«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2006 թվականի N 1708-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Պետական այլ ֆինանսական միջոցների հաշվին սուբվենցիաների տրամադրումն իրականացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ` բյուջե) հաշվին Հայաստանի Հանրապետության համայնքներին (այսուհետ` համայնք) սուբվենցիաների տրամադրման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:
2. Համայնքին սուբվենցիաներ տրամադրվում են օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում` սույն կարգի համաձայն կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա:
3. Սուբվենցիաները համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներն են:
4. Համայնքին տրամադրված սուբվենցիաները նպատակային օգտագործելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող համապատասխան մարմինը:
I.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Համայնքի ղեկավարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու նպատակով տվյալ տարվա բյուջետային գործընթացն սկսելու ժամանակ սուբվենցիայի ստացման ծրագրային հայտերը ներկայացնում են համապատասխան մարզպետին, իսկ Երևանի քաղաքապետը` համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
4.2. Սուբվենցիայի ծրագրային հայտերը մարզպետարանում քննարկվելուց և ամփոփվելուց հետո ներկայացվում են համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն` քննարկման:
4.3. Պետական կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքների հիման վրա սուբվենցիայի ծրագրային հայտի վերաբերյալ`
ա. դրական եզրակացություն տալու դեպքում` ոլորտի գծով տվյալ տարվա համար նախատեսված բյուջետային հատկացումների ընդհանուր չափաքանակների սահմաններում դրանք ներառում են առաջիկա տարվա իրենց բյուջետային ֆինանսավորման հայտերում և համապատասախան եզրակացության հետ միասին ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն (Երևան քաղաքի գծով` Երևանի քաղաքապետարան),
բ. բացասական եզրակացություն տալու դեպքում` դրանք` համապատասխան եզրակացության հետ միասին ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն և համապատասխան մարզպետարան (Երևան քաղաքի գծով` նաև Երևանի քաղաքապետարան):
4.4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ֆինանսավորվող բնապահպանական ծրագրերի վրա:
4.5. 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ ստանալու նպատակով ծրագրային հայտերը համայնքների ղեկավարները (բացառությամբ Երևանի քաղաքապետի) ներկայացնում են համապատասխան մարզպետին 2018 թվականի հունվարի 15-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում։ Մարզպետը հայտն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում տալիս է դրական կամ բացասական եզրակացություն։ Համապատասխան եզրակացությամբ համայնքի ղեկավարը ծրագրային հայտը ներկայացնում է սուբվենցիաների հայտերի գնահատման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին (այսուհետ՝ հանձնաժողով), որն էլ 15-օրյա ժամկետում գնահատում է հայտը և տալիս եզրակացություն։
Երևանի քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ հաստատված սուբվենցիաներից բացի, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ սուբվենցիաների հայտերն ուղղակի ներկայացնում է հանձնաժողով։
Հանձնաժողովն իր դրական կամ բացասական եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և համապատասխան մարզպետին (Երևան քաղաքի գծով` նաև Երևանի քաղաքապետին)՝ համայնքի ղեկավարին տեղեկացնելու նպատակով։
Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարն օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն` ծրագիրը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից համապատասխան համայնքին սուբվենցիայի տեսքով միջոցներ հատկացնելու վերաբերյալ։
Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
(4.5-րդ կետը լրաց. 28.12.17 N 1726-Ն)
(բաժինը լրաց. 20.05.10 N 662-Ն)
II. ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Համայնքին սուբվենցիա տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող համապատասխան պետական մարմնի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:
6. Սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրում նշվում են`
ա) սուբվենցիայի տրամադրման նպատակը, նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման ժամանակահատվածը (տևողությունը), այդ ընթացքում պետության կողմից վերահսկվող չափանիշները և ակնկալվող արդյունքները.
բ) տրամադրվող սուբվենցիայի գումարի չափը, սուբվենցիայի հերթական մասնաբաժնի ստացման համար համայնքից պահանջվող փաստաթղթերը (սուբվենցիան առանձին մասնաբաժիններով համայնքին տրամադրելու նպատակահարմարության դեպքում).
գ) ստացված սուբվենցիայի հաշվին ֆինանսավորվող նպատակային ծախսատեսակի կատարումից (ծրագրի ավարտից) հետո եռօրյա ժամկետում սուբվենցիայի չօգտագործված գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման պահանջը.
դ) համայնքի կողմից սուբվենցիայի գումարի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման դեպքում այդ համայնքի նկատմամբ պետության կողմից կիրառվող պատժամիջոցները, այն է` ոչ նպատակային օգտագործված գումարի հետգանձում համայնքի միջոցներից և սուբվենցիայի միջոցների հետագա հատկացման հնարավոր դադարեցում.
ե) այլ դրույթներ, որոնք կնպաստեն սուբվենցիայի տրամադրման նպատակի իրականացմանը և այդ ուղղությամբ սուբվենցիայի գումարների արդյունավետ օգտագործմանը:
7. Սուբվենցիաների հաշվին միջոցների մուտքագրման, ծախսերի կատարման, ինչպես նաև դրանց մասին հաշվետվությունների կազմման և համապատասխան մարմիններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը լրաց. 20.05.10 N 662-Ն, 28.12.17 N 1726-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |