ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2016 թվականի N 54-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել էլեկտրոնային եղանակով փոխանակվող տեղեկատվության տեխնիկական նկարագրերի հաստատումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 1 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության (այսուհետ՝ մաքսային ծառայություն) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ հարկադիր կատարման ծառայություն) միջև՝ պարտապանին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող գույքի վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկությունների փոխանակման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հարկադիր կատարման ծառայության կողմից պարտապանի առկա և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա արգելանք դնելու, պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու և գործարքը թույլատրելու, ինչպես նաև պարտապանի կողմից իրականացվող որոշակի գործարք թույլատրելու մասին որոշումները մաքսային ծառայություն են ուղարկվում մաքսային ծառայությունում ներդրված համապատասխան ծրագրի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով:
3. Մաքսային ծառայության կողմից պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման կատարման վերաբերյալ ծանուցումները հարկադիր կատարման ծառայություն են ուղարկվում մաքսային ծառայությունում ներդրված համապատասխան ծրագրի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով:
4. Էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանությունն ու նույնականացումն ապահովվում են մաքսային ծառայության և հարկադիր կատարման ծառայության միջև կազմակերպված փակ, առանձնացված հատուկ կապուղու միջոցով:
5. Ուղարկվող և ստացվող տեղեկությունները պահպանվում են մաքսային ծառայության և հարկադիր կատարման ծառայության տվյալների շտեմարաններում։ Հարկադիր կատարման ծառայության կառավարման էլեկտրոնային համակարգից պարտապանի առկա և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա արգելանք դնելու, պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու և գործարքը թույլատրելու, ինչպես նաև պարտապանի կողմից իրականացվող որոշակի գործարք թույլատրելու մասին որոշումները և պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման կատարման վերաբերյալ ծանուցումները կարող են արտաբերվել ու տպագրվել հարկադիր կատարման ծառայության համակարգից՝ տպագրական ձևերին համապատասխան։
6. Հարկադիր կատարման ծառայության կողմից արգելանք դրվելու հետևանքով կասեցված գործարքի հետագա մաքսային ձևակերպումները թույլատրելու մասին որոշման ընդունման դեպքում մաքսային ծառայություն է ուղարկվում գործարքը թույլատրելու վերաբերյալ հաղորդագրություն:
7. Հարկադիր կատարման ծառայության և մաքսային ծառայության միջև տեղեկատվությունը փոխանակվում է իրական ժամանակում:
8. Հարկադիր կատարման ծառայությունը և մաքսային ծառայությունն ապահովում են տեղեկատվության անվտանգ փոխանակումը, ստացված տեղեկության նպատակային օգտագործումը, ինչպես նաև գաղտնիությունը՝ գործող օրենսդրությանը համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |