ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1999/02/14 |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1999/02/14 |
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան |
Դատավորներ՝ |
Լ. Գրիգորյան |
Մ. Հարթենյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ն. Տավարացյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2017 թվականի հուլիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Ստեփանյանի ներկայացուցիչ Վարդգես Ծառուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2016 թվականի որոշման դեմ՝ ըստ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Արմեն Ստեփանյանի` պատճառած վնասի փոխհատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Արմեն Ստեփանյանից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես պատճառած վնասի փոխհատուցման գումար, ինչպես նաև նշված գումարին հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն. Գալստյան) (այսուհետ` Դատարան) 16.12.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է հայցը` 1.000.000 ՀՀ դրամ` որպես պատճառած վնասի փոխհատուցման գումար բռնագանձելու մասով, բավարարել, իսկ նշված գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված, ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսադրույքներ հաշվեգրելու մասով, մերժել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.04.2016 թվականի որոշմամբ Արմեն Ստեփանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.12.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Ստեփանյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003-րդ, 1017-րդ, 1019-րդ, 1021-րդ, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 81-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտում` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Ընկերության հետ կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիրը, ինչպես նաև Ընկերության կողմից սահմանված կանոնները չեն նախատեսել կոնկրետ և հստակ ժամկետ ծանուցման համար: Արմեն Ստեփանյանը չի տեղեկացվել և վերջինիս չի բացատրվել, թե պատահարից հետո ապահովագրող ընկերությանը պատահարի մասին չտեղեկացնելու համար ինչպիսի պատասխանատվություն և հետևանքներ են առաջանում: Այս դեպքում կիրառվել է «առաջին իսկ հնարավորության դեպքում» հասկացությունը, որը չի խախտվել, և պատասխանողը հոգեկան վիճակը կայունանալուց հետո անհապաղ ծանուցել է պատահարի մասին՝ նկատի ունենալով, որ այդ օրը պատահարից անմիջապես հետո Արմեն Ստեփանյանը մինչև ժամը 23:50 գտնվել է ոստիկանական բաժնում և տվել բացատրություն դեպքի առնչությամբ, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ վերջինս գտնվել է հոգեբանական ծանր իրավիճակում: Ակնհայտ է, որ սույն գործի պարագայում, երբ Արմեն Ստեփանյանի մոտ վերացել են պատահարի հետևանքով առաջացած հոգեբանական իրավիճակի հետևանքները, վերջինս պատահարի մասին ողջամիտ ժամկետում տեղեկացրել է ապահովագրողին՝ ըստ էության կատարելով օրենքով և ապահովագրության պայմանագրով ստանձնած պարտավորությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.04.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ընկերության և Արմեն Ստեփանյանի միջև 30.04.2013 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA-252538 վկայագրի (այսուհետ՝ Վկայագիր) համաձայն` ապահովագրվել է «KAMAZ 5511» մակնիշի 12 ՕՍ 926 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը։
Վկայագրի 13-րդ կետի համաձայն՝ ապահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) պարտավոր է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) այդ մասին հայտնել Ապահովագրողին՝ զանգահարելով ԱՊՊԱ կտրոնի վրա նշված հեռախոսահամարով (հատոր 1-ին, գ.թ. 9):
2) Պատահարի վերաբերյալ 14.04.2014 թվականին կազմված արձանագրության և թիվ ԿԴ3/0044/01/13 քրեական գործով 26.08.2014 թվականի դատավճռի համաձայն` Արմեն Ստեփանյանը «KAMAZ 5511» մակնիշի 12 ՕՍ 926 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով Աբովյան քաղաքի 9-րդ փողոցում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Հակոբ Ղազանչյանին, ով տեղում մահացել է (հատոր 1-ին, գ.թ.12, 15-21):
3) Սերիկ Կիրակոսյանի կողմից ստացված ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ 14.05.2014 թվականի դիմումի հիման վրա 05.11.2014 թվականին կազմված թիվ 5407 որոշման համաձայն` Ընկերության կողմից ավտոպատահարի հետևանքով մահացած Հակոբ Ղազանչյանի իրավահաջորդ Սերիկ Կիրակոսյանին, որպես ապահովագրական հատուցում, վճարվել է 1.000.000 ՀՀ դրամ՝ հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26.08.2014 թվականի կայացված թիվ ԿԴ3/0044/01/14 քրեական գործով դատավճիռը (հատոր 1-ին, գ.թ. 11):
4) Պատահարի վերաբերյալ հարցաթերթիկի և հեռախոսազանգի ձայնագրության համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել 13.04.2014 թվականին ժամը 15.00-ին, սակայն ապահովագրողը ծանուցվել է 14.04.2014 թվականին ժամը 16:16-ին (հատոր 1-ին, գ.թ. 8, 13):
5) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնում ավտոպատահարի օրը` 13.04.2014 թվականին, Արմեն Ստեփանյանը ժամը 22.10-ից մինչև ժամը 23.50-ը որպես կասկածյալ հարցաքննվել է` հարցաքննության ընթացքում նշելով, որ «խնդրում եմ ինձ այլևս հարցեր մի տվեք, քանի որ դեպքի հետ կապված լարված եմ» (հատոր 1-ին, 60-62):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ապահովադրի կողմից ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնելու առանձնահատկությունների վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ապահովադրի կողմից ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնելու առանձնահատկություններին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած դիրքորոշումը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1017-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովադիրն ապահովագրական պատահարի վրա հասնելն իրեն հայտնի դառնալուց հետո պարտավոր է այդ մասին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Եթե պայմանագրով նախատեսված է ծանուցման ժամկետ և (կամ) եղանակ, ապա դա պետք է արվի սահմանված ժամկետում ու պայմանագրում նշված եղանակով:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր համարվող անձը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձն ապահովագրական պատահարի դեպքում պարտավոր են այդ մասին հայտնել ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական պատահարի մասին հայտնելու ժամկետները և կարգը, ինչպես նաև ապահովագրական պատահարից հետո ապահովագրական ընկերության և պատահարի մասնակիցների այլ գործողությունները սահմանվում են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կանոններով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից ԱՊՊԱ պայմանագրով սահմանվում են բացառություններ այն դեպքերի համար, երբ ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պատահարի հետևանքով հայտնվել են անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր ապահովագրական ընկերությանը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնել, կամ ապահովադիրը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի մասին` ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից նրան չտեղեկացնելու կամ այլ պատճառով: Ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը կրում են ապահովագրական ընկերությանը նրանց կողմից ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու անհնարինության (անտեղյակության) ապացուցման պարտականությունը: Նույն մասով նախատեսված տեղեկացման պարտականությունն անհնարին դարձնող հանգամանքների վերացման (ապահովագրական պատահարի մասին տեղեկացվելու) դեպքում ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձն ապահովագրական պատահարի մասին պարտավոր է պայմանագրով սահմանված կարգով անմիջապես հայտնել ապահովագրական ընկերությանը:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած անձի նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:
Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:
