ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 դեկտեմբերի 2016թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ (ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված` «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2016թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրն (այսուհետ` Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 11-ին` ճանապարհային, ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի ոլորտների (Ծրագիր) կառավարման ու կայունության բարելավման նպատակով:
2. Վարկային համաձայնագիրն ունի չորս Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրություն», Առդիր 2. «Վարկի մարման ժամանակացույց», Առդիր 3. «Վարկի միջոցների առհանումը», Առդիր 4. «Ծրագրի իրականացում և այլ հարցեր», իսկ 3-րդ Առդիրն իր հերթին ունի 2 Հավելված՝ 3-րդ Առդիրի 1-ին Հավելված. «Արգելված ծախսերի ցանկ» և 3-րդ Առդիրի 2-րդ Հավելված. «Երկրորդ տրանշի հատկացման համար պահանջվող` քաղաքականությանն առնչվող գործողություններ»:
3. Ծրագրի հիմնական նպատակն է ճանապարհային, ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի ոլորտների կառավարման ու կայունության բարելավումը, որի շրջանակն ընդգրկում է` հանրային ֆինանսների կառավարման և հանրային ծառայությունների կարգավորման բարելավումը, ճանապարհային ոլորտում ֆինանսավորման ավելացումը և գործառնությունների բարելավումը, ջրային ոլորտում ֆինանսավորման ավելացումը և գործառնությունների բարելավումը և էլեկտրաէներգիայի ոլորտի եկամուտների ձևավորման և մրցակցության մակարդակի բարձրացումը:
4. Ըստ Վարկային համաձայնագրի` Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) սովորական կապիտալ միջոցներից համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 90,000,000 (իննսուն միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ (այսուհետ` Վարկ), և այդ գումարը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով` Վարկային համաձայնագրի 2.06-րդ բաժնի դրույթներին համապատասխան: Ծրագիրը կավարտվի մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը:
Վարկն ունի մայր գումարի մարման 12 տարի ժամկետ և արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 2019թ. նոյեմբերի 15-ը: Վարկի փակման ամսաթիվը 2017թ. դեկտեմբերի 31-ն է կամ այլ ամսաթիվ, որի մասին ժամանակ առ ժամանակ կարող են համաձայնության գալ Հայաստանի Հանրապետությունը և Ասիական զարգացման բանկը:
5. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, ստանձնում է, հետևյալ պարտավորությունները.
- կիսամյակային կտրվածքով` ամեն տարվա նոյեմբերի 15-ին և մայիսի 15-ին Ասիական զարգացման բանկին վճարել տոկոսներ Վարկի մայր գումարի առհանված և դեռևս չմարված գումարի դիմաց, որը հավասար է LIBOR և 0.60%, ինչպես սահմանված է Վարկային կանոնակարգի 3.02-րդ բաժնում, հանած 0.10%-ի չափով վարկը, ինչպես նախատեսված է Վարկային կանոնակարգի 3.03-րդ բաժնում (հոդված II, բաժիններ 2.02 ա) և 2.03),
- ապահովել, որպեսզի Վարկի միջոցներն օգտագործվեն Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով՝ Վարկային համաձայնագրում սահմանված դրույթներին համապատասխան (հոդված III, բաժին 3.01),
- Ծրագիրն իրականացնելիս կատարել Վարկային համաձայնագրի 4-րդ Առդիրի մեջ սահմանված բոլոր պարտավորությունները կամ ապահովել դրանց կատարումը (հոդված IV, բաժին 4.01բ),
- ի լրումն Վարկային միջոցների` ըստ անհրաժեշտության, պատշաճ ժամկետում և Ասիական զարգացման բանկի համար ընդունելի պայմաններով հասանելի դարձնել Ծրագրի իրականացման և Ծրագրի ենթակառուցվածքների շահագործման և պահպանման համար պահանջվող ֆինանսական միջոցները, հողը և այլ միջոցները (հոդված IV, բաժին 4.02),
- ապահովել, որպեսզի ՀՀ գերատեսչությունների և մարմինների՝ Ծրագրի իրականացմանն առնչվող գործունեությունն իրականացվի և համակարգվի վստահելի վարչական քաղաքականությանը և ընթացակարգերին համապատասխան (հոդված IV, բաժին 4.03),
- որպես Վարկային կանոնակարգի 7.04-րդ բաժնում նշված հաշվետվությունների և տեղեկատվության մի մաս` Ասիական զարգացման բանկին տրամադրել կամ ապահովել, որպեսզի Ասիական զարգացման բանկին տրամադրվեն Ծրագրի իրականացմանն առնչվող բոլոր այն հաշվետվություններն ու տեղեկությունը, որոնք Ասիական զարգացման բանկը կարող է ողջամիտ կերպով պահանջել, ներառյալ Քաղաքականության վերաբերյալ գրության մեջ նշված թիրախների կատարողականը և սահմանված գործողությունների իրականացումը, ինչպես նաև առանց սահմանափակելու վերը նշվածը կամ Վարկային կանոնակարգի 7.04-րդ բաժնի ընդհանրությունը` Ասիական զարգացման բանկին տրամադրել կամ ապահովել, որպեսզի Ասիական զարգացման բանկին տրամադրվեն եռամսյակային հաշվետվություններ Ծրագրի իրականացման, Քաղաքականության վերաբերյալ գրության մեջ նշված թիրախների կատարողականի և սահմանված գործողությունների իրականացման վերաբերյալ (հոդված IV, բաժին 4.04),
- Ծրագրի իրականացման ընթացքում կատարել եռամսյակային պարբերական ուսումնասիրություններ` Ծրագրի շրջանակը, իրականացման կարգավորումները, առաջընթացը և նպատակների իրականացումը գնահատելու նպատակով, և ի հավելումն պարբերական ուսումնասիրությունների` 2017թ. առաջին եռամսյակում իրականացնել միջնաժամկետ ուսումնասիրություն, ինչպես նաև ապահովել, որպեսզի Ասիական զարգացման բանկը հնարավորություն ունենա մասնակցելու նման` պարբերական և միջնաժամկետ ուսումնասիրություններին, և, որպես յուրաքանչյուր նման ուսումնասիրության մաս, Ասիական զարգացման բանկին գրավոր հաշվետվություն տրամադրել Ծրագրում ներառված բարեփոխումների առաջընթացի և իրականացման վերաբերյալ (Առդիր 4, կետ 7):
6. Վարկային համաձայնագրի նկատմամբ կիրառելի են դառնում 2001թ. հուլիսի 1-ով թվագրված Ասիական զարգացման բանկի սովորական կապիտալ միջոցներից տրամադրվող, LIBՕR-ի վրա հիմնված վարկերի նկատմամբ կիրառվող` Սովորական գործառնությունների վարկային կանոնակարգի («Վարկային կանոնակարգ») բոլոր դրույթները` Վարկային համաձայնագրում սահմանված փոփոխություններով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված` «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
13 դեկտեմբերի 2016 թ. ՍԴՈ-1329 |
|