ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2017 թվականի N 1036-Ա
«ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածների պահանջները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետը և 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի 2-րդ փողոցի N 11/1 հասցեում գտնվող, 2776.0 հազ. դրամ սկզբնական արժեքով, 160 քառ. մետր մակերեսով դպրոցի շենքը, 39.95 քառ. մետր մակերեսով ջրավազանը և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 1.1 հեկտար հողատարածքը (այսուհետ՝ գույք) (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 13012014-07-0035) հետ վերցնել «ՀՀ Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
2. «ՀՀ Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 42.210.01999) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի Վարդան Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 42.210.01996):
3. Սահմանել, որ «ՀՀ Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի Վարդան Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում ապահովել՝
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նշված գույքի հանձնման-ընդունման ակտերի կնքումը, ինչպես նաև նշված գույքի կազմի միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության «ՀՀ Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը՝ «ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի Վարդան Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) «ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի Վարդան Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 29 Երևան |