ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2012 թվականի N 938-Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 08.09.16 N 931-Ն)
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն իրեն սպասարկող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ:
2. Սահմանել սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 30 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 938-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով (այսուհետ՝ օրենք) նախատեսված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգի հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 08.09.16 N 931-Ն)
2. Ծառայության աշխատողների նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) միջոցները գոյանում են օրենքով սահմանված կարգով` ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսավարող սուբյեկտներից գանձված վճարներից, կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորին գործունեության եզրակացություն տրամադրելու համար գանձված վճարներից և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(2-րդ կետը լրաց. 08.09.16 N 931-Ն)
3. Սույն կարգի իմաստով ծառայության աշխատողներ են համարվում ծառայության պետը, ծառայության քաղաքացիական ծառայողները, քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձինք և ծառայության հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք:
(3-րդ կետը լրաց. 07.02.13 N 90-Ն)
4. Ֆոնդում գոյացած միջոցների 50 տոկոսն օգտագործվում է ծառայության աշխատողների նյութական խրախուսման, իսկ 50 տոկոսը՝ ծառայության համակարգի զարգացման և հսկիչ գնումների ֆինանսավորման համար:
(4-րդ կետը փոփ. 08.09.16 N 931-Ն)
5. Ծառայության աշխատողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների կեսը բաշխվում է ծառայության աշխատողների միջև` նրանց ամսական դրամական բավարարմանը համամասնորեն, և վճարվում է յուրաքանչյուր ամիս: Յուրաքանչյուր ամսվա համար այդ միջոցները հաշվարկվում և վճարվում են մինչև համապատասխան ամսվան հաջորդող ամսվա 15-ը` բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքի:
6. Ծառայության աշխատողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների մյուս կեսը կարող է տրամադրվել առանձին աշխատողների` որպես դրամական պարգևատրում` ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:
7. Սույն կարգի 6-րդ կետում նշված միջոցների բաշխումն իրականացնելու նպատակով ծառայության պետի հրամանով ստեղծվում է 5 անձից բաղկացած հանձնաժողով:
8. Առանձին աշխատողների դրամական պարգևատրման վերաբերյալ ծառայության պետին, իր իրավասությանը վերաբերող հարցերի սահմաններում, առաջարկությունները ներկայացնում է ծառայության աշխատակազմի ղեկավարը, իսկ աշխատակազմի ղեկավարին՝ ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը: Մինչև դրամական պարգևատրման մասին որոշման ընդունումը ծառայության պետը կամ աշխատակազմի ղեկավարն ստանում են հանձնաժողովի եզրակացությունը:
9. Եթե սույն կարգի 6-րդ կետով նախատեսված միջոցները չեն օգտագործվում տվյալ բյուջետային տարվա ընթացքում, ապա մնացորդային գումարը բաշխվում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով և 10-րդ կետով սահմանված ժամկետում:
10. Տարվա վերջին ամսվա համար դրամական պարգևատրումները բաշխվում են տվյալ բյուջետային տարվա վերջին 5 օրվա ընթացքում:
11. Ծառայության աշխատողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցներից չեն տրամադրվում այն աշխատողներին, ում նկատմամբ նախկինում կիրառվել է կարգապահական տույժ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարված կամ հանված չէ:
12. Ծառայության համակարգի զարգացման համար նախատեսված ֆոնդի միջոցներն օգտագործվում են աշխատողների ծառայողական պարտականությունների կատարման ծախսերի փոխհատուցման և համակարգի զարգացման, մասնավորապես, հսկիչ գնումների ֆինանսավորման, ծառայության տեխնիկական վերազինման, շինությունների և տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վերանորոգման, պահպանման, վարձակալության, գույքի և այլ սարքավորումների գնման, ծառայության զարգացմանը և խնդիրների ու գործառույթների իրականացմանն ուղղված այլ միջոցառումների ֆինանսավորման նպատակով:
13. Ֆոնդի միջոցների հաշվին համակարգի զարգացմանն ուղղված ծախսերը, կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հետ, կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
14. Տվյալ բյուջետային տարվա ընթացքում չօգտագործված միջոցները փոխանցվում են հաջորդ տարի` նույն նպատակով օգտագործելու համար:
15. Բյուջետային տարվա ավարտից հետո 2 ամսվա ընթացքում ծառայության աշխատակազմի ղեկավարը ծառայության պետին է ներկայացնում հաշվետվություն նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման մասին:
(հավելվածը լրաց. 07.02.13 N 90-Ն, փոփ., լրաց. 08.09.16 N 931-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |