ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գ ործ թիվ ԵԿԴ/0109/06/15 |
ԵԿԴ/0109/06/15 |
Նախագահող դատավոր` Վ. Ռշտունի |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Պողոսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
ե. դանիելյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ դատախազ |
Տ. Ենոքյանի | |
պաշտպան |
Լ. Սիմոնյանի |
2015 թվականի դեկտեմբերի 18-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Նիկոլայ Մովսեսի Ավալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մայիսի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի ապրիլի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է թիվ 13141215 քրեական գործը:
2015 թվականի ապրիլի 20-ին Նիկոլայ Ավալյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Ն.Ավալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների 1-ին մասերով:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Ն.Ավալյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորում կիրառելու մասին:
2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Ն.Ավալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով: Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին պաշտպանի միջնորդությունը:
3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մայիսի 11-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 22-ի որոշումը փոփոխելու մասին: Մեղադրյալ Ն.Ավալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով, և գրավի չափ է սահմանվել 2.000.000 ՀՀ դրամը:
4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյանը:
Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
2015 թվականի սեպտեմբերի 28-ին մեղադրյալ Ն.Ավալյանի պաշտպան Լ.Սիմոնյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` փաստարկելով, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է ու հիմնավորված, իսկ դրա դեմ բերված վճռաբեկ բողոքը, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն են: Ուստի խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ն.Ավալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների 1-ին մասերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, 2015թ-ի ապրիլի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի գերեզմանատան կենտրոնական մուտքի մոտ վիճաբանության մեջ մտնելով եղբայրներ Էռնեստ Զաքարյանի և Էդմոնդ Զաքարյանի հետ, դիտավորությամբ վերջիններիս առողջությանը պատճառել է ծանր և միջին ծանության վնասվածքներ: Այսպես՝ Նիկոլայ Մովսեսի Ավալյանը 2015 թ-ի ապրիլի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, անձնական օգտագործման «Վազ 21 010» մակնիշի, «90 ՍS 003» հաշվառման համարանիշի ավտոմեքենայով երթևեկել է Երևան քաղաքի Արմենակյան փողոցով Կենտրոն համայնքի ուղղությամբ: Նույն ճանապարհով հանդիպակաց ուղղությամբ, «Օպել Աստրա» մակնիշի, «14 ՕԼ 046» հաշվառման համարանիշի ավտոմեքենայով երթևեկել է Էռնեստ Ռադիկի Զաքարյանը եղբոր՝ Էդմոնդ Ռադիկի Զաքարյանի հետ: Ընթացքի ժամանակ Էռնեստ Զաքարյանի և Ն.Ավալյանի ավտոմեքենաները բախվել են, որից հետո Էռնեստ Զաքարյանը շարունակել է երթևեկությունը: Ցանկանալով պարզաբանում ստանալ բախումից հետո երթևեկությունը շարունակելու վերաբերյալ` Ն.Ավալյանն Էռնեստ Զաքարյանին և Էդմոնդ Զաքարյանին րոպեներ անց հանդիպել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի գերեզմանատան կենտրոնական մուտքի մոտ, որտեղ նրա և Զաքարյանների միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Ն.Ավալյանն իր մոտ պահվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Էդմոնդ և Էռնեստ Զաքարյանի մարմնի տարբեր հատվածներին և դիտավորությամբ Էռնեստ Զաքարյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ ձախ կրծքագոտկային հատվածի թիկնային մակերեսին՝ դեպի ձախ պլևրալ խոռոչ թափանցող և չթափանցող վերքերի ձևով, իսկ Էդմոնդ Զաքարյանի առողջությանը՝ միջին ծանության վնաս՝ աջ և ձախ կրծքագոտկային հատվածների չթափանցող, աջ ուսագոտու ստորին մակերեսի, աջ բազուկի հետին մակերեսի արյունահոսող, ծակած-կտրած և ձախ նախաբազկի ստորին երրորդականի առաջնային մակերեսի կտրած արյունահոսող վերքերի ձևով» (տե՛ս նյութեր, թերթ 44):
6. Տուժողներ Էդմոնդ Զաքարյանի և Էռնեստ Զաքարյանի՝ համապատասխանաբար 2015 թվականի ապրիլի 18-ի և ապրիլի 19-ի հարցաքննությունների արձանագրություններից հետևում է, որ վերջիններս իրենց ցուցմունքներում, ըստ էության, նշել են, որ գերեզմանատան մոտ վիճաբանել են մեկից ավելի անձանց հետ և ստացել վնասվածքներ:
Մեղադրյալ Ն.Ավալյանը 2015 թվականի ապրիլի 20-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ գերեզմանատան մոտ աչքերը փակած վիճակում դանակի անկանոն հարվածներ է հասցրել իր ավտոմեքենային բախված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին, բացի այդ, հաստատապես պնդել է, որ և՛ դանակահարության պահին, և՛ դրանից առաջ իր հետ որևէ մեկը չի եղել՝ պատճառաբանելով, որ եթե իր հետ մարդիկ լինեին, ապա դանակը չէր հանի (տե՛ս նյութեր, թերթեր 14-18, 22-34):
7. Մեղադրյալ Ն.Ավալյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 22-ի որոշման մեջ նշվել է. «(…) Հաշվի առնելով, որ ներկայացված նյութերով, մասնավորապես` 2015 թվականի ապրիլի 18-ի տուժող Էդմոնդ Զաքարյանի հարցաքննության արձանագրությամբ, 2015 թվականի ապրիլի 19-ի տուժող Էռնեստ Զաքարյանի հարցաքննության արձանագրությամբ, 2015 թվականի ապրիլի 20-ի` դանակ և ավտոմեքենա ներկայացնելու մասին արձանագրությամբ, 2015 թվականի ապրիլի 20-ի` Նիկոլայ Ավալյանի որպես կասկածյալ տված հարցաքննության արձանագրությամբ և 2015 թվականի ապրիլի 22-ի` վկաներ Արամ Գալստյանի և Արամ Ստեփանյանի հարցաքննության արձանագրություններով, հաստատվում է հիմնավոր կասկածը, որ մեղադրյալ Նիկոլայ Ավալյանը մասնակցություն ունի իրեն վերագրվող արարքին, ինչպես նաև մեղադրյալ Նիկոլայ Ավալյանին մեղսագրվող արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այն, որ նա, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով, բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի սանկցիան նախատեսում է միայն ազատազրկման ձևով պատիժ` երեքից յոթ տարի ժամկետով, ուստի դատարանը գտնում է, որ [մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու] միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման:
(…) [Դ]ատարանը գտնում է, որ Նիկոլայ Ավալյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը [վերը նշված հիմնավորումներով] անհիմն է, և մեղադրյալ Նիկոլայ Ավալյանին գրավով ազատելը պետք է ճանաչել անթույլատրելի» (տե՛ս նյութեր, թերթեր 54-62):
8. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն՝ «(…) [Առաջին ատյանի դատարանը] ներկայացված նյութերով հիմնավոր կասկածի առկայությունը հավաստելուց հետո, մեղսագրվող արարքների բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելով, եկել է ճիշտ եզրահանգման, որ Նիկոլայ Ավալյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով:
Այնուհետև [Ա]ռաջին ատյանի դատարանը, անդրադառնալով գրավի կիրառմանը, գտել է, որ քրեական գործին խոչընդոտելու հավանականության պայմաններում գրավի կիրառումն անթույլատրելի է: Տվյալ հարցում Վերաքննիչ դատարանը համակարծիք չէ [Ա]ռաջին ատյանի դատարանի հետ, քանի որ մեղադրյալ Նիկոլայ Ավալյանն ինքնակամ է ներկայացել ՀՀ ոստիկանության բաժին և ներկայացրել է ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, դեպքին իր մասնակցության վերաբերյալ տվել է խոստովանական ցուցմունքներ, որն էլ պնդել է քննչական փորձարարության ընթացքում, ինչպես նաև նախկինում արատավորված՝ դատապարտված, չի եղել, որպիսի պայմաններում գրավի գումարի վճարման երաշխիքը կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ուստի մեղադրյալին գրավով կալանքից ազատ արձակելը թույլատրելի է: Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից դեպքերի հանգամանքների, մասնավորապես՝ դիտավորյալ հարվածներ հասցնելու մասով մեղքը չընդունելուն, ապա այդ հանգամանքը էական նշանակություն չի կարող ունենալ գրավի կիրառման հարցում, այլապես կդիտվի որպես պատժիչ գործոն:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել քրեական գործի քննությանը, քանի որ մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, ապա վերը նշված մեկնաբանությունները հիմք ընդունելով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կալանավորման անհրաժեշտությունը չի կարող գնահատվել բացառապես վերացական տեսանկյունից՝ հաշվի առնելով միայն հանցագործության ծանրությունը: Ավելին՝ մեղսագրվող հանցանքներից մեկը դասվում է մասնավոր մեղադրանքի գործերի շարքին:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով մեղադրանքի էությունը, ինչպես նաև այն, որ գրավի գումարի սահմանումը չունի վնասը հատուցելու նշանակություն, գտնում է, որ 2.000.000 ՀՀ դրամի վճարումը կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, այն է` ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի կանչով և չխոչընդոտել գործի քննությանը (…)» (տե՛ս նյութեր, թերթեր 97-101):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 11-ի որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջները:
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը մատնանշել է մի շարք հանգամանքներ, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս հաշվի չեն առնվել: Մասնավորապես այն, որ տուժողներ Էդմոնդ և Էռնեստ Զաքարյաններն իրենց ցուցմունքներում նշել են մեկից ավելի անձանց հետ վիճաբանելու և բազմաթիվ հարվածներ ստացած լինելու վերաբերյալ, որպիսի հանգամանքի մասին են վկայում նաև տուժողների մարմինների տարբեր մասերում տեղակայված մարմնական վնասվածքները: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 688/հ և 689/հ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն` Էդմոնդ Զաքարյանի մոտ հայտնաբերվել են գլխի աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, կրծքավանդակի աջ և ձախ շրջանների չթափանցող, աջ ուսագոտու, աջ բազկի ծակած-կտրած, ձախ նախաբազկի կտրած վերքեր, որոնցից սալջարդը պատճառվել է բութ կոշտ առարկայով, կտրած վերքը` սուր եզր ունեցող ծակող-կտրող գործիքով, իսկ Էռնեստ Զաքարյանի մոտ հայտնաբերվել են գլխի աջ գագաթակողմնային մակերեսի սալջարդ վերք` ներկայիս սպի, վերգոտկային շրջանների ծակած-կտրած, արյունահոսող, թափանցող և չթափանցող վերքեր` ներկայիս սպիներ, ձախ թոքի վնասում, ձախակողմյան պնևմոթորաքս, ձախից 8-9-րդ կողերի կոտրվածքներ, թոքերի սալջարդ, ստոծանու ձախ գմբեթի վնասում, հեմոպերիտոնեում: Մինչդեռ Ն.Ավալյանը հայտնել է, որ 2015 թվականի ապրիլի 17-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արմենակյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի Նորք թաղամասի գերեզմանատան մոտ աչքերը փակ վիճակում դանակի անկանոն հարվածներ է հասցրել իր ավտոմեքենային բախված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին:
Նշված հանգամանքները բողոքաբերին հիմք են տվել եզրահանգելու, որ մեղադրյալ Ն.Ավալյանը, ինքնակամ ներկայանալով վարույթն իրականացնող մարմին և ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացած դանակը, այդ կերպ փորձել է ամեն ինչ վերագրել իրեն՝ թաքցնելով տուժողներին այլ անձանց կողմից ևս մարմնական վնասվածքներ պատճառելու հնարավոր հանգամանքը: Ուստի մնալով ազատության մեջ` Ն.Ավալյանն, ըստ բողոքի հեղինակի, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով կխոչընդոտի մինչդատական վարույթում գործի քննությանը և գործով ճշմարտության բացահայտմանը:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի` Դ.Վարդանյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ բողոքաբերը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Ն.Ավալյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կալանավորելու պայմաններում Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում գրավը` որպես կալանավորման այլընտրանք, չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ նշված հիմքի չեզոքացման համար:
10. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի ապրիլի 22-ի որոշմանը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ն.Ավալյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի [է] առնվում վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»:
Կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառելիության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Ավետիսյանի գործով որոշմամբ` իրավական դիրքորոշում հայտնելով առ այն, որ «(…) [Ա]նձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա (…):
(…) Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի արգելվում չնշված առանձին դեպքերում անձին երաշխիքով ազատ արձակելը ճանաչել անթույլատրելի. մասնավորապես, երբ առկա է անձի կողմից թաքնվելու կամ գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու վտանգ, կամ երբ դա անհրաժեշտ է հանցագործությունը կանխելու կամ հասարակական կարգի պահպանությունն իրականացնելու համար:
(…) Այդ առումով Եվրոպական կոնվենցիային չի հակասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, որ դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելն առանձին դեպքերում ճանաչել անթույլատրելի: (…)
[Գ]րավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև` մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը» (տե՛ս Ա.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 34-36-րդ կետերը):
Կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը պատշաճ գնահատման ենթարկելու անհրաժեշտության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Մարգարյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(…) [Գ]րավի թույլատրելիության հարցի լուծման ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ մեղադրյալին վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը գնահատելիս դատարանը պետք է գործով ներկայացված տվյալների հիման վրա պարզի մեղադրյալին վերագրվող հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, իսկ հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը: Այլ խոսքով՝ (…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման հավանականությունը գնահատելիս և, հետևաբար, դրա հիման վրա մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է պատշաճ գնահատման ենթարկի մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը բնութագրող այլ հանգամանքները:
[Վ]երոնշյալ հանգամանքներն էական նշանակություն ունեն մեղադրյալի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար: Ուստի, առանց դրանք գործի նյութերից բխող մյուս տվյալների հետ համադրված վերլուծության և գնահատման ենթարկելու, հնարավոր չէ հիմնավորված ենթադրություն անել մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ, հետևաբար հնարավոր չէ նաև օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնել անձի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ (…)» (տե՛ս Ս.Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշման 14-րդ կետը):
13. Զարգացնելով գրավի թույլատրելիության վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Վճռաբեկ դատարանը Դ.Վարդանյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(...) [Մ]եղադրյալին կալանքից գրավով ազատելու հարցը քննարկելիս դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե մեղադրյալի նկատմամբ ինչ հիմքով է կալանավորումը կիրառվել որպես խափանման միջոց, և արդյոք տվյալ դեպքում գրավը՝ որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ տվյալ հիմքի չեզոքացման համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը վկայում է, որ Եվրոպական դատարանը մշակել է հանցագործության համար մեղադրվող անձին մինչև դատավճիռը կալանքի տակ պահելու համար ընդունելի չորս հիմնական հիմքեր. մեղադրյալի՝ դատաքննությանը չներկայանալու վտանգը (տե՛ս Stogmuller v. Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, § 15), վտանգը, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կխոչընդոտի արդարադատության իրականացմանը (տե՛ս Wemhoff v. Germany, 1968 թվականի հունիսի 27, § 14) կամ կկատարի նոր հանցանքներ (տե՛ս Matznetter v Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, § 9) կամ կկատարի հասարակական անկարգություններ (տե՛ս Letellier v. France, 1991 թվականի հունիսի 26, § 51): ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում ըստ էության նախատեսված են նշված հիմքերը, որոնցից յուրաքանչյուրի առկայությունը կալանավորման պայմանների հետ միասին ինքնին հիմք է անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Միևնույն ժամանակ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմի ուսումնասիրությունից հետևում է, որ անձի կալանավորման հարցը լուծելիս իրավասու դատարանները լիազորված են քննարկել դատաքննությանը մեղադրյալի ներկայանալը երաշխավորող այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա այդպիսի միջոց է գրավը: (…)
[Գ]րավը քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու վտանգը չեզոքացնելու երաշխիք է, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավասու դատարանի կողմից կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով (տե՛ս Դ.Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 որոշման 16-րդ կետը):
14. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Ավալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների 1-ին մասերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի գերեզմանատան կենտրոնական մուտքի մոտ վիճաբանության մեջ է մտել եղբայրներ Էռնեստ և Էդմոնդ Զաքարյանների հետ, ապա իր մոտ պահվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմինների տարբեր մասերին: Արդյունքում Ն.Ավալյանը Էռնեստ Զաքարյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր, իսկ Էդմոնդ Զաքարյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Տուժողներ Էդմոնդ Զաքարյանի և Էռնեստ Զաքարյանի՝ համապատասխանաբար 2015 թվականի ապրիլի 18-ի և ապրիլի 19-ի հարցաքննությունների արձանագրություններից հետևում է, որ վերջիններս իրենց ցուցմունքներում, ըստ էության, նշել են, որ գերեզմանատան մոտ վիճաբանել են մեկից ավելի անձանց հետ և ստացել վնասվածքներ: Մինչդեռ մեղադրյալ Ն.Ավալյանը 2015 թվականի ապրիլի 20-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ գերեզմանատան մոտ աչքերը փակած վիճակում դանակի անկանոն հարվածներ է հասցրել իր ավտոմեքենային բախված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին, բացի այդ, հաստատապես պնդել է, որ և՛ դանակահարության պահին, և՛ դրանից առաջ իր հետ որևէ մեկը չի եղել՝ պատճառաբանելով, որ եթե իր հետ մարդիկ լինեին, ապա դանակը չէր հանի (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Ն.Ավալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ առկա է հիմնավոր կասկած մեղսագրվող արարքին մեղադրյալի առնչության վերաբերյալ: Բացի այդ, դատարանը նշել է, որ հաշվի է առնում մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի սանկցիան նախատեսում է միայն ազատազրկման ձևով պատիժ` երեքից յոթ տարի ժամկետով, ինչպես նաև այն, որ Ն.Ավալյանը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով: Վերոնշյալ հիմնավորումներով Առաջին ատյանի դատարանը մերժել է մեղադրյալին կալանքից գրավով ազատելու վերաբերյալ մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը, այնուամենայնիվ, փոփոխել է վերջինիս կողմից կայացված որոշումը և մեղադրյալ Ն.Ավալյանի նկատմամբ թույլատրելի է ճանաչել գրավի կիրառումն այն հիմնավորմամբ, որ Ն.Ավալյանն ինքնակամ է ներկայացել ՀՀ ոստիկանություն, ներկայացրել է ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, դեպքին իր մասնակցության վերաբերյալ տվել է խոստովանական ցուցմունքներ, որն էլ պնդել է քննչական փորձարարության ընթացքում, ինչպես նաև նախկինում արատավորված՝ դատապարտված, չի եղել: Արդյունքում ստորադաս դատարանը եզրահանգել է, որ գրավի գումարի վճարման երաշխիքը կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, այն է` ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի կանչով և չխոչընդոտել գործի քննությանը:
Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև մեղադրյալի կողմից դեպքերի հանգամանքների, մասնավորապես՝ դիտավորյալ հարվածներ հասցնելու մասով մեղքը չընդունելուն, և փաստել, որ այդ հանգամանքն էական նշանակություն չի կարող ունենալ գրավի կիրառման հարցում, այլապես կդիտվի որպես պատժիչ գործոն:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել քրեական գործի քննությանը, քանի որ մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, գտել է, որ կալանավորման անհրաժեշտությունը չի կարող գնահատվել բացառապես վերացական տեսանկյունից՝ հաշվի առնելով միայն հանցագործության ծանրությունը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս չի պահպանել Ս.Մարգարյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները՝ անտեսելով Ն.Ավալյանին մեղսագրվող արարքների բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը: Մասնավորապես, պատշաճ գնահատման չեն ենթարկվել՝
ա) վերագրվող արարքի կատարման եղանակը` մասնավորապես այն, որ Ն.Ավալյանը, վիճաբանության մեջ մտնելով տուժողների հետ, իր մոտ պահվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմինների տարբեր մասերին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը),
բ) հանցավոր մտադրության իրականացման աստիճանը` մասնավորապես այն, որ Ն.Ավալյանի ենթադրյալ գործողությունների արդյունքում տուժող Էռնեստ Զաքարյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ ձախ կրծքագոտկային հատվածի թիկնային մակերեսին՝ դեպի ձախ պլևրալ խոռոչ թափանցող և չթափանցող վերքերի ձևով, իսկ տուժող Էդմոնդ Զաքարյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս՝ աջ և ձախ կրծքագոտկային հատվածների չթափանցող, աջ ուսագոտու ստորին մակերեսի, աջ բազուկի հետին մակերեսի արյունահոսող, ծակած-կտրած և ձախ նախաբազկի ստորին երրորդականի առաջնային մակերեսի կտրած արյունահոսող վերքերի ձևով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Վերը նշված հանգամանքները պատշաճ գնահատման չենթարկելու հետևանքով Վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջն այն մասին, որ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս պետք է հաշվի առնվեն վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը զրկված է եղել Ն.Ավալյանի հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն անելու հնարավորությունից:
15.1. Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ն.Ավալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս, ինչպես նաև նրա նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելիս Առաջին ատյանի դատարանը, մատնանշելով մինչդատական վարույթում գործի քննությանը քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով մեղադրյալի կողմից խոչընդոտելու հանգամանքը, թերի է պատճառաբանել դրա հավանականությունը: Այս առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ վկայակոչված` տուժողներ Էդմոնդ Զաքարյանի և Էռնեստ Զաքարյանի ցուցմունքների բովանդակությունից հետևում է, որ նրանք վիճաբանել են մեկից ավելի անձանց հետ: Իսկ Ն.Ավալյանն իր ցուցմունքում հաստատապես պնդել է, որ և՛ դանակահարության պահին, և՛ դրանից առաջ իր հետ որևէ մեկը չի եղել: Սույն հանգամանքների հետ համակցված հաշվի առնելով նաև Ն.Ավալյանին մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը) և հատկապես այն, որ տուժողները երկուսն են, իսկ նրանց մարմնի տարբեր հատվածներին դանակի բազմաթիվ հարվածներով պատճառվել են մարմնական վնասվածքներ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն առ այն, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, իրական է և բխում է դատարան ներկայացված և գործի նյութերում առկա փաստական տվյալներից:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Վերաքննիչ դատարանը նույնպես փաստել է, որ մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականության առկայության կապակցությամբ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը, անտեսելով Դ.Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները` մասնավորապես այն, որ գրավը կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով և մեղադրյալի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով վարույթի պատշաճ ընթացքին խոչընդոտելու վտանգի չեզոքացման գործուն երաշխիք չի կարող հանդիսանալ (տե՛ս Դ.Վարդանյանի գործով վերը վկայակոչված որոշման 19-րդ կետը), փոփոխել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և Ն.Ավալյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի:
15.2. Քննարկման առարկա դարձնելով Վերաքննիչ դատարանի հետևյալ դիրքորոշումը. «Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել քրեական գործի քննությանը, քանի որ մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, ապա (…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կալանավորման անհրաժեշտությունը չի կարող գնահատվել բացառապես վերացական տեսանկյունից՝ հաշվի առնելով միայն հանցագործության ծանրությունը»՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է, քանի որ Առաջին ատյանի դատարանը գործի քննությանը Ն.Ավալյանի կողմից խոչընդոտելու հանգամանքը չի պայմանավորել վերջինիս մեղսագրվող հանցանքի ծանրությամբ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ դատողությունը ուղղակիորեն հակասում է նույն դատարանի այն դիրքորոշմանը, ըստ որի՝ Առաջին ատյանի դատարանը «մեղսագրվող արարքների բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելով՝ եկել է ճիշտ եզրահանգման, որ Նիկոլայ Ավալյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը»:
16. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված` Ն.Ավալյանի անձը բնութագրող հանգամանքներին և վարքագծին (ինքնակամ ներկայանալը, դեպքին իր մասնակցության վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ տալը և այլն (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք սույն որոշման 15.1-րդ կետում նշված համապատասխան հիմքերի առկայության պայմաններում չեն կարող բավարար լինել մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու համար:
16.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված այն դիրքորոշմանը, որ տուժողներին դիտավորյալ հարվածներ հասցնելու մասով մեղադրյալի կողմից մեղքը չընդունելը էական նշանակություն չի կարող ունենալ գրավի կիրառման հարցում, այլապես կդիտվի որպես պատժիչ գործոն (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի մատնանշած սույն փաստը Առաջին ատյանի դատարանի կողմից չի քննարկվել և առավել ևս հիմք չի ընդունվել մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելիս, հետևաբար Վերաքննիչ դատարանի դատողություններն այս մասով առարկայազուրկ են:
17. Ամփոփելով սույն որոշման 15-16.1-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Ավալյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 143-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 419-րդ հոդվածների համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ն.Ավալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու, իսկ մեղադրյալին կալանքից գրավով ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Ուստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 22-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ն.Ավալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը ենթակա է վերացման, իսկ որպես գրավ մուծված 2.000.000 ՀՀ դրամը համապատասխան պայմանների առկայության դեպքում պետք է վերադարձնել գրավատուին: Ընդ որում, Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված 2 ամիս ժամկետով կալանավորմանը պետք է հաշվակցել Ն.Ավալյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2015 թվականի ապրիլի 20-ից, մինչև գրավի կիրառմամբ ազատ արձակվելը նրա` անազատության մեջ գտնվելու ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Նիկոլայ Մովսեսի Ավալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի մայիսի 11-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի ապրիլի 22-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին հաշվակցել 2015 թվականի ապրիլի 20-ից մինչև գրավի կիրառմամբ ազատ արձակվելը մեղադրյալ Ն.Ավալյանի` անազատության մեջ գտնվելու ժամկետը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիտերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ս. Օհանյան |