Վկայագրի` պատահարի մասին Ապահովագրողին ծանուցման ժամկետի և կարգի մասին 13-րդ կետի համաձայն` Ապահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) պարտավոր է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) այդ մասին հայտնել Ապահովագրողին` զանգահարելով ԱՊՊԱ կտրոնի վրա նշված հեռախոսահամարով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, գտել է, որ վնաս պատճառած անձը կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը պարտականություն են կրում ապահովագրական պատահարի տեղի ունենալն իրենց հայտնի դառնալուց հետո անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, հարկ համարելով անդրադառնալ օրենսդրի կողմից նախատեսված` ապահովագրական ընկերությանն ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու պարտականության կատարման «անհապաղության» եզրույթի ընկալմանն ու մեկնաբանմանը, արձանագրել է, որ այն ունի հետևյալ բովանդակությունը. «անհապաղ» նշանակում է առանց հապաղելու, անմիջապես, նույն պահին, հնարավորինս արագ, առավելագույնս սեղմ ժամկետում: Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը, սահմանելով «անհապաղության» եզրույթը, այն չի դիտել որպես բացարձակ պայման, քանի որ իրավանորմի հետագա շարադրանքում կիրառել է նաև «ողջամիտ ժամկետում» հասկացությունը: Իսկ ողջամիտ կարող է գնահատվել այն ժամանակահատվածը, որն օբյեկտիվորեն անհրաժեշտ է որևէ կոնկրետ գործողության իրականացման համար: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում «անհապաղության» պարտադիր պայմանի գնահատումն իրականացնելիս դատարանները ոչ միայն պետք է հաշվի առնեն ծանուցման անմիջապես, նույն պահին իրականացված լինելու փաստը, այլև՝ դրա իրականացման՝ առաջին իսկ օբյեկտիվ, արդարացված հնարավորությունը:
Ընդ որում, եթե տեղի է ունենում ապահովագրական պատահար, ապա ապահովադրին պատճառված վնասից բխող նրա կամ շահառուի պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: Սակայն, ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի և (կամ) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով, այսինքն` անհապաղ (ողջամիտ ժամկետում կամ օբյեկտիվորեն առաջին իսկ հնարավորության առկայության պարագայում) ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ ապահովագրական պատահարի մասին հայտնելու պարտականության կատարման հարցում բացառություններ են համարվում հետևյալ դեպքերը.
1. երբ ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պատահարի հետևանքով հայտնվել են անգիտակից վիճակում,
2. հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր ապահովագրական ընկերությանը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելը,
3. ապահովադիրը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի մասին` ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից նրան չտեղեկացնելու կամ այլ պատճառով (տե՛ս, ,Արմենիա Ինշուրանսե ապահովագրական ՍՊԸ-ն ընդդեմ Վաչագան Խաչատուրյանի և Անդրանիկ Գուլքանյանի թիվ ՏԴ3/0222/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վնաս պատճառած անձը կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը թեև պարտականություն են կրում ապահովագրական պատահարի տեղի ունենալն իրենց հայտնի դառնալուց հետո անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին, այնուամենայնիվ առաջին իսկ հնարավորության դեպքում ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու հնարավորությունը կարող է պայմանավորվել մի շարք հանգամանքներով, քանի որ ապահովագրական պատահարի հետևանքով կարող է ստեղծվել այնպիսի իրադրություն, որի ազդեցությունն օբյեկտիվորեն կարող է հիմք հանդիսանալ վնաս պատճառած անձի կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ համար հապաղելու օրենքով և ապահովագրության պայմանագրով ստանձնած պարտավորությունը կատարելուց: Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում գնահատման պետք է արժանացնել ոչ միայն ապահովագրողին տեղեկացնելու անհապաղ հնարավորությունը, այլ նաև առաջին իսկ արդարացված հնարավորությունը:
Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ ապահովադրի կողմից որոշակի միջավայրում հայտնվելը (օրինակ` պատահարի պատճառով կողմերի միջև հնարավոր վեճ) օբյեկտիվորեն կարող է ազդել ապահովադրի գործողությունների վրա` ըստ էության երկարացնելով ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնելու ողջամիտ ժամանակահատվածը: Տեղեկացման հապաղումը ողջամտորեն արդարացված կարող է համարվել նաև այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, ինչպիսիք են՝ պատահարի բարդ մեխանիզմը, պատահարի գիշերային ժամը, անմարդաբնակ վայրը և (կամ) պատահարի մասնակիցների համար կապի միջոցների անհասանելիությունը, ինչպես նաև ցանկացած այլ օբյեկտիվ հանգամանքի առկայության դեպքում, որը թույլ կտա առանց ողջամիտ կասկածների եզրակացնել, որ նույնպիսի իրավիճակում հայտնված յուրաքանչյուր բարեխիղճ անձ տեղեկացման պարտավորությունը կկատարեր նույն կամ գրեթե նույն հապաղմամբ։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ անկախ պատահարի կոնկրետ հանգամանքներից՝ ցանկացած պատահարի մասին տեղեկացման` որոշակի տևողությամբ հապաղումը ողջամտորեն արդարացված և անհապաղ տեղեկացմանը համարժեք համարելու համար բավարար հիմք կարող են հանդիսանալ նաև այն դեպքերը, երբ պատահարի հետևանքով ստացվել են մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով թեև անձը չի հայտնվել անգիտակից վիճակում, սակայն ստեղծվել է օբյեկտիվ իրավիճակ, որն անհնար է դարձրել ապահովագրական ընկերությանը պատահարի մասին տեղեկացնելը: Ընդ որում, վնասվածքները կարող են լինել նաև այնպիսին, որոնց առկայությունը կարող է չբացահայտվել սովորական արտաքին զննությամբ (օրինակ` ներքին օրգանների վնասվածքների դեպքում): Բացի այդ, պատահարի մասնակցի մոտ կարող է ծագել լրացուցիչ միջամտություն կիրառելու կամ այդպիսի միջամտության աղբյուրներ որոնելու անհրաժեշտություն (օրինակ՝ ավտոմեքենաների բախման հետևանքով ավելի մեծ ծավալի վնասների ծագումը կանխելու համար միջոցներ ձեռնարկելը՝ մասնավորապես հնարավոր հրդեհը կանխելու նպատակով), որպիսի գործոնները իրավիճակով թելադրված լրացուցիչ գործողություններ կատարելու (այդ թվում` ապահովագրողից առաջ այլ անձանց զանգահարելու) անհրաժեշտություն են առաջացնում: Ուստի որոշակի ողջամիտ տևողությամբ հապաղումը ցանկացած պատահարի դեպքում պետք է համարել ոչ միայն բնական, այլև անվիճարկելի` պատահարի մասնակիցների իրավունքների անհարկի սահմանափակումներն ու հնարավոր վնասները բացառելու կամ առնվազն նվազագույնի հասցնելու նպատակով՝ յուրաքանչյուր դեպքում գնահատման արժանացնելով պատահարի մասին ապահովագրողին տեղեկացնելու՝ ողջամիտ ժամկետում արդարացված հնարավորությունը:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Արմեն Ստեփանյանի միջև 30.04.2013 թվականին կնքված Վկայագրով ապահովագրվել է «KAMAZ 5511» մակնիշի 12 OU 926 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Նշված ավտոմեքենայով հետընթաց կատարելիս Արմեն Ստեփանյանը վրաերթի է ենթարկել Հակոբ Ղազանչյանին, ով տեղում մահացել է: Վերջինիս իրավահաջորդին Ընկերության կողմից վճարվել է 1.000.000 ՀՀ դրամ ապահովագրական հատուցում: Նշված պատահարը տեղի է ունեցել 13.04.2014 թվականին ժամը 15.00-ին, սակայն ապահովագրողը ծանուցվել է 14.04.2014 թվականին ժամը 16.16-ին: Արմեն Ստեփանյանը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնում 13.04.2014 թվականին ժամը 22.10-ից մինչև ժամը 23.50-ը որպես կասկածյալ հարցաքննվել է՝ հարցաքննության ընթացքում նշելով, որ «խնդրում եմ ինձ այլևս հարցեր մի տվեք, քանի որ դեպքի հետ կապված լարված եմ»:
Դատարանը հայցը մասնակի բավարարելիս պատճառաբանել է, որ Արմեն Ստեփանյանի կողմից չի ներկայացվել ապացույց առ այն, որ վթարից հետո գտնվել է հոգեկան ծանր, լարված վիճակում, և որ ապահովագրական ընկերությանը դեպքի մասին ծանուցելու առաջին իսկ հնարավորությունը ստեղծվել է հոգեկան վիճակը փոքր-ինչ կարգավորվելուց հետո:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի 16.12.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ Դատարանն իրավաչափորեն հիմք է ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավակարգավորումը և արձանագրել, որ պատասխանողի կողմից ապացույց չի ներկայացվել առ այն, որ վերջինս վթարից հետո գտնվել է հոգեկան ծանր և լարված իրավիճակում, և որ առաջին իսկ հնարավորությունն ապահովագրական ընկերությանը պատահարի մասին ծանուցելու համար ստեղծվել է վթարի տեղի ունենալու հաջորդ օրը:
Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գտնում է, որ ստորադաս դատարանների եզրահանգումները հիմնավոր են՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով Արմեն Ստեփանյանը հայցապահանջի դեմ առարկությունների հիմքում դրել է այն հանգամանքը, որ պատահարից հետո գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում և առաջին իսկ հնարավորության դեպքում Ընկերությանը տեղեկացրել է պատահարի մասին:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն իրավաչափորեն եզրահանգել են, որ սույն գործով առկա է Ընկերության հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք Արմեն Ստեփանյանի նկատմամբ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արմեն Ստեփանյանի կողմից ապացույց չի ներկայացվել այն մասին, որ պատահարից հետո մինչև Ընկերությանը տեղեկացնելու ժամանակահատվածում (մոտավորապես 25 ժամ) առկա են եղել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառությունները:
Ընդ որում, սույն գործով ներկայացված ապացույցների համաձայն՝ Արմեն Ստեփանյանի՝ պատահարից հետո Ընկերությանը տեղեկացնելու պարտականության կատարման անհնարինություն առկա է եղել միայն հարցաքննության ընթացքում: Մինչդեռ հարցաքննության ավարտից հետո Ընկերությունը պատահարի մասին տեղեկացվել է մոտավորապես 16 ժամ անց: Արմեն Ստեփանյանի պնդմամբ նման հապաղումը պայմանավորված է եղել իր հոգեկան խիստ հուզմունքի վիճակով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստեղծված իրավիճակում Արմեն Ստեփանյանը կարող էր գտնվել հուզական լարված վիճակում, սակայն վերջինս չի գտնվել անգիտակից վիճակում, ինչպես նաև չի ներկայացրել ապացույց այն մասին, որը կարող էր հաստատել տվյալ իրավիճակում այնպիսի իրական և օբյեկտիվ պատճառների առկայությունը, որոնք կարող էին հիմք հանդիսանալ համապատասխան գործողության կատարման անհնարինության ստեղծման և հետագայում այդպիսի անհնարինության հիմնավորման համար՝ սկսած պատահարի պահից՝ 13.04.2014 թվականի ժամը 15:00-ից, մինչև Ընկերությանը պատահարի մասին տեղեկացնելու պահը՝ 14.04.2014 թվականի ժամը 16:16-ը, բացառությամբ հարցաքննության ժամանահատվածը՝ 13.04.2014 թվականի ժամը 22:10-ից մինչև ժամը 23:50-ը:
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում բացառապես սուբյեկտիվ գործոնի առկայությունը՝ մահվան ելքով պատահարի կապակցությամբ հոգեկան հուզմունքի վիճակը, դեռևս բավարար չէ Ընկերությանը` պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացման անհնարինության հանգամանքի առկայությունը հիմնավորված համարելու համար:
Այսպիսով, սույն գործով չեն ներկայացվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված բացառությունների առկայությունը հիմնավորող ապացույցներ, որպիսի պարագայում Դատարանն իրավաչափորեն բավարարել է 1.000.000 ՀՀ դրամ փոխհատուցում վճարելու պահանջը, և որպիսի եզրահանգումն իրավաչափորեն հիմնավոր է համարել նաև Վերաքննիչ դատարանը:
Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ Վճռաբեկ դատարանի` դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը՝ սույն որոշման պատճառաբանություններով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը մերժելիս հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել և համապատասխանաբար վերանայվել է միայն 1.000.000 ՀՀ դրամ բավարարված հայցապահանջի մասով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Արմեն Ստեփանյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 30.000 ՀՀ դրամ (1.000.000*3%)` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2016 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Արմեն Ստեփանյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ն. Տավարացյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ե. Սողոմոնյան |