ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2016 թվականի N 1283-Ն
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պրոբացիայի պետական ծառայության կողմից թարգմանչի ներգրավման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 16 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավունքներն իրեն հայտնի լեզվով իրականացնելու նպատակով պրոբացիայի շահառուն իրավունք ունի պետական միջոցների հաշվին օգտվելու թարգմանչի ծառայություններից:
2. Թարգմանիչը թարգմանության համար անհրաժեշտ լեզվին տիրապետող և պրոբացիայի շահառուին իր իրավունքների իրացման համար թարգմանչական ծառայություններ մատուցող գործունակ այն անձն է, ով ունի բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու փաստը հաստատող փաստաթուղթ: Թարգմանիչ է համարվում նաև ժեստերի լեզվի թարգմանիչը:
3. Պրոբացիայի պետական ծառայությունը թարգմանիչների է ներգրավում այն դեպքում, երբ պրոբացիայի շահառուն չի տիրապետում հայերենին:
II. ԹԱՐԳՄԱՆՉԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
4. Պրոբացիայի պետական ծառայության կողմից թարգմանիչները ներգրավվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հայտարարում է թարգմանիչների մրցույթներ, որոնց արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ պայմանագիր կնքելուց հետո վերջիններս ներառվում են պրոբացիայի պետական ծառայության կողմից վարվող թարգմանիչների էլեկտրոնային ռեեստր (այսուհետ՝ ռեեստր): Թարգմանչի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանալուց հետո թարգմանչի մասին տվյալները հանվում են ռեեստրից:
6. Հաղթող ճանաչվելուց հետո որպես թարգմանիչ ներգրավված անձը պրոբացիայի պետական ծառայություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում, որում պետք է նշվեն դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (առկայության դեպքում), այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողն իրականացնելու է թարգմանությունը.
2) դիմողի բնակության կամ գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում).
3) 2 գունավոր լուսանկար՝ 4 x 6 չափսի.
4) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
5) բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու փաստը հաստատող փաստաթղթերի պատճենները:
7. Թարգմանչի վարձատրության չափը և կարգը սահմանվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` մրցույթի արդյունքում ընտրված ֆիզիկական անձի հետ կնքված գնման պայմանագրով:
8. Ռեեստրում ներառված անձը որպես թարգմանիչ նշանակվում է պրոբացիայի պետական ծառայողի որոշմամբ, որում նշվում են շահառուի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, դատական ակտի կամ կատարման ենթակա այլ ակտի մասին տվյալները), թարգմանչի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), այն ժամանակահատվածը, որի ընթացքում մատուցվելու են ծառայությունները, այն լեզուն, որով իրականացվելու է թարգմանությունը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |