ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
16 սեպտեմբերի 2016 թ. |
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՐԱՔԵՇԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի նոյեմբերի 27-ին Ժնևում ստորագրված` «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագիրը փոփոխող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին Մարաքեշի համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2014 թվականի նոյեմբերի 27-ին` Ժնևում:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունն (այսուհետ՝ ԱՀԿ) ստեղծվել է Մարաքեշի համաձայնագրի (այսուհետ՝ ԱՀԿ համաձայնագիր) հիման վրա, որն ուժի մեջ է մտել 1995 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետությունն ԱՀԿ համաձայնագրին միացել է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ՀՀ Ազգային ժողովի Ն-322-2 թվակիր որոշմամբ:
2. Արձանագրության հավելվածով ընդունվել է «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որն ուժի մեջ մտնելուց հետո պետք է ներառվի ԱՀԿ համաձայնագրի «1Ա» հավելվածում ու զետեղվի Պաշտպանական միջոցների մասին համաձայնագրից հետո:
Արձանագրության որևէ դրույթի առնչությամբ չեն կարող կատարվել վերապահումներ՝ առանց ԱՀԿ մյուս անդամների համաձայնության:
Արձանագրությունն ուժի մեջ է մտնելու ԱՀԿ համաձայնագրի X հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան:
3. «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագիրը բաղկացած է 3 բաժիններից, որի I բաժնում (1-12 հոդվածներ) սահմանվում են առևտրի դյուրացման վերաբերյալ դրույթները, II բաժնով (13-22 հոդվածներ) նախատեսվում են զարգացող կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող անդամներին հատուկ և տարբերակված մոտեցումներ, իսկ III բաժնով նախատեսվում է ստեղծել ԱՀԿ-ում Առևտրի դյուրացման հարցերով մշտական կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե), ինչպես նաև Առևտրի դյուրացման հարցերով մշտական կոմիտե յուրաքանչյուր անդամ պետությունում, որը կոչված է ապահովելու Համաձայնագրի դրույթների ներպետական համակարգումը և իրականացումը:
4. Համաձայնագրի II բաժնով նախատեսված՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող անդամներին հատուկ և տարբերակված մոտեցումների վերաբերյալ դրույթները բաշխվում են ըստ «Ա», «Բ» և «Գ» կատեգորիաների:
Ընդ որում, «Ա» կատեգորիան պարունակում է դրույթներ, որոնք զարգացող երկիր հանդիսացող անդամը նախատեսում է իրականացնել Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից, իսկ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող անդամը՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 1 տարվա ընթացքում՝ 15-րդ հոդվածով նախատեսված կարգով,
«Բ» կատեգորիան պարունակում է դրույթներ, որոնք զարգացող երկիր հանդիսացող անդամը կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող անդամը նախատեսում է իրականացնել Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո անցումային ժամանակաշրջանից հետո՝ որոշակի օրվա դրությամբ՝ 16-րդ հոդվածով նախատեսված կարգով,
«Գ» կատեգորիան պարունակում է դրույթներ, որոնք զարգացող երկիր հանդիսացող անդամը կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող անդամը նախատեսում է իրականացնել Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո անցումային ժամանակաշրջանից հետո որոշակի օրվա դրությամբ, և որոնք պահանջում են իրականացման կարողությունների ձեռքբերում՝ կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության տրամադրման միջոցով՝ 16-րդ հոդվածով նախատեսված կարգով (14-րդ հոդված):
5. Համաձայնագրի նպատակն է ԱՀԿ անդամների միջև առևտրի դյուրացման ու մաքսային համապատասխանության վերաբերյալ հարցերի շուրջ արդյունավետ համագործակցության ապահովումը, ինչպես նաև ներմուծվող, արտահանվող (այդ թվում՝ տարանցիկ փոխադրվող) ապրանքների մաքսային ձևակերպման, բացթողման և մաքսազերծման գործընթացների արագացումը (Նախաբան), տեղեկատվական կետերի հիմնումը (1-ին հոդվ.), բողոքարկման կամ վերանայման պարզեցված ընթացակարգերի կիրառումը (4-րդ հոդվ.), սուբյեկտների կողմից ծախսվող ժամանակի կրճատումը՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մեկ պատուհանի սկզբունքի ներդրմամբ, մաքսային ձևակերպումներին առնչվող պահանջների սահմանումը (10-րդ հոդվ.), տարանցման ազատության (11-րդ հոդվ.) և մաքսային համագործակցության (12-րդ հոդվ.) կանոնների պահպանումը և այլն:
6. Ըստ Համաձայնագրի` առևտրի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը, ներդրումների խրախուսմանը նպաստող կարևոր գործիք է համարվում նաև սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և հասանելիությունը (1-ին հոդվ.), իրավասու պետական մարմինների միջև համագործակցության բարելավումը, ինչպես նաև սահմանակից անդամ պետությունների միջև սահմանահատման ընթացակարգերի փոխհամաձայնեցված իրականացումը (8-րդ հոդվ.):
7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- հնարավորություն ընձեռել և համապատասխան ժամկետ տրամադրել առևտրով զբաղվող անձանց և շահագրգիռ այլ կողմերին՝ ներկայացնել դիտողություններ ապրանքների (այդ թվում՝ տարանցիկ փոխադրվող) շարժին, բացթողմանը և մաքսազերծմանն առնչվող՝ ընդհանուր կիրառության օրենքներ և կանոնակարգեր ներդնելու կամ դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ (2-րդ հոդվ., 1-ին պարբ., կետ 1.1),
- ապահովել, որ ապրանքների (այդ թվում՝ տարանցիկ փոխադրվող) շարժին, բացթողմանը և մաքսազերծմանն առնչվող՝ ընդհանուր կիրառության նոր կամ փոփոխված օրենքներն ու կանոնակարգերը հնարավորինս շուտ հրապարակվեն, կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները որևէ այլ կերպով հասանելի դարձվեն հանրությանը մինչև դրանց ուժի մեջ մտնելը՝ առևտրով զբաղվող անձանց և շահագրգիռ այլ կողմերին դրանց ծանոթանալու հնարավորություն ընձեռելու նպատակով (2-րդ հոդվ., 1-ին պարբ., կետ 1.2),
- նպատակահարմարության դեպքում նախատեսել կանոնավոր խորհրդակցություններ՝ սահմանային վերահսկողություն իրականացնող ՀՀ մարմինների և ՀՀ տարածքում գտնվող՝ առևտրով զբաղվող անձանց և շահագրգիռ այլ անձանց միջև (2-րդ հոդվ., 1-ին պարբ., կետ 2),
- ողջամիտ և հստակ սահմանված ժամկետում տրամադրել նախնական որոշում յուրաքանչյուր դիմումատուի, որը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պարունակող գրավոր դիմում, իսկ մերժման դեպքում՝ պատշաճ ժամկետում գրավոր ծանուցել դիմումատուին՝ նշելով համապատասխան փաստերը և որոշման հիմքերը (3-րդ հոդվ., 1-ին պարբ.),
- նախնական որոշման չեղարկման, փոփոխման կամ անվավեր ճանաչման դեպքում դիմումատուին տրամադրել գրավոր ծանուցում՝ ներկայացնելով համապատասխան փաստերը և իր որոշման հիմքերը (3-րդ հոդվ., 4-րդ պարբ.),
- առնվազն հրապարակել նախնական որոշում ստանալու համար դիմումին ներկայացվող պահանջները, նախնական որոշման տրամադրման ժամանակահատվածը և դրա վավերականության ժամանակահատվածը (3-րդ հոդվ., 6-րդ պարբ.),
- դիմումատուի գրավոր դիմումի հիման վրա տրամադրել նախնական որոշման կամ նախնական որոշման չեղարկման, փոփոխման կամ անվավեր ճանաչման մասին որոշման վերանայման արդյունքները (3-րդ հոդվ., 7-րդ պարբ.),
- հանրությանը հասանելի դարձնել նախնական որոշումների վերաբերյալ ցանկացած տեղեկություն, որը համարվում է այլ շահագրգիռ կողմերի համար զգալի հետաքրքրություն ներկայացնող տեղեկություն՝ հաշվի առնելով առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները պաշտպանելու անհրաժեշտությունը (3-րդ հոդվ., 8-րդ պարբ.),
- ապահովել, որ ցանկացած անձ, որին մաքսային մարմինը տրամադրում է վարչական որոշում, Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք ունենա վարչական կամ դատական կարգով բողոքարկելու կամ վերանայելու որոշումը (4-րդ հոդվ., 1-ին պարբ.),
- ապահովել, որ բողոքարկման կամ վերանայման Հայաստանի Հանրապետության ներպետական ընթացակարգերն իրականացվեն ոչ խտրական ձևով (4-րդ հոդվ., 3-րդ պարբ.),
- ապահովել, որ եթե վարչական բողոքարկման կամ վերանայման մասին որոշումը չի կայացվել՝ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, կամ առանց անհարկի հետաձգման, հայցվորն իրավունք ունենա կրկին դիմելու վարչական կամ դատական մարմին՝ բողոքարկման կամ վերանայման համար, կամ որևէ այլ կերպ դիմելու դատական մարմիններին (4-րդ հոդվ., 4-րդ պարբ.),
- ապահովել, որ 4-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված անձին տրամադրվեն վարչական որոշման հիմքերը, որպեսզի տվյալ անձը անհրաժեշտության դեպքում ունենա բողոքարկման կամ վերանայման ընթացակարգերին դիմելու հնարավորություն (4-րդ հոդվ., 5-րդ պարբ.),
- պատշաճ ժամկետում տեղեկացնել փոխադրողին կամ ներմուծողին մաքսային կամ այլ իրավասու մարմնի կողմից ներմուծման համար հայտարարագրված ապրանքները ստուգման համար արգելանքի տակ վերցնելու մասին (5-րդ հոդվ., 2-րդ պարբ.),
- ոչ խտրական և հեշտ հասանելի եղանակով հրապարակել այն լաբորատորիայի անվանումը և հասցեն, որտեղ կարող է իրականացվել ստուգումը, կամ այդ տեղեկությունները տրամադրել ներմուծողին, եթե ընձեռվել է երկրորդ ստուգման հնարավորություն (5-րդ հոդվ., 3-րդ պարբ.),
- վճարների և գանձումների մասին տեղեկությունները հրապարակել Համաձայնագրի 1-ին հոդվածին համապատասխան, նոր կամ փոփոխված վճարների և գանձումների հրապարակումից հետո բավարար ժամանակ տրամադրել մինչև դրանց ուժի մեջ մտնելը (բացառությամբ անհետաձգելի հանգամանքների), և դրանք չկիրառել մինչև այդ մասին տեղեկությունների հրապարակումը, պարբերաբար վերանայել վճարներն ու գանձումները՝ դրանց քանակը կամ տեսակները հնարավորինս նվազեցնելու նպատակով (6-րդ հոդվ., 1-ին պարբ.),
- ապահովել, որ մաքսային օրենքի, կանոնակարգի կամ ընթացակարգային պահանջի խախտման համար տույժերը նշանակվեն միայն այդ խախտման համար պատասխանատու անձի (անձանց) նկատմամբ, գանձվող տույժը համաչափ լինի խախտման աստիճանին ու լրջությանը (6-րդ հոդվ., 3-րդ պարբ., կետեր 3.2 և 3.3),
- ապահովել, որ ձեռնարկվեն այնպիսի միջոցներ, որոնցով հնարավոր է խուսափել տույժերի և տուրքերի գնահատման ու հավաքագրման ընթացքում շահերի բախումից և 3-րդ պարբերության 3.3-րդ կետին հակասող տույժի գնահատման և հավաքագրման համար խթան ստեղծելուց (6-րդ հոդվ., 3-րդ պարբ., կետ 3.4),
- ապահովել, որ մաքսային օրենքները, կանոնակարգերը կամ ընթացակարգային պահանջները խախտելու համար տույժ սահմանելիս գրավոր բացատրություն տրամադրվի տույժի ենթարկված անձին (անձանց)՝ նշելով խախտման բնույթը և կիրառելի այն օրենքը, կանոնակարգը կամ ընթացակարգը, որի համաձայն սահմանվել է տույժի գումարը կամ սահմանները (6-րդ հոդվ., 3-րդ պարբ., կետ 3.5),
- ընդունել և վարել այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան ներկայացնելու ներմուծման փաստաթղթերը և պահանջվող այլ տեղեկություններ (այդ թվում՝ բեռնագրերը), մինչև ապրանքների ժամանումը ձևակերպումներն սկսելու համար՝ բացթողման գործընթացն արագացնելու նպատակով, նպատակահարմարության դեպքում տրամադրել փաստաթղթերն էլեկտրոնային ձևաչափով նախապես ներկայացնելու հնարավորություն՝ մինչև փաստաթղթերի ժամանումը դրանց ձևակերպումները կատարելու համար (7-րդ հոդվ., 1-ին պարբ.),
- ընդունել և վարել այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ներմուծման և արտահանման առնչությամբ մաքսային մարմինների կողմից հավաքագրվող տուրքերը, հարկերը, վճարները և գանձումները վճարել էլեկտրոնային եղանակով (7-րդ հոդվ., 2-րդ պարբ.),
- ընդունել կամ վարել այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս բաց թողնել ապրանքները մինչև մաքսային տուրքերի, հարկերի, վճարների և գանձումների վերաբերյալ վերջնական որոշումը, եթե դա չի կատարվել մինչև ժամանումը կամ ժամանման պահին կամ դրանից հետո՝ հնարավորինս արագ և կանոնակարգային բոլոր այլ պահանջների բավարարմամբ (7-րդ հոդվ., 3-րդ պարբ.),
- հնարավորության սահմաններում ներդնել կամ վարել ռիսկերի կառավարման համակարգ մաքսային հսկողության համար, մշակել և իրականացնել ռիսկերի կառավարումն այնպես, որ հնարավոր լինի խուսափել կամայական կամ չարդարացված խտրականությունից կամ միջազգային առևտրի քողարկված սահմանափակումից, կենտրոնացնել մաքսային հսկողությունը և հնարավորության սահմաններում սահմանային վերահսկողության այլ միջոցները բարձր ռիսկայնության բեռների վրա և արագացնել ցածր ռիսկայնության բեռների բացթողումը, ռիսկի կառավարումն իրականացնել համապատասխան ընտրողականության չափորոշիչների միջոցով կատարված ռիսկերի գնահատման հիման վրա (7-րդ հոդվ., 4-րդ պարբ.),
- ապրանքները բաց թողնելու գործընթացն արագացնելու նպատակով ընդունել կամ վարել մաքսազերծումից հետո աուդիտի ընթացակարգ՝ մաքսային և հարակից այլ օրենքների ու կանոնակարգերի հետ համապատասխանությունն ապահովելու համար, մաքսազերծումից հետո աուդիտն անցկացնել թափանցիկ եղանակով, դրա արդյունքներն օգտագործել ռիսկերի կառավարումն իրականացնելիս և վարչական կամ դատական ընթացակարգերում (7-րդ հոդվ., 5-րդ պարբ.),
- պարբերաբար և հետևողականորեն գնահատել և հրապարակել ապրանքները բաց թողնելու միջին ժամանակը, Կոմիտեի հետ կիսել իր փորձառությունը՝ բաց թողնելու միջին ժամանակի չափման, օգտագործված մեթոդաբանության, հայտնաբերված դժվարությունների և այլնի վերաբերյալ (7-րդ հոդվ., 6-րդ պարբ.),
- ներմուծման, արտահանման կամ տարանցման ձևակերպումների և ընթացակարգերի առնչությամբ լիազորված օպերատորներին տրամադրել առևտրի դյուրացման լրացուցիչ միջոցներ, դրանք ամրապնդելու նպատակով մյուս անդամներին ընձեռել լիազորված օպերատորի սխեմաների փոխադարձաբար ճանաչման շուրջ բանակցելու հնարավորություն և այլն (7-րդ հոդվ., 7-րդ պարբ.),
- ընդունել կամ վարել այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան ապահովելու առնվազն օդային բեռնափոխադրումների միջոցով մուտք գործած բեռների արագացված բացթողումը նման ռեժիմի համար դիմած անձանց համար, միաժամանակ ապահովելով մաքսային հսկողությունը (7-րդ հոդվ., 8-րդ պարբ.),
- արագ փչացող ապրանքների կորուստը կամ փչանալը կանխելու նպատակով և կանոնակարգային բոլոր պահանջները բավարարելու պայմանով նախատեսել արագ փչացող ապրանքների բացթողումը սովորական հանգամանքներում՝ հնարավորինս կարճ ժամանակում, իսկ բացառիկ հանգամանքներում՝ մաքսային և այլ համապատասխան մարմինների աշխատանքային ժամերից դուրս, պատշաճ առաջնահերթություն տալ արագ փչացող ապրանքների զննմանը, կազմակերպել կամ թույլ տալ ներմուծողին կազմակերպել բացթողման սպասող՝ նման ապրանքների պատշաճ պահեստավորումը (7-րդ հոդվ., 9-րդ պարբ.),
- ապահովել, որ սահմանային վերահսկողության և ապրանքների ներմուծմանը, արտահանմանը և տարանցմանն առնչվող ընթացակարգերի իրականացման պատասխանատու Հայաստանի Հանրապետության մարմինները և գործակալությունները համագործակցեն միմյանց հետ և համակարգեն իրենց գործողությունները առևտրի դյուրացման նպատակով, և եթե հնարավոր է ու գործնականում կիրառելի, համագործակցել ընդհանուր սահման ունեցող մյուս անդամների հետ (8-րդ հոդվ.),
- որքանով գործնականում հնարավոր է և կանոնակարգային բոլոր պահանջները բավարարելու պայմանով թույլատրել, որ ներմուծման համար նախատեսված ապրանքները մաքսային հսկողության ներքո Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաշարժվեն մուտքի մաքսակետից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այլ մաքսակետ (9-րդ հոդվ.),
- եթե նպատակահարմար է՝ ընդունել ներմուծման, արտահանման և տարանցման համար պահանջվող՝ հիմնավորող փաստաթղթերի թղթային կամ էլեկտրոնային պատճենները, իսկ եթե տվյալ փաստաթղթի բնօրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության որևէ կառավարական գործակալության մոտ, ապա Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր գործակալությունները պետք է ընդունեն թղթային կամ էլեկտրոնային պատճենները (10-րդ հոդվ., 2-րդ պարբ.),
- կիրառել համապատասխան միջազգային ստանդարտները կամ դրանց մասերը՝ որպես ներմուծման, արտահանման և տարանցման ձևակերպումների հիմք, իր ունեցած ռեսուրսների շրջանակներում մասնակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից համապատասխան միջազգային ստանդարտների մշակման և պարբերական վերանայման աշխատանքներին (10-րդ հոդվ., 3-րդ պարբ.),
- ստեղծել կամ պահպանել «մեկ պատուհան» սկզբունքը, Կոմիտեին ծանուցել «մեկ պատուհան» սկզբունքով աշխատանքի մանրամասների մասին և եթե հնարավոր է և գործնականում կիրառելի, «մեկ պատուհան» համակարգի աշխատանքին աջակցելու նպատակով կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաներ (10-րդ հոդվ., 4-րդ պարբ.),
- սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից չներմուծել մաքսային բրոքերների ծառայությունից օգտվելու պարտադիր պահանջ, Կոմիտեին ծանուցել և հրապարակել մաքսային բրոքերների ծառայությունից օգտվելու Հայաստանի Հանրապետության միջոցների մասին, մաքսային բրոքերների լիցենզավորման առնչությամբ կիրառել թափանցիկ և օբյեկտիվ կանոններ (10-րդ հոդվ., 6-րդ պարբ.),
- սահմանված սանիտարական և բուսասանիտարական կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու պատճառով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից ներմուծման համար ներկայացված ապրանքների մերժման դեպքում, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենքներն ու կանոնակարգերը և գործելով դրանց համապատասխան, ներմուծողին թույլատրել մերժված ապրանքները կրկին հանձնել կամ վերադարձնել այդ ապրանքներն արտահանողին կամ արտահանողի կողմից նշանակված մեկ այլ անձի (10-րդ հոդվ., 8-րդ պարբ.),
- Հայաստանի Հանրապետության օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան թույլատրել, որ ապրանքները բերվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման տուրքերի և հարկերի վճարումից լրիվ կամ մասնակի պայմանական ազատումով, եթե այդ ապրանքները բերվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք հատուկ նպատակով, նախատեսված են որոշակի ժամանակահատվածում վերաարտահանման համար և որևէ փոփոխության չեն ենթարկվել՝ բացի բնականոն արժեզրկման և օգտագործման հետևանքով մաշվածությունից (10-րդ հոդվ., 9-րդ պարբ.) և այլն:
8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն Արձանագրությունը և դրա հավելվածը կազմող Համաձայնագիրը հանդիսանում են ԱՀԿ համաձայնագրի բաղկացուցիչ մասը, որն առանձնահատուկ տարբերակված և ավելի բարենպաստ մոտեցումներ է սահմանում զարգացող և առավել թույլ զարգացած պետությունների նկատմամբ՝ վերջիններիս առևտրի և ներդրումների հնարավորությունների ընդլայնման ապահովման նպատակով:
9. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2014 թվականի նոյեմբերի 27-ին Ժնևում ստորագրված` «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագիրը փոփոխող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
16 սեպտեմբերի 2016 թ. ՍԴՈ-1303 |
|