ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0079/11/17 |
ԵԿԴ/0079/11/17 |
Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ` դիմողի ներկայացուցիչ |
Գ. Ավետիսյանի |
2018 թվականի հունվարի 12-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 28-ի որոշման դեմ Ռազմիկ Վանյանցի ներկայացուցիչ Գ.Ավետիսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Հետաքննության մարմնի` 2013 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ՌԴ քաղաքացի Ռազմիկ Վանյանցի հաղորդման և վերջինիս ներկայացուցիչ Սերգեյ Մկրտչյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 59104713 քրեական գործը:
2015 թվականի ապրիլի 20-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 12-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:
2015 թվականի ապրիլի 29-ին Ռ.Վանյանցը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով վերացնել նախաքննական մարմնի հիշյալ որոշումը: Երևան քաղաքի դատախազի` 2015 թվականի մայիսի 11-ի որոշմամբ Ռ.Վանյանցի բողոքը մերժվել է:
2. Նախաքննական մարմնի վերը հիշատակված որոշումը Ռ.Վանյանցը բողոքարկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը 2016 թվականի մարտի 16-ի որոշմամբ մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի մայիսի 2-ի որոշմամբ Ռ.Վանյանցի և վերջինիս ներկայացուցիչ Ս.Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը բավարարել է` վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Ռ.Վանյանցի իրավունքների ու ազատությունների խախտումը:
3. 2016 թվականի հունիսի 7-ին քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացվել է, և քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին` նախաքննությունը շարունակելու, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մայիսի 2-ի որոշմամբ նշված խախտումները վերացնելու համար:
3.1. Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 8-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և Ռազմիկ Վանյանցի, Արա Գրիգորյանի և Էմիլ Հակոբյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, Ռազմիկ Վանյանցի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ և 333-րդ հոդվածներով, Արա Գրիգորյանի, Վաղարշակ Գևորգյանի, Նարեկ Սարգսյանի և Վարդան Սահակյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով, Արա Գրիգորյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածով, Իգոր Վարդանյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ և 322-րդ հոդվածներով, Արա Գրիգորյանի և Արտակ Մկրտչյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, Արա Գրիգորյանի և Էմիլ Հակոբյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 179-րդ հոդվածներով և Աննա Նարեկացյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով, քրեական հետապնդում չի իրականացվել` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե'ս նյութեր, հատոր 1, թեթեր 40-57):
Երևան քաղաքի դատախազի` 2017 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ նախաքննության մարմնի` քրեական գործով վարույթը կարճելու մասին 2017 թվականի մարտի 8-ի որոշման դեմ Ռ.Վանյանցի բողոքը մերժվել է:
3.2. 2017 թվականի մայիսի 5-ին դիմող Ռ.Վանյանցը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմիններին` Երևան քաղաքի դատախազությանը և Երևան քաղաքի քննչական վարչությանը, վերացնել իր` որպես տուժողի իրավունքների խախտումները` պարտավորեցնել անհապաղ իրեն հանձնել Երևան քաղաքի դատախազի` իր բողոքը մերժելու մասին 2017 թվականի ապրիլի 3-ի որոշման ռուսերեն թարգմանված օրինակը, Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Կ.Ներսիսյանի` 2017 թվականի մարտի 8-ի որոշման հայերեն և ռուսերեն օրինակները, ինչպես նաև 2016 թվականի մայիսից հետո քրեական գործի ողջ նյութերի բնագրերի պատճենները և դրանց ռուսերեն թարգմանված օրինակները:
4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 6-ի որոշմամբ Ռ.Վանյանցի բողոքը տարածքային ընդդատության կարգով ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Ռ.Վանյանցի բողոքը մերժվել է:
5. Դիմող Ռ.Վանյանցի ներկայացուցիչ Գ.Ավետիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 12-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
6. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ռ.Վանյանցի ներկայացուցիչ Գ.Ավետիսյանը: Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 8-ին կայացված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ Ռ.Վանյանցի բողոքը Երևան քաղաքի դատախազի` 2017 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ մերժվել է (տե'ս սույն որոշման 3.1-րդ կետը):
Երևան քաղաքի դատախազի տեղակալ Լ.Չարխիֆալակյանը 2017 թվականի ապրիլի 4-ին նախաքննության մարմնի վերոհիշյալ որոշման դեմ ներկայացված բողոքը մերժելու մասին որոշումը դիմող Ռ.Վանյանցին ուղարկելու մասին կից գրությամբ հայտնել է. «(...) նշված որոշումը ռուսերեն լեզվով թարգմանված վիճակում կուղարկվի լրացուցիչ» (տե'ս նյութեր, հատոր 1, թերթ 12):
Ի պատասխան դիմող Ռ.Վանյանցի դիմումի` Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Կ.Ներսիսյանը 2017 թվականի ապրիլի 11-ի գրությամբ հայտնել է. «(...) թիվ 59104713 քրեական գործով վարույթը ավարտվել է և համապատասխան որոշման հայերեն օրինակը ուղարկվել է (…), իսկ ռուսերեն օրինակը կուղարկվի թարգմանելուց հետո, քրեական գործը չի գտնվում Երևան քաղաքի քննչական վարչությունում, բացի դա նշված քրեական գործով (…) նամակների, միջնորդությունների և բողոքների պատասխանները, որոշումները, ծանուցումներն արդեն իսկ օրենքով սահմանված կարգով և ժամանակին ուղարկվել են (…) և կրկին անգամ նույն փաստաթղթերի օրինակները ուղարկելը նպատակահարմար չեմ համարում» (տե'ս նյութեր, հատոր 2, թերթ 29):
ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Հարությունյանը դիմող Ռ.Վանյանցին 2017 թվականի ապրիլի 21-ին հասցեագրված գրությամբ, ի թիվս այլոց, անդրադառնալով ՀԿԳ քննիչ Կ.Ներսիսյանի` 2017 թվականի մարտի 8-ի որոշման ռուսերեն թարգմանված պատճենը դիմողին հանձնված չլինելու մասին 2017 թվականի ապրիլի 12-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված նամակին, հայտնել է. «(…) Երևան քաղաքի դատախազի տեղակալի` 2017թ. ապրիլի 4-ի 50/5դ-17 և 2017թ. ապրիլի 6-ի 60/5դ-17 թվակիր գրություններով Ձեզ տեղեկացվել է, որ ՀԿԳ քննիչ Կ.Ներսիսյանի` 2017թ. մարտի 8-ի որոշման և այդ որոշման դեմ ներկայացված բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի դատախազի` 2017թ. ապրիլի 3-ի որոշման ռուսերեն թարգմանված պատճենները Ձեզ կուղարկվեն լրացուցիչ` պատրաստ լինելուն պես» (տե'ս նյութեր, հատոր 1, թերթ 13):
8. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքում Ռ.Վանյանցը, ի թիվս այլոց, նշել է հետևյալը. «(…) 23.03.2017 թվականին (…) տեղեկացել է, որ թիվ 59104713 քրեական գործով վարույթը կարճվել է, սակայն քննիչը նշված որոշումն իր բնակության հասցեով չի ուղարկել (…):
(…)
(…) 2017 թվականի մարտի 27-ին (…) Երևան քաղաքի դատախազին հասցեագրված առարկություն է ներկայացրել` խնդրելով իր` 2017 թվականի մարտի 23-ի բողոքի քննարկումը հետաձգել և իրեն ուղարկել նախաքննության ընթացքում քննիչի, դատախազի կողմից կայացված որոշումներն ու պարզաբանումները` ռուսերեն լեզվով թարգմանված վիճակում:
(…)
(…) [Ի]նձ` որպես տուժողի չի ուղարկվել քննիչ Կ.Ներսիսյանի և Երևան քաղաքի դատախազի ռուսերեն թարգմանված որոշումների օրինակները: (…) ՀՀ գլխավոր դատախազությունը փաստացի ընդունել է իր իրավունքների խախտման փաստը:
(…) Չունենալով կարճման որոշման, նաև իմ տիրապետած լեզվով օրինակները, ես փաստացի զրկված եմ եղել որոշման տեքստին և գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից: (…) Գործը կարճելու մասին տեղեկացել եմ Երևան քաղաքի դատախազի տեղակալի գրությունից (…): (…) [Վ]երոհիշյալ գրությունից տեղեկանալով գործի վարույթը կարճելու մասին, այդ օրը համարել եմ, որ դատախազությունը կարող է դիտել որպես կարճման մասին տեղյակ լինելու օր, (…) այդ գրությունը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում բողոքը նախնական տեսքով ներկայացրել եմ Երևան քաղաքի դատախազություն` նշելով, որ հիմնական բողոքը կբերեմ որոշումը ստանալուց հետո: (…) միջնորդել եմ բողոքի քննարկումը հետաձգել, որպեսզի հնարավորություն ունենամ ստանալու քննիչի որոշման հայերեն և ռուսերեն օրինակները, գործի նյութերը և պատշաճ ուսումնասիրելով ու ծանոթանալով դրանց կարողանամ լիարժեք բողոք ներկայացնել: (…) Չնայած դրան, (…) խախտելով իմ իրավունքները (…) 03.04.2017թ. Երևան քաղաքի դատախազը (…) որոշում է կայացրել բողոքի հետաձգման իմ պահանջը մերժելով` բողոքը մերժելու մասին (…)» (տե'ս նյութեր, հատոր 1, թերթ 2-9):
