ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 ապրիլի 2016 թ.
թիվ 53-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐԲՈՒՄՊՐՈՄ» ԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 791) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկարագրական մաս
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից 2016 թվականի հունվարի 27-ին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Աերացիա 1 հասցեում գործունեություն իրականացնող «ԱՐԲՈՒՄՊՐՈՄ» ԱՄ ՍՊԸ (լիցենզիա թիվ 791) փոխանակման կետում (այսուհետ` նաև Փոխանակման կետ) իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել և 2016 թվականի փետրվարի 11-ի թիվ 791/1 արձանագրությամբ արձանագրվել է հետևյալ խախտումը.
նշված հասցեում իրականացված ստուգման ընթացքում Փոխանակման կետի կողմից վերստուգող խմբին տրամադրվել է «Նոր Զովք» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ թիվ 51608158) ՀԴՄ կտրոնը: Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ «ԱՐԲՈՒՄՊՐՈՄ» ԱՄ ՍՊԸ-ի անվամբ 2012 թվականի մայիսի 11-ին գրանցված թիվ 532005687 ՀԴՄ-ն դեռևս 2013 թվականի հունվարի 18-ին հանվել է գրանցումից (ՀՀ ֆինանսների նախարարության 17.09.2015 թ. թիվ 01/6-1/26385-15 գրություն): Այսինքն, Կենտրոնական բանկի կողմից 2016 թվականի հունվարի 27-ի դրությամբ պարզվել է, որ Փոխանակման կետը միաժամանակ չի հանդիսանում վերը նշված հասցեում տեղակայված խանութում, որպես «ԱՐԲՈՒՄՊՐՈՄ» ԱՄ ՍՊԸ առուվաճառք իրականացնող իրավաբանական անձ:
Նշված փաստը հանգեցնում է «Արժութային կարգավորման ու վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի (այսուհետ` նաև Կանոնակարգ 10) 53-րդ և 60-րդ կետերի պահանջների խախտմանը:
Պատճառաբանական մաս
Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 13-22/000324-16 ծանուցմամբ Փոխանակման կետին ուղարկվել է սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտման վերաբերյալ 2016 թվականի փետրվարի 11-ի թիվ 791/1 արձանագրությունը:
Փոխանակման կետը ծանուցմամբ տեղեկացվել է 2016 թվականի մարտի 30-ին Կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի (այսուհետ` նաև հանձնաժողով) նիստին սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտման հարցի քննարկմանը մասնակցելու իրավունքի մասին և առաջարկվել է 7 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնել գրավոր բացատրություններ, առարկություններ կամ պարզաբանումներ: Փոխանակման կետը արձանագրված խախտման վերաբերյալ բացատրություններ կամ առարկություններ Կենտրոնական բանկ չի ներկայացրել: Հանձնաժողովի նիստին Փոխանակման կետի ներկայացուցիչը չի մասնակցել (լսումներն արձանագրվել են հանձնաժողովի 2016 թվականի մարտի 30-ի թիվ 13 արձանագրությամբ):
Փոխանակման կետի նկատմամբ արձանագրված խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելիս Կենտրոնական բանկը հիմք է ընդունել Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի պահանջն այն մասին, որ Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչում փոխանակման կետին տրամադրած արտարժույթի առուվաճառքի լիցենզիան, եթե փոխանակման կետի կողմից չեն պահպանվում այն պահանջները, որոնք լիզենզավորման պահի դրությամբ համարվել են որպես արտարժույթի առուվաճառքի լիցենզիային ներկայացվող նվազագույն պահանջներ: Դրանցից մեկն էլ կազմակերպչին ներկայացվող նվազագույն պահանջներ են, մասնավորապես` արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ունեցող անձը միաժամանակ պետք է լինի տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը կամ տվյալ առևտրի կենտրոնում առևտրի իրականացման կազմակերպիչը:
Կենտրոնական բանկը Փոխանակման կետի նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառման վարույթի ընթացքում, գործի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ Փոխանակման կետը դեռևս 2013 թվականի հունվարի 18-ից չի հանդիսանում սույն որոշման նկարագրական մասում նշված հասցեում տեղակայված խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտումը կարող է վտանգել հանրային, մասնավորապես` ֆինանսական համակարգում սպառողների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև Փոխանակման կետի վարքագիծը կարող է խաթարել ֆինանսական կայունությունը և համակարգային նշանակություն ունենալ, Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ պատասխանատվության միջոցի կիրառումը պետք է հանդիսանա անհապաղ կատարման ենթակա գործողություն:
Հիմք ընդունելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 397 -րդ հոդվածը, Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 3.2 ենթակետը, Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, հաշվի առնելով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի մարտի 30-ի թիվ 13 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 248-Ա որոշմամբ «ԱՐԲՈՒՄՊՐՈՄ» ԱՄ ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 791 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Փոխանակման կետ մուտքագրվելու կամ Փոխանակման կետի` սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից և ենթակա է անհապաղ կատարման:
3. Սույն որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: Բողոքարկումը չի կասեցնում վարչական ակտի կատարումը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ն. Երիցյան |
2016 թ. ապրիլի 12 Երևան |