ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2016 թվականի N 1121-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1715-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 322-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1715-Ն որոշման 3-րդ կետով հաստատված կանոնադրության 25-րդ կետի 2-րդ ենթակետի, 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացուցիչներին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ավարտել «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքները.
3) հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառումից այն հանելու գործընթացը:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման պահից դրա հաշվեկշռում մնացած գույքն ամրացնել, իսկ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հիմնարկի գործունեության դադարեցման պետական գրանցման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» և «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 1715-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքը սահմանելու մասին» N 322-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|