9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) 2013 թվականի նոյեմբերի 15-ին Ռազմիկ Վանյանցի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում ներկայացված հաղորդման հիման վրա 2013 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշերով հարուցվել է թիվ 59104713 քրեական գործը, որի շրջանակներում ձեռնարկված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցված վերլուծության և գնահատման արդյունքում քրեական վարույթն իրականացնող մարմինը 2015 թվականի մարտի 8-ին որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 12-րդ կետերի հիմքով:
(…)
Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Կ.Ներսիսյանի 11.04.2017թ. թիվ 40/104դ-17 գրության համաձայն տուժողին ուղարկվել է 08.03.2017թ. «քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշման հայերեն օրինակը, իսկ Երևան քաղաքի դատախազի տեղակալի 04.04.17թ. թիվ 50/5դ-17 գրությամբ տուժողին ուղարկվել է նաև 03.04.2017թ. «բողոքը մերժելու մասին» Երևան քաղաքի դատախազի որոշման հայերեն օրինակը: Հիշյալ գրություններով տուժողին հայտնվել է նաև, որ 08.03.2017թ. «քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշման, ինչպես նաև Երևան քաղաքի դատախազի 03.04.2017թ. «բողոքը մերժելու մասին» որոշումների ռուսերեն թարգմանված օրինակները վերջինիս կտրամադրվեն պատրաստ լինելուն պես:
Դատարանն արձանագրում է նաև, որ սույն բողոքը քննության առնելու ընթացքում ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Կ.Ներսիսյանի 31.05.17թ թիվ 40/-4կգ և Երևան քաղաքի դատախազության ներկայացուցիչ Գ.Գևորգյանի 01.06.17թ թիվ 50/101մ-17 գրություններին կից դատարանում ստացվել են 08.03.2017թ. «քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշման, ինչպես նաև Երևան քաղաքի դատախազի 03.04.2017թ. «բողոքը մերժելու մասին» որոշումների ռուսերեն թարգմանված օրինակները և դրանք տուժող Ռ.Վանյանցին փոստային ծառայության միջոցով ուղարկելու վերաբերյալ հավաստող փաստաթղթերը (հիմք «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ անդորրագրեր), որոնք դատական նիստի ընթացքում տրամադրվեցին բողոքաբերի ներկայացուցչին:
(…) [Դ]ատարանը փաստում է, որ բողոքաբերի կողմից պահանջվող որոշումների ռուսերեն թարգմանված օրինակները Երևան քաղաքի դատախազության և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության կողմից տրամադրվել են տուժողին առաջին իսկ հնարավորության դեպքում, իսկ այն տրամադրելու հետ կապված տևական ժամանակահատվածը պայմանավորված է եղել որոշումները համապատասխան ընթացակարգով` իրավասու մարմնի կողմից թարգմանելու և քրեական վարույթն իրականացնող մարմիններին տրամադրելու հանգամանքով, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ սույն բողոքը քննության առնելու պահին Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Կ.Ներսիսյանի գործողությունների արդյունքում տուժող Ռ.Վանյանցի իրավունքները չեն խախտվել, այդ կապակցությամբ վերջինիս կողմից բողոքում բերված պատճառաբանությունները և հիմնավորումները եղել են վաղաժամ, իսկ տվյալ պահին ոչ փաստարկված, քանի որ չեն բխում դատական նիստի ընթացքում հետազոտված նյութերից:
Ինչ վերաբերում է բողոքաբերի և նրա ներկայացուցչի մեկ այլ պահանջին, այն է` տրամադրել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից 2016թ. մայիսից հետո կատարված քննչական և դատավարական գործողությունների ողջ նյութերի բնագրերի պատճենները և դրանց ռուսերեն թարգմանված օրինակները, ապա դատարանը գտնում է, որ այն ևս անհիմն է, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն տուժողն իրավունք ունի նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ, իսկ 11-րդ կետի համաձայն` իր խնդրանքով անվճար ստանալ քրեական գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների պատճենները, մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման պատճենը: Այսինքն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով (1-ին մասի 11-րդ կետ) սպառիչ կերպով սահմանված են տուժողին պարտադիր հանձնման ենթակա փաստաթղթերը, և ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի վրա այլ փաստաթղթերի հանձման պարտականություն դրված չէ, իսկ հետազոտված նյութերի համաձայն 2016թ. մայիսից հետո կատարված քննչական և դատավարական գործողությունների շարքում տուժողին պարտադիր հանձման ենթակա փաստաթղթեր առկա չեն, որպիսի պայմաններում Ռ.Վանյանցի իրավունքները չեն խախտվել:
Բացի այդ, Դատարանը գտնում է, որ բողոքաբերը կաշկանդված չէ դիմել քրեական վարույթն իրականացնող մարմնին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված կարգով` նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ (…)»:
Արդյունքում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ դիմող Ռ.Վանյանցի և նրա ներկայացուցչի բողոքն անհիմն է և ենթակա է մերժման (տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 148-157):
10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է. «(…) [Հ]իմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի պատճառանություններն այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Կ.Ներսիսյանի` 08.03.2017թ. «քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» և Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի` 03.04.2017թ. «բողոքը մերժելու մասին» որոշումների ռուսերեն թարգմանված օրինակները տուժող Ռազմիկ Վանյանցին տրամադրվել են առաջին իսկ հնարավորության դեպքում, և դրանք տրամադրելու հետ կապված տևական ժամանակահատվածը պայմանավորված է եղել որոշումները համապատասխան ընթացակարգով իրավասու մարմնի կողմից թարգմանելու և քրեական վարույթն իրականացնող մարմիններին տրամադրելու հանգամանքով:
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի փաստարկներին առ այն, որ Առաջին ատյանի դատարանը, դուրս գալով բողոքի առարկայի շրջանակներից, արձանագրել է, որ ձեռնարկված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցված վերլուծության և գնահատման արդյունքում քրեական վարույթն իրականացնող մարմինը 2017 թվականի մարտի 8-ին որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին, դիմողը քննիչի որոշման օրինականությունը չի վիճարկել, ապա վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատարանը նշվածով փաստել է քննիչի կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը և չի իրականացրել նշված որոշման օրինականության դատական ստուգում:
(…)
(…) Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի պատճառաբանություններին առ այն, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է դատավարության լեզվին չտիրապետող տուժողի համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված հատուկ կարգավիճակը, պարտավոր էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի դրույթները մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համատեքստում, ապա վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն արձանագրելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով (1-ին մասի 11-րդ կետ) սպառիչ կերպով սահմանված են տուժողին պարտադիր հանձնման ենթակա փաստաթղթերը, ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի վրա այլ փաստաթղթերի հանձման պարտականություն դրված չէ, և 2016 թվականի մայիսից հետո կատարված քննչական և դատավարական գործողությունների շարքում տուժողին պարտադիր հանձման ենթակա փաստաթղթեր առկա չեն, դատավարական իրավունքի նորմերի խախտում թույլ չի տվել:
Անդրադառնալով վերաքննիչ բողոքում նշված պատճառաբանություններին, վերաքննիչ դատարանը, հետազոտելով նաև ներկայացված նյութերը, հանգում է հետևության, որ բողոքաբերի ներկայացուցչի պատճառաբանությունները բավարար չափով հիմնավորված չեն, դրանք արդեն իսկ բազմակողմանիորեն ստուգվել, օբյեկտիվ վերլուծության ու գնահատման են ենթարկվել վիճարկվող որոշմամբ, հետևաբար վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանություններն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու բավարար հիմք հանդիսանալ չեն կարող (…) (տե'ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 97-100):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Բողոք բերած անձի կարծիքով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս չի ղեկավարվել Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի և Լաուրա Զարյանի վերաբերյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներով:
Մասնավորապես, ստորադաս դատարանները դուրս են եկել բողոքի շրջանակներից. Առաջին ատյանի դատարանը պարզորոշ արձանագրել և հստակ իրավական գնահատական է տվել քննիչի` 2017 թվականի մարտի 8-ի որոշմանը` գտնելով, որ այդ որոշումը կայացվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցված վերլուծության և գնահատման արդյունքում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն ընդամենը փաստել է որոշում կայացնելն ու չի իրականացրել նշված որոշման օրինականության դատական ստուգում:
11.1. Բողոքաբերը, անդրադառնալով քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հայերեն օրինակը և ռուսերեն թարգմանված վավերացված պատճենը տուժող Ռ.Վանյանցին օրենքով սահմանված կարգով չտրամադրելու վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված պատճառաբանություններին, նշել է, որ Վերաքննիչ դատարանը մակերեսային, չպատճառաբանված պատասխաններ է տվել, չի հերքել վերաքննիչ բողոքում բերած` Ռ.Վանյանցի իրավունքների խախտման մասին փաստարկները: Մասնավորապես, որոշումներ կայացնելուց հետո, դատարանի նախաձեռնությամբ ու միջոցով պահանջվող որոշումների տրամադրման փաստը Վերաքննիչ դատարանը չի դիտարկել որպես Ռ.Վանյանցի իրավունքների խախտում անգամ այն պայմաններում, երբ դրանք Ռ.Վանյանցի համար առաջացրել էին բացասական հետևանքներ:
Ըստ բողոքի հեղինակի` քննիչն իր որոշման հայերեն օրինակը Ռ.Վանյանցին է ուղարկել որոշում կայացնելուց միայն 2 ամիս 8 օր հետո, երբ դատարանից տեղեկացել է Ռ.Վանյանցի բողոքի մասին:
11.2. Բողոք բերած անձը նշել է նաև, որ ստորադաս դատարաններում ներկայացված բողոքներում ընդգծվել է քրեական դատավարության լեզվին չտիրապետող և արտերկրում մշտապես բնակվող, թոշակառու տուժող Ռ.Վանյանցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և այլ հոդվածներով նախատեսված գործի նյութերին իր տիրապետած լեզվով ծանոթանալու իրավունքից զրկելու փաստը: Նրա կարծիքով Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի դրույթները մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համատեքստում, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասը կարճված գործի նյութերին ծանոթանալու իրավունք սահմանում է նաև տուժողի համար:
12. Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 28-ի որոշումը, արձանագրել Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում բերված` թիվ 59104713 քրեական գործով տուժող Ռ.Վանյանցի իրավունքների խախտման փաստերը և սահմանել քրեական վարույթն իրականացնող մարմինների պարտականությունը` վերացնելու տուժող Ռ.Վանյանցի իրավունքների խախտումները, կամ բեկանել նշված որոշումը և նյութերն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների դիրքորոշումներն առ այն, որ տուժող Ռ.Վանյանցը կարճված գործի նյութերին կարող էր ծանոթանալ նախաքննության ավարտման պահից:
14. ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն`
«1. Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարությունը տարվում է հայերեն: Քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է:
2. Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` քրեական դատավարության լեզվին չտիրապետող` քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել սույն օրենսգրքով սահմանված իրենց իրավունքները:
3. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող համապատասխան անձանց տրվում են սույն օրենսգրքով նախատեսված` հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են»:
Քննարկվող հոդվածը թեև ամրագրում է, որ քրեական դատավարությունը Հայաստանի Հանրապետությունում տարվում է հայերեն, այնուամենայնիվ, իրավունք է վերապահում յուրաքանչյուրին, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, քրեական դատավարության ընթացքում հանդես գալու այն լեզվով, որին նա տիրապետում է` որպես երաշխիք, ի թիվս այլոց, սահմանելով, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց անհատույց հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց բոլոր իրավունքները:
Ընդ որում, քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց` իրենց համար հասկանալի լեզվով հանդես գալու իրավունքը պետք է ապահովվի դատավարության բոլոր փուլերում, քանի որ առանց հասկանալի լեզվով հանդես գալու ազատության իրացման հնարավորության անհնար է արդարադատության այնպիսի հիմնարար սկզբունքների իրականացումը, ինչպիսիք են պաշտպանության իրավունքի ապահովումը, գործի արդարացի քննությունը, օրինականությունը, օրենքի առջև բոլորի հավասարությունը, մրցակցությունը (տե'ս, mutatis mutandis, Ն.Գելաշվիլու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-72/07, Գ.Խաչատրյանի և Ս.Քրմոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0059/01/14 որոշումները):
⚖15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն`
«1. Տուժողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`
(…)
9) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ.
(...)
11) իր խնդրանքով անվճար ստանալ քրեական գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների պատճենները, մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման պատճենը.
12) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն`
«1. Քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց պարզաբանվում է գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը և վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման կարգը:
3. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճված գործի նյութերին»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված` քրեական գործի նյութերին ծանոթանալու` տուժողի իրավունքի իրացման պահի հստակեցման կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Ս]ահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն առանձնացնում է մինչև նախնական քննության ավարտը (գործով մեղադրական եզրակացություն կազմելը) տուժողի և/կամ նրա ներկայացուցչի, ինչպես նաև տուժողի իրավահաջորդի համար մատչելի` գործի նյութերի որոշակի ողջամիտ շրջանակ, որոնց վերաբերյալ տուժողի տեղեկացվածությունը նախնական քննության փուլում ապահովում է տուժողի` բացարկներ հայտնելու, միջնորդություններ հարուցելու, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի գործողություններն ու որոշումները բողոքարկելու իրավունքներն իրացնելու հնարավորությունը և այդպիսով երաշխավորում է նաև տուժողի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը մինչդատական վարույթի ընթացքում:
Ինչ վերաբերում է նախնական քննության այն տվյալներին, որոնք մինչև դրա ավարտը կարող են հրապարակվել միայն վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ և կարող են մատչելի դառնալ տուժողին միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից իր հայեցողության իրացման արդյունքում, ապա այդ կապակցությամբ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև ընդգծել, որ վարույթն իրականացնող մարմնի` շահագրգիռ անձին քրեական գործի նյութերից այս կամ այն փաստաթղթի տրամադրումը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված, ինչպես դա նախատեսված է ՀՀ քր. դատ. օր.-ի 102-րդ հոդվածով:
(...)
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև ճշգրտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված` քրեական գործի նյութերին ծանոթանալու` տուժողի իրավունքի իրացման պահը: (...)
(...) [Գ]ործի նյութերին (...) տուժողի կողմից ծանոթանալու ժամանակահատվածը կազմում է նախաքննության ինքնուրույն մաս, նախորդում է նախաքննության ավարտին, և, հետևաբար, տուժողը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող հոդվածով սահմանված` գործի նյութերին ծանոթանալու իր իրավունքն իրացնում է մինչև նախաքննության ավարտը:
Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածն ամրագրում է գործի նյութերին ծանոթանալուց հետո` լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու կամ նոր դատավարական որոշումներ կայացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը: Ընդ որում, նույն հոդվածը հստակորեն սահմանում է միջնորդությունը բավարարելուց հրաժարվելու դեպքում հրաժարվելու մասին որոշման բողոքարկման կարգը (...)» (տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2012 թվականի հունվարի 24-ի թիվ ՍԴՈ-1008 որոշումը):
ՍԴՈ-1372 որոշման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է. «(...) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշատակված որոշման շրջանակում դատավարության մասնակցի` գործի նյութերին ծանոթանալու իրավունքի վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումները վերաբերում են մեղադրական եզրակացություն կազմելու միջոցով նախաքննության ավարտման դեպքին, այդուհանդերձ, դրանք հավասարապես կիրառելի են նաև գործի վարույթը կարճելու միջոցով նախաքննությունն ավարտելիս օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց, մասնավորապես, տուժողի` գործի նյութերին ծանոթանալու իրավունքի նկատմամբ:
(...) [Հ]իշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում Սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նաև նրան, որ գործի վարույթը կարճելու միջոցով նախաքննությունն ավարտելիս տուժողի (...)` գործի նյութերին ծանոթանալու իրավունքն իրացվում է մինչև գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը, այն է` նախաքննության ավարտին նախորդող ժամանակահատվածում (...)» (տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի մայիսի 30-ի թիվ ՍԴՈ-1372 որոշումը):
16. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև հաշվի առնելով մինչդատական վարույթի շրջանակներում դատավարության լեզվին չտիրապետող տուժողի իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով տուժողին պետք է տրամադրվի այն լեզվով, որին նա տիրապետում է որպես վերջինիս հանձնման ենթակա փաստաթուղթ: Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` տուժողը կարող է իր խնդրանքով անվճար ստանալ քրեական գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածը պարտավորեցնում է քննիչին քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենը, ի թիվս այլոց, ուղարկել նաև տուժողին: Վերոնշյալը կարևոր է տուժողի իրավունքների, հատկապես` բողոքարկման իրավունքի պատշաճ իրացումը երաշխավորելու տեսանկյունից:
Ինչ վերաբերում է գործի նյութերին ծանոթանալու տուժողի իրավունքին, ապա այն պետք է իրացվի մինչև գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը, այն է` նախաքննության ավարտին նախորդող ժամանակահատվածում: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ եթե տուժողը չի տիրապետում դատավարության լեզվին, ապա նրան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պետք է հնարավորություն տրվի այդ ընթացքում, պետական միջոցների հաշվին, թարգմանչի օգնությամբ իրականացնելու օրենքով սահմանված իր իրավունքները:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմինը 2017 թվականի մարտի 8-ին որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Երևան քաղաքի դատախազի` 2017 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 8-ի որոշման դեմ Ռ.Վանյանցի ներկայացրած բողոքը մերժվել է (տե'ս սույն որոշման 7-րդ կետը):
Ռ.Վանյանցը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով պարտավորեցնել անհապաղ իրեն հանձնել Երևան քաղաքի դատախազի` իր բողոքը մերժելու մասին 2017 թվականի ապրիլի 3-ի որոշման ռուսերեն թարգմանված օրինակը, նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 8-ի որոշման հայերեն և ռուսերեն օրինակները, ինչպես նաև 2016 թվականի մայիսից հետո քրեական գործի ողջ նյութերի բնագրերի պատճենները և դրանց ռուսերեն թարգմանված օրինակները (տե'ս սույն որոշման 8-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը, ի թիվս բողոքաբերի այլ փաստարկների, անդրադառնալով 2016 թվականի մայիսից հետո կատարված քննչական և դատավարական գործողությունների ողջ նյութերի բնագրերի պատճենները և դրանց ռուսերեն թարգմանված օրինակները հանձնելու պահանջին, նշել է, որ այն անհիմն է, քանի որ հետազոտված նյութերի համաձայն` 2016 թվականի մայիսից հետո կատարված քննչական և դատավարական գործողությունների շարքում տուժողին պարտադիր հանձնման ենթակա փաստաթղթեր առկա չեն: Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ բողոքաբերը կաշկանդված չէ դիմելու քրեական վարույթն իրականացնող մարմնին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված կարգով` նախաքննության ավարտման պահից ծանոթանալու գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանելու և գործից դուրս գրելու ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ (տե'ս սույն որոշման 9-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ (տե'ս սույն որոշման 10-րդ կետը):
18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախքան քրեական գործով վարույթը կարճելը, գործի նյութերին տուժողին ծանոթացնելն ունի կարևոր նշանակություն` անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու տեսանկյունից: Այլ կերպ` գործի վարույթը կարճելու միջոցով նախաքննությունն ավարտելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց, մասնավորապես տուժողի` գործի նյութերին ծանոթանալու իրավունքը պետք է իրացվի մինչև գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը, այն է` նախաքննության ավարտին նախորդող ժամանակահատվածում: Ընդ որում, եթե տուժողը չի տիրապետում դատավարության լեզվին, ապա գործի նյութերին ծանոթանալու ընթացքում վարույթն իրականացնող մարմինը պետք է թարգմանչի միջոցով ապահովի վերջինիս իրավունքների պատշաճ իրացումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մաս):
Մինչդեռ ստորադաս դատարաններն արձանագրել են, որ բողոքաբերը կաշկանդված չէ դիմելու քրեական վարույթն իրականացնող մարմնին` արդեն իսկ կարճված գործի նյութերին ծանոթանալու, դրանցից պատճեններ և ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ դուրս գրելու համար: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշումը չի բխում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված և սույն որոշման 16-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումներից:
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների դիրքորոշումներն առ այն, որ տուժող Ռ.Վանյանցը կարճված գործի նյութերին կարող էր ծանոթանալ նախաքննության ավարտման պահից, հիմնավոր չեն:
19. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից վճռաբեկ բողոքում բարձրացված մյուս փաստարկներին (տե'ս սույն որոշման 11-11.1-րդ կետերը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են և բխում են սույն գործի փաստական տվյալներից:
20. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ, 262-րդ և 358-րդ հոդվածների խախտումներ« որոնք իրենց բնույթով էական են և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, դատական ակտերը բեկանելու հիմք են: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է վերացնի իր դատական ակտում թույլ տրված խախտումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 12-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 28-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | ||
Լ. Թադևոսյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |