ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գործ թիվ ԵՄԴ/0079/01/13 |
ԵՄԴ/0079/01/13 |
Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան |
Դատավորներ՝ |
Մ. Պապոյան |
Վ. Ռշտունի |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Օհանյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. ԱՎԵՏԻՍյանի | ||
ե. դԱՆԻԵԼյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ դատախազ |
Ա. Ոսկանյանի | |
ամբաստանյալ |
Ա. Մանուկյանի |
2016 թվականի մարտի 30-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արմինե Ազատի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ տուժող Ե.Փարսադանյանի և տուժողի ներկայացուցիչ Գ.Ռամազյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում 2013 թվականի մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 16113613 քրեական գործը:
2013 թվականի հուլիսի 10-ին Արմինե Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2. 2013 թվականի օգոստոսի 1-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 19-ի դատավճռով Ա.Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: Տուժող Ե.Փարսադանյանի ներկայացրած քաղաքացիական հայցով վարույթը կարճվել է նույն քաղաքացիական հայցով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով:
3. Ամբաստանյալ Ա.Մանուկյանի պաշտպան Լ.Ավետիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ թիվ ԵՄԴ/0079/01/13 քրեական գործի վարույթը կարճել և Ա.Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ տուժող Ե.Փարսադանյանը և տուժողի ներկայացուցիչ Գ.Ռամազյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ա.Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Ե.Փարսադանյանի վստահությունը չարաշահելով, փաստաբանական ծառայություններ իրականացնելու պատրվակով 2010 թվականի հուլիսին խաբեությամբ վերցրել է 2.567.670 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն ոչ մի գործողություն չի կատարել և հափշտակել է նշված գումարը` պատճառելով խոշոր չափերի հասնող նյութական վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 154):
6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է. «(...) Դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետազոտելով և գնահատելով ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից` հիմնված ներքին համոզմամբ, հանգում է այն հետևության, որ Արմինե Մանուկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որը որակվում է որպես խարդախություն` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն, նշված հանցավոր արաքն ամբաստանյալը կատարել է մեղավորությամբ, այն որակված է ճիշտ, և վերջինս քրեական պատասխանատվության և պատժի է ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 298):
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Ա.Մանուկյանին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործություն, հետևաբար նա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքը ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի:
Ըստ մեղադրական եզրակացության` ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված հանցագործությունը կատարել է 2010թ. հուլիս ամսին:
Վաղեմության ժամկետի ընթացքում ամբաստանյալը չի կատարել օրենքով նախատեսված որևէ խախտում, այսինքն` լրացել է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 85):
8. Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրամադրված պահանջագրի համաձայն` Ա.Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առկա է հարուցված քրեական գործ (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 77):
9. Գործում առկա տվյալների համաձայն` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ա.Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվում է թիվ ԵԱՔԴ/0212/01/14 քրեական գործը (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 79-80):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
10. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքաբերների պնդմամբ` Վերաքննիչ դատարանի դատական ակտն ակնհայտ անհիմն է և անօրինական, ուստի ենթակա է բեկանման:
Բողոքի հեղինակները փաստել են, որ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը: Մասնավորապես, դատարանն անտեսել է դատաքննության ժամանակ իրենց ներկայացրած միջնորդությունը, ինչպես նաև մեղադրողի կողմից ներկայացված հիմքերն այն մասին, որ ամբաստանյալ Ա.Մանուկյանը կրկին կատարել է միջին ծանրության հանցանք, որի վերաբերյալ առկա է մեղադրական եզրակացություն, իսկ քրեական գործը քննվում է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվել է, և հաշվարկը պետք է սկսվի նոր հանցանքն ավարտված համարելու պահից:
11. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և բեկանել Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի դատական ակտը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. պատճառաբանվա՞ծ է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Ա.Մանուկյանին մեղսագրված արարքի վաղեմության ժամկետներն անցած լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`
«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(...)
2) հինգ տարի` միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(...)
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:
(...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` «Խարդախությունը, որը կատարվել է`
(…)
2) խոշոր չափերով,
(…)
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:
Մեջբերված քրեաիրավական նորմերի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, որի համար առավելագույն պատիժ է նախատեսված ազատազրկում` մինչև հինգ տարի ժամկետով, ուստի այն համարվում է միջին ծանրության հանցանք: Հետևաբար վերոնշյալ արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի, և այդ ընթացքում վերջինս քրեական օրենսգրքով նախատեսված որևէ այլ արարք չի կատարել, այսինքն` վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել:
Վաղեմության ժամկետի ընդհատման առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Ղամբարյանի և մյուսների գործով որոշմամբ` նշելով. «(…) նոր կատարված հանցագործությունն ընդհատում է նախկին հանցագործության վաղեմության ժամկետի ընթացքը հետևյալ պայմանների առկայության դեպքում`
1. նախկին հանցագործությունն ավարտվել է, և օրենքով դրա համար սահմանված վաղեմության ժամկետը դեռևս չի անցել,
2. նոր կատարվածը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն է:
Վաղեմության ժամկետի ընդհատվելու դեպքում նախորդ հանցանքի համար ընթացող ժամկետը չեղյալ է համարվում, և հաշվարկը վերսկսվում է նոր հանցագործության ավարտման պահից: Այլ կերպ ասած` նոր հանցանքի կատարմամբ նախկին հանցագործության համար նախատեսված վաղեմության ժամկետը չի վերանում, իսկ ինչպես նոր հանցանքի, այնպես էլ նախկին հանցանքի համար օրենքով սահմանված վաղեմության ժամկետները սկսվում են հաշվարկվել նոր հանցանքի ավարտման պահից` յուրաքանչյուր հանցագործության համար ինքնուրույն:
Վերոնշյալ դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ վաղեմության ժամկետը կապված է կոնկրետ հանցագործության հետ և կրում է ինքնուրույն բնույթ: Այդ պատճառով, եթե անձը միաժամանակ կատարում է երկու կամ ավելի հանցագործություն, դրանցից յուրաքանչյուրի համար վաղեմության ժամկետը պետք է հաշվարկվի առանձին: Հետևաբար հանցագործություններից մեկի համար վաղեմության ժամկետի ավարտի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից այդ հանցագործության համար, սակայն մյուսների համար, որոնց վաղեմության ժամկետները չեն անցել, անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության ընդհանուր կարգով» (տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 21-րդ կետը):
12.1. Այսպիսով, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցագործությունն ավարտված համարվելու պահից անցել են օրենքով սահմանված ժամկետները, և դրանք չեն ընդհատվել նոր հանցագործությամբ: Հակառակ պարագայում, եթե գործում առկա են անձի կողմից նոր հանցանք կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ, ապա վարույթն իրականացնող մարմինը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի պարզելու` արդյոք տվյալ հանցագործությունը ընդհատել է կոնկրետ գործով վաղեմության ժամկետի ընթացքը:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
(…)
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:
(...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման (...)» (տե՛ս Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):
Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Գ. Խնուսյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «(...) [Հ]աշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: (...)» (տե՛ս Գ. Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):
14. Սույն որոշման 12.1-րդ և 13-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումներից բխում է, որ յուրաքանչյուր դեպքում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծելիս դատարանը պարտավոր է իր դատական ակտում պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության: Մասնավորապես, դատարանը պարտավոր է դատական ակտում նշել` առկա են արդյոք ամբաստանյալի կողմից նոր հանցանք կատարելու վերաբերյալ տվյալներ և ինչպիսի իրավական նշանակություն ունեն դրանք (նոր հանցագործությունն ընդհատել է արդյոք նախկին հանցագործության վաղեմության ժամկետները, թե` ոչ), ինպես նաև` որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս: Դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վերադաս դատարանը հնարավորություն կունենա ստուգելու կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը:
15. Գործի նյութերից հետևում է, որ Ա.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փաստաբանական ծառայություններ մատուցելու պատրվակով Ե.Փարսադանյանից խաբեությամբ վերցրել է 2.567.670 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն այդ ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով և գնահատելով գործում առկա ապացույցները, հաստատված է համարել Ա.Մանուկյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը կատարելու մեջ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ Ա.Մանուկյանին մեղսագրված է միջին ծանրության հանցանք, որը կատարվել է 2010 թվականի հուլիսին: Վաղեմության ժամկետի ընթացքում ամբաստանյալը որևէ իրավախախտում չի կատարել, հետևաբար անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Մինչդեռ գործի նյութերում առկա են ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալներ այն մասին, որ Ա.Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առկա է հարուցված քրեական գործ, ինչպես նաև տվյալներ` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ա.Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող թիվ ԵԱՔԴ/0212/01/14 քրեական գործի առկայության վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 8-9-րդ կետերը):
Վերաքննիչ դատարանի դատական ակտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ հանգամանքներին որևէ անդրադարձ չի կատարվել, չի պարզվել, թե Ա.Մանուկյանին մեղսագրվող վերոնշյալ ենթադրյալ հանցանքները երբ են կատարվել, արդյոք դրանք կարող էին ընդհատել սույն գործով ամբաստանյալին մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետի ընթացքը: Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն նշելով, որ վաղեմության ժամկետի ընթացքում ամբաստանյալը որևէ իրավախախտում չի կատարել, սակայն այդ դիրքորոշումը չի պատճառաբանել` անտեսելով, որ գործում առկա է նրա կողմից ենթադրյալ հանցանք կատարելու վերաբերյալ տվյալներ:
16. Սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետում մեջբերված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով Վերաքննիչ դատարանը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Ա.Մանուկյանին քրեական պատասխանատվությունից ազատելիս պարտավոր էր նշել և իրավական գնահատական տալ ամբաստանյալի կողմից այլ ենթադրյալ հանցանքներ կատարած լինելու վերաբերյալ գործի նյութերում առկա փաստական տվյալներին` պատճառաբանելով վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չլինելու վերաբերյալ իր դիրքորոշումը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Ա.Մանուկյանին մեղսագրված արարքի վաղեմության ժամկետներն անցած լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը պատճառաբանված չէ:
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտ, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով, քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղարկելու համար: Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա Ա.Մանուկյանի կողմից ենթադրյալ այլ հանցանքներ կատարած լինելու վերաբերյալ գործում առկա տվյալներին, պարզի, թե այդ ենթադրյալ հանցանքները երբ են կատարվել, արդյոք դրանք կարող էին ընդհատել սույն գործով ամբաստանյալին մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետի ընթացքը և համապատասխան եզրահանգումները շարադրելով իր դատական ակտում` հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արմինե Ազատի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ս. Օհանյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան |