Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1281
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.06.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.06.22/49(1229) Հոդ.564
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
14.06.2016
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
14.06.2016
Дата вступления в силу
14.06.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

14 հունիսի 2016 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի հունիսի 5-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2016 թվականի հունիսի 13-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով փոխըմբռնման հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիրն (Փոխըմբռնման հուշագիր) ստորագրվել է 2016 թվականի հունիսի 5-ին` Թեհրանում:

 

2. Փոխըմբռնման հուշագրով կողմերի պետությունների քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են բազմակի մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել մյուս կողմի պետության տարածքում առավելագույնը 90 (իննսուն) օր ժամկետով` 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում:

Կացության 90-օրյա ժամկետի երկարաձգումը վերապահված է կողմերի իրավասու մարմիններին` կողմերի պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Կողմերի պետությունների քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել մյուս կողմի պետության տարածքում հետևյալ վավերական ճամփորդական փաստաթղթերով.

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`

- Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,

- Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական,

բ) Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար`

- Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական և ծառայողական անձնագիր,

- Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անձնագիր,

- Իրանի Իսլամական Հանրապետություն վերադարձի վկայական:

Կողմերից մեկի պետության քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ, տարանցում կատարել մյուս կողմի պետության տարածքով` միջազգային ուղևորափոխադրումների համար նախատեսված սահմանային անցակետերով:

 

3. Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) իրանական կողմի հետ դիվանագիտական ուղիներով տեղեկատվություն փոխանակել նոր ճամփորդական փաստաթղթեր շրջանառության մեջ դնելու կամ գործող ճամփորդական փաստաթղթերում փոփոխություն կատարելու վերաբերյալ,

բ) Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների կողմից որպես կացության երկիր Հայաստանի Հանրապետության տարածքում Փոխըմբռնման հուշագրով նախատեսված փաստաթղթերը կորցնելու դեպքում տրամադրել վկայական, որը հաստատում է փաստաթղթերի կորստյան փաստը,

գ) առնվազն 30 օր առաջ դիվանագիտական ուղիներով իրանական կողմին տեղեկացնել մուտքի, գտնվելու և ելքի պայմանների փոփոխությունների մասին:

 

4. Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և կոչված են նպաստելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանը և ամրապնդմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի հունիսի 5-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


14 հունիսի 2016 թ.

ՍԴՈ-1281

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան