ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2017 թվականի N 198-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Սելեկցիոն նվաճման լիցենզային պայմանագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 684-Ն որոշմամբ սահմանված՝ սելեկցիոն նվաճման լիցենզային պայմանագրի գրանցման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 9-րդ կետում՝
ա. «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. «գ» ենթակետում «լիազորված մարմնում գրանցված հավատարմատարի միջոցով» բառերը փոխարինել «սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց ներկայացուցչի միջոցով» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Դիմումը կարող է լիազորված մարմին ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ լիազորված մարմնի պաշտոնական կայքի միջոցով:».
2) 10-րդ կետում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «մեկամսյա ժամկետում» բառերը՝ «տասն աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Պայմանագիրը գրանցելու մասին որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն գրանցվում է սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում և հրապարակվում «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:».
4) 17-րդ կետը «մարմնին, որը» բառերից հետո լրացնել «որոշման մասին տեղեկանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «սելեկցիոն նվաճումների պաշտոնական տեղեկագրում» բառերը փոխարինել «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետներում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 3 Երևան |