Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1270
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.05.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.05.18/38(1218) Հոդ.408
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
03.05.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
03.05.2016
Дата вступления в силу
03.05.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

3 մայիսի 2016 թ.

 

ՔՆԱՐԻԿ ԵՎ ԴԱՎԻԹ ԹԱՀՄԱԶՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 601-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողներ Քնարիկ և Դավիթ Թահմազյանների ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի և Ա. Ղազարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քնարիկ և Դավիթ Թահմազյանների դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Քնարիկ և Դավիթ Թահմազյանների՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998թ. մայիսի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998թ. հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Նվիրատվությունը վերացնելը» վերտառությամբ` սույն գործով վիճարկվող 601-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ»:

Ընդունման պահից ի վեր ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը բազմիցս փոփոխվել և լրացվել է, բայց 601-րդ հոդվածը մնացել է անփոփոխ:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Լ. Սահրադյանը և Ռ. Ալիխանյանը հայց են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Դավիթ և Քնարիկ Թահմազյանների անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի հիմքով, անվավեր ճանաչելու պահանջի։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2013թ. մայիսի 2-ի վճռով (գործ ԵԿԴ0860/02/12) վերոնշյալ հայցը մերժել է: Հայցվորները վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2013թ. օգոստոսի 7-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է հայցվորների վերաքննիչ բողոքը՝ բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել պատասխանող կողմը: ՀՀ վճռաբեկ դատարանի 2013թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2014թ. հոկտեմբերի 10-ի վճռով վերստին հայցվորների հայցը մերժել է, գտնելով, որ նվիրառուի կողմից նվիրատուի կամ նրա ընտանիքի անդամների կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելու հանգամանքը պետք է հաստատված լինի քրեական գործով կայացված դատավճռով: Այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել հայցվորները:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2015թ. մայիսի 19-ի որոշմամբ բավարարել է հայցվորների վերաքննիչ բողոքը և փոփոխել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ վերացնելով վիճարկվող նվիրատվության պայմանագիրը և, որպես հետևանք` անվավեր ճանաչելով նաև հետագայում կնքված նվիրատվության պայմանագիրը: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածը, սահմանելով նվիրատվությունը վերացնելու իրավական հիմքերը, քրեական գործով կայացված դատական ակտը չի համարում միակ և պարտադիր ապացույց:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2015թ. հուլիսի 8-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նշված որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է, նկատի ունենալով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը չի կարող էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և որ գործի ելքի վրա ազդող առերևույթ դատական սխալ թույլ չի տրվել:

Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշումը, որը սույն գործով հանդիսանում է վերջնական դատական ակտ, դիմողներին է ուղարկվել 2015թ. հուլիսի 22-ին:

 

3. Դիմողները գտնում են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասը, որը կիրառվել է իրենց նկատմամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության (2005թ. խմբագրությամբ) 1-ին, 3-րդ, 18-րդ, 19-րդ, 21-րդ և 83.5-րդ հոդվածների պահանջներին:

Դիմողները, վերլուծելով քաղաքացիական և քրեական օրենսգրքերի որոշ դրույթներ, հանգել են այն հետևությանը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասում հիշատակված անձանց կյանքի դեմ ուղղված ոտնձգությունը, ինչպես նաև դիտավորյալ մարմնական վնասվածք պատճառելը վերաբերում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքներին, ինչը նշանակում է, որ դրանք քրեորեն պատժելի են, իսկ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն կատարելու փաստը կարող է հաստատվել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Դիմողների կարծիքով` քրեական վարույթի շրջանակներում գործող անմեղության կանխավարկածի սկզբունքը և չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու օրենսդրական պահանջը քաղաքացիական դատավարությունում կիրառելի չեն, քանի որ այդ դեպքում դատարանի առջև դրված չէ մարդու մեղավորությունը որոշելու հարցը: Ըստ դիմողների՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածում օգտագործված տերմինները չեն կարող մեկնաբանվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան նորմերից անկախ և քրեական օրենսդրությունից դուրս:

Դիմողների համոզմամբ` «ստեղծվել է մի անորոշ իրավիճակ, երբ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի անձի մեղավորությունը հաստատելու` այն դրվում է նվիրատվության պայմանագրի վերացման հիմքում՝ անձի համար առաջացնելով բացասական իրավական հետևանքներ, իսկ իրավական անորոշությունը, իր հերթին, իրավակիրառողին տալիս է լայն մեկնաբանության հնարավորություն` առաջացնելով իրավունքի գերակայության և իրավական պետության սկզբունքների խախտում՝ դրանով իսկ սահմանափակելով մարդու իրավունքները»:

Հղում կատարելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-630 և ՍԴՈ-902 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին` դիմողները պնդում են, որ վիճարկվող հոդվածի դրույթները հակասահմանադրական են օրենքի որակի չափանիշին չհամապատասխանելու կամ իրավական բաց պարունակելու պատճառով՝ դրանում ամրագրված չէ անհրաժեշտ փաստակազմ՝ դատավճռի առկայությունը, որից էլ իր հերթին կբխեին ապացույցների ցանկի, ապացուցման պարտականության, ապացուցման բեռի բաշխման որոշակիություն և կանխատեսելիություն:

Դիմողները եզրահանգում են, որ քաղաքացիական գործով որոշում կայացնելիս և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածը կիրառելիս ցանկացած դեպքում դատավորը պետք է բարձրաձայնի դատավարության մասնակցի կողմից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքի կատարման մասին, ինչը հակասում է անմեղության կանխավարկածի սկզբունքին:

 

4. Ըստ պատասխանողի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով կյանքի դեմ ուղղված ոտնձգությունը ներառում է գործողությունների ավելի լայն շրջանակ, քան քրեական օրենսգրքով սահմանված արարքները: Այսինքն` օրենսդիրը որպես նվիրատվության վերացման հիմք նախատեսում է ոչ միայն հանցագործությունը, այլ նաև քրեորեն պատժելի հանցագործություններ չորակվող արարքներ, այդ իսկ պատճառով իրավական դրույթը սահմանելիս չի նշել, որ կյանքի դեմ ոտնձգություն կամ պատճառված մարմնական վնասվածքի փաստը պետք է հաստատված լինի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Պատասխանողի կարծիքով` նվիրատվության պայմանագիրը նվիրատուի և նվիրառուի միջև ենթադրում է վստահության վրա հիմնված հարաբերություններ, և նվիրատվության վերացման խնդիր է առաջ գալիս այն ժամանակ, երբ նվիրառուն ակնհայտ երախտամոռություն է դրսևորում:

Վերլուծելով վիճարկվող իրավադրույթը` պատասխանողը պնդում է, որ նվիրատուն նվիրատվությունը վերացնելու հարց կարող է բարձրացնել երկու դեպքում՝ կամ որոշակի հանրորեն վտանգավոր արարք կատարելու դեպքում, կամ դրույթի դիսպոզիցիայում մատնանշված այնպիսի գործողություններ կատարելու դեպքում, որոնք թեև քրեական պատասխանատվության չեն հանգեցնում, բայց կարող են հիմք հանդիսանալ նվիրատվությունը վերացնելու համար:

Պատասխանողի համոզմամբ` մի շարք դեպքերում կյանքի դեմ ուղղված ոտնձգության առկայության պայմաններում հնարավոր չէ ակնկալել դատավճռի առկայություն, և հնարավոր են դեպքեր, երբ նվիրատուն չդիմի իրավապահ մարմիններին կամ դիմելուց հետո հաշտություն կնքի նվիրառուի հետ, հետևաբար` տվյալ դեպքում նվիրառուի կողմից որոշակի արարք կատարելու փաստը չի կարող ապացուցված լինել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ինչ վերաբերում է վիճարկվող դրույթի իրավական բաց կամ անորոշություն պարունակելու հարցին, պատասխանողը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-630 և ՍԴՈ-1142 որոշումները, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, կարծում է, որ այն ձևակերպված է բավականաչափ հստակ:

Պատասխանողը գտնում է, որ դիմողներն ըստ էության վիճարկում են նորմի կիրառման իրավաչափությունը և միջնորդում է կարճել գործի վարույթը:

 

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի մեջ են մտել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված փոփոխություններով ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթներ։ Սահմանադրության նախկին խմբագրությամբ 1-ին հոդվածը մնացել է անփոփոխ, 3-րդ հոդվածն ամրագրում է նույն դրույթը` որոշակի խմբագրական փոփոխություններով, իսկ 18, 19 և 21-րդ հոդվածներում ամրագրված դրույթներն ամփոփված են 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61, 63 և 66-րդ հոդվածներում։ Ինչ վերաբերում է դիմողի կողմից վկայակոչված` Սահմանադրության 83.5-րդ հոդվածին, ապա ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված փոփոխությունների եզրափակիչ և անցումային դրույթների 209-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը գործում են, բացառությամբ այդ հոդվածի:

 

6. ՀՀ սահմանադրական դատարանը, ելնելով դիմումում առաջադրված հարցերի բովանդակությունից, սույն գործի շրջանակներում վիճարկվող իրավադրույթի սահմանադրականության հարցը որոշելու համար անհրաժեշտ է համարում պարզել և գնահատել.

- արդյոք վիճարկվող դրույթն իրավական պետության չափորոշիչներին համապատասխան ձևակերպված է այնքան որոշակի և հստակ, որ հնարավորություն է տալիս իրավունքի սուբյեկտներին միանշանակ ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել այդ պահանջներին (2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներ),

- արդյոք վիճարկվող դրույթը երաշխավորում է մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգումը հանրային իշխանության կողմից, ինչպես նաև արդար դատաքննության սահմանադրական իրավունքի և դրա կարևոր տարր հանդիսացող դատարանի մատչելիության սկզբունքի լիարժեք իրացումը և չի հակասում անձի անմեղության կանխավարկածի սահմանադրաիրավական սկզբունքին (2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված, 61-րդ հոդվածի 1-ին մաս, 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր և 66-րդ հոդված)։

 

7. ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի:

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում:

Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց՝ իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom (Application no. 6538/74, 26/04/79, § 49):

Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է նաև դատարանների որոշումների հստակություն և կանխատեսելիություն, ինչը թույլ է տալիս իրավահարաբերությունների մասնակիցներին համապատասխան պատկերացում կազմել իրենց վարքագծի հնարավոր հետևանքների մասին:

Ձևավորված դատական իրավակիրառական պրակտիկան վկայում է այն մասին, որ նվիրատվության պայմանագրի վերացումը հնարավոր է նաև առանց նվիրառուի կողմից նվիրատուի կամ նրա հարազատի կյանքի նկատմամբ ոտնձգության փաստը քրեական դատավարության կարգով հաստատված լինելու:

Օրենսդիրը քաղաքացիական օրենսգրքի վիճելի դրույթը շարադրել է բավարար հստակությամբ` ուղղակի կապ չսահմանելով քաղաքացիական և քրեական իրավունքի առարկա հանդիսացող կարգավորումների միջև, հնարավոր համարելով նվիրառուի կողմից նվիրատուի կամ նրա հարազատների նկատմամբ ոտնձգության փաստի հաստատումը քաղաքացիական դատավարության շրջանակներում:

Վեճի առարկա իրավակարգավորումը համադրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1191-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորման հետ` պետք է նշել, որ վերջինը նույնպես վերաբերում է անհատույց գույք ստացող անձի «անարժանությանը»: Այս դեպքում, սակայն, խոսքը վերաբերում է ժառանգությունից մեկուսացնելուն, որը քննարկման առարկա է դառնում միայն ժառանգատուի մահից հետո, և քանի որ մահվան փաստի ուժով նա չի կարող իրականացնել իր քաղաքացիական իրավունքները, օրենսդիրը սահմանել է, որ այդ դեպքում ժառանգությունից մեկուսացնելու համար հիմք են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և (կամ) վճիռը:

Ինչ վերաբերում է դիմողների կողմից բարձրացված իրավական բացի խնդրին, ապա ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատում է իր ՍԴՈ-1143 որոշման մեջ արտահայտած դիրքորոշումը. «… օրենսդրական բացը չի կարող մեխանիկորեն նույնացվել սոսկ այս կամ այն եզրույթի օրենսդրորեն ամրագրված սահմանման բացակայության հետ: Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը...»:

 

8. Անդրադառնալով դիմողների այն դիրքորոշմանը, որ վիճարկվող իրավադրույթը հակասության մեջ է մտնում անմեղության կանխավարկածի հետ, ՀՀ սահմանադրական դատարանը նշում է, որ ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով և, հետևաբար, առավելապես վերաբերում է քրեական դատավարությանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` անմեղության կանխավարկածը «...կիրառվում է, երբ անձը … մեղադրվում է քրեական հանցագործության կատարման մեջ»: Դատարանը բազմիցս ընդգծել է, որ սա ինքնավար հայեցակարգ է և պետք է մեկնաբանվի իր նախադեպային իրավունքով սահմանված երեք չափանիշներին համապատասխան, այն է` ներպետական օրենսդրությամբ դատավարությունների դասակարգման, նրանց էական բնույթի և հնարավոր պատժի աստիճանի և խստության (Էնգելը և այլոք ընդդեմ Նիդեռլանդների (Engel and Others v. the Netherlands), 8 հունիսի 1976թ., կետ 82, Սերիա A թիվ 22 և Ֆիլիպսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Phillips v. the United Kingdom), թիվ 41087/98, կետ 31, ՄԻԵԴ 2001-VII, Ալենն ընդդեմ Միացյալ Թագավորության (Allen v. UK), թիվ 25424/09, 2013, § 95):

Նվիրատվությունը քաղաքացիաիրավական հարաբերություն է, որի հետ կապված վեճերը քննության կարող են առնվել միայն քաղաքացիական դատավարության կանոններով: Պետք է նշել, որ քաղաքացիական դատավարության կողմերը նույնպես օգտվում են որոշակի դատավարական իրավունքներից և երաշխիքներից, ինչը հնարավորություն է տալիս նրանց իրականացնել դատական պաշտպանության իրենց իրավունքը (դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա, քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով, քաղաքացիական գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը նույնպես առաջացնում է պատասխանատվություն և այլն):

Քաղաքացիական իրավահարաբերությունների ոլորտում նվիրատուի կարևորագույն իրավունքներից է նվիրատվության վերացումը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մաս):

Նման իրավակարգավորումը բխում է նվիրատվության պայմանագրի` որպես անհատույց գործարքի բնույթից և ուղղված է նախևառաջ նվիրատուի իրավունքների պաշտպանությանը և պայմանագրի կողմերի շահերի միջև հավասարակշռության ապահովմանը:

Չնայած նրան, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածում նշված իրավախախտումներն առերևույթ կարող են դասվել քրեորեն պատժելի արարքների շարքին, սակայն պարտադիր չէ, որ ոտնձգության բոլոր դրսևորումները քրեորեն պատժելի լինեն՝ այն կարող է և չպարունակել քրեորեն պատժելի արարքի հանցակազմի բոլոր հատկանիշները, բայց, միևնույն է, որոշակի վտանգ ներկայացնել նվիրատուի համար և բացասական բարոյահոգեբանական հետևանքներ առաջացնել: Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ նվիրառուի կողմից նվիրատուի կամ նրա հարազատի կյանքի կամ առողջության դեմ ոտնձգության դեպքում առկա է նաև քաղաքացիական իրավախախտում, ինչը կարող է առաջացնել հետպայմանագրային պատասխանատվություն։ Ըստ էության, նվիրատվության վերացումը հանդես է գալիս որպես յուրահատուկ քաղաքացիաիրավական սանկցիա։

Անդրադառնալով քաղաքացիական հայցերին` Եվրոպական դատարանն ընդգծել է, որ, անկախ այն հանգամանքից, թե քրեական դատավարություններն ավարտվել են կարճմամբ կամ արդարացմամբ, քրեական պատասխանատվությունից ազատումը չպետք է խոչընդոտի ապացուցման նվազ բեռի հիմքով նույն փաստերից ծագող փոխհատուցում վճարելու քաղաքացիական պատասխանատվության սահմանմանը (Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի (Ringvold v. Norway), թիվ 34964/97, կետ 36, ՄԻԵԴ 2003-II, Յ.-ն ընդդեմ Նորվեգիայի (Y. v. Norway), թիվ 56568/00, կետ 39):

Վելլան ընդդեմ Մալթայի գործով (Vella v. Malta, 69122/10, 11.02.2014, § 28) ՄԻԵԴ-ը նշել է, որ քրեական դատավարության ընթացքում տարբեր երաշխիքներ են գործում մեղադրյալի օգտին, և հնարավոր է, որ նա անմեղ ճանաչվի ոչ բավարար ապացույցներ լինելու պատճառով, բայց չի կարող մյուս կողմին զրկել ապացուցման այլ բեռով հատուցում պահանջելու համար դատարանի մատչելիության հնարավորությունից: ՄԻԵԴ-ը գտել է, որ նման լայն մեկնաբանությունը ոչ միայն չի բխում անմեղության կանխավարկածի վերաբերյալ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից, այլև ընդհանուր հիմք չունի Եվրախորհրդի անդամ երկրների իրավական համակարգերում, այլապես քրեական գործի կարճումը կամ ամբաստանյալի արդարացումը կարող է հանգեցնել տուժողի` քաղաքացիական գործով դատարան դիմելու իրավունքի կամայական կամ անհամաչափ սահմանափակման:

Անհրաժեշտ է փաստել, որ քաղաքացիական գործերով ապացուցման բեռը և քրեական գործերով ապացուցման բեռը տարբերվում են իրարից՝ քաղաքացիական գործերով այն կրում են կողմերը, իսկ քրեական գործերով` պետությունը` հանձին մեղադրող կողմի:

Քաղաքացիական դատավարության շրջանակներում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նվիրատվությունը վերացնելու մասին դրույթի կիրառման համար դիմող կողմը պարտավոր է դատարանին հիմնավոր ապացույցներ ներկայացնել, որոնք վկայում են նվիրառուի կողմից նվիրատուի կամ նրա հարազատների կյանքի կամ առողջության դեմ կատարված ոտնձգության մասին, բայց միայն քրեական գործով կայացված դատավճիռը չէ, որ կարող է դիտվել որպես այդպիսին:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործ քննող դատարանի խնդիրն է գնահատել` արդյոք ոտնձգությունն առկա է, թե` ոչ, և յուրաքանչյուր գործով դատարանը պետք է դրսևորի անհատական մոտեցում` խուսափելով օրենքի մեխանիկական կիրառումից` ելնելով գործի փաստական հանգամանքներից և առաջնորդվելով ներքին համոզմամբ։ Քաղաքացիական գործ քննող դատարանի խնդիրը չէ տալ այդ գործողությունների քրեաիրավական գնահատականը, այլ ներկայացված ապացույցների հիման վրա պարզել դրանց առկայությունը և համապատասխան քաղաքացիաիրավական հետևանքները:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

 2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


3 մայիսի 2016 թ.

ՍԴՈ-1270