի կողմից անձի սեփականության իավունքի հնարավոր խախտման փաստը՝ ձեռնպահ մնալով այս խախտումը վերացնելու պարտականություն սահմանելու մասին որոշում կայացնելուց, ինչը տվյալ դեպքում կարող է հանգեցնել նաև իրեղեն ապացույցը պատասխանատու պահպանության հանձնելու, դրա տնօրինման հետ կապված հարցերը որոշելու՝ գործն ըստ էության լուծող դատարանի լիազորության յուրացմանը։ Գործը դատարան ուղարկելուց հետո գույքի շարունակական արգելադրմամբ պայմանավորված՝ անձի սեփականության իրավունքի սահմանափակման օրինականության և հնարավոր խախտման փաստը քննարկելու ու առավել ևս իրեղեն ապացույցի ճակատագիրը որոշելու իրավասությունը պատկանում է գործն ըստ էության քննող դատարանին։ Ընդ որում, անձն իր իրավունքների ենթադրյալ խախտման հարցը կարող է դատարանի վարույթում գտնվող գործով քննարկման առարկա դարձնել համապատասխան միջնորդություններ հարուցելով թե´ գործը դատական քննության նշանակելու և թե´ դատաքննության փուլերում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև նախաքննությունն ավարտված լինելու հանգամանքն արգելք չէ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումների դեմ բերված բողոքները քննության առնելու համար, սակայն հետագա դատական վերահսկողության կառուցակարգն այս դեպքում կարող է սահմանափակվել մինչդատական վարույթում անձի իրավունքների հնարավոր խախտման փաստի արձանագրմամբ՝ առանց այդ խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու։ Դրանով իսկ, մի կողմից, ապահովվում է մինչդատական վարույթի նկատմամբ հետագա վերահսկության եղանակով անձի դատական պաշտպանության իրավունքը, մյուս կողմից՝ բացառվում է գործն ըստ էության քննող դատարանի վրա մինչդատական վարույթի նկատմամբ հետագա վերահսկողություն իրականացնող դատարանի կողմից ոչ իրավաչափորեն որոշակի պարտականություններ դնելը, ինչպես նաև մինչդատական վարույթի նկատմամբ հետագա վերահսկողության գործառույթի շրջանակներում գործն ըստ էության լուծող դատարանին վերապահված իրավասությունների յուրացումը։
24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 տարածքը ճանաչվել է իրեղեն ապացույց այն հիմնավորմամբ, որ հանցավոր ոտնձգության առարկա է և գործով ունի կարևոր ապացուցողական նշանակություն: Այնուհետև իրականացվել է զննություն, և տարածքի պահպանությունն ապահովելու նպատակով այն կապարակնքվել է (տե´ս սույն որոշման 2-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի հունվարի 22-ի որոշմամբ մերժել է դիմող Լ.Զաքոյանի բողոքը կապված իրեղեն ապացույց ճանաչված Թումանյան փողոցի 11-րդ շենքի 44-րդ հասցեում գտնվող տարածքի կապարակնքումը հանելու և այն իր պատասխանատու պահապանության հանձնելու վերաբերյալ (տե´ս սույն որոշման 3-րդ կետը): Դիմող Լ.Զաքոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի մարտի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունվարի 22-ի որոշումը (տե´ս սույն որոշման 4-րդ կետը):
Վճռաբեկ դատարանը, Լ.Զաքոյանի ներկայացուցիչ Թ.Ալեքսանյանի բողոքի հիման վրա, 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ բեկանել է ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել է Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության (տե´ս սույն որոշման 5-րդ կետը):
Բողոքի նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հունիսի 22-ի որոշմամբ՝ պահպանելով սույն գործով Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, ճանաչել է Լ.Զաքոյանի սեփականության իրավունքի խախտումը, սակայն քրեական գործը դատական քննության փուլ փոխանցված լինելու պատճառաբանությամբ մերժել է ներկայացված բողոքը (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):
Հիշյալ որոշման դեմ Լ.Զաքոյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Վերաքննիչ դատարանը 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ վճռել է խնդրո առարկա գույքը մինչև վարույթ իրականացնող մարմնի կողմից տվյալ իրեղեն ապացույցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը հանձնել Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանությանը (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):
25. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 18-23.1.-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի իրեղեն ապացույց ճանաչված Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքը Վերաքննիչ դատարանի կողմից Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը հանձնելով խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջները:
Մասնավորապես՝ սույն գործով վեճի առարկա իրեղեն ապացույցը պատասխանատու պահպանմանը հանձնելու հետ կապված որոշում կայացնելու բացառիկ իրավասությունը պատկանում է գործն ըստ էութան քննող դատարանին: Ուստի, Վերաքննիչ դատարանն իրավասու չէր սույն գործով մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության սահմաններում որևէ պարտականություն դնելու վարույթն իրականացնող մարմնի վրա՝ այն պատճառով, որ արդեն իսկ տվյալ գործով վարույթ իրականացնող մարմինը գործն իր վարույթ ընդունած և ըստ էության քննություն իրականացնող առաջին ատյանի դատարանն է: Դեռ ավելին՝ Վերաքննիչ դատարանը, իրեղեն ապացույց ճանաչված՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքն անմիջականորեն Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանությանը հանձնելով, դուրս է եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ համապատասխան խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու իր լիազորության շրջանակից։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով բողոքի քննության արդյունքում իրեղեն ապացույց ճանաչված գույքը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը հանձնելու վերաբերյալ որոշում կայացնելն այն պայմաններում, երբ այդ գույքը դատական քննության փուլում գտնվող քրեական գործով իրեղեն ապացույց է:
26. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, իրեղեն ապացույց ճանաչված Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքը մինչև քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի կողմից տվյալ իրեղեն ապացույցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանությանը հանձնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված դատական վերահսկողության սահմանների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների, հիմք է Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով Լ.Զաքոյանի սեփականության իրավունքի սահմանափակման ոչ իրավաչափ բնույթը և գործը դատական քննութայն փուլում գտնվելու հիմքով ձեռնպահ մնալով այդ խախտումը վերացնելու պարտականություն սահմանելուց, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ՝ մերժելով Լևոն Զաքոյանի ներկայացրած բողոքը: Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի որոշմանը:
27. Ինչ վերաբերում է բողոքաբերների կողմից բարձրացված՝ Ն.Համբարձումյանի սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ մյուս հարցերին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որն դրանք դուրս են կոնկրետ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակից և, հետևաբար, քննարկման առարկա դարձվել չեն կարող:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Դիմող Լևոն Զաքոյանի բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Ավետիսյան Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան