«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հուլիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60316246
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 հունիսի 2016 թ. |
թիվ 05-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 11-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 12-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել վիճակագրական տեղեկությունների հավաքագրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ-ի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 11-Ն որոշումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թ-ի մայիսի 12-ի «Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացման կարգը և համաձայնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 12-Ն որոշումը:
4. Սահմանել, որ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կնքված վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացման համաձայնագրերը շարունակում են իրենց գործողությունը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վիճակագրական դիտարկումների իրականացման նպատակով վիճակագրական տեղեկությունների հավաքագրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն նույն իմաստը, ինչ իմաստով որ դրանք սահմանված են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
3. Վիճակագրական տեղեկությունների հավաքագրումը ներառում է վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին վիճակագրական դիտարկումներում ընդգրկումը և իրազեկումը, վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին վիճակագրական դիտարկման փաստաթղթերով (այսուհետ` վիճակագրական փաստաթուղթ) ապահովումը, վիճակագրական տեղեկությունների ներկայացումը, պետական վիճակագրություն իրականացնող մարմնին ներկայացված վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ընդունումը և դրանց հետ կապված այլ գործողություններ:
4. Սույն կարգը չի տարածվում մարդահամարի, գյուղատնտեսական համատարած հաշվառման և այլ համատարած հաշվառումների ժամանակ վիճակագրական տեղեկատվության հավաքագրման, ինչպես նաև վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների` վարչական ռեգիստրներից ստացվող ամփոփ տեղեկատվության ներկայացման վրա:
II. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԸՆՏՐԱՆՔԸ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5. Սույն կարգի իմաստով վիճակագրական տեղեկություններ տրամադրողներ (այսուհետ` ռեսպոնդենտներ) են հանդիսանում`
1) իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը.
2) իրավաբանական անձանց դուստր ընկերությունները, մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, առանձնացված ստորաբաժանումները.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստորաբաժանումները.
4) պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները.
5) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձինք` անկախ իրենց քաղաքացիությունից և իրավական կարգավիճակից կամ նման անձանց խմբեր, ինչպիսիք են` տնային (քաղաքային և գյուղական) տնտեսությունները.
6) այլ սուբյեկտ, որը կարող է տիրապետել վիճակագրական հետազոտության նպատակներին համապատասխանող տեղեկատվության:
6. Պետական վիճակագրական դիտարկումների մեթոդաբանությունը (ներառյալ` ցուցանիշների սահմանումները, դասակարգումները, վիճակագրական դիտարկումներում ընդգրկման ձևերը` համատարած կամ ընտրանքային) սահմանվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) կողմից:
7. Պետական վիճակագրական տեղեկությունները (տվյալները) հավաքագրվում (տրամադրվում) են Խորհրդի կողմից հաստատված ձևի վիճակագրական փաստաթղթերի միջոցով:
8. Վիճակագրական տեղեկությունները հավաքագրվում են հետևյալ տեսակի վիճակագրական փաստաթղթերի միջոցով`
1) պետական վիճակագրական հաշվետվություններ.
2) հետազոտությունների հարցաթերթեր.
3) պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող տեղեկանքներ և Խորհրդի կողմից հաստատված այլ փաստաթղթեր:
III. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԿԱՄ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
9. Պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու կամ դիտարկումներից հանվելու մասին ռեսպոնդենտները պետական վիճակագրություն իրականացնող մարմնի` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ՀՀ ԱՎԾ) կողմից նախապես գրավոր իրազեկվում են` սույն կարգով սահմանված իրազեկման գրությամբ (Ձև 1): Իրազեկման գրության մեջ պարտադիր նշվում են`
1) ռեսպոնդենտի անվանումը (անունը, ազգանունը).
2) նշում այն մասին, որ ռեսպոնդենտն ընդգրկվել է պետական վիճակագրական դիտարկումներում.
3) ռեսպոնդենտների իրավունքներն ու պարտականությունները.
4) նշում օրենքով սահմանված պատասխանատվության մասին.
5) հղում համապատասխան իրավական ակտերին և ՀՀ ԱՎԾ-ի պաշտոնական կայքէջին.
6) ՀՀ ԱՎԾ-ի համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
7) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
10. Գրավոր իրազեկումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ ռեսպոնդենտը գրավոր չի իրազեկվում պետական վիճակագրական դիտարկումներից դուրս հանվելու մասին կամ դեռ չի լրացել ընդգրկման մասին պաշտոնական գրության մեջ նշված ժամկետը:
11. Պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու մասին իրազեկված ռեսպոնդենտը վիճակագրական փաստաթղթերը ներկայացնում է իրազեկումը ստանալուց հետո առաջին հաշվետու ժամանակաշրջանից սկսած, եթե իրազեկման գրության մեջ այլ բան նախատեսված չէ: Վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու պահից ռեսպոնդենտը պարտավոր է պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել նաև տվյալ տարվան, ինչպես նաև ընդգրկմանը նախորդող տարվան վերաբերող վիճակագրական փաստաթղթերը (անհրաժեշտության դեպքում` ամսական բաշխվածությամբ):
12. Միանվագ հետազոտությունների դեպքում ռեսպոնդենտներն իրազեկվում են մինչև հետազոտությունը սկսելը:
13. Եթե պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկված ռեսպոնդենտը սահմանված կարգով իրազեկվելուց հետո փոխում է իր գործունեության տեսակը կամ սկսում է զբաղվել նաև այլ գործունեությամբ, ապա այդ գործունեության տեսակի համապատասխան վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են հաջորդող հաշվետու ժամանակաշրջանից` առանց լրացուցիչ իրազեկման:
14. Սույն կարգով սահմանված գրավոր իրազեկումից հետո այլ տեսակի վիճակագրական հետազոտությունում ընդգրկվելու, ինչպես նաև վիճակագրական փաստաթղթերի ներկայացման պարբերականության փոփոխության դեպքում ռեսպոնդենտն այդ մասին լրացուցիչ իրազեկվում է սույն կարգի դրույթներին համապատասխան:
15. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միացման կամ վերակազմավորման ձևով վերակազմակերպվելիս ռեսպոնդենտը շարունակում է ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթերն առանց սույն կարգով սահմանված գրավոր իրազեկման:
16. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժանման, առանձնացման և միաձուլման ձևով վերակազմակերպվելիս նոր ստեղծված իրավաբանական անձը (անձինք) վիճակագրական դիտարկումներում ընդգրկելու մասին իրազեկվում են սույն կարգով սահմանված ձևով:
IV. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
17. ՀՀ ԱՎԾ-ն ապահովում է ռեսպոնդենտների համար վիճակագրական փաստաթղթերն իրենց կողմից նախընտրելի եղանակով (թղթային կամ էլեկտրոնային) ներկայացնելու հնարավորություն, մասնավորապես`
1) անվճար տրամադրում է Խորհրդի կողմից հաստատված վիճակագրական փաստաթղթերի ձևերը.
2) էլեկտրոնային եղանակով վիճակագրական փաստաթղթերը ներկայացնելու համար ապահովում է այդ փաստաթղթերի ձևերի և դրանց լրացման հրահանգների հասանելիությունը պաշտոնական կայքէջի միջոցով.
3) պաշտոնական կայքէջի միջոցով ապահովում է ռեսպոնդենտներին վիճակագրական տեղեկատվության հավաքագրման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:
18. Վիճակագրական փաստաթղթերի ձևերը ռեսպոնդենտները ստանում են ինքնուրույնաբար` իրենց գործունեության իրականացման վայրի ՀՀ ԱՎԾ համապատասխան ստորաբաժանումներից կամ ներբեռնում են ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջից:
19. Վիճակագրական փաստաթղթերի ձևերը ռեսպոնդենտներին տրվում են անվճար` երկու օրինակից:
20. Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելը չի կարող հիմք հանդիսանալ ռեսպոնդենտին վիճակագրական փաստաթղթերի թղթային ձևերը չտրամադրելու համար:
V. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԿԱՐԳԸ
21. Վիճակագրական փաստաթղթերը ռեսպոնդենտները լրացնում և ներկայացնում են ինքնուրույնաբար, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ փաստաթղթով:
22. Վիճակագրական փաստաթղթերը, եթե դրանցում այլ բան նախատեսված չէ, պետք է ստորագրվեն ռեսպոնդենտի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի կողմից:
23. Հաշվետու ժամանակաշրջանում գործունեություն իրականացրած չլինելու դեպքում, ներկայացվող վիճակագրական փաստաթղթերի` հաշվետու ժամանակաշրջան(ներ)ին վերաբերող համապատասխան մասերում դրվում են գծիկներ կամ փակման (Z) նշան:
24. Ռեսպոնդենտը գործունեության կամ գործունեության որևէ տեսակի դադարեցման դեպքում ներկայացնում է սույն կարգով սահմանված ձևի հայտարարություն (Ձև 2): Այս դեպքում գործունեության կամ գործունեության տեսակի դադարեցման օր է համարվում հայտարարության մեջ նշված օրը:
25. Սույն կարգի 24-րդ կետով սահմանված հայտարարությունը չի ազատում ռեսպոնդենտին մինչ գործունեության դադարեցման օրն ընկած հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ վիճակագրական փաստաթղթերի ներկայացման պարտականությունից: Այս դեպքում վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են հայտարարության հետ կամ այդ փաստաթղթերի համար սահմանված ժամկետներում:
26. Գործունեությունը կամ գործունեության տեսակը վերսկսելու դեպքում ռեսպոնդենտը շարունակում է ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթերը:
27. Այն ռեսպոնդենտները, որոնք միաժամանակ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում են տվյալ գործունեության գծով վիճակագրական տեղեկատվությունը (ցուցանիշները)` նաև մարզային բաշխվածությամբ:
VI. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
28. Վիճակագրական փաստաթղթերը ռեսպոնդենտները ներկայացնում են իրենց գործունեության իրականացման վայրի ՀՀ ԱՎԾ ստորաբաժանմանը կամ ուղարկում են այդ ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով: Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործունեություն իրականացնելու դեպքում, վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են ռեսպոնդենտի նախընտրելի վայրի ՀՀ ԱՎԾ ստորաբաժանմանը:
29. Գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում ռեսպոնդենտները տեղեկացնում են գործունեության իրականացման վայրի փոփոխության մասին` սույն կարգով սահմանված ձևով (Ձև 3):
30. Վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են դրանցում նշված ժամկետներում և պարբերականությամբ:
31. Վիճակագրական փաստաթղթերը լրացվում են համաձայն տվյալ փաստաթղթի լրացման հրահանգի կամ ցուցումների:
32. Վիճակագրական փաստաթղթերը, ինչպես նաև սույն կարգով սահմանված մյուս փաստաթղթերը ներկայացվում են առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով` ռեսպոնդենտի ընտրությամբ:
33. Վիճակագրական փաստաթղթի ներկայացման օր է համարվում
1) փոստային կապի միջոցով վիճակագրական փաստաթղթի ներկայացման դեպքում այն փոստային կապի կազմակերպությանը հանձնելու օրը.
2) առձեռն ներկայացման դեպքում` ներկայացման օրը.
3) էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում` ռեսպոնդենտի կողմից դրա ուղարկման օրը:
34. ՀՀ ԱՎԾ համապատասխան ստորաբաժանումն իրականացնում է ներկայացված վիճակագրական փաստաթղթերի հաշվառում: Վիճակագրական փաստաթուղթը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում, այն ենթակա է գրանցման ստորաբաժանումում առկա գրանցամատյանում` նշելով ներկայացման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:
35. Առձեռն ներկայացման դեպքում գրանցումն իրականացվում է ներկայացման պահին: Առձեռն ներկայացնողը ստորագրում է գրանցամատյանի համապատասխան մասում:
36. Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար ռեսպոնդենտն այդ մասին իրազեկում է ՀՀ ԱՎԾ համապատասխան ստորաբաժանմանը: Այդ նպատակով ռեսպոնդենտը լրացնում է սույն կարգով սահմանված տեղեկատվության ձևը (Ձև 4) և ուղարկում է իր գործունեության վայրի համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով:
37. Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում ռեսպոնդենտը ներբեռնում է իր գործունեության տեսակին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի ձևերը` ՀՀ ԱՎԾ www.armstat.am պաշտոնական կայքէջի «Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» բաժնից: Յուրաքանչյուր լրացված վիճակագրական փաստաթուղթ ստորագրվում է էլեկտրոնային ստորագրությամբ և էլեկտրոնային փոստով ուղարկվում ՀՀ ԱՎԾ համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով: Յուրաքանչյուր վիճակագրական փաստաթուղթ ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով:
38. Վիճակագրական փաստաթուղթը էլեկտրոնային փոստով ուղարկելիս ռեսպոնդենտը էլեկտրոնային նամակի «սաբջեքթ» (subject) կամ «տեմա» (тема) տողում նշում է իր անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, հաշվետվական ձևի կրճատ անվանումը, պարբերականությունը և հաշվետու ժամանակաշրջանը:
39. ՀՀ ԱՎԾ-ն ապահովում է ռեսպոնդենտի հետադարձ էլեկտրոնային ծանուցումը` վիճակագրական փաստաթղթի ստացված լինելու մասին:
40. Վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են ըստ ռեսպոնդենտի գործունեության տեսակի: Ռեսպոնդենտն ընտրում է իր գործունեության տեսակին համապատասխան վիճակագրական հաշվետվությունների ցանկը` օգտվելով www.armstat.am պաշտոնական կայքէջի «Տեղեկատվություն ռեսպոնդենտների համար» բաժնի վիճակագրական հաշվետվությունների փնտրման համակարգից:
VII. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՍԽԱԼՆԵՐ ԵՎ ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
41. Վիճակագրական փաստաթղթում սխալների առկայության դեպքում դրանք ենթակա են ուղղման:
42. Եթե վիճակագրական փաստաթղթի տվյալների ուղղումը պահանջում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերում գրանցումների փոփոխություն կամ որոշակի տևական ժամանակահատված, ապա ճշգրտված վիճակագրական փաստաթուղթը ներկայացվում է հաջորդ ժամանակաշրջանի վերաբերյալ ներկայացվող վիճակագրական փաստաթղթի հետ միասին` բացառությամբ եռամսյակային և տարեկան պարբերականությամբ ներկայացվող վիճակագրական փաստաթղթերի:
43. Եռամսյակային և տարեկան պարբերականությամբ վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են սխալը հայտնաբերելուց հետո համապատասխանաբար տասնհինգ և երեսուն օրվա ընթացքում:
44. Ճշգրտված վիճակագրական փաստաթղթի դիմային էջի վրա նշվում է «ճշգրտված է» գրառումը:
Ձև 1
____________________________________
____________________________________
(ռեսպոնդենտի անվանումը, (անունը, ազգանունը),
գտնվելու (բնակության) վայրը)
Հարգելի գործընկեր
Սույն գրության նպատակն է իրազեկել, որ համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի, Դուք հանդիսանում եք վիճակագրական տեղեկություններ տրամադրող և ընդգրկվել եք պետական վիճակագրական դիտարկումներում:
Պետական վիճակագրական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) համար կարևոր է Ձեր վստահությունն ու աջակցությունը:
Համաձայն Օրենքի 20-րդ հոդվածի, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների պարտականություններն են.
1. սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել անհրաժեշտ վիճակագրական տվյալներ և տեղեկություններ.
2. կատարել պետական վիճակագրության և հաշվառման վերաբերյալ վիճակագրություն իրականացնող մարմնի ցուցումները:
Համաձայն Օրենքի 14-րդ հոդվածի, Ձեր կողմից ներկայացված վիճակագրական գաղտնիք համարվող տվյալները հրապարակման կամ այլ ձևով տարածման ենթակա չեն:
Հավաքագրված վիճակագրական տվյալների անանունությունը պահպանելը պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պարտականությունն է:
Վիճակագրական տեղեկությունները ներկայացվում են ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից սահմանված ձևի վիճակագրական փաստաթղթերի միջոցով:
Վիճակագրական փաստաթղթերը կարող եք ներկայացնել Ձեր կողմից նախընտրելի եղանակով` թղթային (առձեռն և փոստով) կամ էլեկտրոնային:
Վիճակագրական հաշվետվությունների ձևերը կարող եք անվճար ստանալ ՀՀ ԱՎԾ համապատասխան ստորաբաժանումից կամ ներբեռնել www.armstat.am պաշտոնական կայքէջի «Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» բաժնից:
Վիճակագրական հաշվետվությունները պետք է ներկայացվեն ըստ Ձեր կողմից իրականացվող գործունեության տեսակի (տեսակների)` համաձայն տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (NACE rev2) 2-րդ խմբավորման:
Ստորև թվարկված վիճակագրական հաշվետվությունների ձևերից ընտրեք Ձեր գործունեության տեսակին համապատասխան վիճակագրական հաշվետվությունների ցանկը` օգտվելով www.armstat.am պաշտոնական կայքէջի «Տեղեկատվություն ռեսպոնդենտների համար» բաժնի վիճակագրական հաշվետվությունների փնտրման համակարգից.
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
(թվարկել հաշվետվությունները)
Եթե Դուք միաժամանակ գործունեություն եք իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, ապա յուրաքանչյուր եռամսյակ պետք է ներկայացնեք նաև տվյալ գործունեության գծով վիճակագրական տեղեկատվությունը (ցուցանիշները)` մարզային բաշխվածությամբ:
Վիճակագրական հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար լրացրեք և ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկեք համապատասխան ձևը (Ձև 4), որը կարող եք գտնել www.armstat.am պաշտոնական կայքէջի «Տեղեկատվություն ռեսպոնդենտների համար» բաժնում: Նշված ձևն ուղարկելուց հետո կարող եք անցնել վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացմանը:
Վիճակագրական հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են www.armstat.am պաշտոնական կայքէջում տեղադրված ձևաչափով:
Գործունեության տեսակի փոփոխության կամ գործունեության նոր տեսակ սկսելու դեպքում այդ տեսակին համապատասխան վիճակագրական հաշվետվությունները ևս պետք է ներկայացվեն` առանց լրացուցիչ իրազեկման:
Վիճակագրական փաստաթղթերի ներկայացման գործընթացին, ինչպես նաև Ձեզ հետաքրքրող մյուս հարցերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՀ ԱՎԾ պաշտոնական ինտերնետային www.armstat.am կայքէջի «Տեղեկատվություն ռեսպոնդենտների համար» բաժնից:
Սույն իրազեկումից հետո այլ տեսակի վիճակագրական հետազոտությունում ընդգրկվելու, ինչպես նաև վիճակագրական հաշվետվությունների ներկայացման պարբերականության փոփոխության դեպքում լրացուցիչ կիրազեկվի:
Ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեն է -----------------------------------------------------:
Ստորաբաժանման հեռախոսահամարն է --------------------------------------:
Առանցքային իրավական ակտեր են.
«Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենք.
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2016 թ-ի հունիսի 20-ի «Վիճակագրական տեղեկությունների հավաքագրման կարգը հաստատելու մասին» թիվ 05-Ն որոշում:
Սույն իրազեկումն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ Դուք գրավոր չեք իրազեկվում տվյալների տրամադրման դադարեցման մասին:
Պետական վիճակագրության մասին ՀՀ օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.2 հոդվածով սահմանված կարգով:
Շնորհակալություն համագործակցության համար։
ՀՀ ԱՎԾ _______________________________գործակալության պետ
Ձև 2
ՀՀ ԱՎԾ աշխատակազմի _____________________________
(ստորաբաժանման անվանումը)
պետ __________________________-ին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գործունեության կամ գործունեության տեսակի դադարեցում նախատեսելու վերաբերյալ
Սույն հայտարարությամբ տեղեկացնում եմ, որ |
______________________________________ (ռեսպոնդենտի անվանումը (անունը, ազգանունը)) |
սկսած «___» ___________ 20___թ-ից դադարեցնում է գործունեությունը
1) ամբողջությամբ.
2) գործունեության հետևյալ տեսակների գծով`
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
(1-ին դեպքում ընդգծվում է, 2-րդ դեպքում նշվում է գործունեության տեսակի անվանումը և ծածկագիրը)
Պարտավորվում եմ գործունեությունը (գործունեության տեսակը) վերսկսելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանից սկսած ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթերը:
Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ
Գտնվելու (բնակության) վայրը |
__________________________________________ |
I__I__I__I__I__I (փոստային դասիչ) |
Հեռախոս(ներ) ___________________________________________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |
I__I__I__I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ-ի կողմից) |
Ղեկավար`_________________________________ Ստորագրություն
Ձև 3
ՀՀ ԱՎԾ աշխատակազմի _____________________________
(ստորաբաժանման անվանումը)
պետ __________________________-ին
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույնով տեղեկացնում եմ, որ _________________________________________________________
(ռեսպոնդենտի անվանումը (անունը, ազգանունը))
գործունեության իրականացման վայրի փոփոխությամբ պայմանավորված, սկսած
«___» _________ 20---թ-ից վիճակագրական փաստաթղթերը նախատեսում է ներկայացնել ՀՀ ԱՎԾ
_______________________________________________________________ ստորաբաժանում:
(առանձնացված ստորաբաժանման անվանումը)
Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ
Գտնվելու (բնակության) վայրը _______________________________________________________
Գործունեության իրականացման
վայրը |
___________________________________________________________ |
I__I__I__I__I__I__I (փոստային դասիչ) |
Հեռախոս(ներ) ___________________________________________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |
I__I__I__I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ-ի կողմից) |
Ղեկավար`_________________________________
Ստորագրություն
Ձև 4
ՀՀ ԱՎԾ աշխատակազմի _____________________________
(ստորաբաժանման անվանումը)
պետ __________________________-ին
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Վիճակագրական փաստաթղթերն Էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին
Սույնով տեղեկացնում եմ, որ ______________________________________________________ - ը
(ռեսպոնդենտի անվանումը (անունը, ազգանունը))
նախատեսում է վիճակագրական փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային եղանակով:
Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ
Գտնվելու (բնակության) վայրը _______________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ________________________________________________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I
Հարկ վճարողի հաշվառման համարը I__I__I__I__I__I__I__I__I
Էլեկտրոնային փոստի հասցեն _________________________________________
Գործունեության տեսակը (տեսակները) |
________________________________________________ նշվում է գործունեության ստույգ տեսակը համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-անիշ դասակարգման (տես` հttp://armstat.am/file/dօc/99479613.pdf հղումը): |
Հեռախոս -------------------------------------------
Դիմող` |
--------------------------------------- (անուն ազգանուն) |
Ստորագրություն
«-----»---------201----թ.