ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2018 թվականի N 559-Ա
«ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հաստատել «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների թիվը, հանձնվող (ամրացվող) գույքը, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին երկամսյա ժամկետում ապահովել «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
4. Սահմանել, որ՝
1) «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան տակտիկատեխնիկական առաջադրանքների առաջադրմամբ հատուկ գիտատեխնիկական աշխատանքների իրականացման կարգավորումն է և մշակման ու շահագործման ամբողջ ընթացքում գիտատեխնիկական ուղեկցումը.
2) «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`
ա. ելնելով զինված ուժերի ու սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլաններից՝ գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման դրվածքների առաջադրումը,
բ. հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու նախադրյալների ստեղծումը:
5. Թույլատրել «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`
1) տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ.
2) գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում.
3) մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. մայիսի 15 Երևան |