ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1681/02/10 |
Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան |
Դատավորներ` |
Ս. Միքայելյան |
Հ. Ենոքյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. դրմեյանի | ||
ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի դեկտեմբերի 02-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Տիմոֆեյ Իլյինի ներկայացուցիչ Ռոբերտ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիմոֆեյ Իլյինի ընդդեմ Թաթուլ Հակոբյանի` պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և վնասի հատուցման պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տիմոֆեյ Իլյինը պահանջել է պարտադրել Թաթուլ Հակոբյանին քանդել և տեղափոխել վերջինիս հողամասում գտնվող ջրավազանը կամ վերակառուցել այն, իր տանը կից կառուցված լոգարանը ջրամեկուսացնել և իր տան պատից առանձնացնել լրացուցիչ պատով, ապահովել ջրահեռացումը պատշաճ մակարդակով, ինչպես նաև պատասխանողից բռնագանձել իր բնակելի տան հիմքերի ամրացման և պատճառված վնասների վերականգնման ծախսերը` 2.042.137 ՀՀ դրամի չափով, «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ին վճարված 75.000 ՀՀ դրամը, փաստաբանի ծառայության համար վճարված 100.000 ՀՀ դրամը և նախապես վճարված պետական տուրքի գումարը` 9.950 ՀՀ դրամի չափով:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Դանիելյան) 14.06.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Պետրոսյան, Ա. Թումանյան, Կ. Չիլինգարյան) 20.10.2011 թվականի որոշմամբ Տիմոֆեյ Իլյինի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.06.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 16.12.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.04.2016 թվականի որոշմամբ Թաթուլ Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 16.12.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիմոֆեյ Իլյինի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, ինչը հանգեցրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ, 13-րդ հոդվածների խախտմանը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բողոքի քննության օր նշանակել էր 19.02.2016 թվականին, որի վերաբերյալ ծանուցագիրը բողոք բերած անձը ստացել է 04.02.2016 թվականին:
Կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ բողոքի քննության ավարտից հետո Վերաքննիչ դատարանը դատական ակտի հրապարակման օր նշանակել էր 04.03.2016 թվականին:
04.03.2016 թվականին կայացած դատական նիստի ընթացքում բողոքի քննությունը վերսկսվել է, քանի որ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարել լսել կողմերի բացատրությունները՝ միաժամանակ հայտարարելով, որ վերաքննիչ բողոքի քննության օրվա և ժամանակի մասին կողմերին կուղարկվի դատական ծանուցագրեր:
Բողոք բերած անձը 12.03.2016 թվականին ստացել է Վերաքննիչ դատարանի 04.03.2016 թվականի գործի վարույթը վերսկսելու մասին որոշումը, որի եզրափակիչ մասի 2-րդ կետի համաձայն` Դատարանի 16.12.2015 թվականի վճռի դեմ Թաթուլ Հակոբյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության օրվա և ժամանակի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն:
19.04.2016 թվականին բողոք բերած անձը ստացել է Վերաքննիչ դատարանի 15.04.2016 թվականի որոշումը, որով բեկանվել է Դատարանի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վերաքննիչ դատարանը բողոքի քննությունն իրականացրել է 01.04.2016 թվականին, որի մասին Տիմոֆեյ Իլյինը չի ծանուցվել և ներկա չի եղել դատական նիստին՝ իրենից անկախ պատճառներով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.04.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Վերաքննիչ դատարանի՝ 29.01.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին» որոշմամբ Դատարանի 16.12.2015 թվականի վճռի դեմ Թաթուլ Հակոբյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, և բողոքի քննությունը նշանակվել է 19.02.2016 թվականին ժամը 11:30-ին (հատոր 4-րդ, գ.թ. 49-50):
2) Վերաքննիչ դատարանի՝ 19.02.2016 թվականին` ժամը 11:33-ին սկսված դատական նիստի արձանագրման համառոտագրման համաձայն` դատական նիստին ներկայացել են հայցվորի ներկայացուցիչ Ռոբերտ Գրիգորյանը և պատասխանողի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը: Բողոքի քննությունը հայտարարվել է ավարտված, և նախագահող դատավորը հայտնել է, որ սույն գործով դատական ակտը կհրապարակվի 04.03.2016 թվականին` ժամը 11:36-ին (հատոր 4-րդ, գ.թ. 60-61):
3) Վերաքննիչ դատարանի՝ 04.03.2016 թվականին` ժամը 12:01-ին սկսված դատական նիստի արձանագրման համառոտագրման համաձայն` բողոքի քննությունը վերսկսվել է, հաջորդ դատական նիստը նշանակվել է մեկ այլ հերթի, իսկ նախագահող դատավորը հայտնել է, որի հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն (հատոր 4-րդ, գ.թ. 62-63):
4) Վերաքննիչ դատարանի՝ 04.03.2016 թվականի «Գործի վարույթը վերսկսելու մասին» որոշման համաձայն` Դատարանի` 16.12.2015 թվականի վճռի դեմ Թաթուլ Հակոբյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության օրվա և ժամանակի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն (հատոր 4-րդ, գ.թ. 64-65):
5) Վերաքննիչ դատարանի՝ 01.04.2016 թվականին ժամը 11:20-ին սկսված դատական նիստի արձանագրման համառոտագրման համաձայն` դատական նիստին կողմերը չեն ներկայացել՝ չնայած պատշաճ ծանուցման: Գործի քննությունը հայտարարվել է ավարտված, և նախագահող դատավորը հայտնել է, որ սույն գործով դատական ակտը կհրապարակվի 15.04.2016 թվականին` ժամը 11:37-ին (հատոր 4-րդ, գ.թ. 75-76):
6) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց` Տիմոֆեյ Իլյինին 01.04.2016 թվականին ժամը 11:20-ին կայացած դատական նիստի մասին ծանուցելու վերաբերյալ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վերաքննիչ դատարանում դատական նիստերի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:
2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը` ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, հանձնվում է առձեռն, կամ ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ նույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես՝ Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):
ՀՀ վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման վերաբերյալ օրենսդրական համապատասխան իրավակարգավորումներին և դրանց կիրառման հետ կապված հիմնախնդիրներին: Այսպես, դիտարկելով դեռևս մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնվելու մասին: Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջի չպահպանումը հանգեցնում է նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման: Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս, օրինակ, «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարն ընդդեմ Շահեն Բաբայանի թիվ 2-2128(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի, Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների և մյուսների թիվ 3-2236(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումները):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը 03.07.2014 թվականից արդեն իսկ գործում է այլ խմբագրությամբ` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ նոր կարգավորումներով նախատեսված փոփոխությունների և լրացումների բովանդակությանն ու առանձնահատկություններին, ինչպես նաև դրանց նկատմամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների կիրառելիության հարցին: Այսպես` 03.07.2014 թվականից հետո գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությունները կրում են զուտ խմբագրական բնույթ և, ըստ երևույթին, որևէ նոր կանոնակարգում չեն նախատեսում: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 2-րդ մասին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այդ իրավանորմում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է դատական ծանուցման եղանակների շրջանակը, առավել մանրակրկիտ և հստակ ամրագրում են ստացել դատական ծանուցագրերը դատավարության մասնակիցներին հանձնելու միջոցները: Ներկայումս գործող կանոնակարգումների համաձայն` այդ եղանակներն են.
1) ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը, ընդ որում` հանձնման մասին ծանուցմամբ,
2) ծանուցագիրը դատավարության մասնակցին առձեռն հանձնելը,
3) էլեկտրոնային եղանակով ուղարկելը, որը, ընդ որում, իրագործելի է միայն նույն հոդվածի համապատասխան կետերով նախատեսված դեպքերում և կարգով:
Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: Նոր իրավակարգավորումների պարագայում ևս, անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը:
Հետևաբար վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք կիրառելի են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի` 03.07.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող խմբագրությամբ նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ։
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վերաքննիչ դատարանում դատական նիստին ներկա գտնվելու իրավունքն անվերապահորեն ճանաչել է միայն բողոք բերող անձի առնչությամբ, չնայած, միաժամանակ, թե՛ բողոք բերող անձին, թե՛ գործին մասնակցող անձանց դատական նիստին կանչելը (հրավիրելը, ծանուցելը) սահմանվել է որպես վերաքննիչ դատարանի «հայեցողական լիազորություն», քանի որ վերջինս այդ գործողությունները կատարում է միայն համապատասխան «անհրաժեշտության դեպքում»:
Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել փաստել, որ դատական նիստերին ներկա գտնվելու, իր իրավունքների պաշտպանության դատավարական միջոցներն օգտագործելու իրավունքը (օրինակ` դատական կազմի մեջ ընդգրկված դատավորին ինքնաբացարկի միջնորդության ներկայացում և այլն) չի կարող համարվել միայն վերաքննիչ բողոք բերած անձին պատկանող իրավունք, այն իրավաչափորեն և արդարացիորեն պետք է վերապահվի նաև գործին մասնակից հանդիսացող մյուս բոլոր անձանց: Հետևաբար բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կրում է գործին մասնակցող անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` 04.03.2016 թվականին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ վերսկսվել է վերաքննիչ բողոքի քննությունը, և հաջորդ դատական նիստը նշանակվել է մեկ այլ հերթի: Վերաքննիչ դատարանի՝ 04.03.2016 թվականի «Գործի վարույթը վերսկսելու մասին» որոշումն ուղարկվել է կողմերին, որտեղ նշվել է, որ վերաքննիչ բողոքի քննության օրվա և ժամի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն: Հաջորդ դատական նիստը կայացել է 01.04.2016 թվականին` ժամը 11:20-ին:
Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Տիմոֆեյ Իլյինը ծանուցվել է 01.04.2016 թվականին` ժամը 11:20-ին կայանալիք դատական նիստի մասին: Այսինքն` Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան բողոք բերած անձին պատշաճ ձևով չի ծանուցել 01.04.2016 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ու գործը քննել է նրա բացակայությամբ:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, չապահովելով Տիմոֆեյ Իլյինի` վերաքննիչ բողոքի քննության վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |