ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2017 թվականի N 906-Ն
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.2-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 906-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողների վրա:
3. Ընդերքօգտագործման թափոնները վերամշակվում են ընդերքօգտագործողների միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանին համապատասխան:
4. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման, ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձը հանքի շահագործման ընթացքում և փակումից հետո պարտավոր է իրականացնել ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները՝ շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը հասցվող վնասի ու վթարների կանխարգելման կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով:
5. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտում և ազդակիր տարածքներում իրականացվում է շրջակա միջավայրի հիմնական բաղադրիչների (օդ, հող, ջուր և այլն) մոնիթորինգ:
6. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հաշվի առնելով ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների տեխնիկական առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը և բնապահպանական պայմանները:
7. Ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի համար մշակվում և հաստատվում է անվտանգության վկայագիր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 702 որոշման պահանջի:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |