ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2012 թվականի N 174-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԵՂԱԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Քաղաքային ջեռուցման ծրագրի և Վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում ձևավորված ֆինանսավորման մեխանիզմների հաջող կիրառության փորձը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից (այսուհետ՝ հիմնադրամ) իրականացվող ջեռուցման և վերականգնվող էներգետիկայի վարկավորման գործող ծրագրերն ընդլայնելու նպատակով՝ նշված ծրագրերում ներառել նաև էներգախնայողության նպատակով կատարվող աշխատանքների ֆինանսավորումը և ապահովել բնակարանային, հասարակական, արտադրական տարածքների ջեռուցման, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ծրագրերի իրականացումը Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում:
3. Սահմանել, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը ֆինանսավորվում են հետևյալ տարբերակներով՝
1) հիմնադրամի կողմից՝ գումարների հատկացմամբ հետաքրքրված բանկերին և վարկային կազմակերպություններին` նրանց կողմից նպատակային վարկերի տրամադրման համար: Ծրագրում արդեն ընդգրկված և գործող վարկային գիծ ունեցող բանկերը կարող են նաև ծրագրեր վարկավորել սույն որոշման հավելվածում նշված նոր ուղղություններով` համաձայն հիմնադրամի կողմից սահմանվող ընթացակարգի.
2) հիմնադրամի կողմից՝ էներգախնայողության նպատակով կատարվող աշխատանքների ֆինանսավորման, ինչպես նաև այդ աշխատանքների համար անհրաժեշտ էներգետիկ ուսումնասիրությունների ու նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման նպատակով, որոնց դիմաց շահառուն տարաժամկետ վճարմամբ վերադարձնում է ամբողջ ծառայությունների արժեքը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել՝
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև 2006 թվականի հուլիսի 12-ին կնքված գործակալության պայմանագրում և 2006 թվականի հունվարի 30-ին կնքված լրացուցիչ համաձայնագրում՝ սույն որոշումից բխող փոփոխությունների և լրացումների կատարումը.
2) հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված մարումների վերահատկացումը հիմնադրամին` շրջանառելի ֆոնդի մեխանիզմով նշանակալիորեն ավելացնելով ֆինանսավորված ծրագրերի թիվը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 27 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 174-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Ներկայումս Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից (այսուհետ՝ հիմնադրամ) իրականացվում է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության, այդ թվում՝ ջեռուցման ծրագրերի ֆինանսավորում: Ֆինանսավորման միջոցները գոյանում են հետևյալ աղբյուրներից՝
1) Համաշխարհային բանկի կողմից տրամադրված (ՄԶԸ վարկ) 5 մլն ԱՄՆ-ի դոլար` Վերականգնվող էներգետիկայի ծրագրի (ՎԷԾ) համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաֆինանսավորում չի կատարում: Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության գործակալն է՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ 2006 թվականի հուլիսի 12-ին կնքված գործակալության պայմանագրով: Գումարներն օգտագործվում են փոքր ՀԷԿ-երի և հողմակայանների վարկավորման ծրագրերի ֆինանսավորման համար: Իրականացվում է «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով՝ որպես բանկին պետության անունից տրված վարկ: Պորտֆելը «Կասկադ բանկ» փակ բաժնետիրական ընկերությունից փոխանցվել է «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը: Բանկի կողմից հիմնադրամին տրված մարման վերջնաժամկետը 2017 թվականն է:
2) Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 4.2 մլն ԱՄՆ-ի դոլար (ՄԶԸ վարկ)՝ Քաղաքային ջեռուցման ծրագրի (ՔՋԾ) վարկավորման բաղադրիչի իրականացման համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաֆինանսավորում չի կատարում: Հիմնադրամի հարաբերությունը պետության հետ` փոխառու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ 2006 թվականի հունվարի 30-ին կնքված լրացուցիչ համաձայնագրով: Օգտագործվում է քաղաքային բազմաբնակարան շենքերի բնակարանների ջեռուցման համար բանկերի կողմից վարկեր տրամադրելու նպատակով, որպես բանկին հիմնադրամի կողմից տրված վարկ: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից շահառուներին իրականացվում է շրջանառու վարկավորում, վերատեղաբաշխվում են տեղաբաշխված գումարներից ստացված մարումները: Չնայած հաջող գործընթացին՝ շուկայի հագեցման և գազի գնի աճի պարագայում տեղաբաշխման տեմպերն ընկել են: Բանկի կողմից հիմնադրամին տրված մարման վերջնաժամկետը 2016 թվականն է: Ներկա դրությամբ Քաղաքային ջեռուցման ծրագրին 503,584 ԱՄՆ-ի դոլար վերադարձված գումարից 299,695.97 ԱՄՆ-ի դոլարը վերահատկացվել է:
3) Քաղաքային ջեռուցման ծրագրի նախապատրաստման կանխավճարից փորձնական ծրագրերով (ՓԾ) պետության անունից որպես փոխառություն շահառուներին տեղաբաշխվել է 453,631 ԱՄՆ-ի դոլար, մարվել է 215,670 ԱՄՆ-ի դոլարը: Հիմնադրամի հարաբերությունը պետության հետ` գործակալ 2006 թվականի հունվարի 30-ին կնքված լրացուցիչ համաձայնագրով: Ծրագրի շահառուների կողմից հիմնադրամին տրված մարման վերջնաժամկետը 2020 թվականն է: «Ջերմամատակարարման ծրագրեր» ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից 10,432.3 ԱՄՆ-ի դոլարը փոխանցվել է Կենտրոնական գանձապետարան:
(ԱՄՆ-ի դոլար)
Միջոցները՝ 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ
Ծրագիրը |
Ենթ. գումարը |
Տեղաբաշխված |
Վերադարձված գումարը |
Առկա գումարը | |
1. |
ՎԷԾ |
5,000,000 |
4,999,571 |
3,476,266 |
3,476,266 |
2. |
ՔՋԾ |
4,200,000 |
4,245,021 |
503,584 |
203,888 |
3. |
ՓԾ |
0 |
453,631 |
215,670 |
205,238 |
2. Հաշվի առնելով գազի գնի շարունակական բարձրացումը՝ առավել կարևորվում են էներգախնայողության միջոցառումների իրականացումը, ինչպես նաև վերականգնվող աղբյուրների օգտագործումը ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլև ջերմային էներգիայի ստացման համար: Այդ ոլորտի զարգացման նպատակով գործող ծրագրերին ավելանում են նոր մոտեցումներով ծրագրերի ֆինանսավորման հնարավորություններ, մասնավորապես, կարող են ֆինանսավորվել՝
1) ըստ տեխնոլոգիայի`
ա. ջեռուցում, այդ թվում՝ բնական գազի, արևի, կենսագազի, ջերմային պոմպի, քամու և այլ տեխնոլոգիաներով,
բ. ջերմամեկուսացում, այդ թվում՝ պատերի, տանիքի և նկուղի ջերմամեկուսացում, պատուհանների փոխում, լուսավորության համակարգի փոփոխում,
գ. էլեկտրաէներգիա, այդ թվում՝ ՓՀԷԿ, հողմային, արևային, կենսագազի և այլ ՎԷ տեխնոլոգիաներով.
2) ըստ տարածքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրեր.
3) ըստ ոլորտի՝ բնակարանային, հասարակական, արտադրական տարածքների ջեռուցում և էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա.
4) ըստ շահառուների՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմիններ:
3. Ֆինանսավորման եղանակներն են՝
1) ֆինանսավորում՝ ֆինանսական շուկայի միջոցով. հիմնադրամը նպատակային փոխառություններ է հատկացնում բանկերին և վարկային կազմակերպություններին` սահմանված կարգով ծրագրեր վերավարկավորելու համար: Գումարները հատկացվում են դրամով և ԱՄՆ-ի դոլարով, մինչև 8 տարի ժամկետով, ընդ որում, ժամկետը համընկնում է այն ծրագրի ժամկետին, որը ֆինանսավորվում է, իսկ տոկոսադրույքը` շահառուին տրամադրված վարկի տոկոսից 4 նիշ պակաս: Բանկի կողմից կատարվում է 20 տոկոս համաֆինանսավորում՝ իրավաբանական անձանց վերավարկավորման դեպքում: Անհրաժեշտության դեպքում մասնակից բանկերի հետ կնքված պայմանագրերում կատարվում է փոփոխություն` հնարավորություն տալով վարկեր տրամադրել սույն ծրագրին համապատասխան նոր ուղղություններով.
2) ֆինանսավորում՝ հիմնադրամի կողմից էներգետիկ ծառայությունների մատուցման միջոցով. հիմնադրամն իրականացնում է էներգախնայողության նպատակով ներդրումներ, ինչպես նաև՝ դրանց համար անհրաժեշտ էներգետիկ ուսումնասիրություններ, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, որոնց դիմաց շահառուն տարաժամկետ վճարմամբ վերադարձնում է ամբողջ ծառայությունների արժեքը: Հիմնադրամը թույլատրելի շահառուին մատուցված ծառայություններին ավելացնում է 20 տոկոս` հետագա մոնիթորինգի և տարաժամկետ վճարումների կառավարման նպատակով: Ժամկետը կազմում է մինչև 10 տարի: (նախադասությունը հանվել է 31.08.17 N 1061-Ն)
(3-րդ կետը փոփ. 31.08.17 N 1061-Ն)
(հավելվածը փոփ. 31.08.17 N 1061-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |