«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011318
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 մայիսի 2011 թ. |
թիվ 156-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/09-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.07.14 թիվ 185-Ն)
Նպատակ ունենալով բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման համար ապահովել միասնական ընթացակարգ և հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը, 12-րդ հոդվածի 9-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը, 26-րդ հոդվածի 4-րդ մասը և 37-րդ հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
(նախաբանը լրաց. 27.12.13 թիվ 332-Ն, փոփ. 15.07.14 թիվ 185-Ն)
1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու կարգը» կանոնակարգ 10/09-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
(1-ին կետը փոփ. 15.07.14 թիվ 185-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. մայիսի 31 |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 24-ի թիվ 156-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 10/09
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 15.07.14 թիվ 185-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն կանոնակարգը սահմանում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները և պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարչի սեփական միջոցներից ներդրումները փայերի վերածման և փայերի մարման կարգը:
2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
2) Օրենք` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
3) ֆոնդ` պարտադիր կենսաթոշակային ֆոնդ,
4) մասնակից` ֆոնդի մասնակից:
3. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կիրառվող նշանակությունը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով յուրաքանչյուր անձի համար (օգտին) կատարված կուտակային հատկացման դիմաց տվյալ անձի կենսաթոշակային հաշվին ֆոնդի փայերի փոխանցումը կատարվում է` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի` սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված և հրապարակված վերջին հայտնի տեղաբաշխման գինը:
(4-րդ կետը փոփ., լրաց. 10.12.13 թիվ 280-Ն, փոփ. 15.07.14 թիվ 185-Ն)
5. Եթե Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված միջոցները մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկում բացված հաշվին փոխանցելու օրվա դրությամբ մասնակցի կողմից դեռևս չի կատարվել ֆոնդի ընտրություն, փայերի փոխանցումը կենսաթոշակային հաշիվներին կատարվում է սույն կանոնակարգի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան:
(5-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 185-Ն)
6. Եթե Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվության հիման վրա մասնակցի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո մասնակիցը 30 օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է ֆոնդի ընտրության դիմում (սույն գլխում այսուհետ` Դիմում), մասնակիցների ռեեստրը վարողը փայերի փոխանցումը անձի կենսաթոշակային հաշվին կատարում է` հիմք ընդունելով սույն կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված` տվյալ ֆոնդի փայի տեղաբաշխման գինը:
(6-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 185-Ն)
7. Եթե Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվության հիման վրա մասնակցի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո 30 օրվա ընթացքում մասնակիցը մասնակիցների ռեեստրը վարողին չի ներկայացնում Դիմում, մասնակիցների ռեեստրը վարողը 30-օրյա ժամկետի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան հաջորդող առաջին աշխատանքային օրը.
1) Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով անձի համար կատարում է ֆոնդի ընտրություն,
2) յուրաքանչյուր անձի համար (օգտին) կատարված կուտակային հատկացման դիմաց տվյալ անձի կենսաթոշակային հաշվին է փոխանցում սույն կետի 1-ին ենթակետին համապատասխան ընտրված ֆոնդի` կուտակային հատկացմանը համարժեք քանակով փայեր` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի վերջին հայտնի (սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված և հրապարակված) տեղաբաշխման գինը,
3) անձի համար (օգտին) կատարված կուտակային հատկացմանը համարժեք գումարը փոխանցում է համապատասխան ֆոնդի պահառուի նշած հաշվին,
4) յուրաքանչյուր ֆոնդի կառավարչին ներկայացնում է տեղեկատվություն` սույն կետի 3-րդ ենթակետի համաձայն կենսաթոշակային հաշիվներին փոխանցված համապատասխան ֆոնդի փայերի քանակի և սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն փոխանցված գումարի վերաբերյալ՝ առանց բացահայտելու ընտրություն կատարած մասնակիցներին:
(7-րդ կետը փոփ., խմբ. 10.12.13 թիվ 280-Ն, փոփ. 15.07.14 թիվ 185-Ն)
8. Ֆոնդի կառավարիչը յուրաքանչյուր աշխատանքային օր հաշվարկում և մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 15:00-ն մասնակիցների ռեեստրը վարողին է տրամադրում իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի փայի հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման (մարման) գները: Մասնակիցների ռեեստրը վարողը ֆոնդի փայի հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման (մարման) գները կառավարչից ստանալուց հետո դրանք անմիջապես հրապարակում է իր ինտերնետային կայքում: Կառավարիչը սույն կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելուց հետո, սակայն ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա ավարտը հրապարակում է իր ինտերնետային կայքում: «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հրապարակման պահանջը համարվում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կատարված նաև սույն կետով սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին փայերի գների տրամադրման և մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ գների հրապարակման դեպքում:
(8-րդ կետը խմբ. 10.12.13 թիվ 280-Ն, փոփ., լրաց. 28.04.17 թիվ 100-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 10.12.13 թիվ 280-Ն)
10. Ֆոնդի փայի հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման (մարման) գները կլորացվում են ստորակետից հետո չորս նիշի ճշտությամբ (գները կարող են հրապարակվել ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ):
(10-րդ կետը լրաց. 15.07.14 թիվ 185-Ն)
11. Ֆոնդի փայերի քանակը կլորացվում է ստորակետից հետո վեց նիշի ճշտությամբ:
12. Կուտակային հատկացումները և փայերի հետգնման (մարման) ժամանակ կատարվող վճարները կլորացվում են ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ:
(12-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 185-Ն)
13. (կետն ուժը կորցրել է 10.12.13 թիվ 280-Ն)
14. Մասնակցից փայերի փոխանակման դիմում ստանալու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը անհապաղ տեղեկացնում է ֆոնդի կառավարչին, որի կողմից կառավարվող ֆոնդի փայերի փոխանակման համար ներկայացվել է դիմումը` տեղեկացնելով փոխանակման ենթակա փայերի քանակի մասին:
Գ Լ ՈՒ Խ 3
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(վերնագիրը խմբ. 15.07.14 թիվ 185-Ն)
15. Ֆոնդի կառավարչի մասնակցության չափը ֆոնդում որոշվում է ֆոնդի կառավարչին պատկանող ֆոնդի փայերի քանակի և տվյալ ֆոնդի տեղաբաշխված ու հետ չգնված բոլոր փայերի քանակի հարաբերակցությամբ:
16. (կետն ուժը կորցրել է 10.12.13 թիվ 280-Ն)
17. Ֆոնդի կառավարչի` իր կողմից կառավարվող ֆոնդի փայեր ձեռք բերելու համար վճարումը ստանալուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողը ֆոնդի կառավարչի հաշվին է փոխանցում փայերի ձեռքբերման դիմումում նշված ֆոնդի փայերը:
(17-րդ կետը փոփ. 10.12.13 թիվ 280-Ն)
18. Ֆոնդի կառավարչին փոխանցվող սույն կանոնակարգի 17-րդ կետով նախատեսված փայերի քանակը որոշվում է հիմք ընդունելով փայերի ՝ սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված և հրապարակված վերջին հայտնի տեղաբաշխման գինը:
(18-րդ կետը փոփ. 10.12.13 թիվ 280-Ն)
19. Մասնակիցների ռեեստրը վարողը ֆոնդի կառավարչի հաշվին սույն կանոնակարգի 17-18-րդ կետերի համաձայն փայերը փոխանցելուց հետո ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում ֆոնդի կառավարչին ներկայացնում է տեղեկատվություն` սույն կանոնակարգի 17-րդ կետի համաձայն ֆոնդի կառավարչի հաշվին փոխանցված ֆոնդի փայերի քանակի և տեղաբաշխման գնի վերաբերյալ:
(19-րդ կետը փոփ. 10.12.13 թիվ 280-Ն)
20. Մասնակիցների ռեեստրը վարողը ֆոնդի կառավարչից` իր կողմից կառավարվող ֆոնդի փայերը հետգնելու (մարելու) դիմում ստանալու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է ֆոնդի փայերի հետգնումը (մարումը) և հետգնման (մարման) արդյունքում ստացված միջոցների վճարումը:
(20-րդ կետը փոփ. 10.12.13 թիվ 280-Ն)
21. (կետն ուժը կորցրել է 10.12.13 թիվ 280-Ն)
22. (կետն ուժը կորցրել է 10.12.13 թիվ 280-Ն)
23. Սույն կանոնակարգի 20-րդ կետով նախատեսված դեպքում փայերի հետգնում (մարում) կատարվում է` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի՝ դիմումը ներկայացնելու պահի դրությամբ սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված և հրապարակված վերջին հայտնի հետգնման (մարման) գինը:
(23-րդ կետը խմբ. 10.12.13 թիվ 280-Ն)
24. (կետն ուժը կորցրել է 10.12.13 թիվ 280-Ն)
25. Ֆոնդի կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, լուծարման կամ ֆոնդի կառավարումն այլ անձի փոխանցելու դեպքում ֆոնդի կառավարչին պատկանող` իր կողմից կառավարվող ֆոնդի փայերի հետգնումն իրականացվում է սույն գլխի դրույթներին համապատասխան:
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 10.12.13 թիվ 280-Ն, 15.07.14 թիվ 185-Ն, փոփ., լրաց. 28.04.17 թիվ 100-Ն)