030.0728.060597
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման արդյունավետ իրականացումը, որոշում եմ.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման իրականացման հետևյալ կարգը.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն հրամանագրով և այլ իրավական ակտերով:
1.2. Պետական կառավարումը մարզում ապահովվում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով:
Մարզպետը, օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում, մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ բնագավառներում`
- ֆինանսներ,
- քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն,
- տրանսպորտ և ճանապարհաշինություն,
- գյուղատնտեսություն և հողօգտագործում,
- կրթություն,
- առողջապահություն,
- սոցիալական ապահովություն,
- մշակույթ և սպորտ,
- բնության և շրջակա միջավայրի պահպանություն
- առևտուր, հանրային սնունդ և սպասարկում:
Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետը իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով:
(պարբերությունը հանվել է 16.03.02 ՆՀ-1065)
(1.2-րդ կետը լրաց. 20.01.98 ՆՀ-879, խմբ., փոփ. 16.03.02 ՆՀ-1065)
1.3. Մարզպետը համակարգում է ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
Մարզում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը, մարզպետին օրենսդրությամբ վերապահված իրավասության սահմաններում, ընդգրկում է`
ա) հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզպետարանի աշխատակազմի ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպումը.
բ) մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններից Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով տեղեկատվության ստացումը.
գ) այլ լիազորությունների իրականացում: (1.3-րդ կետը փոփ. 20.01.98 ՆՀ-879, 16.03.02 ՆՀ-1065)
1.5. Մարզպետը`
ա) օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը.
բ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին.
գ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերապահված հարցերը.
դ) համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների հետ և դրանց քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերը.
ե) սահմանված կարգով նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում կառավարություն` մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.
զ) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.
է) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում վարչապետին.
ը) պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.
թ) ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կառավարություն.
ժ) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատություններն ապահովելու համար.
ժա) օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնում կամ կասեցնում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների` օրենսդրությանը հակասող իրավական ակտերը.
ժբ) օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
ժգ) (ենթակետը հանվել է 16.03.02 ՆՀ-1065)
ժդ) սահմանված կարգով տեղեկություններ է տալիս համապատասխան հանրապետական գործադիր մարմնին իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ.
ժե) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը.
ժզ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.
ժէ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով մարզպետարանի աշխատակազմում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին.
ժը) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում դատախազություն` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
(1.5-րդ կետը լրաց., փոփ., 16.03.02 ՆՀ-1065, լրաց. 17.06.06 ՆՀ-134-Ն)
1.6. Մարզպետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:
Մարզպետի` օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները ուժը կորցրած են ճանաչվում վարչապետի կամ դատարանի որոշմամբ:
Մարզպետը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
1.61. Պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում մարզպետի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`
ա) նկատողություն,
բ) խիստ նկատողություն,
գ) պաշտոնից ազատում:
(1.61-ին կետը լրաց. 13.01.07 ՆՀ-5-Ն)
1.62. Պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ և օրինակելի կատարելու համար մարզպետի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները`
ա) շնորհակալագրով պարգևատրում,
բ) հուշանվերով կամ թանկարժեք նվերով պարգևատրում,
գ) հուշամեդալով պարգևատրում:
(1.62-րդ կետը լրաց. 13.01.07 ՆՀ-5-Ն)
1.63. Սույն հրամանագրի 1.61-րդ և 1.62-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը և խրախուսանքի միջոցները կիրառում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը, իսկ 1.61-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը` պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պետական մարմինը կամ պաշտոնատար անձը:
(1.63-րդ կետը լրաց. 13.01.07 ՆՀ-5-Ն)
1.7. Մարզպետը գլխավորում է մարզպետարանը, որի միջոցով իրականացնում է մարզում պետական կառավարումը:
Մարզպետին պաշտոնի է նշանակում և ազատում կառավարությունը: Մարզպետը հաշվետու և պատասխանատու է կառավարության առջև:
Մարզպետն ունի տեղակալ: Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:
Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Մարզպետի խորհրդականների և օգնականների մամուլի քարտուղարի պաշտոնները և թվաքանակը սահմանվում է մարզպետարանի կանոնադրությամբ: Մարզպետի խորհրդականին, մամուլի քարտուղարին և օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:
Մարզպետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը:
Մարզպետարանի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է կառավարությունը, իսկ աշխատողների թվաքանակը` վարչապետը
(1.7-րդ կետը խմբ. 07.07.98 ՆՀ-80, լրաց., խմբ. 16.03.02 ՆՀ-1065)
1.7.1. Մարզպետի կողմից կատարված աշխատանքները ենթակա են գնահատման: Մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(1.7.1-ին կետը լրաց. 30.05.09 ՆՀ-133-Ն)
1.8. Մարզպետարանի գործունեությունն իրականացվում է Մարզպետի տեղակալի (տեղակալների), խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի և մարզպետարանի աշխատակազմի միջոցով:
Մարզպետարանի աշխատակազմի աշխատողներ են համարվում տվյալ մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը:
Մարզպետարանի աշխատակազմն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև մարզպետարանի կանոնադրությամբ սահմանված գործառույթներ ու լիազորություններ:
Մարզպետի նստավայրը և մարզպետարանի շենքը գտնվում են մարզի վարչական կենտրոնում:
Մարզպետարանի շենքի վրա և մարզպետի աշխատասենյակում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության դրոշը և Հայաստանի Հանրապետության զինանշանը:
(1.8-րդ կետը խմբ. 16.03.02 ՆՀ-1065)
1.9. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:
Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով` մարզպետի կողմից` քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից` քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը`
ա) իր լիազորության շրջանակում կազմակերպում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը և իրականացնում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների վարչական համակարգումը.
բ) ապահովում է մարզպետի որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների կատարման ընթացքը և զեկուցում մարզպետին.
գ) մշակում և մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման ժամկետայնության նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է մարզպետին.
դ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
ե) ապահովում է մարզպետարանի աշխատակազմի բյուջետային ծախսերի կատարումը.
զ) կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների` սահմանված կարգով քննարկումը.
է) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Մարզպետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք աշխատանքի են ընդունվում և աշխատանքից ազատվում մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից:
Համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը կարող է մարզպետին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը բարելավելու վերաբերյալ:
Մարզպետը պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում տեղեկացնում նրան արդյունքների մասին:
Ձեռնարկված միջոցներն անբավարար համարելու դեպքում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը հարցը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը` վերջնական լուծման համար:
Մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում մարզպետը:
(1.9-րդ կետը խմբ. 16.03.02 ՆՀ-1065)
1.10. Մարզի խորհրդի նիստերին մարզպետը`
ա) համայնքների ղեկավարներին ծանոթացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, կառավարության և վարչապետի որոշումներին, իր որոշումներին ու կարգադրություններին և դրանցից բխող` տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին.
բ) ծանոթանում է համայնքներում տիրող իրավիճակին, տարվող աշխատանքների ընթացքին և ծագած խնդիրներին.
գ) լսում է համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ.
դ) ապահովում է մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը, լուծում կազմակերպման այլ հարցեր:
(1.10-րդ կետը փոփ. 16.03.02 ՆՀ-1065)
1.11. Մարզպետը մարզի խորհրդի քննարկմանն է ներկայացնում`
ա) կառավարությանը և վարչապետին ներկայացվող իր հաշվետվությունները մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի և իր գործունեության մասին.
բ) իր առաջարկությունները մարզի սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ.
գ) իր առաջարկությունները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև պետական բյուջեից համայնքների բյուջեներին կատարվող հատկացումների վերաբերյալ:
Մարզի խորհրդի նիստերին մարզպետի հրավերով կարող են մասնակցել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և այլ անձինք:
(1.11-րդ կետը լրաց. 16.03.02 ՆՀ-1065)
ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ
1.12. Ֆինանսների բնագավառում մարզպետը`
ա) սահմանված կարգով մշակում և կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.
բ) տնօրինում է պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկում այդ միջոցների նպատակային օգտագործումը.
գ) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը.
դ) աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում:
1.13. Քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության բնագավառներում մարզպետը`
ա) սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում կառավարության հաստատմանը.
բ) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում կառավարություն մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.
գ) եզրակացություն է տալիս հանրապետական տարածքային զարգացման ու տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ.
դ) իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթներ, քաղաքաշինական գործունեության հսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ.
ե) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, իր իրավասության շրջանակում, սահմանված կարգով համակարգում է կառուցապատումը.
զ) կազմակերպում և վերահսկում է մարզային ենթակայության ջրմուղ-կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքը.
է) կազմակերպում է աղբի ու թափոնների վերամշակումը:
(1.13-րդ կետը փոփ. 16.03.02 ՆՀ-1065)
1.14. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում մարզպետը`
ա) կազմակերպում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեությունը.
բ) կազմակերպում է մարզային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը, աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը:
(1.14-րդ կետը փոփ. 16.03.02 ՆՀ-1065)
1.15. Գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում մարզպետը`
ա) օրենսդրությամբ սահմանված կարգով տիրապետում և օգտագործում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերը.
բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացնում է պատվիրատուի գործառույթներ.
գ) վերահսկում է մարզի սահմանանիշերի և գեոդեզիական կետերի պահպանումը.
դ) մարզի հողերի օգտագործման սխեմաները սահմանված կարգով ներկայացնում է կառավարության հաստատմանը.
ե) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը.
զ) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը.
է) (ենթակետը վերացվել է 19.12.97 ՆՀ-861)
ը) օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրեր է կնքում հողի ու ամրակայված գույքի սեփականատերերի և (կամ) հողօգտագործողների հետ` մարզի տարածքում մարզային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասխան հողի ու ամրակայված գույքի օգտագործման և դրանց հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ.
թ) իրականացնում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցումը, պահպանումը և շահագործումը, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ.
ժ) համակարգում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.
ժա) համակարգում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.
ժբ) աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտում տնտեսավարող այլ սուբյեկտներին` արտադրության կազմակերպման և զարգացման գործում.
ժգ) համակարգում է մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեությունը.
ժդ) համակարգում է մարզի տարածքի սերմնաբուծական կազմակերպությունների, տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեությունը:
(1.15-րդ կետը խմբ., փոփ. 19.12.97 ՆՀ-861, փոփ. 16.03.02 ՆՀ-1065)
1.16. Կրթության բնագավառում մարզպետը`
ա) կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը, ապահովում պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը, իրականացնում ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգերի.
բ) կազմակերպում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը: (1.16-րդ կետը խմբ. 06.11.98 ՆՀ-147)
ա) իրագործում է պետական առողջապահական ծրագրերը, կազմակերպում մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում է ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
բ) մարզի տարածքում կազմակերպում և իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.
գ) աջակցում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
դ) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը:
1.18. Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետը`
ա) իրագործում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերը, կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկում է մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
բ) կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, համակարգում է մարդասիրական օգնության բաշխումը.
գ) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.
դ) աջակցում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքներին.
ե) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
զ) աջակցում է սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.
է) աջակցում է կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպմանը:
1.19. Մշակույթի և սպորտի բնագավառներում մարզպետը`
ա) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը, վերահսկում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
բ) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.
գ) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցումը, հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը.
դ) համագործակցում է մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ:
1.20. Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում մարզպետը`
ա) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում.
բ) մարզի տարածքում վերահսկում է բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին.
գ) աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.
դ) համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ:
1.20(1). Առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում մարզպետը`
ա) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտի տնտեսավարող սուբյեկտների գործունեության ընդլայնման և արդյունավետության ապահովման ուղղությամբ.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 28.09.00 ՆՀ-679) (1.20(1)-ին կետը լրաց. 20.01.98 ՆՀ-879, փոփ. 28.09.00 ՆՀ-679, 16.03.02 ՆՀ-1065)
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
1.21. Մարզպետը մարզի տարածքում ներքին գործերի և ազգային անվտանգության, ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առնչությամբ հրավիրում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարներին, անց է կացնում խորհրդակցություններ և վերջիններիս ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:
Մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով մարզպետն իրավասու է ներքին գործերի և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ տալ և կարգադրություններ անել`
ա) տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման, դրանց հետևանքների վերացման, մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
բ) ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ապօրինի ծառահատումների, ինչպես նաև հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման վերաբերյալ.
գ) ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման վերաբերյալ.
դ) համայնքներում զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների անցկացումը կազմակերպելու վերաբերյալ:
1.22. Մարզպետը հանդիսանում է մարզի քաղաքացիական պաշտպանության պետը և պատասխանատվություն է կրում մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության համար:
Օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մարզպետը կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները, մասնակցում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքների վերացման աշխատանքներին:
Մարզպետը իր իրավասության սահմաններում համապատասխան հանձնարարականներ է տալիս և կարգադրություններ անում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի տարածքային ծառայության ղեկավարին:
1.23. Մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ, մարզպետը անց է կացնում հանրապետական գործադիր մարմնի համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն և նրանց ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:
Մարզպետը իրավասու է կապի, էներգետիկայի ոլորտների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին պարտադիր կատարման համար կարգադրություններ անել`
ա) մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
բ) տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ:
(պարբերությունը հանվել է 20.01.98 ՆՀ-879)
(1.23-րդ կետը փոփ. 20.01.98 ՆՀ-879)
1.24. Մարզի տարածքում ներքին գործերի և ազգային անվտանգության, զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման ոլորտներին վերաբերող խնդիրների առնչությամբ, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման խնդիրների լուծման հարցերում մարզպետն օժանդակում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների գործունեությանը, ապահովում դրանց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության հետ:
1.25. Հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը համապատասխան տարածքային ծառայության ղեկավարի պաշտոնի նշանակման և ազատման մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է մարզպետին:
Մարզպետը կարող է համապատասխան հանրապետական գործադիր մարմնին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել` վերջինիս տարածքային ծառայության գործունեության, ինչպես նաև ղեկավարի զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ նրա նշանակվելուց վեց ամիս հետո:
Հանրապետական գործադիր մարմինը պարտադիր քննության է առնում մարզպետի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում մարզպետին տեղեկացնում արդյունքների մասին:
Ձեռնարկված միջոցները անբավարար համարելու դեպքում մարզպետը հարցը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` վերջնական լուծման համար:
ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
1.26. Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից համայնքի ղեկավարի սեփական կամ պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ վարչական հսկողության բովանդակությունը, հսկողության ոլորտները, սահմանները և միջամտող միջոցառումները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
1.27. Հայաստանի Հանրապետության մարզպետներն իրականացնում են իրավական և մասնագիտական հսկողություն.
1) իրավական հսկողությունն իրականացվում է համայնքի ղեկավարի սեփական, ինչպես նաև ավագանու լիազորությունների նկատմամբ,
2) մասնագիտական հսկողությունն իրականացվում է համայնքի ղեկավարի` պետության պատվիրակած լիազորությունների նկատմամբ:
1.28. Հայաստանի Հանրապետության մարզպետները վարչական հսկողությունն իրականացնում են իրավական հսկողության բարձրագույն մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան:
1.29. Հայաստանի Հանրապետության մարզպետները, մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ն ամփոփելով մարզի համայնքների խնդիրները, համայնքներում կատարված ուսումնասիրությունները և քաղաքացիների դիմումներն ու բողոքները, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն են ներկայացնում իրենց հաջորդ տարվա վարչական հսկողության աշխատանքային ծրագրերը (այսուհետ` Ծրագիր):
1.30. Ծրագիրը կազմելիս մարզպետն առաջնորդվում է իրավական հսկողության բարձրագույն մարմնի կողմից հաստատված օրինակելի ձևով:
1.31. Մարզպետն առանձին դեպքերում Ծրագրում չընդգրկված համայնքներում վարչական հսկողություն իրականացնելու, ինչպես նաև Ծրագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում իրավական հսկողության բարձրագույն մարմին է ներկայացնում պատճառաբանված հիմնավորում` իրավական հսկողության բարձրագույն մարմնի համաձայնությունը ստանալու նպատակով:
1.32. Մարզպետն իրավական հսկողության բարձրագույն մարմնի կողմից հաստատված Ծրագիրը եռօրյա ժամկետում տեղադրում է համապատասխան մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքում: Ծրագրում կատարված փոփոխությունները սույն կետով սահմանված կարգով նույնպես ենթակա են հրապարակման:
1.33. Տարվա ընթացքում վարչական հսկողության ենթարկված համայնքները չեն ընդգրկվում տվյալ տարվան հաջորդող տարվա Ծրագրում, բացառությամբ սույն հրամանագրի 1.34-րդ կետում նշված դեպքերի:
1.34. Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է Ծրագրում ընդգրկել համայնքներ, որոնցում նախորդ տարում իրականացվել է վարչական հսկողություն, մարզպետը Ծրագրի հետ միաժամանակ իրավական հսկողության բարձրագույն մարմին է ներկայացնում պատճառաբանված հիմնավորում` համապատասխան համայնքում կրկին անգամ վարչական հսկողություն իրականացնելու նպատակների վերաբերյալ:
1.35. Ծրագրում ընդգրկվում է մարզի համայնքների առնվազն 33 տոկոսը:
1.36. Մինչև 10 մլն դրամ բյուջե ունեցող համայնքներում վարչական հսկողության իրականացման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 3 անընդմեջ աշխատանքային օր: 10 մլն դրամից մինչև 100 մլն դրամ բյուջե ունեցող համայնքներում վարչական հսկողության իրականացման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 5 անընդմեջ աշխատանքային օր, իսկ 100 մլն դրամից ավելի բյուջե ունեցող համայնքներում` ոչ ավելի, քան 10 անընդմեջ աշխատանքային օր:
1.37. Վարչական հսկողությունն իրականացնող պաշտոնատար անձինք յուրաքանչյուր ոլորտի վարչական հսկողությունն իրականացնելիս առաջնորդվում են համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմնի և իրավական հսկողության բարձրագույն մարմնի համատեղ հրամաններով հաստատված հսկողության հարցաշարերով:
1.38. Վարչական հսկողությունն իրականացվում է մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Մարզպետի որոշմամբ սահմանվում է աշխատանքային խմբի կազմը, և նշանակվում է աշխատանքային խմբի ղեկավար:
1.39. Վարչական հսկողության ժամկետն ավարտելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, հսկողությունն իրականացնող աշխատանքային խումբն ամփոփում է հսկողության արդյունքները և կազմում արձանագրություն:
1.40. Արձանագրությունը կազմվում է տպագիր` իրավական հսկողության բարձրագույն մարմնի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան:
1.41. Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից և ստորագրվում հսկողությունն իրականացնող աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից: Արձանագրության մեկ օրինակը 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է համայնքի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Համայնքի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ստորագրել արձանագրությունը կամ հսկողության արդյունքների վերաբերյալ ներկայացնել առարկություններ: Հսկողության արդյունքների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում համայնքի ղեկավարի կողմից արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրությունում կատարվում է համապատասխան գրառում` հսկողությունն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավարի կողմից: Արձանագրության պատճենը երկօրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
1.42. Հսկողությունն իրականացնող աշխատանքային խմբի գործողությունները, ինչպես նաև վարչական հսկողության արդյունքները օրենքով սահմանված ժամկետներում կարող են բողոքարկվել իրավական հսկողության բարձրագույն մարմին կամ դատարան:
1.43. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մարզպետը կարող է առաջարկել համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին առավելագույնը 20 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել վարչական հսկողության արդյունքում արձանագրված խախտումները:
1.44. Մարզպետը համայնքի ղեկավարին ներկայացնում է առաջարկություն` վարչական հսկողության արդյունքում կազմված արձանագրությունը և հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ արված առաջարկությունները համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու և քննարկելու վերաբերյալ:
1.45. Վարչական հսկողության ընթացքում արձանագրված խախտումները սահմանված ժամկետում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չվերացվելու դեպքում մարզպետը կարող է դիմել դատարան` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, իսկ մասնագիտական հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների մասով` նաև համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմնին:
1.46. Վարչական հսկողության իրականացման արդյունքում կազմված արձանագրությունը, խախտումները վերացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարին ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև հսկողության վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացրած առարկությունները հրապարակվում են մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքում՝ համապատասխան արձանագրությունը կազմելուց, առաջարկությունները ներկայացնելուց, ինչպես նաև համայնքի ղեկավարի առարկությունները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:
1.47. Վարչական հսկողության արդյունքները ներկայացվում են մարզի խորհրդի առաջիկա նիստում:
(բաժինը լրաց. 05.08.13 ՆՀ-189-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին` ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում լրացում կատարելու մասին» հրամանագիրը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան |