Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.06.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.01.09/1(570) Հոդ.1
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.06.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
24.06.2016
Дата вступления в силу
24.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0200/01/13

ԵԿԴ/0200/01/13

Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան  

Դատավորներ`

Գ. Ավետիսյան

Ա. Պետրոսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

   

Հ. Ասատրյանի

   

ե. դանիելյանի

   

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

2016 թվականի հունիսի 24-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արթուր Վասիլի Անդրեասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման դեմ տուժող Ա.Գալստյանի ներկայացուցիչ Ս.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի ապրիլի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62204013 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ Արթուր Վասիլի Անդրեասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ քրեական գործով քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող տարածքի վրա:

Նույն մարմնի՝ 2013 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Ա.Անդրեասյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երկու դրվագ` 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նույն մարմնի՝ 2013 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ Արտակ Գավրուշայի Գալստյանը ճանաչվել է քաղաքացիական հայցվոր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս մեղադրյալ Ա.Անդրեասյանի դեմ ներկայացրել է ընդհանուր 48.832.840 ՀՀ դրամի և 94.005.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքի (ք. Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող) նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ քաղաքացիական հայց (տե՛ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 19-20):

2013 թվականի հոկտեմբերի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Դատաքննության ընթացքում 2015 թվականի մայիսի 22-ի որոշմամբ մեղադրողը ամբաստանյալ Ա.Անդրեասյանին առաջադրված մեղադրանքը փոփոխել և լրացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Անդրեասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ` 200.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել և հռչակվել է նրա անմեղությունը, և նա արդարացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Նույն դատավճռով վճռվել է նաև Արտակ և Վեներա Գալստյանների քաղաքացիական հայցն ընդդեմ Ա.Անդրեասյանի՝ 52.458.000 ՀՀ դրամի բռնագանձման և գրավի ու սեփականության իրավունքների վերականգնման պահանջների մասին, թողնել առանց քննության:

3. Մեղադրող Ա.Երիցյանի, ամբաստանյալ Ա.Անդրեասյանի պաշտպան Մ.Սարգսյանի, դիմող Ա.Գևորգյանի ներկայացուցիչ Գ.Սոլոմոնյանի և դիմող Դ.Նազարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ մեղադրող Ա.Երիցյանի, ամբաստանյալ Ա.Անդրեասյանի պաշտպան Մ.Սարգսյանի, դիմող Ա.Գևորգյանի ներկայացուցիչ Գ.Սոլոմոնյանի վերաքննիչ բողոքները մերժել է, իսկ Դ.Նազարյանի վերաքննիչ բողոքը բավարարել է, փոփոխել է Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռը և վերացրել ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ա.Անդրեասյանի պաշտպան Մ.Սարգսյանը և տուժող Ա.Գալստյանի ներկայացուցիչ Ս.Սարգսյանը:

Վճռաբեկ դատարանը 2016 թվականի հունիսի 14-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Անդրեասյանի պաշտպան Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է, իսկ տուժող Ա.Գալստյանի ներկայացուցիչ Ս.Սարգսյանի բողոքը 2016 թվականի հունիսի 15-ի որոշմամբ ընդունել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դ.Նազարյանը` խնդրելով մերժել վճռաբեկ բողոքը և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

5. Ամբաստանյալ Ա.Անդրեասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա խարդախությամբ հափշտակել է Արտակ Գալստյանի, Արտյոմ Շախպազյանի, Էդվարդ Ներսիսյանի, Գևորգ Թադևոսյանի, Մուշեղ Սաֆարյանի, Արթուր Քոչինյանի և Թաթուլ Քամալյանի առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 328.251.210 ՀՀ դրամին համարժեք 110.000 եվրոն, 622.000 ԱՄՆ դոլարը, 30 մլն ՀՀ դրամը:

Բացի այդ, Արթուր Անդրեասյանը 2013 թվականի ապրիլի 3-ին խարդախությամբ հափշտակել է նաև Արտյոմ Շախպազյանի խոշոր չափերով՝ 1.671.360 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլարը:

Բացի այդ, Արթուր Անդրեասյանը 2011 թվականի ապրիլի 12-ին խարդախությամբ սեփականության իրավունք է ձեռք բերել Արտակ Գալստյանի առանձնապես խոշոր չափերի` 94.005.000 ՀՀ դրամ արժողությամբ` Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ:

Այսպես` Արթուր Անդրեասյանը, փաստացի Արտակ Գալստյանի սեփականությունը հանդիսացող, սակայն նրա ծանոթ Կարեն Թումիկյանի անվամբ գրանցված` Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 հասցեում գտնվող, անշարժ գույքի նկատմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով, խարդախություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2011 թվականի ապրիլին համոզել է նրան տարածքը 250.000 ԱՄՆ դոլար գնով վաճառել իրեն՝ խոստանալով այդ տարածքի գրավադրմամբ բանկից ստացված վարկային միջոցները ներդնել ձեռնարկատիրական գործունեության մեջ, տարածքի արժեքն Արտակ Գալստյանին վճարել 21 ամիս անց՝ 2012 թվականի դեկտեմբերին, իսկ մինչ այդ նրան վճարել ամսական 1,2 տոկոս (3.000 ԱՄՆ դոլար) գումար: Արտակ Գալստյանի վստահությունն ավելի ամրապնդելու համար նրան ցույց է տվել, ապա «Յունիբանկ» ՓԲԸ ներկայացրած հայտարարագրում մտացածին կերպով՝ որպես իր եկամուտներ, ներառել է նաև «Մոսկվիչկա» խանութների ցանցի արտարժույթի առք ու վաճառքի գրասենյակների եկամուտները` ի հավաստումն դրա կցելով նաև փոխանակման այդ կետերի դրամարկղային գործարքների հաշվետվությունները:

Արտակ Գալստյանը, վստահելով Արթուր Անդրեասյանին և հավատալով նրա կեղծ խոստումներին, համաձայնել է, որից հետո 2011 թվականի ապրիլի 12-ին Արթուր Անդրեասյանի (գնորդ-գրավատու), Կարեն Թումիկյանի (վաճառող) և «Յունիբանկ» ՓԲ ընկերության (գրավառու) միջև կնքվել է «Անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի» պայմանագիր, որով Արթուր Անդրեասյանը, չարաշահելով Արտակ Գալստյանի վստահությունը, խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք նրան պատկանող, 94.005.000 ՀՀ դրամ արժողության` Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ: Հետագայում Արթուր Անդրեասյանն իր դիտավորության համաձայն Արտակ Գալստյանին չի վճարել տարածքի արժեքը, ավելին` այն վերադարձնելու հնարավորությունը բացառելու նպատակով վերջինից գաղտնի 2012 թվականի նոյեմբերի 11-ին այն վաճառել է Ռուբեն և Կարեն Բաբակեխյաններին» (տե՛ս քրեական գործ, հատոր 20-րդ, թերթեր 16-28):

6. 2010 թվականի օգոստոսի 31-ին Վեներա Ֆարոսի Գալստյանի ու Արտակ Գավրուշայի Գալստյանի և Կարեն Նորայրի Թումիկյանի միջև կնքվել է ք.Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի առուվաճառքի պայմանագիր (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 132, հատոր 10-րդ, թերթեր 143-144):

6.1. 2011 թվականի ապրիլի 12-ին Կարեն Նորայրի Թումիկյանի և Արթուր Վասիլի Անդրեասյանի, «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև կնքվել է ք.Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 128-131, հատոր 10-րդ, թերթեր 150-157):

6.2. 2012 թվականի նոյեմբերի 11-ին Արթուր Վասիլի Անդրեասյանի ու Իրինա Վալերիի Անդրեասյանի և Դոնարա Հենրիկի Նազարյանի միջև կնքվել է ք.Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի առուվաճառքի պայմանագիր (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 165-166):

7. Նախաքննության մարմնի` գույքի վրա կալանք դնելու մասին 2013 թվականի սեպտեմբերի 12-ի որոշման մեջ արձանագրվել է. «Նկատի ունենալով, որ քննությամբ ստուգվում է մեղադրյալ Ա.Անդրեասյանի կողմից նշված անշարժ գույքի նկատմամբ խաբեությամբ սեփականության իրավունք ձեռք բերելու վարկածը, ուստի քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կալանք դնել Երևանի քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-8 հասցեում գտնվող տարածքի վրա» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 146):

8. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2014 թվականի հունիսի 3-ի վճռով ներկայացված քաղաքացիական հայցը մերժել է` հաստատված համարելով, որ «Դոնարա Նազարյանը և Կարեն Բաբակեխյանը հանդիսանում են բարեխիղճ ձեռքբերողներ» (տե՛ս քրեական գործ, հատոր 23-րդ, թերթ 208):

9. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(…) Ամբաստանյալի կատարած արարքներին տրվել են ճիշտ քրեաիրավական գնահատականներ, քրեական գործի ապացույցները ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ և դատաքննությամբ ապացուցվեց, որ ամբաստանյալը կատարել է հանցանքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնցով և նա պետք է պատասխանատվության ենթարկվի:

(…)

(…)[Ն]կատի ունենալով, որ տուժող Ա.Գալստյանի ներկայացուցիչը, հայտնելով, որ տուժողը և նրա կինը ցանկանում են դատարան դիմել քաղաքացիական դատավարության կարգով, խնդրեց քննության չառնել Արտակ և Վեներա Գալստյանների ընդդեմ Արթուր Անդրեասյանի` գումարի բռնագանձման և գրավի ու սեփականության իրավունքների վերականգնման պահանջների մասին հայցը, գտնում է, որ նշված հայցը պետք է թողնել առանց քննության:

(…)

(…)[Ն]կատի ունենալով, որ հանցագործությամբ պատճառված գույքային վնասների հատուցումը և գույքի բռնագրավումն ապահովելու համար նախաքննության ընթացքում կալանք է դրվել ամբաստանյալ Ա.Անդրեասյանի գույքի՝ ք.Երևանի Փափազյան փողոցի 11-րդ շենքի հ. 60 բնակարանի վրա, կալանք է դրվել նաև ք.Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի հ. 8 հասցեում գտնվող տարածքի վրա, գտնում է, որ նշված անհրաժեշտությունը դեռևս չի վերացել, հետևաբար նշված անշարժ գույքերի վրա դրված կալանքը պետք է պահպանվի (տե՛ս քրեական գործ, հատոր 22-րդ, թերթ 100):

10. Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով Ա.Անդրեասյանի մեղավորությունը վերջինիս մեղսագրված հանցագործությունների կատարման մեջ և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը համապատասխան մասերով թողնելով անփոփոխ, միաժամանակ փաստել է. «(…) Վեներա Գալստյանը, որը լիազորագրի հիման վրա գործել է նաև Արտակ Գալստյանի անունից, այնպես էլ Կարեն Թումիկյանը, Արթուր Անդրեասյանը վիճելի բնակարանը չեն կորցրել, նշված գույքը նրանցից չի հափշտակվել և հաստատվել է, որ նշված գույքը Վեներա Գալստյանի, այնպես էլ Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի տիրապետումից դուրս է եկել նրանց կամքով` իրավական նորմերի պահպանմամբ` բոլոր գործարքները սեփականատերերի միջև վավերացվել է նոտարական կարգով (…):

Այսինքն, Դ.Նազարյանը և Ռ.Բաբակեխյանը նշված բնակարանը սեփականատիրոջից ձեռք են բերել հատուցմամբ և հատկանշական է, որ վիճելի բնակարանը Արթուր Անդրեասյանի տիրապետումից դուրս է եկել նրա կամքով, այսինքն` Դոնարա Նազարյանը և Ռուբեն Բաբակեխյանը գույքը ձեռք են բերել բարեխղճորեն:

Բացի այդ, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2014թ. թիվ ԵԱՔԴ/1112/02/13 վճռով Վեներա Գալստյանի հայցը` 31.02.2010 թվականի Արտակ Գալստյանի, Վեներա Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Է.Մակարյանի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագիրը, 12.04.2011 թվականի Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը, 07.11.2012 թվականի Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև կնքված գույքի առուվաճառքի պայմանագիրը, 02.05.2013 թվականի Ռուբեն Բաբակեխյանի, Կարեն Բաբակեխյանի, Դոնարա Նազարյանի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված անշարժ գույքի գրավադրմամբ վարկային պայմանագիրը անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու` Արտակ Գալստյանի և Վեներա Գալստյանի Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին` մերժվել է` անհիմն լինելու պատճառով:

(…)

Այսպիսով, Առաջին ատյանի դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ Դոնարա Նազարյանը` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2014թ. թիվ ԵԱՔԴ/1112/02/13 օրինական ուժ ստացած վճռով որպես գույքի բարեխիղճ ձեռք բերող, զրկված է իր սեփականությունը տնօրինելու իրավունքից: Այդ գույքի վրա դրված արգելանքի պահպանմամբ` շարունակվում է խախտվել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով սահմանված գույքից անարգել օգտվելու Դ.Նազարյանի իրավունքը:

Հատկանշական է նաև, որ Առաջին ատյանի դատարանի նշված դատավճռի պատճառաբանական մասում չկա որևէ հիմնավորում՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի վրա դրված արգելանքի վերաբերյալ:

Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի կոպիտ խախտում` ուստի Առաջին ատյանի դատարանի 10.08.2015թ. թիվ ԵԿԴ/0200/01/13 դատավճիռը այդ մասով ենթակա է փոփոխման` Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի վրա դրված արգելանքը պետք է վերացնել` սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո» (տե՛ս քրեական գործ, հատոր 24-րդ, թերթեր 238-239):

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ, 232-րդ, 238-րդ, 376-րդ, 379-րդ, 380-րդ, 382-րդ, 398-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի՝ Լիա Ավետիսյանի և Արման Կարախանյանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Դ.Նազարյանի` վերաքննության կարգով բողոք բերելու բացթողնված ժամկետը հարգելի համարելով, բողոքը վարույթ ընդունելով, այն բավարարելով, մասնավորապես` ք.Երևան Բաղրամյան պողոտայի 77 շենքի թիվ 8 տարածքի վրա քննիչի կողմից դրված արգելանքը վերացնելով, թույլ է տվել դատավարական նորմերի կոպիտ խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

12. Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկների՝ բողոքաբերը նշել է, որ Դ.Նազարյանը իրավունք չուներ բողոքարկելու սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քանի որ վերջինս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն, վերաքննիչ բողոք բերելու իրավասությամբ օժտված անձ չէ: Բացի այդ, ըստ բողոքաբերի` Դ.Նազարյանը բաց է թողել Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը բողոքարկելու ժամկետը, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի` սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը կարող էր վերաքննության կարգով բողոքարկվել այն հրապարակվելու պահից մեկամսյա ժամկետում, մինչդեռ Դ.Նազարյանը, տեղյակ լինելով քննիչի կողմից նախաքննության ընթացքում ք.Երևան, Բաղրամյան 77 շենքի թիվ 8 բնակարանի վրա դրված արգելանքի մասին, այն հանելու պահանջով չի դիմել նախաքննության մարմնին, դատական կարգով չի բողոքարկել արգելանքը դնելու մասին որոշումը, Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում նման պահանջ չի ներկայացրել և միայն Առաջին ատյանի դատավճիռը հրապարակվելուց հետո երկուսուկես ամիս անց, առանց բողոքարկման համար բացթողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու, գույքի վրա դրված արգելանքը հանելու պահանջով դիմել է Վերաքննիչ դատարան` խախտելով բողոքարկման ժամկետները և կարգը:

13. Բողոքաբերը նշել է նաև, որ սույն գործով բացակայել են ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77 շենքի թիվ 8 տարածքն արգելանքից հանելու իրավական հիմքերը: Մասնավորապես` ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանցագործությամբ պատճառված գույքային վնասների հատուցումը և գույքի բռնագրավումը ապահովելու համար նախաքննության ընթացքում կալանք է դրվել Ա.Անդրեասյանի՝ խնդրո առարկա բնակարանի վրա, իրավացիորեն գտել է, որ արգելանքի տակ մնալու անհրաժեշտությունը դեռ չի վերացել: Բացի այդ, տվյալ անշարժ գույքի հետ կապված քաղաքացիական հայցը չի քննվել, այլ թողնվել է քննվելու քաղաքացիական դատավարության կարգով, ուստի նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, գույքն արգելանքից հանելով, զրկել է տուժողին իր խախտված իրավունքները դատական կարգով արդյունավետորեն վերականգնելու հնարավորությունից:

14. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, հետազոտելով Դ.Նազարյանի ներկայացրած՝ Երևանի Քանաքեռ-Զեյթույն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` թիվ ԵԱՔԴ/0112/02/13 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Դ.Նազարյանը ճանաչվել է ք.Երևան, Բաղրամյան 77 շենքի թիվ 8 բնակարանի բարեխիղճ ձեռքբերող, խախտել է վերաքննության սահմանները, քանի որ Դ.Նազարյանը չի հիմնավորել, որ օբյեկտիվ հնարավորություն չի ունեցել այն ներկայացնելու Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ վճիռը կայացվել է 2014 թվականի հունիսի 3-ին:

15. Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ սույն գործով Վերաքննիչ դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ ք.Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 հասցեում գտնվող տարածքի վրա դրված կալանքի հարցը կարող է քննարկվել տուժող Ա.Գալստյանի քաղաքացիական հայցը քննության առնելուց հետո միայն, քանի որ արգելանքի քննարկման հարցն անմիջական պատճառական կապի մեջ է գտնվում քաղաքացիական հայցի հետ և բացառապես կարող է լինել քաղաքացիական հայցի ածանցյալ հետևանք, իսկ Վերաքննիչ դատարանը քաղաքացիական հայցը քննված չլինելու պայմաններում անդրադարձել է դրա հետևանքին:

Նշվածից բողոքի հեղինակն ամփոփել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դուրս է եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից` գույքը կալանքից ազատելով հանդես է եկել որպես ընդհանուր իրավասության դատարան, իսկ Դ.Նազարյանին ապօրինաբար բարեխիղճ գնորդ ճանաչելով` որպես քաղաքացիական գործով քննություն իրականացնող ընդհանուր իրավասության դատարան: Այս առումով Վերաքննիչ դատարանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդես չի եկել որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան:

16. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 10-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի վրա կալանք դնելը կիրառելու նպատակների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

 I. Գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու նպատակով գույքի վրա կալանք դնելը.

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն`

«1. Գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:

2. Կալանքը դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

Գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը:

Մեջբերված նորմերի համադրված վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը սահմանել է գույքի վրա կալանք դնելու` որպես քրեադատավարական հարկադրանքի միջոցի կիրառման իրավական հիմքերը և նպատակները: Մասնավորապես, մատնանշված քրեադատավարական դրույթների բովանդակությունից հետևում է, որ գույքի վրա կալանք դնելը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել առկա գույքը: Ընդ որում, կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցը կոչված է սեփականության կամ այլ գույքային իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու՝

1) քաղաքացիական հայցը,

2) գույքի հնարավոր բռնագրավումը,

3) բռնագանձումը,

4) դատական ծախսերը:

19. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նախևառաջ անդրադառնալ գույքի հնարավոր բռնագրավման, բռնագանձման և դատական ծախսերի ապահովման նպատակով գույքի վրա կալանք դնելու առանձնահատկություններին:

19.1. ՀՀ քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝

«Գույքի բռնագրավումը (...)՝ որպես լրացուցիչ պատիժ (...) կարող [է] նշանակվել միայն սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում»:

ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն՝

«1. Գույքի բռնագրավումը դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հարկադրաբար և անհատույց վերցնելն է` ի սեփականություն պետության:

(...)

6. Բռնագրավման ենթակա չէ դատապարտյալի կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով:»:

ՀՀ քրեական օրենսգրքի մեջբերված նորմերի ուսումնասիրությունից բխում է, որ որպես լրացուցիչ պատժատեսակ՝ օրենսդիրը նախատեսել է դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հօգուտ պետության բռնագրավելը: Ընդ որում, անձի նկատմամբ գույքի բռնագրավումը որպես լրացուցիչ պատժատեսակ կարող է նշանակվել միայն այն դեպքում, երբ որպես այդպիսին ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայում:

Հարկ է նկատել նաև, որ քննարկվող պատժատեսակի նշանակման դեպքում կարող է բռնագրավվել միայն այն գույքը, որը համարվում է դատապարտյալի սեփականությունը (բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 6-րդ մասում նշված գույքի): Նշյալը ուղղակիորեն բխում է անձնական պատասխանատվության սկզբունքից, ըստ որի՝ անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն անձամբ իր կատարած հանցանքի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդված):

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով կալանք կարող է դրվել միայն որոշակի անձի այնպիսի գույքի վրա, որը բռնագրավման առարկա է: Հակառակ դեպքում գույքի վրա կալանք դնելը կլինի ոչ իրավաչափ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ նպատակով կալանք կարող է դրվել՝

1) միայն այն կասկածյալի կամ մեղադրյալի գույքի վրա, ում մեղսագրվում է այնպիսի հանցագործություն, որի համար որպես լրացուցիչ պատժատեսակ նախատեսված է գույքի բռնագրավումը,

2) կասկածյալի կամ մեղադրյալի միայն այն գույքի վրա, որը համարվում է վերջիններիս սեփականությունը (բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 6-րդ մասում նշված գույքի):

19.2. ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը (...), բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետության:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 2.1-րդ մասի համաձայն՝

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի համաձայն՝ բռնագանձման ենթակա գույքի վրա կալանքը դրվում է անկախ հանցանք կատարած անձի կամ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից»: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն`

«Քրեական վարույթն իրականացնող մարմինն անհապաղ կալանք է դնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույքի վրա»:

Գույքի վրա կալանք դնելը կիրառելու հաջորդ նպատակը դրա բռնագանձման ապահովումն է: Քրեադատավարական իրավակարգավորումների համաձայն՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը անհապաղ կալանք է դնում այն գույքի վրա, որը ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասի իմաստով ենթակա է բռնագանձման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում ևս առանցքային նշանակություն ունի գույքի՝ բռնագանձման ենթակա լինելու հանգամանքի պարզումը: Այլ կերպ՝ անհրաժեշտ է բացահայտել, թե արդյոք քրեական գործի համապատասխան ելքի դեպքում գույքը կարող է բռնագանձվել հօգուտ պետության, թե ոչ:

Ընդ որում, հարկ է նշել, որ բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք կարող է դրվել անկախ դրա՝ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրա կողմից տիրապետելու հանգամանքից: Այդ առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հանցանք կատարած անձը կարող է բռնագանձման ենթակա գույքը, օրինակ, սեփականության իրավունքով տրամադրել մեկ այլ անձի՝ հանցագործության կատարման արդյունքում դրա ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված լինելու փաստը քողարկելու նպատակով: Ուստի նման իրավիճակները բացառելու անհրաժեշտությունից ելնելով՝ օրենսդիրը բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք դնելու հարցում չի սահմանափակվել այդպիսի գույքի՝ սեփականության իրավունքով միայն կասկածյալին կամ մեղադրյալին պատկանելու հանգամանքով:

Չնայած դրան՝ հաշվի առնելով մասնավոր և հանրային շահերի հավասարակշռության ապահովման անհրաժեշտությունը՝ նախատեսվել է գույքի վրա բռնագանձում տարածելը բացառող երկու դեպք.

1) երբ տվյալ գույքը պատկանում է բարեխիղճ երրորդ անձին,

2) երբ տվյալ գույքն անհրաժեշտ է տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բռնագանձման ենթակա գույք չի կարող համարվել, հետևաբար նաև բռնագանձումն ապահովելու նպատակով կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որ թեև համարվում է հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված, սակայն պատկանում է բարեխիղճ երրորդ անձին կամ անհրաժեշտ է տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար:

 19.3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատական ծախսերը բաղկացած են`

1) տուժողին հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներից, 2) տուժողին, մասնագետին, փորձագետին, վկային ներկայանալու և օրապահիկի ծախսերի հատուցման գումարներից, 3) մասնագետի, փորձագետի, թարգմանչի վարձատրության գումարներից, 4) նշանակված պաշտպանին վճարվելիք գումարներից, 5) իրեղեն ապացույցների պահպանման, առաքման և հետազոտման համար ծախսված գումարներից, 6) հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումարներից, 7) փորձաքննություն, քննչական փորձարարություն կատարելիս փչացած կամ ոչնչացած իրերի արժեքի և տվյալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած նման այլ ծախսերի հատուցման համար ծախսված գումարներից, 8) քրեական գործով վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված գումարներից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Սույն օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասի 1-6-րդ կետերում թվարկված դատական ծախսերը կարող են դատարանի կողմից դրվել դատապարտյալի վրա»:

Մեջբերված դրույթների վերլուծությունը վկայում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված առանձին դատական ծախսերը դատարանը կարող է դնել դատապարտյալի վրա: Իսկ դրանից անմիջականորեն հետևում է, որ կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որը չի պատկանում կասկածյալին կամ մեղադրյալին, այլ կերպ՝ գույքի վրա կալանք դնելը կիրառելու մյուս նպատակի՝ դատական ծախսերի ապահովումը կենսագործելու համար կարող են սահմանափակվել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի գույքային իրավունքները:

II. Քաղաքացիական հայցի ապահովման նպատակով գույքի վրա կալանք դնելը և դրա հետագա պահպանման հարցի լուծումը.

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`

«Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ:

2. Քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝

«Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարտավոր են քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի կամ սեփական նախաձեռնությամբ միջոցներ ձեռնարկել` ապահովելու քաղաքացիական հայցը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի համաձայն՝

«1. Քաղաքացիական հայց ներկայացրած անձն իրավունք ունի հրաժարվել հայցից քրեական գործով վարույթի ցանկացած պահի, եթե դրանով չեն խախտվում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը (…):

2. Քաղաքացիական հայցից հրաժարվելն ընդունելը հանգեցնում է քրեական դատավարությունում քաղաքացիական հայցով վարույթի կարճման և համապատասխան անձին զրկում է տվյալ քաղաքացիական հայցը քրեական դատավարության կարգով կրկին հարուցելուց»:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի համաձայն`

«1. Գույքը, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվում է կալանքից, եթե քաղաքացիական հայցը հետ վերցվելու, կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվող արարքի որակումը փոխվելու հետևանքով կամ այլ պատճառներով վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը:

(…)

2. Քաղաքացիական հայցվորի կամ այլ շահագրգիռ անձանց միջնորդությամբ դատարանն իրավունք ունի գույքի վրա դրված կալանքը պահպանել նաև քրեական գործով վարույթի ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի համաձայն՝

«Դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով քաղաքացիական հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, կամ մերժում է դրա բավարարումը, կամ այն թողնում է առանց քննության»:

Գույքի վրա կալանք դնելը կիրառելու նպատակներից վերջինը քաղաքացիական հայցի ապահովումն է: Վերը մեջբերված դրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական հայցը հանցագործությունից վնաս կրած անձի գույքային շահերի՝ քրեական դատավարության կարգով պաշտպանության նպատակով համապատասխան անձի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված հայցն է:

Քաղաքացիական հայցի քննության արդյունքում դատարանը կարող է կայացնել հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) այն լրիվ կամ մասնակիորեն բավարարել,

2) մերժել դրա բավարարումը,

3) թողնել այն առանց քննության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ երեք որոշումներից յուրաքանչյուրն օժտված է իր ուրույն բնույթով, և դրանցից ամեն մեկի կայացումը տարբեր կերպ է ազդում գույքի վրա դրված կալանքի հետագա պահպանման հարցի լուծման վրա:

20.1. Այսպես` քաղաքացիական հայցի բավարարումը ենթադրում է վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի և գույքի բռնագանձման մասին հայցադիմումում նշված խնդրանքի բավարարում: Հետևաբար այն դեպքում, երբ քաղաքացիական հայցը բավարարվում է լրիվ կամ մասնակիորեն, ապա գույքի վրա դրված կալանքը համապատասխան՝ քաղաքացիական հայցով բավարարված հայցապահանջի մասով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության պարագայում պետք է, որպես կանոն, պահպանվի մինչև դատական ակտի փաստացի կատարումը: Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մինչև դրա կատարումը համապատասխան անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել առկա գույքը:

Անդրադառնալով քաղաքացիական հայցը դատարանի կողմից մերժելուն՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն դեպքում գույքի վրա դրված կալանքը, ըստ էության, պետք է վերացվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցը մերժելու դեպքում փաստացի վերանում է նաև գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը:

20.2. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու դեպքում, որպես կանոն, դատարանը պետք է վերացնի գույքի վրա դրված կալանքը: Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական հայց չլինելու դեպքում վերանում է նաև այդպիսի հայցի՝ քրեական դատավարության կարգով ապահովման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեադատավարական իրավակարգավորումների համաձայն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մաս)՝ քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը դատարանի կողմից առանց քննության թողնվելու դեպքում անձը չի զրկվում հետագայում քաղաքացիական դատավարության կարգով այդպիսի հայց հարուցելու հնարավորությունից:

Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված գործիքը, այն է՝ քաղաքացիական հայցվորի կամ այլ շահագրգիռ անձանց միջնորդությամբ քրեական գործով վարույթի ավարտից հետո ևս մեկ ամիս գույքի վրա դրված կալանքը պահպանելու հնարավորությունը, լրացուցիչ երաշխիք է քաղաքացիական հայցից հրաժարված անձի համար՝ մինչ քաղաքացիական դատավարության կարգով իր գույքային իրավունքների պաշտպանության հայց ներկայացնելը:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը, սակայն, հարկ է համարում ընդգծել, որ քաղաքացիական հայցը դատարանի կողմից առանց քննության թողնվելու դեպքում գույքի վրա դրված կալանքը կարող է պահպանվել քրեական գործով վարույթի ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, միայն այն դեպքում, երբ դրա վերաբերյալ առկա է քաղաքացիական հայցվորի կամ այլ շահագրգիռ անձանց կողմից դատարան ներկայացված միջնորդություն: Այլ կերպ՝ այդպիսի միջնորդության բացակայության դեպքում դատարանն իրավունք չունի սեփական նախաձեռնությամբ պահպանելու գույքի վրա դրված կալանքը:

21. Սույն գործի փաստերի համաձայն` ամբաստանյալ Ա.Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի ապրիլի 12-ին խարդախությամբ սեփականության իրավունք է ձեռք բերել տուժող Ա.Գալստյանի` առանձնապես խոշոր չափերի` 94.005.000 ՀՀ դրամ արժողությամբ` ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ: Մասնավորապես` ամբաստանյալ Ա.Անդրեասյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով, խարդախություն կատարելու ուղղակի դիտավորությամբ համոզել է տուժող Ա.Գալստյանին նշված գույքը 250.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց վաճառել իրեն: Այդ գույքի գրավադրման արդյունքում բանկից ստացված վարկային միջոցները ամբաստանյալ Ա.Անդրեասյանը խոստացել է ներդնել ձեռնարկատիրական գործունեության մեջ, իսկ գույքի արժեքը վճարել 2012 թվականի դեկտեմբերին: Ա.Գալստյանը, վստահելով Ա.Անդրեասյանին և հավատալով նրա կեղծ խոստումներին, համաձայնել է, որից հետո՝ 2011 թվականի ապրիլի 12-ին, Ա.Անդրեասյանի, Կ.Թումիկյանի և «Յունիբանկ» ՓԲ ընկերության միջև կնքվել է «Անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի» պայմանագիր: Սակայն հետագայում ամբաստանյալ Ա.Անդրեասյանը, իր դիտավորության համաձայն, տուժող Ա.Գալստյանին չի վճարել գույքի արժեքը, իսկ այն վերադարձնելու հնարավորությունը բացառելու նպատակով 2012 թվականի նոյեմբերի 11-ին վաճառել է Ռ.և Կ. Բաբակեխյաններին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Նախաքննության մարմնի` 2013 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ խնդրո առարկա անշարժ գույքի վրա դրվել է կալանք` քրեական գործով քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու նպատակով (տե՛ս սույն որոշման 1-ին և 7-րդ կետերը):

Նույն մարմնի՝ 2013 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ Ա.Գալստյանը ճանաչվել է քաղաքացիական հայցվոր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս մեղադրյալ Ա.Անդրեասյանի դեմ ներկայացրել է ընդհանուր 48.832.840 ՀՀ դրամի և 94.005.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքի (ք. Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող) նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ քաղաքացիական հայց (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է, որ ամբաստանյալը կատարել է հանցանքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որոնցով և նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում տուժող Ա.Գալստյանի ներկայացուցիչ Ս.Սարգսյանը հայտնել է քաղաքացիական հայցը քննության չառնելու վերաբերյալ տուժող Ա.Գալստյանի և նրա կնոջ` Վ.Գալստյանի ցանկության մասին, որպիսի հանգամանքը հիմք ընդունելով` ներկայացված քաղաքացիական հայցը Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով թողնվել է առանց քննության: Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է նաև, որ հանցագործությամբ պատճառված գույքային վնասների հատուցման և գույքի բռնագրավման ապահովման նպատակով նախաքննության ընթացքում գույքի վրա դրված կալանքը պետք է պահպանվի, քանի որ դրա անհրաժեշտությունը չի վերացել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը փոփոխել է Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռը և վերացրել ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով Ա.Անդրեասյանի մեղավորությունը համապատասխան հանցագործությունների կատարման մեջ և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը համապատասխան մասերով թողնելով անփոփոխ, միաժամանակ փաստել է, որ Վ.Գալստյանը, որը լիազորագրի հիման վրա գործել է նաև Ա.Գալստյանի անունից, այնպես էլ Կ.Թումիկյանը, Ա.Անդրեասյանը վիճելի բնակարանը չեն կորցրել, նշված գույքը նրանցից չի հափշտակվել, և հաստատվել է, որ նշված գույքը Վ.Գալստյանի, այնպես էլ Կ.Թումիկյանի, Ա.Անդրեասյանի տիրապետումից դուրս է եկել նրանց կամքով` իրավական նորմերի պահպանմամբ` բոլոր գործարքները սեփականատերերի միջև վավերացվել է նոտարական կարգով:

Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դ.Նազարյանը՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 03.06.2014թ. թիվ ԵԱՔԴ/1112/02/13 օրինական ուժ ստացած վճռով որպես գույքի բարեխիղճ ձեռք բերող, զրկված է իր սեփականությունը տնօրինելու իրավունքից, և գույքի վրա դրված արգելանքի պահպանմամբ շարունակվում է խախտվել գույքից անարգել օգտվելու նրա իրավունքը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը):

22. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 18-20.2-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը պահպանելու իրավական հիմքերը բացակայում են: Մասնավորապես՝

1) այն սեփականության իրավունքով չի պատկանում ամբաստանյալ Ա.Անդրեասյանին (տե՛ս սույն որոշման 6.2.-րդ կետը), ուստի սույն որոշման 19.1-րդ և 19.3-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացակայում է դրա վրա դրված կալանքի՝ գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերը ապահովելու նպատակով պահպանման անհրաժեշտությունը,

2) այն ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի իմաստով բռնագանձման ենթակա գույք չէ, քանի որ թեև ստացվել է հանցագործության կատարման արդյունքում, սակայն սեփականության իրավունքով պատկանում է բարեխիղճ երրորդ անձին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը) : Հետևաբար հիմք ընդունելով սույն որոշման 19.2-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացակայում է դրա վրա դրված կալանքի՝ գույքի բռնագանձումն ապահովելու նպատակով պահպանման անհրաժեշտությունը,

3) քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության, իսկ գույքի վրա դրված կալանքը պահպանելու միջնորդություն դատարան չի ներկայացվել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ուստի հաշվի առնելով սույն որոշման 20.2-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացակայում է խնդրո առարկա գույքի վրա դրված կալանքի՝ քաղաքացիական հայցն ապահովելու նպատակով պահպանման անհրաժեշտությունը:

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առկա չեն գույքի վրա դրված կալանքը պահպանելու՝ քրեադատավարական օրենքով սահմանված իրավական հիմքերը, ուստի հիմնավոր չէ Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը դեռևս չի վերացել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

23. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ Վ.Գալստյանը, որը լիազորագրի հիման վրա գործել է նաև Ա.Գալստյանի անունից, այնպես էլ Կ.Թումիկյանը վիճելի բնակարանը չեն կորցրել, նշված գույքը նրանցից չի հափշտակվել, և հաստատվել է, որ նշված գույքը Վ.Գալստյանի, այնպես էլ Կ.Թումիկյանի տիրապետումից դուրս է եկել նրանց կամքով` իրավական նորմերի պահպանմամբ: Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ ամբաստանյալ Ա.Անդրեասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղավոր ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները Վերաքննիչ դատարանի կողմից ճանաչվել են հիմնավոր: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ ապացուցված է ամբաստանյալ Ա.Անդրեասյանի մեղավորությունն իրեն մեղսագրված հանցագործության կատարման մեջ (այն է` 2011 թվականի ապրիլի 12-ին խարդախությամբ սեփականության իրավունք է ձեռք բերել Ա.Գալստյանի առանձնապես խոշոր չափերի` 94.005.000 ՀՀ դրամ արժողությամբ` Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ), որպիսի պայմաններում փաստելով, որ նշված անշարժ գույքը չի հափշտակվել՝ չի կարող իրավաչափ համարվել (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

24. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը եկել է ճիշտ եզրահանգման առ այն, որ սույն գործով առկա չեն գույքի վրա դրված կալանք պահպանելու՝ քրեադատավարական օրենքով սահմանված իրավական հիմքերը, սակայն սխալ է պատճառաբանել դատական ակտը: Ուստի հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ է:

25. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 12-րդ կետում բարձրացրած փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավորված ու պատճառաբանված չեն, գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, մասնավորապես` դիմող Դ.Նազարյանի վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից հետևում է, որ վերջինս միջնորդություն է ներկայացրել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին (տե՛ս քրեական գործ, հատոր 23-րդ, թերթ 176):

Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 13-րդ կետում բարձրացրած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով սույն որոշման 22-24-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները, դրանք հիմնազուրկ է համարում:

Անդրադառնալով բողոք բերած անձի՝ սույն որոշման 14-15-րդ կետերում մատնանշված փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը գործել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, հետևաբար բողոքաբերի փաստարկներն անհիմն են:

26. Այսպիսով, հիմք ընդունելով վերը շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, հետևաբար բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասով, թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Տուժող Ա.Գալստյանի ներկայացուցիչ Ս.Սարգսյանի վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Արթուր Վասիլի Անդրեասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը` ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասով, թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ս. Ավետիսյան

    Հ. Ասատրյան
    Ե. Դանիելյան
    Ա. Պողոսյան
   

Ս. Օհանյան